Ռիմա Պիպոյան. հայկական մոդեռն պարի ամենավառ ներկայացուցիչը
2019 թ. դեկտեմբերին, «Սոմա» միջոցառման շրջանակում հետևելով Ռիմա Պիպոյանին՝ իր իսկ բեմադրությունները կատարելիս, ես ասացի իմ ընկերոջը. «Ռիման թե՛ արտաքնապես և թե՛ իր խառնվածքով Արմեն Օհանյանն է»։ Իսկ ո՞վ է Արմեն Օհանյանը։
Արմեն Օհանյանը (իսկական անունը՝ Սոֆյա Փիրբուդաղյան) 20-րդ դարի 10-20-ական թվականների մոդեռն պարի առաջին հայ ներկայացուցիչն է։ Այս պարուհու ինքնատիպ արվեստը հիմնված էր «a la Duncan» ազատ պարի և Մերձավոր ու Միջին Արևելքի պարերի միակցության վրա։ Նա մեծ համբավ վայելեց Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում:
Մոդեռն պարը ծագելով 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, այնուհետև մեծ տարածում է գտել Արևմտյան Եվրոպայում: «Ժամանակակից պար» տերմինը նշանակում է բեմական պար, որը մերժում է բալետի ավանդական ձևերը. ունի նաև այլ տերմիններ՝ ազատ պար, դունկանիզմ, ռիթմո-պլաստիկ պար, էքսպրեսիոնիստական, նոր գեղարվեստական պար, որոնք ծագեցին այս ուղղության զարգացման ընթացքում: Հայ պարարվեստի պատմության մեջ մոդեռն պարի տարբեր ուղղություններով 20-րդ դարի 10-ական թվականներից զբաղվել են շատ արվեստագետներ, որոնցից ամենահայտնին ականավոր ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանն է։ 1917թ. նա Թիֆլիսում ստեղծել է «Ռիթմի և պլաստիկայի ստուդիա», որը 1923-ին վերանվանվել է «Ռիթմի և պլաստիկայի ինստիտուտ». այն գործել է մինչև 1930 թվականը։ Այդ ինստիտուտի շրջանավարտները և ինքը՝ Սրբուհի Լիսիցյանը, 1924-1936 թվականներին տարածել են ռիթմո-պլաստիկ պարը Երևանում, այն դասավանդվել է նաև Երևանի պարարվեստի ուսումնարանում։ 1936-ին Խորհրդային Միության կառավարության որոշումով մոդեռն պարի բոլոր ճյուղերը հայտարարվել են «խորհրդային արվեստին» խորթ և անհամապատասխան, և այդպիսով մոդեռն պարը արգելվել է նաև Հայաստանում։
Իսկ ինչո՞վ է Ռիմա Պիպոյանը թե՛ արտաքնապես և թե՛ իր խառնվածքով նմանվում մոդեռն պարի առաջին հայ ներկայացուցիչ Արմեն Օհանյանին։ Երկուսն էլ նրբակազմ են, գեղեցկադեմ։ Երկուսն էլ՝ համառ, նպատակասլաց։ Երկուսն էլ՝ բազմակողմանի զարգացած։ Եվ վերջապես ամենակարևորը՝ Ռիման 21-րդ դարի 10-ական թթ. Հայաստանի մոդեռն պարի ամենավառ և ականավոր ներկայացուցիչն է՝ որպես բեմադրող և պարուհի։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, ինչպես Հայաստանում, այնպես էլ հայրենիքից դուրս։ Հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Հունաստանում, Կանարյան կղզիներում, Պորտուգալիայում, Բելգիայում, Սերբիայում, Խորվաթիայում, Լեհաստանում...
Որպես բալետմայստեր Ռիմա Պիպոյանի առավելություններից է, որ նա սովորել և ավարտել է Երևանի պարարվեստի քոլեջի դասական պարի բաժինը։ Այստեղից և ազատ տիրապետումը բոլոր մասնագիտական առարկաներին, այն է՝ բուն դասական պար, զուգապարի հմտություններ, ազգային-ժողովրդական պար (իսպանական, իտալական, ռուսական, լեհական և այլ ժողովուրդների դարեր շարունակ բալետային համակարգում կիրառված տարբեր ժողովրդական պարերի մշակումներ), պատմական-պարահանդեսային պարեր, հայ ժողովրդական բեմադրական պարի հիմունքներ։ Այստեղից էլ պարային տարրերի ազատ տիրապետումը, խորեոգրաֆիկ ոճի հարստությունը, կոմպոզիցիոն հետաքրքիր ձևերի կառուցման հնարքը։ Նա ազատ տիրապետում է մայրենի, ռուսերեն, անգլերեն լեզուներին։ Ծանոթ է ոչ միայն մասնագիտական, այլև փիլիսոփայական, գեղարվեստական, արվեստի տարբեր ճյուղերի գրականությանը: Հատկանշական է, որ Ռիման վաղուց զբաղվում է տարբեր արևելյան մարտարվեստներով և դրանց տարրերը պարային վերամշակված ոճով ներմուծում է իր բեմադրությունների մեջ։ Այս ամենն արդեն ի հայտ եկավ 2010-ին Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժնի նրա «Միջնադարյան պատկերներ» դիպլոմային աշխատանքում (Կոմիտասի հեղինակած և մշակած երգերի, միջնադարյան տաղերի և Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի դրվագների երաժշտությամբ)։ Բեմադրության մեջ նաև նկատելի էր Փարաջանովի կինոնկարների մեծ ազդեցությունը։
Ռիմա Պիպոյանի բեմադրություններից առանձնահատուկ է 2015-ին բեմադրված «Մեղապարտ կրքեր» մոդեռն բալետային ներկայացումը՝ Բեթհովենի երաժշտությամբ, որը ներկայացվել է Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, նաև՝ «Բարև, Քիթի»-ն՝ ըստ «Աննա Ֆրանկի օրագիրը» երկի, «Կինը որոշում կայացնելուց առաջ», «Ինքնադիմանկար» բեմադրությունները։
Փոքր-ինչ մանրամասն ներկայացնենք Ռիմա Պիպոյանի բեմադրություններից մեկը։
2013-ի հունիսին Թբիլիսիում կազմակերպված Ժամանակակից պարերի Հարավային Կովկասի միջազգային փառատոնի շրջանակներում Ռիմա Պիպոյանը ներկայացրեց «La Vita Nuova» բեմադրությունը՝ ստեղծված Դանթե Ալիգիերիի նույնանուն երկի հիման վրա՝ Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ: Պիպոյանի կատարումը գրավեց Շվեյցարիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած ժամանակակից պարային գործիչների ուշադրությունը: Նշվեց Պիպոյանի պարային լեզվի և ոճի ինքնատիպությունը: Այնուհետև ներկայացումը մի քանի անգամ ցուցադրվել է Երևանում։ Սա կամերային ստեղծագործություն է, որում ներգրավված են երեք կերպար՝ Դանթեն, Բեատրիչեն և Ամորը: Հերոսները կարծես շոշափում են կյանքի և մահվան սահմանները:
Սա չի կարելի որակել որպես բալետային ներկայացում: Պիպոյանը շատ խիտ հագեցրել է բեմադրությունը խորհրդանշական շարժումներով և կոմպոզիցիաներով: Սիմվոլիզմը դրսևորվում է զգեստների գույներով և այնպիսի աքսեսուարի առկայությամբ, ինչպիսին է սպիտակ երկար կտավը:
Ներկայացումը սկսվում է Դանթեի ծննդյան օրից և ավարտվում «Աստվածային կատակերգություն» առաջին տողերով.
Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց
Ես կորցրի ճանապարհը ճշմարիտ
Եվ ինձ գտա մի անտառում մթամած։
Երկար սպիտակ կտավից է, որ հերոսը սկսում է գալարվելով ազատվել: Սա խորհրդանշում է նրա ծնունդը: Վերջում, Ամորը, նույն սպիտակ կտավի վրա Դանթեին քաշում է դեպի «մռայլ անտառը», որտեղից սկսվում է ճանապարհորդությունը դժոխքից դեպի դրախտ՝ Բեատրիչեի մոտ:
Սա բեմադրության եզրերն են։ Իսկ հիմնական բովանդակությունը Բեատրիչեի հետ հանդիպումն է, որից հետո Դանթեն մտնում է «նոր կյանք», հանդիպումը նրա հետ և սիրելիի կորուստը: Միաժամանակ, Բեատրիչեն խորհրդանշում է ներկայացման գործողության յուրաքանչյուր նոր «աստիճանը»՝ հայտնվելով տարբեր գույների հանդերձանքներով: Սկզբում հերոսուհու հագուստի կարմիր գույնը խորհրդանշում է կիրքը, այնուհետև կապույտը՝ բարձր հարաբերությունները, սևը՝ կորուստը, վերջում սպիտակը՝ Բեատրիչեի կերպարի բյուրեղային մաքրությունը:
Բացի շարժումների և կոմպոզիցիայի խորհրդանիշներից, ներկայացման խորեոգրաֆիան ներառում է բազմաթիվ տարրեր՝ մասամբ ժամանակակից պարերից, բարդ զուգապարային դիրքեր և արևելյան մարտարվեստի տարբեր համակարգերին պատկանող դիրքերի և անցումների պարային մեկնաբանություններ։
Պիպոյանի մոտ կարելի է նկատել շարժումների գրեթե շարունակական «երգայնություն», երաժշտության յուրաքանչյուր ելևէջն արձագանքվում է պարային շարժումներով, գործողությունը զարգանում է արագընթաց՝ հանդիսատեսին ստիպելով ուշադիր հետևել բեմում կատարվող իրադարձություններին և հուզականորեն վերապրել դրանք:
Նազենիկ Սարգսյան
արվեստագիտության դոկտոր