Րաֆֆին՝ ժամանակակիցների գնահատմամբ

Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան) եղել է և շարունակում է մնալ հայ գրականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը, մեր ազգային ոգին, գիտակցությունը կոփող եզակի մտավորական, որն իր առաջ քաշած գաղափարներով սերունդներ է տոգորել։ Դա, իհարկե, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Րաֆֆին, թերևս, առաջինն էր, որ սկսեց գրել այսօր լիովին հասկանալի աշխարհաբար արևելահայերենով։ Ավելին, նրա վեպերի լեզուն էական ազդեցություն ունեցավ արևելահայ խոսակցական և գրական լեզվի վրա։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, մեջբերենք Արմենակ Եկարյանի տպավորությունները 1888 թվականի Երևանից․ «հոն հայը կը խօսէր իր մայրենի լեզուն, բայց այլանդակ յիշոցները և թրքերէն ու թաթարերէն բառերը խաթարած էին անոր գեղեցկութիւնը։ Իսկ ես Ռաֆֆիի լեզուն կ՛ուզէի լսել․․․» («Յուշեր», 1947)։ Ի հեճուկս քննադատների հավաստիացումներին՝ Րաֆֆու վեպերի հերոսները մեծամասամբ ինքնատիպ էին, քանզի բացառիկ էր և հայոց պատմական ճակատագիրը։ Րաֆֆու շատ գաղափարներ հիմա էլ նույնքան այժմեական են, որովհետև քիչ են այն ժողովուրդները, որ իրենց ճակատագրի շրջապտույտներից կարողանում են դուրս պրծնել, ու մենք գոնե առայժմ այդ դեպքը չենք։ Հայտնի է, որ հենց Րաֆֆու վեպերը դարձան հայ ազատագրական պայքարի ոգեշնչողները, իսկ «Կայծերը»՝ դրա Ավետարանը, որն Արշակ Չոպանյանի բառերով՝ «վեպ է և չէ, որ, որոշ տեսակետով մը, վեպե ավելի բարձր երկ մըն է, և․․․․ մինչև այսօր կկարդացվի իր մեծ մասին մեջ հետաքրքրությամբ, հաճույքով և հաճախ հուզումով»։

Երիտասարդ հայրենասերների և հեղափոխականների սիրելի երգերից էր «Ձա՜յն տուր, ո՜վ ծովակը», որի երաժշտությունը Կոմիտասն էր գրել՝ Րաֆֆու բառերով։ Հանձնառու հայն իր ստեղծագործական վաղ շրջանի այս բանաստեղծությունը հորինել էր Աղթամարի կղզում․ նա ճամփորդեց Արևմտյան և Արևելյան Հայաստանների գավառներով, ամբարեց գիտելիքներ տեղական յուրահատկությունների ու խնդիրների մասին, որոնք պիտի արտացոլեր իր երկերում։ Դրանց մեջ գեղարվեստական հորինվածքը երբեմն իր տեղը զիջում էր գիտական ճշգրտությամբ ներկայացված իրապատումին, քանզի հեղինակի խնդիրը ընթերցողին հնարված աշխարհներում ընդարմացնելը չէր, այլ նրա ազգային ոգին արթնացնելն ու ցարական գրաքննության պայմաններում ազգային ինքնուրույնության գաղափարի արմատավորումը (այս հարցում նա պիտի կտրուկ անհամաձայնություն ունենար «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ)։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ նրա վիպական հերոսի գերեզմանը ցույց տալիս միշտ ընդգծում են՝ «Րաֆֆու Խենթի շիրիմն է», իսկ «Խամսայի Մելիքությունները» Արցախի պատմության գիտական սկզբնաղբյուրի արժեք ունի նույնիսկ մեր երկրի սահմաններից դուրս։

Գրականագետ Սերգեյ Սարինյանի խոսքերով՝ «նա աշխարհ եկավ ինչ-որ հավաքական անհրաժեշտությունից, հայոց էթնիկական ոգու հազարամյա ինքնաստեղծումից, պատմության ինքնագիտակցումից․․․»։ Մեծ է Րաֆֆու վաստակը, սակայն ընթերցելով նրա մասին հուշագրական պատառիկները, զարմանում ես, թե որչափ թերի են եղել վիպասանի վերաբերյալ գրական-հասարակական միջավայրում տիրող պատկերացումները։ Բացի այդ, ժամանակակիցների կարծիքն այն մասին, թե արդյո՞ք զարգացած է եղել Րաֆֆին, քանի  լեզվի է տիրապետել և ի՞նչ չափով, նրա ստեղծագործական ո՞ր շրջանն է առավել արժեքավոր, հաճախ իրարամերժ է ու խաբուսիկ։

Ժամանակի մամուլը Րաֆֆու նկատմամբ անբարյացակամորեն էր տրամադրված։ Նրա առաջին գիրքը՝ «Փունջ» ժողովածուի Ա հատորը Պետրոս Սիմոնյանն իր խմբագրած «Մեղու Հայաստանի» լրագրում անվանեց ««Փունջ» անգույն և անհոտ ծաղկանց»։ Իսկ բանահավաք Գալուստ Շերմազանյանը, քննադատելով ժողովածուի թե՛ լեզուն, թե՛ բովանդակությունը, գրեց․ «հեղինակը չունի բնական բղխումն, արտազեղումն ջերմ ոգևորութիւն, վասն որոյ և նրա բանաստեղծութիւնները չեն տպաւորվում ընթերցողի մտքումը, սրտումն, և չեն էլ նրան զբաղեցնում» («Արարատ» ամսագիր, 1874․ թիվ Ը)։

Վաճառականության հանդեպ հոռետեսորեն տրամադրված Րաֆֆին իր ունևոր հայրենակիցների երկար ճնշումներից հետո ստիպված էր թողնել աշխատանքը Թավրիզի դպրոցում և տեղափոխվել Թիֆլիս։ Սակայն այստեղ էլ սկիզբ առավ հրապարակագիր Հայկունու արշավը վիպասանի դեմ։ Նշելով, որ «Պ․ Րաֆֆիի միակ դեղը հայհոյությունն է»՝ Հայկունին «Կայծերի» հերոսներին նմանեցնում էր ցարին սպանած անարխիստներին, Վարդանի երազը՝ Չեռնիշևսկու արգելված «Ի՞նչ անել» վեպից Վերա Պավլովնայի երազին, ինչը չէր կարող չխթանել Րաֆֆու հանդեպ ցարական իշխանությունների հետապնդումները․ վիպասանը ենթարկվում է տնային կալանքի։ Հայկունու հոդվածներն այսօր էլ ճնշող տպավորություն են թողնում իրենց մե՛րթ վերամբարձ-ամբարտավան, մե՛րթ ծաղրական ոճով ու անընդունելի բառապաշարով։ Լեոն փորձեց մամուլում նրան պատասխանել, սակայն դա միայն ավելի գրգռեց Հայկունուն։

Շիրվանզադեի խոսքերով՝ «Րաֆֆին հրապարակորեն հռչակվում էր մերթ «խաչագող», մերթ «գրականական փերեզակ»․․․ Այդ արշավանքը վիպասանի դեմ առ միշտ պետք է մնա մի անջնջելի արատ հայ մամուլի պատմության վրա»։ Իր հակառակորդների արշավանքների մասին Րաֆֆին այսպես է արտահայտվել․ «Ով ուզում է հայ գրականությանը ծառայել, պետք է առաջ սովորի դիմանալ սև նախանձի և ատելության հալածանքներին։ Ամեն մի հայ իրան առնվազն մի Նապոլեոն է համարում, և դուք չեք կարող ապացուցել, որ նա պետք է հասարակ զինվոր լինի․․․»։

Թերահավատությամբ են լի Ղազարոս Աղայանի կցկտուր հուշերը Րաֆֆու մասին․ «Ես երբեք չէի կարող երևակայել, որ նա երբևիցե Րաֆֆի կդառնա»։ 1883 թ․ «Աղբյուր» հանդեսի #8-9-ում տպված իր քննադատական հոդվածում Աղայանը խիստ արտահայտություններ էր գործածում «Կայծերի» գործող անձանց և վեպի հեղինակի հասցեին․ «Բայց բնավ ներելի չեն այն թերությունները, որոնք վերաբերում են Կայծերի հերոսներին - Ասլանին, Կարոյին, Մուրադին և քավոր Պետրոսին»։ Ըստ նրա՝ վեպում Րաֆֆին իդեալականացնում է խաչագողերին ու շառլատաններին, քանզի «նա ամեն տեղ և ամեն բանի մեջ խաչագողություն է տեսնում»։ Վիրավորված Րաֆֆու և Աղայանի միջև մամուլում սկսվում է բանավեճ, նրանց անձնական հարաբերությունները խզվում են։

Ինքը՝ Գրիգոր Արծրունին՝ հույժ կարևորելով իր խմբագրած «Մշակի» դերը Րաֆֆու տաղանդի զարգացման հարցում, թերագնահատում էր նրա «Սամվելը» և շեշտում, որ պատմական վեպերում «առաջվա պես չէր փայլում Րաֆֆիի տաղանդը»։ Անհամեմատ ավելի սրատես է եղել Պոլսից Թիֆլիս ժամանած Արփիար Արփիարյանը, որ փողոցում ճանաչել է Րաֆֆուն, քանզի «խուռն բազմության մեջ գեղեցիկ տաղանդ մը անտես չանցնիր․ չեմ գիտեր ինչ շնորհք կա դեմքին վրա, որ մագնիսական զորությամբ կը քաշե տեսնողին»։

Իսկ վիպասանի կրտսեր ժամանակակիցը՝ Շիրվանզադեն, համոզված լինելով, որ «ոչ մի մտավոր առաջնորդ հայի ընկերական հոգու զարգացմանը այնքան չի նպաստել, որքան ինքն իր զորեղ գրչով», միևնույն ժամանակ այսպես է արտահայտվել Րաֆֆու մասին․ «այսօր ես նրան վիպասան չեմ համարում․ նա շատ սխալներ է գործել գեղարուեստի դէմ»։

Նույնիսկ Րաֆֆու մահվանից տարիներ անց գրված հուշերում նրա ժամանակակիցներից շատերը, իրենք հաճախ լինելով սահմանափակ մտահորիզոնի և կարողությունների տեր անձինք, թերահավատություն են դրսևորել վիպասանի ստեղծագործությունների գրական արժեքի նկատմամբ։ Այսպես, նրա մտերիմներից Ավագ Ավթանդիլյանը 1902 թ․ նշում էր, թե «նրա թերությունն էլ կայանում է նրա մեջ, որ շատ է ենթարկվել նմանողության, և այդ է նրա հոգեբանական թույլ կողմը»։

Թիֆլիսաբնակ գերմանացի թարգմանիչ, Րաֆֆու հետ անձամբ ծանոթ Արթուր Լայստը համոզված էր․ «Շնորհիվ իր պակասությունների՝ Րաֆֆիի վեպերը ժամանակով կկորցնեն իրենց նշանակությունը․ դրանք հենց այժմ ավելի պակասավոր են կարդացվում»։

Իհարկե, մեծ պահանջարկ ունեին Րաֆֆու ստեղծագործությունները, սակայն իներտ էր ընթերցողը։ 1883-ին վիպասանը «Կայծերի» շապիկի վրա շարադրեց իր երկերի վեցհատորյակի հրատարակության ծրագիրը, սակայն արձագանքողներ չեղան ու այն չիրականացավ։ Հետագայում որոշ ստեղծագործություններ միայն այրու՝ Աննա Րաֆֆու ջանքերով լույս տեսան, իսկ անտիպ ձեռագրերի մի մասն անհետացավ հայրենիքի ճանապարհին։

Րաֆֆու մահվան տարում Թիֆլիսում տիրող անհուսալի մթնոլորտը ներկայացնում է նույն Ա․ Եկարյանը․ «Տգիտութեան և անգիտակցութեան թանձր խաւարը, 88 թուականներուն անգամ, շատ աւելի զգալի էր Թիֆլիսի մէջ, քան Վասպուրականի։ Եւ Արծրունիներու, Ռաֆֆիներու և Պատկանեաններու դէմքերը այդ խաւարին ընդմէջէն պլպլացող աստղեր էին միայն»։ Այս պայմաններում Րաֆֆին աչքի է ընկել իր համեստությամբ։ Նա ապրեց ծայրահեղ աղքատության մեջ (մինչև իսկ «Մշակին» երկար ժամանակ անվճար էր աշխատակցում), ու ականատեսների վկայությամբ, մահվանից հետո նրա բնակած տանը չի հայտնաբերվել ոչ մի նոր, մաքուր շապիկ։

Հուղարկավորությունը ցույց տվեց, թե ինչ մեծ ժողովրդականություն էր վայելում Րաֆֆին։ Արտեմ (Հարություն) Եսայանը գրում էր․ «Եւ եթէ Րաֆֆին այն ժամին մի րոպէ կենդանանար, գլուխը դագաղի միջից վեր բարձրացնէր, սաստիկ կը զարմանար, տեսնելով, որ իր համակրողների թիւը տասնապատկվել է և նոյնիսկ թշնամիներն էլ են գլխիկոր հետևում սգահանդէսին և կ՛ասէր․ «Կենդանի ժամանակս չէիք ուզում ինձ ճանաչել, քաղցած ժամանակս մի կտոր հաց անգամ չը տուիք․․․»»։

Ողբերգականորեն միայնակ էր Խաչատուր Աբովյանն իր ժամանակներում, սակայն նրա անհետացումից տարիներ հետո գրականության աշխարհ մտած Րաֆֆին ևս զարմանալիորեն չհասկացված ու չգնահատված եղավ իր շրջապատի և ժամակակիցների կողմից։ Սա նկատել էր դեռևս Ռափայել Պատկանյանը, օրինակ բերելով վիպասան Ծերենցին, որը փողոցում Րաֆֆու հետևից ասել էր․ «Կարդացի «Խենթն» ու Վարդանի երազը․ խենթը դու՜ ես»։

Այդուհանդերձ, մեծ վիպասանի ցանած սերմերը պիտի տային իրենց ծիլերը․․․ Պատանի Ավետիք Իսահակյանը Րաֆֆու մահվան առթիվ գրեց իր առաջին բանաստեղծություններից մեկը, որը սկսվում էր հետևյալ քառատողով․

Նորից գույժ մահվան քեզ, Մա՛յր-Հայրենիք,

Մեռավ քո որդի Րաֆֆին վիպասան,

Հիշատակ թողեց անթիվ, անմահ գիրք

Եվ մտավ մութ, ցուրտ, խոնավ դամբարան։

Իսկ Րաֆֆու մահվանից քսանհինգ տարի անց, երբ տակավին այրվում ու մխում էր հայոց դարավոր վերքը (ու Աստված գիտի, թե որքան դեռ պիտի ցավ պատճառի մեզ), Հովհաննես Թումանյանը դիմեց նրա ոգուն․ «Անմահ հոգի՛, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, և մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով»։

1920-30-ականներին խորհրդային Հայաստանում Րաֆֆու գործերը չէին հրատարակվում, իսկ հազվագյուտ հիշատակությունները մամուլում հիմնականում բացասական բնույթ էին կրում։ Պատմում են, որ դպրոցներում Րաֆֆու գրքերը գաղտնի էին միմյանց փոխանցում, ինչն ավելի էր խթանում հետաքրքրությունը նրա ստեղծագործությունների հանդեպ։ Եվ հանկարծ՝ 1941-ին լույս է տեսնում «Դավիթ Բեկը», ապա՝ գրողի երկերի ժողովածուն։ Պատերազմը պարտադրում էր ամրապնդել ժողովրդի ոգին, իսկ Րաֆֆու ստեղծագործությունները դրա լավագույն միջոցն էին։ Աննախադեպ երևույթ․ 1950-60-ականներին երկու անգամ հրատարակվեցին նրա երկերի տասհատորյակները։

Հատկանշական է, որ տարիների ընթացքում Րաֆֆու ստեղծած գրականությունն ավելի ու ավելի բարձր է գնահատվել: Բանասեր Արտաշես Աբեղյանը 1937 թ․ գրեց․ «Րաֆֆին Հայոց նոր գրականութեան ամենամեծ դէմքն է։ ․․․Համարեա կէս դար է անցած արդէն նրա մահից յետոյ, եւ սակայն Րաֆֆին տակաւին ողջ է որպէս գրագէտ, նա շարունակում է մնալ ամենից աւելի փնտռուած ու գնահատուած հեղինակը մեզնում»։ Իսկ դժվարահաճ Հակոբ Օշականը դրվատանքի խոսք է ասել Րաֆֆու գործածած լեզվի և ոճի մասին, որոնք նախկինում այդքան հաճախ էին քննադատվել։

Եթե Րաֆֆու ժամանակակից Գրիգոր Արծրունին ընդգծում էր, որ նրա վեպերի դրական կերպարներն արհեստական են, «իրական կյանքի մեջ» գոյություն չունեցող, ապա Համաստեղը 1960-ին փաստում էր, թե «ինչքա՜ն իրական է Րաֆֆի եւ այնքան իրական՝ հերոսները իր վէպերուն, որ կեանքին կապուեցան, եւ կերտեցին հայ յեղափոխութիւնը ու հոմերական կռիւը մեր ֆէտայիներուն»: Ի վերջո, ըստ Համաստեղի՝ «Անցած են տարիներ եւ պիտի անցնին տարիներ, Րաֆֆիի մշակած գրականութիւնը պիտի մնայ հիմնաքարը մեր գրականութեան եւ ազգային նկարագրին»։

Ժամանակը եկավ փաստելու, որ Րաֆֆին վերժամանակյա հեղինակ էր, նրա վեպերն ու վիպակներն ամենևին չեն հնանում, ընդհակառակը՝ այսօր էլ վերընթերցվում ու մեջբերվում են ամեն պատեհ առիթով՝ ամենատարբեր տարիքի ընթերցողների կողմից։ Րաֆֆին ըստ արժանվույն գնահատվեց սերունդների կողմից, սակայն արդյո՞ք ի կատար ածվեց այն գլխավոր նպատակը, որի համար նա աշխատեց տիվ ու գիշեր, դժվար է ասել․․․

Աշոտ Գրիգորյան