Ռեգինա Ղազարյան. պոետի մտերիմը՝ հավատարիմ Ռոլանը

Պոետի հետ մտերմությունը նրա համար ճակատագիր դարձավ

Այս բառերն են փորագրված Ռեգինա Ղազարյանի հուշատախտակին, որը փակցված է Բաղրամյան պողոտայի № 33ա տան վրա։ Այստեղի մասիսահայաց պատուհաններով բնակարանում էլ վերջին անգամ տեսել եմ նրան․ կարծեմ 1998-ին էր, ստորագրություններ էի հավաքում Վարուժան Կարապետյանին ֆրանսիական բանտից վաղաժամ ազատ արձակելու համար։ Պատահաբար թակեցի և նկարչուհու դուռը․ բացեց, միանգամից ճանաչեց, ուզեց անպայման հյուրասիրել։ Մի քանի անգամ հանդիպել էինք՝ հիմնականում Չարենցի ծննդյան և մահվան օրերին՝ բանաստեղծի տուն-թանգարանում, մի փոքրիկ սեղանի շուրջ, նեղ շրջանակով՝ Ազատ Գասպարյան, Ալմաստ Զաքարյան, և, իհարկե, չարենցյան հարկի տիրուհի Լիլիթ Հակոբյան․․․ Քաջ տեղյակ էր Վարուժան Կարապետյանի և ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին ու սիրով ստորագրեց։ 1999 թ․ նոյեմբերյան մի օր ստացա նրա մահվան բոթը․․․

Ռեգինա Ղազարյանի կյանքը տառապանքով, դժվարություններով լի էր, բայց բարդությունները միայն կոփել էին նրա կամքն ու վճռականությունը։

Մայրը՝ Վերգինե Խորասանյանը, բժշկական գիտությունների առաջին կին դոկտորն էր Հայաստանում (թեզը պաշտպանել էր 1910-ին՝ Բեռլինում), իսկ հայրը՝ քանաքեռցի Թադևոս Ղազարյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր էր։

Խորասանյանները Երևանի մեծահարուստներից էին․ սրբատաշ քարով կառուցված նրանց երկհարկանի տունը Աբովյանի և Սայաթ-Նովայի անկյունում  էր։ Ռեգինան ծնվել էր հայ ժողովրդի համար օրհասական օրերին՝ 1915 թ․ ապրիլի 17-ին։ Հայրը մահացել էր նրա ծնունդից մի քանի օր առաջ, մայրը՝ երեք տարի անց, երբ պացիենտից վարակվել էր բծավոր տիֆով։ Դրանից մի քանի օր անց վշտից վախճանվել էր նաև մորական տատը՝ Շամիրամը։ Փոքրիկ Ռեգինային խնամակալության էր վերցրել մորաքույրը, իսկ նրա դաստիարակությամբ զբաղվել էր մորաքրոջ դուստրը՝ Լուսիկ Օհանջանյանը, որին, սակայն, 1926 թվականին աքսորել էին Սիբիր։

Եվ ահա, այս ամենով անցած, սակայն դժխեմ բախտի առջև չընկրկած, հեծանվասպորտով զբաղվող ու բանաստեղծություններ գրող Ռեգինային ճակատագրական մի հանդիպում էր սպասվում։ 15 տարեկանում «Երևան» հյուրանոցի ճեմասրահում նա պիտի ծանոթանար Եղիշե Չարենցի հետ ու դառնար պոետի մտերիմը՝ հավատարիմ Ռոլանը (անուն, որով նրան նույն օրը կնքեց Չարենցը)․ «Չարենցն ինձ ասաց` իմ փոքրիկ բարեկամը պիտի լինես, ու ինքն էլ դարձավ իմ ամենամոտ բարեկամը»։ Սիրով էր վերհիշում Չարենցին, ու ամեն մի պատմությունը կարծես ավարտուն մի նովել լիներ՝ աչքերիդ առջև ընթացող ներկայացում. իրեն գերմանական հեծանիվ նվիրելը, քեֆը գուսան Սերոբի տանը, Չարենցի չկայացած հարսանիքը, նրա տարօրինակությունները, քիմիական մատիտով բանտից կնոջը՝ Իզաբելլային գրած նամակը՝ «փրկիր ձեռագրերս և այդ հարցով դիմիր միայն ու միայն Ռեգինային և վստահիր նրան»։

Մի անգամ պատմեց, թե ինչպես չափից շատ խմած Չարենցը «Երևան» (այն ժամանակ՝ «Ինտուրիստ») հյուրանոցի իր համարում պառկել է գետնին ու աչքերը հազիվ սևեռելով համարում որպես դռան հենարան գործածվող մի 30 սանտիմետրանոց ռելսի, անընդհատ կրկնել է․ «Էլ ապրել չեմ ուզում, բե՛ր էն ռելսը, խփիր գլխիս, գանգս ջախջախիր»։ Ռեգինան երկար ընդդիմացել է, բայց երբ Չարենցը սկսել է սպառնալ, ճարահատ ու զայրացած մոտեցրել է ռելսի կտորը․ Չարենցը վախեցած կանգնեցրել է նրան, թե՝ «մի՛ արա, ուզում էի համարձակությունդ փորձել»․․․

Այդ պատմությունների մեծ մասը քաջածանոթ էր մամուլից և ժողովածուներից, 1990-ականներին Ղազարյանի հուշերը երկու անգամ լույս տեսան առանձին գրքով։ Բայց և մի ընդհանուր ծանոթից գիտեի․ ամեն ինչ չէ, որ պատմում է և առավել ևս, գրի առնում․․․

Իր իսկ խոստովանությամբ՝ նկարիչ դարձավ Չարենցի շնորհիվ, այն բանից հետո, երբ տեսնելով Ռեգինայի ճեպանկարը, Չարենցը գոչեց․ «Դու նկարիչ ես»։

Պայմանների բերումով՝ հետագայում գեղարվեստի ուսումնարան տեղափոխվելու մտադրությամբ, 1931 թվականին ընդունվում է Մոսկվայի ավիացիոն ուսումնարան, սակայն հրապուրվում է, մնում ու ավարտում 1936-ին, ինչից հետո վերադառնում է Երևան, արդեն բռնաճնշումների, վախի ու անհուսության մթնոլորտում շարունակելով մտերմությունը Չարենցի հետ։

Երբ պոետին բանտարկում են, Իզաբելլայի հետ Ռեգինան էլ է երբեմն բանտ գնում` Չարենցին սնունդ և դեղորայք հասցնելու: Նա եղավ այն միակը, որին Չարենցը վստահեց իր անտիպները, ու դրանց հիմնական մասը՝ շուրջ քսան թղթապանակ ձեռագրեր, Ղազարյանը տակառիկի մեջ պահ է տալիս հողին։

Պատմում էր, թե ինչպես 1937-ի նոյեմբերի 29-ին տեղեկանում են բանտում Չարենցի մահվան մասին (իրականում մահը վրա էր հասել ամսի 27-ին, բայց դա հետո հայտնի դարձավ) ու ընկերների հետ սպասում բանտի դարպասների մոտ, մինչև այնտեղից դուրս է գալիս «Հաց» մակագրությամբ մի բեռնատար, ենթադրաբար՝ Չարենցի դին տեղափոխող։ Էջմիածնի խճուղու ուղղությամբ երկար հետևում են դրան, մինչև իրենց չեն կանգնեցնում․․․

Իզաբելլայի ձերբակալությունից հետո երկու մանկահասակ երեխաները շուրջ մեկ տարի պատսպարվում են Ռեգինա Ղազարյանի մոտ։

1942 թվականին զորակոչվում է խորհրդային բանակ, ծառայում Բաքվի աերոփակոցային 5-րդ գնդում՝ Կասպից ծովի ափին․ պաշտպանում էին նավթային օբյեկտները։ Պատերազմի ժամանակ երազել է ողջ մնալ, հասկանում էր, որ եթե զոհվի, թանկագին ձեռագրերը կորչելու են։ Մեկ տարի անց՝ 1943-ին, վիրավորվում է պայթյունի ժամանակ, ցնցակաթված ստանում, երկար ժամանակ մնում հոսպիտալում ու զորացրվում իբրև հաշմանդամ։

Պատերազմից հետո ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որն ավարտում է 1951-ին՝ գեղանկարիչ մասնագիտությամբ (աշխատել է գեղանկարի և գրաֆիկայի բնագավառներում)։ 1953 թվականին  դառնում է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Մի առանձին էպոպեա էր Չարենցի ձեռագրերի փրկության պատմությունը․․․

1954 թվականին Անաստաս Միկոյանի հայտնի ելույթից անմիջապես հետո փորել-հանել է «դագառիգը» (հենց այդպես էր արտասանում բառը)․ ցավոք, ձեռագրերի մի մասը (շուրջ 15 տոկոսը) քայքայվել ու փոշիացել էր, 10 տոկոսն էլ կիսաքայքայված վիճակում էր։ Իսկ փրկվածների շարքում էին «Կոմիտասի հիշատակին», «Նավզիկե» պոեմները, բեյթեր, ռուբայաթներ, դիստիքոսներ և այլ գործեր։

Չարենցն ու Օսիպ Մանդելշտամը, որոնք միմյանց հանդեպ մեծ համակրանք էին տածում, այս հարցում էլ ճակատագրակից եղան։ Մանդելշտամն իր բանաստեղծությունների մեծ նոթատետրերը և ուրիշ նյութեր 1936 թվականին վորոնեժյան արտաքսման ժամանակ վստահեց Նատալյա Շտեմպելին, որն էլ հերոսաբար դրանք պահպանեց (այս դեպքում ևս՝ որոշ կորուստներով) ու փոխանցեց սերունդներին։ Շտեմպելն ու Ղազարյանը մի շարք նմանություններ ունեն․ երկուսն էլ հալածական պոետների սակավաթիվ մտերիմներից էին, երկուսն էլ կապ ունեին ավիացիոն ուսումնարանների հետ, երկուսն էլ երկար ապրեցին, հիանալի հուշեր գրեցին։ Պոետների հետ մտերմությունը երկուսի համար էլ ճակատագիր դարձավ, փարոս՝ կյանքի բոլոր հանգրվաններում․․․

«Ռեգինան դարձավ մեր ամբողջ ընտանիքի ջերմ ընկերը ու հորս ձերբակալությունից հետո միշտ մորս կողքին էր։ Նրանք միասին գնում էին բանտ, որտեղից հայրս հագուստների մեջ թաքցրած նամակներ էր ուղարկում, նոր բանաստեղծություններ։ ․․․Այս անշահախնդիր, նվիրյալ կինը ողջ կյանքն ապրել է Չարենցով, միայն նրա շնորհիվ են պահպանվել Չարենցի բազմաթիվ բանաստեղծություններ»․ սրանք Արփենիկ Չարենցի՝ պոետի ավագ դստեր խոսքերն են։ Ցավոք, Ղազարյանի պարագայում ձեռագրերի փրկողը ստվերեց նկարչին։ Այդպես էլ է լինում։ Նա Չարենցի մտերիմներից վերջինն էր, որ ողջ էր ու իր ներկայությամբ կարծես չարենցյան շունչ էր բերում, հնարավորություն էր տալիս հաղորդակցվել պոետի հետ ժամանակի հեռավորությունից։

Սկզբնական շրջանում Ղազարյանը տարբեր բաներով էր հրապուրված՝ պոեզիա, երաժշտություն, սպորտ։ Նկարչության հանդեպ հետաքրքրությունը ձևավորվեց 1930-ականներին, սակայն բարձրակետին հասավ 60-70-ականներին։ Նրա ստեղծագործությունները համակարգված և դասակարգված ձևով չեն ներկայացվել, հետևաբար հնարավորություն չկա դրանք ժամանակային փուլերի բաժանելու, գոյություն չունեն ամբողջական կատալոգներ և վերատպությունների ալբոմներ (միայն գործերի մի փոքր մասն է հասանելի, որը հանգրվանել է ՀԱՊ-ում և Չարենցի տուն-թանգարանում), անհատական ցուցահանդեսներ էլ հազվադեպ են կազմակերպվել՝ երեքը Երևանում (1967, 1987, 1988), մեկականը՝ Էջմիածնում և Լենինականում (1967)։ Շրջադարձային էր 1967-ի ցուցահանդեսը։ Չարենցի 70-ամյակի օրերին ներկայացված 50 աշխատանքների ուղիղ կեսը՝ յուղաներկ ու գրաֆիկական գործեր, կազմում էր «Չարենցաշարը»։ Նկարչուհու խոստովանությամբ՝ «Չարենցյան ռոմանտիկայի ու խորհրդանշական մտապատկերների հախուռն ոգևորությամբ» նա ցանկություն է ունեցել «պատկերել մարդկային ազատության ձգտման դարավոր երազանքների խենթ սլացքը, տիեզերքի անհունը նվաճել ցանկացող նույն այդ մարդու առնական ու հզոր կամքը, հասցնելով այդ ամենը հաղթական մարդու մոլեռանդ օրհներգության»:

Ղազարյանը գեղարվեստում ձևավորեց Չարենցի կերպարի իր մեկնաբանությունը։ Նկարչուհու լավագույն ստեղծագործություններից է խորհրդապաշտության և կուբիզմի համադրությամբ ստեղծված «Ասպետական»  կտավը՝ ներշնչված չարենցյան համանուն պոեմից։ Ղազարյանն իր այս գործով ասես կանխորոշել է Չարենցի հայտնի երևանյան արձանի (հեղինակ՝ Նիկոլայ Նիկողոսյան, 1985) ոճը, կերպարային լուծումները։

Հասուն և ուշ շրջանի գործերն ընդհանրապես աչքի են ընկնում ուշագրավ հորինվածքով, յուրօրինակ լուծումներով։ Կարծում եմ, Ղազարյանի գեղանկարներից առավել հաջողված են նրանք, որոնցում ստեղծված է գունային հավասարակշռություն, առկա են խորհրդապաշտական ոգով լուծումներ։  Նկարչուհու ստեղծագործության առանցքում մարդն է, նույնիսկ նատյուրմորտներում երբեմն կարելի է մարդկային ֆիգուրներ գտնել. «ավելի շատ սիրում եմ դիմանկարներ անել, բացահայտել մարդուն իր տարբեր վիճակներով, հուզաշխարհի ելևէջներով: Այդ թեման անսպառ է, անսպառ են մարդկային ապրումների նրբերանգները»:

Ավելի ուշ շրջանում չարենցյան շարքի կտավներում սկսեցին հայտնվել քրիստոնեական սիմվոլներ, գերակշռեցին երկնագույնը և կապույտի երանգները («Եռանկար», «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն»)։ «Մասունքներ» կտավում  օգտագործված են Չարենցի փշրված ձեռագրերը, էջեր «Գիրք ճանապարհիից», որոնք իբրև մոմ լույս են տալիս շրջապատող մթության մեջ։

Ղազարյանը հեղինակ է վառ, արևային բնանկարների՝ «Աղավնաձոր» (1961), «Աշուն» (1962) և այլն։ Ըստ Ա․ Պետրոսյանի («Սովետական արվեստ», №7, 1967)՝ Ղազարյանն իր բանաստեղծական-քնարական ընկալումներն առանձնապես վառ է դրսևորում բնանկարներում, որոնք ստեղծված են «լայն, ընդհանրացված գունաբծերի զուգորդումներով, լույս ու ստվերի հակադրությամբ»։

Հետաքրքիր և ինքնօրինակ են նաև գրաֆիկական գործերը, հատկապես լինոփորագրությունները՝ «Ամբոխները խելագարված» (1965), «Հայաստան» (եռանկար, 1966), «Սոմա» (1967)։ 

Ղազարյան-նկարչի առանձնահատկությունն էր, որ նույնիսկ սոցիալիստական թեմաներին անդրադառնալիս նա տուրք չէր տալիս սոցռեալիզմին, հավատարիմ էր մնում ազատ գունային փոխակերպումներով ու կոպիտ վրձնահարվածներով  իր ոճին։ Նման լավ օրինակ է «Հացը» (1969-1970) մեծածավալ կտավը, որում պատկերված հեղափոխության առաջնորդ Ուլյանով-Լենինը կարծես հայտնվել է 1910-20-ականների ավանգարդին հարիր գույների հրավառության մեջ, իսկ համայնապատկերային պրոյեկցիան հիշեցնում է Կ․ Պետրով-Վոդկինի ուշ շրջանի աշխատանքները:

Հետմահու է արված Պարույր Սևակի միագույն դիմանկարը (1981), որում Սևակը նույնիսկ ավելի մտախոհ է երևում, քան սովորաբար նրան տեսել ենք  լուսանկարներում, ու վարպետորեն է ներկայացված նրա բորբոքուն, անհանգիստ բնավորությունը։ Պատմում են, որ Պարույր Սևակը սիրում էր այցելել Ղազարյանին, թերթել ու վերծանել Չարենցի քայքայված անտիպ ձեռագրերը՝ այսպիսով փրկելով դրանք անխուսափելի կորստից։

Ժամանակ առ ժամանակ Ղազարյանը Չարենցի տուն-թանգարանում ցուցադրում էր նոր կտավներ։ Երբ տանը ցուրտ էր լինում, նկարում էր ձեռնոցներով։ Մտավորականին վայել զուսպ և համեստությամբ էր տանում այդ ամենը։ Չարենցյան շարքի շատ կտավներ պարզապես նվիրում էր բանաստեղծի տուն-թանգարանին։ Հավատում էր, որ արվեստը կարող է կրթել, հաղորդել բարձր իդեալներ, զերծ պահել նյութապաշտությունից․․․ Մի անգամ (կարծեմ 1994-ին էր, տուն-թանգարանում ցուրտ էր, լույս էլ չկար) ցուցադրել էր զգացական, մռայլ երանգներով «Եռանկարը»․ ամենատպավորիչ պատկերում կապկադեմ մեկը խեղդում է Չարենցին՝ ըստ իր իսկ՝ բանաստեղծի տողերի․

Ատամնաթափ մի մարդ, գանգով կապկի,

Նստել էր մերկ կրծքիս, - և ինձ խեղդում էր:

Թույն էր թորում նրա շրթունքներից՝ դեմքիս, -

Եվ անունը նրա- «Քնքշություն» էր:

Վերջին գործերից էր «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» (1998) կտավը, որում ժպտացող պոետի հայացքի ներքո տակառից դուրս՝ դեպի հավերժություն են ժայթքում թաքցված ձեռագրերը և թեմաները՝ կին, Կոմիտաս (նկարչուհին էլ հաճախ է անդրադարձել Կոմիտասի կերպարին), հավատ․․․

Չնայած տարիքին՝ նրան ամեն ինչ հետաքրքիր էր։ 10 տարեկանի հետ էլ ընդգծված «Դուք»-ով էր խոսում, ձայնը՝ խորքային, կոշտ (80 տարեկանում էլ շատ էր ծխում), բայց տպավորիչ, խոսքն էլ՝ ծանրակշիռ, հեռուն միտված, տասնամյակներ անց էլ չխամրող․․․ Որպես ապացույց մեջբերեմ նրա՝ Գ․ Պողոսյանին տված հարցազրույցից մի հատված որն այսօր էլ, առավել քան երբևէ, այժմեական է․

«Հուսալքվելու պատճառները բազմաթիվ են, սակայն մենք չպետք է մոռանանք նաև մեր ձեռքբերումները, հաղթանակները: Անկախությունը յուրաքանչյուր ազգի ամենանվիրական երազանքն է, յուրաքանչյուր արվեստագետի բաղձանքը: ․․․ Մեզ երբեք չպետք է լքի ազգային նախանձախնդրությունը»:

 

Աշոտ Գրիգորյան

 

Նկարներ․

1․ Ռեգինա Ղազարյանը 1967 թ․

2․ «Աշուն», 1962

3․ և 4․ «Չարենցաշարից»

... ... ...