Ռիչարդ Գիր. «Իմ մահից հետո ես կդառնամ ավելի լավը»

Այսօր իռլանդական ծագումով ամերիկացի նշանավոր դերասան Ռիչարդ Գիրը կդառնա 72 տարեկան: Այդ առիթով մեր ընթերցողին ենք ներկայացնում  «Madame Figaro» ամսագրում հրապարակված նյութը, որը լույս է տեսել 2010 թվականի մայիսին «Հաչիկո՝ մի շան պատմություն» ֆիլմի նորամուտի կապակցությամբ:

Թվում է, թե ժամանակն ի զորու չէ իշխել այս չխամրող հմայքով «վաթսունն անց սեքսուալ» տղամարդուն: Հոլիվուդյան եռուզեռից հեռու, բուդդայական արժեքների ջատագովը խաղում է Լեսի Հալսթրոմի «Հաչիկո՝ մի շան պատմություն» ֆիլմում, որն այդ արժեքներով ներծծված, այլաբանական մի պատմություն է, և որի պրոդյուսերը հենց ինքն է: Դժվար է պատկերացնել, որ այս ամռանը «Սիրունիկի» այս հերոսը նշեց իր վաթսունամյակը: Ճերմակ ատամներով, սև աչքերով, գորշ մազերով Ռիչարդ Գիրը դիմադրում է ժամանակին: Արդյո՞ք դրա պատճառը բուդդիզմն է, որը նա ջանասիրաբար կիրառում է, այն պահից ի վեր, երբ 80-ականներին նա, որ Դալայ Լամայի մտերիմ ընկերն է, տարվեց Տիբեթական խնդիրով: Այնպես որ, սքանչելի դևը վերածվեց ճգնավորի: Այժմ Գիրը՝ լինելով ամուսնացած և ընտանիքի հայր, ավելի շատ ժամանակ է հատկացնում մտավարժանքին, քան նրա մասին խոսում են տաբլոիդներում: Այդ մասին են վկայում նրա ընտրած ֆիլմերը: Նա խաղում է Լեսի Հալսթրոմի «Հաչիկո՝ մի շան պատմություն» ֆիլմում, միաժամանակ հանդես գալով որպես պրոդյուսեր: Սյուժեի հիմքում հավատարիմ շան (որն, ի դեպ, Ճապոնիայում ազգային հերոս է համարվում), իրական պատմությունն է: Սա բարեկամության, համբերության և հավատարմության մասին պատմող կինոնովել է, որը ներկայացնում է բուդդայական ուսմունքի փոխաբերությունը:

Մադամ Ֆիգարո -Կցանկանայի՞ք, որ ձեր հոգին վերամարմնավորվի շան մեջ:

Ռիչարդ Գիր -Ո’չ շան, ո’չ դոդոշի, ո’չ կովի կամ էլ օձի: Մարդկանց աշխարհն այնքան էլ վատը չէ:

Մ.Ֆ. -Նույնիսկ եթե այդ շան անունը լինի Հաչիկո, ինչպես ձեր ֆիլմի շանն են կոչում, որը գրավիչ, ապրումներ ունեցող ու զգացմունքներով օժտված էակ է…

Ռ.Գ. -Դա գայթակղիչ կլիներ: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք. Հաչին՝ շան վզնոցի վրա փորագրած բառը, ճապոներեն նշանակում է «ութ», մի թիվ, որը համարվում է անսահմանության և դրախտի որոնման խորհրդանիշ:

Մ.Ֆ -Ընդհանուր առմամբ այն, ինչ դուք փնտրո՞ւմ եք:

Ռ.Գ. -Այո, Բայց Հաչիկոն մարդ չէ: Ես չէի ուզում նրան մարդկային որակներ վերագրել։ Ֆիլմում Հաչիկոն մնում է շուն, նույնիսկ եթե նա զգացմունքներ ու ապրումներ ունի: Դրա ապացույցը. ճանաչո՞ւմ եք որևէ տղամարդու կամ կնոջ, որն ունակ է նման հավատարմության: Իսկ ես՝ ո՛չ: Միայն շունն է այդ աստիճանի նվիրված: Հենց դա է ինձ հուզել այս ճշմարտացի պատմության մեջ: Իսկական Հաչիկոն ապրել է Տոկիոյում երեսունական թվականներին: Նրա տերը Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր էր: Ամեն օր նա Սիբույա կայարանից գնացք էր նստում: Նույնիսկ իր տիրոջ մահից հետո շունը նրան այնտեղ սպասում էր: Այսօր այդ նույն տեղում կանգնեցրած է Հաչիկոյի արձանը։

Մ.Ֆ -Ի՞նչ տեսակի մարդ կցանկանայիք դառնալ ձեր մահից հետո:

Ռ.Գ. -Ես չեմ ուզում որոշակի տեսակի մարդ դառնալ: Ես նույնը կլինեմ: Ավելի լավը կլինեմ: Կյանքը նման է գետի ջրին, որը միշտ էլ մնում է ջուր, սակայն փոխվում է. այն ավելի սառն է, ավելի տաք... Իմ մահից հետո ես կդառնամ ուրիշ մարդ, քանի որ կդառնամ ավելի լավը:

Մ.Ֆ -Ինչպե՞ս:

Ռ.Գ. -Խորհելու շնորհիվ: Ես ամեն օր քառասունհինգ րոպե մտավարժանք եմ կատարում: Երբեմն էլ դրանից ավելի:

Մ.Ֆ -Որքա՞ն ժամանակ է պահանջվում նիրվանայի հասնելու համար:

Ռ.Գ.-Արդեն երեսուն տարի է, ինչ ես զբաղվում եմ բուդդիզմով, ու դեռ չեմ հասել դրան: Ինձ դեռ բազմաթվ կյանքեր հարկավոր կլինեն դրան հասնելու համար:

Մ.Ֆ -Ինչի՞  է նման նիրվանան:

Ռ.Գ. -Դա նման է այն իրավիճակին, երբ որևէ բանով լի ենք: Դուք այլևս ոչ խանդ, ոչ զայրույթ, ոչ ատելություն չեք զգում: Դուք այլևս գոյատևելու վրա չեք ծախսում ձեր էներգիան, այլ ուղղում եք այն բարիք գործելու վրա։

Մ.Ֆ -Ինչպե՞ս ձեր ֆիլմի հերոսը: Օրինակելի ամուսին, կատարյալ հայր, նվիրված դասախոս…

Ռ.Գ. -Այս ֆիլմը լի է բարությամբ: Սա ֆիլմ է սպասելու մասին, այն բանի մասին, թե ինչ է նշանակում սպասելը: Դա կյանքից հրաժարվե՞լն է, թե՞ իմաստնություն ձեռք բերելը: «Հաչիկոն» բուդդիզմ սովորեցնող արժեքների փոխաբերությունն է: Այն պատմում է անցավոր կյանքի մասին: Սա Ռոբերտ Բրեսոնի ոճով ֆիլմ է։ Սա հասարակ մի կյանքի պատմություն է, ինչպիսինն է նաև իմը:

Մ.Ֆ -Հասարա՞կ: Դուք սեքս-խորհրդանիշ եք, դուք ամուսնացել եք աշխարհի ամենագեղեցիկ կանանց հետ, դուք կինոաստղ եք…

Ռ.Գ. -Դուք ամեն ինչ խառնում եք: Ես սիրում եմ նախաճաշին ձվածեղ պատրաստել: Ամեն առավոտ որդուս ճանապարհում եմ մինչև ավտոբուսի կանգառ: Ես ներկա եմ լինում նրա բեյսբոլի խաղերին։ Այո, ես ֆիլմեր եմ նկարահանում։ Հետո՞ ինչ: Ինձ համար դրանում արտառոց ոչինչ չկա: Բաներն արտասովոր են միայն նրանց համար, ովքեր դրանք դեռ չեն արել:

Մ.Ֆ -Ի՞նչ եք անում ձեր փողով:

Ռ.Գ. -Դրա մի մասը ես տալիս եմ «Գիր» հիմնադրամին, որն աշխատում է Տիբեթում, որտեղ այն կառուցում է դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, փորում է ջրհորեր: Եթե մենք ուշադություն չդարձնենք, Չինաստանը կարող է յուրացնել Հիմալայներից եկող ամբողջ ջուրը:

Մ.Ֆ -Դուք ասացիք, որ դարձել եք բուդդիստ, քանի որ դժբա՞խտ եք եղել…

Ռ.Գ. -Ես ուզում էի հասկանալ, թե ինչո՞ւ եմ հայտնվել երկրի վրա: Ես զգում էի, որ անելիք ունեմ, բայց չգիտեի, թե ինչպես եմ դա անելու: Բուդդիստ լինելն ինձ տվեց պատասխանատվության զգացում իմ սեփական անձի և մարդկանց համայնքի հանդեպ:

Մ.Ֆ -Բուդդիզմը չի հակասո՞ւմ ամերիկյան մշակույթին, որը հիմնված է պայքարի, սոցիալական հաջողության, այլ ոչ թե մտավարժանքի ու աղոթքի վրա:

Ռ.Գ. -Բուդդայական վանականը, ինչպես և միջին ամերիկացին, զգում է խանդ, ատելություն, զայրույթ, և նրանք երկուսն էլ՝ լինեն Նյու Յորքում, կամ Լհասա քաղաքի որևէ մենաստանում ապրողները, ցանկանում են ազատվել այդ վատ ալիքների էներգիայից:

Մ.Ֆ -Նախագահ Օբամայի կարման ավելի լա՞վն է, քան Նախագահ Բուշինը:

Ռ.Գ. -Դա բարդ չէ: Բոլորի կարման ավելի լավն է, քան Բուշինը: Այս նոր նախագահի հետ աշխարհը կարևոր պահ է ապրում, իսկ ճգնաժամը սոսկ վատ հետևանքներ ունի: Որոշ մարդիկ շատ փող են կորցրել, սակայն մարդկային առումով նրանք հաստատ շահել են:  

Մ.Ֆ -Ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Դալայ Լամային:

Ռ.Գ.-Երեք օր առաջ: Եվ ես խիստ հանդիմանություն ստացա, քանի որ  բավականաչափ չեմ աշխատում:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի