Ռեժիսորական դեբյուտ՝ տիկնիկային մոնոներկայացմամբ

Վերջին տարիներին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Ազատ հարթակը» դարձել է նոր բեմադրիչների ստեղծման դարբնոց: Բայց մինչև առաջին բեմադրությունը, այստեղ երիտասարդները բեմական կյանքի մեծ փորձառության ճանապարհ են անցնում: Ռուբեն Բաբայանը թատրոնի դռները բացում է շնորհալիների առջև, նրանց ինքնարտահայտման հնարավորություն տալիս: Մեծ բեմ, փոքր բեմ, նախասրահ, փորձասենյակներն անգամ ինքնատիպ բեմահարթակներ են դառնում՝ տարբեր գեղագիտությունների տեր, համարձակ ստեղծագործողների համար: Իբրև բեմադրիչներ այստեղ են ձևավորվել Նարինե Գրիգորյանը, Զարուհի Անտոնյանը, Տաթև Մելքոնյանը, Կարեն Խաչատրյանը և այլք: Նրանց բեմադրությունները աչքի են ընկնում բոլորովին թարմ, նոր մտածողությամբ, լիովին տեղավորվում են «արդի թատրոն» հասկացության շրջանակներում, նաև համընթաց են արտերկրի թատրոնների նորարարական հոսանքներին, ինչի ապացույցը նրանց ակտիվ մասնակցությունն է միջազգային թատերական փառատոներին և մշտապես միջազգային թատերական հանրության ուշադրության կենտրոնում հայտնվելը: Այս ինքնատիպ երիտասարդ ստեղծագործողների փաղանգին ավելացավ ևս մեկ ռեժիսոր. Աղասի Մելքոնյանը նոր անուն չէ թատերական աշխարհում, 2001-ին ավարտել է Ռուբեն Բաբայանի՝ տիկնիկային առաջին կուրսը, ապա արդեն շուրջ երկու տասնամյակ շարունակում է աշխատել Տիկնիկային թատրոնում որպես դերասան: Հայաստանի և Արցախի փոքրիկները ճանաչում են շնորհաշատ տիկնիկավար, տիկնիկագործ դերասանին, որն իր հեռուստաեթերների ընթացքում շատ փոքրիկների է բերկրանք պատճառել իր ձեռքի աշխատանքներով, ծանոթացրել մնջախաղի ու տիկնիկային արվեստի գաղտնիքներին: Իսկ ահա պատերազմի օրերին Աղասի Մելքոնյանը զինվորագրվեց Արցախից տեղահանված երեխաներին մի պատառ հույս, արվեստ ու ժպիտ պարգևելու գործին՝ կամավորության սկզբունքով մասնակցելով սոցիալական ծրագրերի, սեփական բեմադրություններով շրջելով գյուղերով, քաղաքներով:

Օրինաչափ էր Աղասի Մելքոնյանի բեմելը հարազատ թատրոնում որպես ինքնուրույն բեմադրության հեղինակ. տարիների թատերական փորձառությունը, Ռուբեն Բաբայանի և գործըկերների խիստ ու ճաշակով հայացքի ներքո ձևավորվածը պիտի մի օր հորդեր որպես մանկության տոնահանդես ու հրավառություն: «Կոկորդիլոսը» մանկական ներկայացումը տոնի ու հրաշքի զգացողություն կպարգևի բոլոր տարիքների հանդիսատեսին, սակայն առավել տպավորիչ կլինի հատկապես ամենակրտսեր հանդիսատեսի համար, որոնց լեզուն գտնելը բեմում ամենաբարդն է՝ պահանջվում է չափի, ռիթմի, լակոնիկության յուրահատուկ զգացողություն, այլ լեզվամտածողություն՝ բոլորովին պարզ և միաժամանակ հստակ ասելիքով, հանդիսանքային միջավայր, բազմազանություն, անմիջականություն և առավելագույն անկեղծություն: Այս մթնոլորտը բեմադրության հեղինակ և միակ դերասանը նախ և առաջ ստեղծում է բեմ մտնելով հանդիսասրահից, այսինքն՝ հենց երեխաների միջից, ու անմիջապես զրույցի բռնվում նրանց հետ՝ երեխաներին հարցնելով իրենց երազանքների մասին և պատմելով կոկորդիլոսի երազանքի մասին, որը թռիչքն է: Ներքին կապը կրտսեր հանդիսատեսի հետ ստեղծված է, այնուհետև ինտերակտիվության տարրը, որ պոստմոդեռնի թատրոնի ամենատիպական հնարանքներից է, մինչև վերջ ուղեկցելու է բեմադրությունը: Այս տեսանկյունից Տիկնիկայինի փոքր բեմի ընտրությունը պատահական չէ, կամերային միջավայրն այն կարևոր պահանջն է, որն ապահովում է անմիջականություն, կապ արտիստի ու հանդիսատեսի միջև, որը կկորեր ավելի մեծ տարածքներում, թեև արտիստի երևակայությունը կբավականացներ ավելի մեծ բեմի:

Ըստ էության՝ ներկայացման այս տիպը նորություն է հայ թատերական միջավայրում՝ տիկնիկային մոնոներկայացում: Բեմում հրաշալի, գունեղ տիկնիկներին (նկարիչ Աստղիկ Աբովյան) կենդանություն է տալիս հենց արտիստը, որն էլ գլխավոր հերոսի դերից զատ խաղում է նաև մյուս բոլոր հերոսների դերերը, հանդես գալիս որպես գործողությունն առաջ տանող հիմնական ուժ՝ անվերջ նոր կերպար-տիկնիկներ ներմուծում, հանդես գալիս կենդանի երգեցողությամբ: Բեմում ներկայացված են տիկնիկների տարբեր տեսակներ՝ ձեռնոցատիկնիկ, ձողիկավոր տիկնիկ և այլն, իսկ արտիստի բազմաֆունկցիոնալ հագուստը, որի թևքերն ամենասկզբում երկու կոկորդիլոս են դառնում, հետո փոխակերպվում են, դրա ամեն գրպանից ու ծալքից մի կերպար ու բեմական իր է դուրս գալիս: Ներկայացում-տրանսֆորմացիա, որտեղ առաջին հայացքից ոչինչ չասող իրերը հանկարծ տարբեր իմաստներ են ձեռք բերում, հասարակ անձրևանոցը դառնում է լճակ, կոկորդիլոսի պոչիկը՝ որպես երկրորդ գործող անձ և այս պարագայում՝ նաև հակահերոս, իսկ թափանցիկ ամպի կտորը՝ մերթ արտիստի գլխին նապոլեոնյան գլխարկ, մերթ հսկա ամպ-կոկորդիլոս: Իրերի փոխակերպումների նմանօրինակ վառ դրսևորումներ առաջին անգամ հանդիսատեսը տեսավ տողերիս հեղինակի «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի՝ Նարինե Գրիգորյանի բեմադրության ժամանակ: Այս տպավորիչ գեղագիտությունը հետագայում տարածվեց երիտասարդ բեմադրիչներից շատերի ներկայացումներում: Եվ ահա հաջորդ դրսևորումը «Կոկորդիլոսում» է՝ արտիստի փողկապը ձկնիկ է դառնում, կենդանություն առնում, հետո խայտում է հանդիսատես փոքրիկների ձեռքերում, ապա՝ մտնում լճակը ու իրական լողի տպավորություն թողնում: Նման դետալները քիչ չեն ներկայացման մեջ, որոնք դերասանի վարպետության շնորհիվ ամեն պահի ֆունկցիոնալ են դառնում և որ ամենակարևորն է՝ ոչ մի րոպե ուշադրությունից դուրս չեն թողնում փոքրիկ հանդիսատեսին, որը հիացմունքով, ապշահար ներմուծվել է հեքիաթի մեջ, դարձել գործող անձ: Ձգվող ու երկար դեղին գորտը, չքնաղ, շողշողուն մեդուզաներ, ոչ պայմանական, այլ իրական ջուր, որը ցայտում է առաջին կարգերում նստած հանդիսատեսի վրա: Ամեն բան ճիշտ է հաշվարկված՝ թե՛ բեմական ժամանակը, թե՛ շնչելու ու ձանձրանալու տեղ չթողնող իրար հաջորդող հնարանքները, թե՛ անվերջ թևածող բարությունն ու ներկայացման բարձր կուլտուրան, որ այսօր այնքան կարևոր է մեդիա ցածրորակությունների մեջ շփոթված երեխաների համար: Վերջապես մենք տեսնում ենք մի մանկական բեմադրություն, որը բարձրաճաշակ երաժշտություն է երեխաներին հրամցնում՝ ժամանակակից ռիթմիկ երաժշտությունից մինչև դասական ստեղծագործություններ, որոնցից հատկապես Շուբերտի «Սերենադան» ուղեկցող  մոտիվ է դառնում (երաժշտական ձևավորումը Գրիգոր Կյոկչյանի):

Թափանցիկ անձրևանոցի մեջ ընկղմվող կոկորդիլոսը դիմացից նայելու դեպքում ըստ ֆիզիկայի օրենքի օպտիկական խաբկանք է առաջացնում՝ իր չափերից մեծ է երևում, սակայն ափսոս, որ երեխաներին հրաշք թվացող այս պարզ ու զարմանալի էֆեկտը հասանելի է միայն հանդիսասրահի կենտրոնական մասից: Բեմում կենդանանում են նաև բնության տարերքներն ու երևույթները, մերթ բեմում անձրևի պատրանք է, մերթ կոկորդիլոսի աչքերից առատ արցունքներ են տեղում՝ անզուսպ հրճվանք պատճառելով փոքրիկներին, լուսինն էլ ձեռքի մեկ շարժումով հանկարծ միանում է՝ գիշեր ազդարարելով, խաղն ու պայմանականությունն իրենց տարերքի մեջ են:

Բարի կոկորդիլոսը միայնակ է, ընկերներ չունի, քանի որ բոլորը վախենում են նրանից, բայց, ի վերջո, գտնվում է մեկը՝ երկնքում լողացող ամպիկը, ով ազատ է կարծրատիպերից և ընկերանում է նրա հետ՝ այսպիսով փոքրիկ հանդիսատեսին սովորեցնելով բարություն, ընկերասիրություն: Պարզ, բայց ուսուցողական սյուժեն (հեքիաթի հեղինակ Նաիրա Եդիգարյան) մեկ անգամ չէ, որ շոշափվել է գրականության մեջ, ֆիլմերում, մուլտֆիլմերում և թատրոնում՝ տարբեր կենդանիների ու հերոսների միջոցով: Սակայն ռեժիսորի վառ երևակայության շնորհիվ ծանոթ սյուժեն դառնում է բոլորովին ինքնատիպ մի վառ ներկայացում, որտեղ դրամատուրգիական բացթողումները լիովին լրացվում են հանդիսանքային տարրերի միջոցով: Իհարկե, լավ է գտնված սեփական պոչի հետ հակամարտություն ունենալու մոտիվը՝ պոչիկն անվերջ հակադրվում է իր տիրոջը՝ կոկորդիլոսին՝ հանդես գալով որպես ինքնուրույն կերպար: Սակայն նրանց կոնֆլիկտը դրամատուրգիական լուծում չի ստանում, ոչնչի չի հանգեցնում, այլ մնում է ինքնանպատակ՝ զուտ հակահերոս ունենալու մակարդակում: Ֆինալում ևս խնդիր կա, կոկորդիլոսի երկինք բարձրանալու թեման բեմականորեն գեղեցիկ է լուծված, սակայն թեմատիկ հարցականներ է առաջացնում ջրային կենդանու երկնային կեցության շուրջ, իսկ մտահոգ փոքրիկներից մեկին հանգիստ չէր տալիս այն հարցը, թե արդյո՞ք երկինք գնալով կոկորդիլոսը չմահացա՞վ, մեկ էլ մղում այլ մտքի՝ արդյո՞ք իսկապես հնարավոր չէ երկրի վրա ընկեր գտնել, մի՞թե այս խնդրի լուծումը միայն երկնքում է: Հարցեր, որոնք, բնականաբար, չեն առաջանա մինչդպրոցական տարիքի հանդիսատեսի մոտ, սակայն դպրոցահասակները չեն բավարարվի զուտ տեսողական էֆեկտներով, կհետևեն նաև գաղափարական կողմին և սյուժեի տրամաբանությանը:

Փոքրիկները վերջին անգամ կհայտնվեն գործողություններում որպես հեքիաթի հանգուցալուծման կարևոր կերպար, երբ արտիստը կխնդրի երեխաներին միասին փչել, որպեսզի իր լճակից կոկորդիլոսը հասնի երկինք՝ ամպիկ-կոկորդիլոսին, իր միակ ընկերոջը: Փչող երեխաները խորապես համոզված են, որ թափանցիկ պարանների օգնությամբ դեպի վերև՝ հանդիսատեսի գլխավերևով սլացող (այս հնարանքը կիրառվել է նաև Խամաճիկների թատրոնի «Փոքրիկն ու Կառլսոնը» բեմադրության մեջ) կոկորդիլոսի թռիչքի միակ պատճառը հենց իրենք են, ու երջանկության զգացողության շարունակականությունը երեխաներին չի լքում: Սա ներկայացում է, որ առաջին անգամ փոքրիկ հանդիսատեսի անհատականությունը կարևորում և շոյում է, որն արդի մանկավարժության մեջ հաջողությունների հասնելու կարևորագույն մեթոդներից է: Դերասանը հավասարը հավասարի է վերաբերվում երեխաներին, և շնորհակալություն հայտնում նրանց՝ օգնելու համար:

Նկատենք, որ եզրափակիչ տեսարանն այնքան է ոգևորում երեխաներին, որ նրանք իրարով անցած այլևս ի վիճակի չեն լսելու բեմից հնչող տեքստը՝ «Իմ կոկորդիլոսը լավ ընկեր ունի, նրա հետ ուր ասես կթռչի», այնինչ սա էր հիմնական գաղափարը՝ թռիչքն ու երազանքը, որը կայացավ գործողությամբ, սակայն երեխաների դեպքում չի աշխատում գործողությունից անջատ իբրև խոսքային ինֆորմացիա: Հետևաբար ներկայացման ավարտը որոշ կիսատության զգացողություն է թողնում: Դերասանը վերագտնում է իր հանդիսատեսին արդեն նախասրահում՝ անգամ ներկայացումից հետո, երբ նրանք վազում են արտիստի հետ ծանոթանալու, նրա հետ խոսելու, լուսանկարվելու ու համոզվելու իրենց կարևորության մեջ:

«Կոկորդիլոսը» շնորհաշատ համախոհների ստեղծագործական թիմի հաջողված աշխատանք է, ովքեր գործել են խիստ միասնական՝ բեմադրիչ-դերասան և մտահղացման հեղինակի տեսլականի ցանկալի արդյունքին հասնելու համար: Բեմադրիչի խոսքով՝ հեշտ չի ստեղծվել ներկայացումը, գրեթե երեք տարվա աշխատանք, որի առաջնախաղի հետաձգումը պայմանավորված էր համավարակով ու պատերազմով:

Հրաշագործ Աղասի Մելքոնյանի տիկնիկային մոնոներկայացումը թարմ լեզվամտածողություն է բերում մանկական ներկայացումների ոլորտ և վստահաբար շատ է սիրվելու փոքրիկների կողմից:

 

Անուշ Ասլիբեկյան

Արվեստագիտության թեկնածու