Ռեքվիեմ ծաղիկների համար

Վարիացիա՝ պոետի ձայնով
Ավելի դանդա՜ղ,
ավելի,
ավելի՜
դանդաղ
թափվիր լույս,
ես ուզում եմ
մի քիչ էլ
լսել մութը
մեղեդու...
Ավելի՜,
ավելի,
դյուրին
տրվիր ինձ՝ կին՝
մահվան փաղաքուշ երկվորյակ։
Այսօր, խնդրում եմ.
ուշացեք երգող թռչուններ,
արև՝ հսկա հրավառ Նարինջ
թաքնվիր երկնային խեցու մեջ,
ուշացեք խնդրում եմ,
(գոնե մեկ ժամով)
հարազատ դարձած ցավեր,
որ ապրում եք
իմ հոգնած աճուկներում,
եւ թող չբացվեն այսօր
մենության փոքրիկ իմ ծաղիկները,
որ ջրել եմ,
սպասումով։
Ես ոչինչ չեմ ուզում,
վերջապես գտել եմ
երջանկության տրոփը
եւ պարզապես ուզում եմ
ապրել
վաղանցիկ իմ դրախտում։
***
Հիշեցրու ինձ հող
ծնունդս,
հիշեցրու՝ բույրը արարիչ մատների,
շնչիր ինձ թոքերում ամպերի...
եւ տուր ինձ իմ բաժին լույսը
մաքուր առավոտի,
հիշեցրու՝
որ մարդ էի:
Հող՝
մայր մայրերի,
մարդու
օրոցք եւ գերեզման
արդարացրու իմ գոյությունը
մի կերպ։
Փակիր աչքերն հիշողության
եւ բերանն այս՝
որ լիքն է
չկրակված,
ոսկեձուլ
փամփուշտներով...
***
Ռեքվիեմ ծաղիկների համար…
Հոգնած ոտքերս կանգ առան,
ինչ-որ կորած թաղամասում։
Երկու կիսամեռ պառավներ
բլբլալով,
ջանասիրաբար գլխատում էին
պարտեզի
ողջ ծաղկաբույլը,
փիտում ձեռքի տակ ընկած
կանաչը:
Ես գրքեր էի առաքել.
սպասում էի ընթերցողին,
որը երևի հենց գոդոն էր,
չեկավ…
Հանկարծ մի ճիչ բռնեց ինձ
թիկունքից,
շրջվեցի.
մինչեւ հիմա չեմ հավատում աչքերիս.
խոցոտված պառավներից
պստիկ ջրվերժներ էին հորդում,
իսկ ճերմակ վարդերը,
գլխահակ կակաչներն ու
բազմերանգ մեխակները
սուրում էին վեր,
ծաղիկների չուն
ծածկել էր հորիզոնը:
Երկինքը ծաղկում էր դանդաղ,
եւ այնքան անուշ
գայթում էր օդը…
***
Ատրակցիոն
Դու գնացիր,
ու ձյունը չի դադարում։
Տեսնո՞ւմ ես՝
ի՜նչ սիրուն ստացվեց մեր բաժանումը.
իսկը կինո…
Որքա՜ն բան գիտի ձյունը
մեր մասին,
խաղաղ փաթիլվում է։
Պատմում...
Եւ որքան,
որքա՜ն երջանիկ եմ ես՝
ձյունե այս ատրակցիոնի մեջ
լռված,
էսպես՝ մենակ,
կախարդված լակոտի պես:
Աստված ի՛մ,
ինչ ճերմակ,
ի՜նչ փափուկ
ու իսկական է
տխրությունս։
***
Ամեն ինչ գտա,
եւ մեղք եւ բերկրություն,
եւ մահ եւ ռենեսանս,
կծու ծիծաղն է թրթռում հիմա
մետաղե շրթունքիս։
Գտա Աստծո անունները քարերին գրված,
թափառող մուսսոններ գտա,
կավի հավերժության մեջ վարգող՝
հողմեր,
ծովերին փլվող լեռներ,
մագմա,
եւ սառույցներ ոսկեձուլ՝
ժամանակի հինայով օծված։
Դեմքեր գտա, մարդկանց եւ
անասունների
Անասուն մարդկանց
դեմքե՞ր,
(համարենք չեմ տեսել):
Ամբոխի մեջ վազող ոգիներ տեսա,
տարասեռ եւ գարշելի։
Գտա այն ինչ պետք չէր,
բայց ոչ ոք չտվեց իմ անունը,
ո՞վ եմ ես,
ո՞վ եմ
ո՞ւր է իմ դեմքը
բոլոր հայելիների մեջ մեղքերս են հիմա՝
այլոց դեմքերով՝
փոփոխվող լկտի ծամածռությամբ
եւ ցինիկ ժպիտը
ֆեյք՝ (չ)մեռած օծյալի։
***
Քո արծաթվող կնճիռների մեջ
դեռ երերում է մանուկ ձեռքս
Մամ,
տաք համբույրից բացում եմ
քնատ աչքերս։
Չասված բառերը ծխում ես,
դառնությունը օրերիդ թողնում՝
սուրճի մրուրում։
Ցավը հանց սավան
ծածկում է քեզ
ու մութն է իջնում,
ու մութն է իջնում:
***
Ինձնից առաջ մահն էր,
ինձնից հետո՝ մահն է
ոչ ոք էդպես էլ չի իմանա
Ճշմարտությունը.
Աստված
հողից
մարդու շինեց
թե՞ ՄԱՀԸ:
Վարդան Սմբատյան