Ռոբեր Հոսեյն. «Ես այնքան եմ հավատում Աստծուն, որ, ի վերջո, նա գալու է»

«Իմ առաջին պիեսը կոչվում էր «Թափառաշրջիկներ». ես նրանցից մեկն էի»

Անցյալ տարեվերջին համաշխարհային կինոարվեստը ծանր կորուստ կրեց. 2020 թվականի հունվարի 31-ին կյանքից հեռացավ ֆրանսիական թատրոնի և կինոյի մեծ արտիստ, դերասան և ռեժիսոր Ռոբեր Հոսեյնը, որի իրական անունը Աբրահամ Հոսեյնոֆ է: Մահվան նախորդ օրը՝ հունվարի 30-ին նա նշել էր իր 93-ամյակը:

Հուղարկավորությունից մեկ ամիս անց, Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում ի հիշատակ Ռոբեր Հոսեյնի հոգեհանգստի պատարագ է մատուցվել, որին մասնակցել է 400 մարդ, այդ թվում նաև մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն, Բրիջիտ Մակրոնը, նաև՝ մշակութային գործիչներ, դերասաններ Ժակ Վեբերը, Մաշա Մաերիլը և Բրիջիտ Ֆոսեն: Փարիզյան պատարագի ժամանակ ընթերցվել են Բրիջիտ Բարդոյի, Միշել Մերսյեի ու Իզաբել Աջանիի ուղերձները: Աջանիի դեբյուտը թատրոնում կայացել է Ռոբեր Հոսեյնի շնորհիվ, դերասանուհին նրան է հղել իր երախտիքի խոսքերը. «Դուք եղել եք իմ թատերական հայրն ու ստիպել եք ինձ վերածնվել բեմի վրա»:

 

TdG Culture-ը 2020 թվականի դեկտեմբերի 31-ին վերստին ներկայացրել է արտիստի հետ իր հարցազրույցը, որը հրապարակվել էր 2011 թվականին։ TdG Culture-ը նշում է, որ Ռոբեր Հոսեյնը 40 տարեկանում է մկրտվել, նա իր սերը Աստծո հանդեպ դարձրել է իր արվեստի գլխավոր թեման։

Ռոբեր Հոսեյնի դրամապանակում կարելի է գտնել Հիսուսի երեք պատկեր, Սուրբ Թերեզա Լիզյոացու երկու լուսանկար և մեկը՝ նրա «մոր», դերասանուհի Տանյա Բալաշովայի (ժամանակին նա վարպետության դասեր է վերցրել դերասաններ ու մանկավարժներ Ռենե Սիմոնից և Տանյա Բալաշովայից): Մեկ էլ հանկարծ` հարցազրույցի կեսին սեկե դրամապանակից կհանի փոքրիկ քառակուսի ֆոտոթղթերը, կարծես թե ցանկանում էր իր կաթոլիկ հավատի մի հավելյալ ակնառու օիրնակ բերել։ Թերևս լրագրողին անհավա՞տ է համարում։ Համենայն դեպս hարցազրույցի ավարտին, նա մեզ կօրհնի՝ մաղթելով. «Աստված Ձեզ պահապան»։ Բալասան փոթորիկից հետո:

«Ես այնքան եմ հավատում Աստծուն, որ, ի վերջո, նա գալու է»

Ռոբեր Հոսեյնը հավատի կրքոտ երկրպագու է՝ քմահաճ ճաշակի տեր, հեշտ բռնկվող: Երբ նա խոսում է, նրա կոկորդում որոտ է թնդում, մինչև այն պահը, երբ պատմություններ պատմող պապի հանգստացնող շունչը կպատի նրա ձայնը՝ ֆրանսիական թատերական ամենագեղեցիկ ձայներից մեկը: Դրանք Մարիա Անտուանետայի, Բոնապարտի, Հուլիոս Կեսարի, Քվազիմոդոյի մասին պատմություններն են. բոլորը բեմադրված հնչյունային և լուսային պեպլում ժանրի պատմական կինոֆիլմերում, որոնք 1975 թվականից ի վեր ձևավորել են նրա ոճը, ինչպես նաև՝ Քրիստոսի, Բեն-Հուրի, Հովհաննես-Պողոս II-ի, Սուրբ Կույս Մարիամի և Բեռնադետ Սուբիրուի՝ անցյալ տարի օգոստոսին Լուրդում բեմադրած նրա վերջին ներկայացման հերոսուհու կյանքի պատմությունները: «Մարիամ անունով կինը» նկարահանվել է 25 000 հավատացյալների աչքերի առջև, մեկ եզակի ներկայացման ընթացքում:

«Ես մկրտվեցի 40 տարեկանում, դրանից առաջ ես ոչ մի կրոն չէի դավանում: Ես այնքան եմ հավատում Աստծուն, որ, ի վերջո, նա գալու է»: Հոսեյնի հետ կրոնի  հարցեր շոշափելը հանգեցնում է նրան, որ նա սկսում է խոսել իր կյանքից, կարծես խոսում է իր կարիերայից: Ամեն ինչ փոխկապակցված է: Անշուշտ, կանանց համար նա մնում է Ժոֆրեյ դե Պեյրակը՝ Անժելիկայի ֆիլմաշարի ռոմանտիկ հերոսը: Մյուսներն ավելի ուշ գնահատեցին նրան սրիկայի կերպարում «Պրոֆեսիոնալը» ֆիլմում, որտեղ որպես նրա խաղընկեր հանդես է եկել Բելմոնդոն՝ նրա երկարամյա մտերիմ ընկերը:

1970 թվականին նա տեղափոխվում է Ռեյմս՝ ստանձնելով քաղաքի Ժողովրդական թատրոնի ղեկավարությունը։ Այսօր նա չի հրաժարվում, որ այս որոշման մեջ տեսնում է «դեպի ուրիշները» գնալու միջոց, մի բան, որ մոտ է իր կրոնական համոզմունքներին: «Ես աստիճանաբար եմ եկել դեպի Աստված՝  դժվար պատանեկության ու տանջալից կյանքի արդյունքում, երկար ժամանակ ոգեշնչվելով գրողներից, կոմիքսներից, երաժիշտներից, նկարիչներից և այլն: Ես միշտ փնտրել եմ այն, ինչը կբարելավի մարդու կյանքը՝ նույնիսկ երբ անդրադարձել եմ աթեիստական ստեղծագործություններին: Խաղացելեմ Սարտր, բեմում հանդես եմ եկել ժան ժենեի պիեսում, բեմադրել եմ «Պոտյոմկին զրահանավը»՝ կոմունիստական օրհնե՜րգը։ Իմ առաջին պիեսը կոչվում էր «Թափառաշրջիկներ». ես նրանցից մեկն էի»:

Հրեական և ուղղափառ արմատներով ընտանիքում ծնված Ռոբեր Հոսեյնը, մանուկ հասակում կրոնից հեռու էր: Ծնողական հնարավոր ազդեցության մասին հարցին ի պատասխան նա բարձրաձայն գոչում է. «երբե՛ք»։ «Ուկրաինայում բնակություն հաստատած իմ հայրը ծագումով պարսիկ էր։ Ցարը նրան վտարեց, և նա ժամանեց Փարիզ: Իմ ծնողները ինձ սովորեցրել են հարգանքով վերաբերվել ուրիշների հանդեպ, կիսվել, ու դա այն դեպքում, երբ իրենք ոչինչ չունեին: Մենք ապրում էինք ձեղնահարկում, միզում էինք դույլի մեջ»: Այսօր Հոսեյնների ընտանեկան ճաշի սեղանի շուրջ կարող են հավաքվել երկրագնդի հիմնական դավանությունները. նրա երեք ամուսնություններից ծնված չորս որդիների թվում  է ռաբբի (Ահարոն Էլյաշև, Ստրասբուրգում կրոնի պատմության դասախոս): «Ես լիակատար հարգանք ունեմ բոլոր կրոնների հանդեպ։ Ես ճանաչում եմ հավատացյալների, որոնք պատասխանատվություն չեն վերցնում իրենց վրա և անհավատների, որոնք ուրիշների նկատմամբ իրենց դրսևորում են օրինակելի ձևով»:

Պիրենեյան հայտնություն 

Համոզմունքներով ունիվերսալիստ, բայց և նախաձեռնող, նա առիթը բաց չի թողնում հիշեցնելու, որ «Մարիա անունով կինը» հասցեագրված է բոլորին՝ լինեն դրանք հավատացյալներ, թե՝ ոչ։ Նա կատալոգում կրակոտ տառերով գրված կարգախոսի հեղինակն է. «Այս ներկայացումից հետո դուք էլ երբեք չեք լինի նույնը»: Նրա կարծիքով Լուրդի պեպլումը իր՝ իրար հաջորդող խոշոր հաջողություններից 100-ավոր անգամներ ավելի մեծ է: Նա երդվում է իր կյանքով, որ շնորհ ստացած հովվուհու պատմության ներշնչանքը ստացել է պատահական, պիրենեյան քարանձավի էսպլանադայում՝ 2009 թվականին կատարած իր առաջին այցի ժամանակ: «Մոտենալով բազիլիկին, ես անբացատրելի շփոթության մեջ ընկա, ցնցված, բուռն կերպով լալի՜ս էի: Կինս կարծեց, թե ինձ մոտ նոպա է: Սա տևեց երեք րոպե: Վեր կենալով, ես կատակով նրան ասացի, որ Ժաննա դ'Արկի նման լսում էի ձայներ, որոնք հրամայում էին ինձ ներկայացում բեմադրել այստեղ՝ Լուրդում։ Ես անմիջապես գնացի քաղաքապետարան՝ բանակցելու»: Հետագայում պահանջվեց երկու տարի և 5 միլիոն ֆրանկ որպեսզի պիեսը բեմ հանվի և անվճար ներկայացվի հիվանդներին: «Ինձ խելագա՛ր անվանեցին։ Ես մեծ գումարներ եմ վաստակել իմ ներկայացումներով: Բայց նրանք, ովքեր ինձ հետ լծվեցին այս գործին սակավաթիվ էին: Նրանք դրանում իմաստ չէին տեսնում»:

Արարչի և բարեպաշտի, պատմողի և նորադարձի միջև ընկած սահմանը կրճատվեց։ «Մարիամ անունով կինը» ներկայացումից մի քանի րոպե առաջ դադարած «ահավոր ամպրոպը» նրա համար ավելի դրական նշան թված, քան թերթերի գրախոսականները: Եվ, հեռարձակման ավարտին, յուրաքանչյուր հանդիսատես կվերադառնա… Լուրդի ջրո՛վ լցված իր փոքրիկ տափաշշով: Թվում է, թե Ռոբեր Հոսեյնը, որը նախաձեռնեց ինտերակտիվ թատրոնը, հանձնելով հանդիսատեսի դատին ինտրիգի հանգուցալուծումը, այսուհետև որոշել է իր սեփական վստահությունը կիսել նրանց հետ: Նա դրանից պաշտպանվում է. «Իմ տարիքում ես միայն մեկ երազանք ունեմ. կրկին գտնել իմ մահացած ընկերներին նրանց հետ խժռելու համար»:

 

Ֆրանսերենից թարգմանեց Նունե Գալստյանը