Ռադիո երջանկություն

Հերթական ընտանեկան կռվից հետո փախել եմ տնից, եղանակը սրտովս է, հոկտեմբերի մեղմ արևի ցանցի վրա ճոճվող ծառերի շարասյանն եմ նայում երկար, ասես կանաչադեղնավուն հսկա սարդեր լինեն՝ պատրուս-սարդեր, որ համառորեն սարդոստայն են հյուսում արևի տակ, ճկվելով վեր բարձրանում, ջանում մեծացնել ցանցերի մակերևույթը՝ միամտորեն հավատալով, թե մի օր լուսատուն կընկնի հսկա հյութեղ նարինջի պես։
էսպես անխելք ծառերը հազարամյակներ շարունակ ծաղկում ու տարածում են ցանցը, լքված կանանց պես թևերը վեր պարզած սպասում են՝ բավարարվելով պստլիկ շողարձակումներով ու հրակարմիր, օդը պատռող ցայտերով։
Քայլում եմ պուրակի մոտով, ոտքիս տակ խրթխրթացող տերևներից մի քանիսը
վերցնում ու նստում եմ առաջին պատահած նստարանին:
Դիմացս նստած կինը ռադիո է լսում, խշշոցն ընդհատում է լուրերի հաղորդումը, ալիք ներխուժած մի կլկլ թուրք նանար բայաթի է քաշում լրատվական սարքովի ձայնով ճառող տղամարդու, ունկնդիր տիկնոջ ու ինձ վրա։
Կինը կատաղած մռթմռթում է, շարժում ռադիոն, պտտում ալեհավաք պտտակը, փորձում գտնել լրատվական ալիքը.

-Թո՛ւհ, էլի էս նամազ անող ղախպեքը, միշտ ամեն ինչ հարամում են…
ես ձեր բայաթին.... Անտեր մարտկոցն էլ նստեց:
Մի հայացք եմ նետում վրան, ու ուղեղիս մեջ խշշում է կենդանացած մի վերհուշ՝ իմ մոռացված ռադիոդրաման։
Իհարկե, Պեդրո Կամաչոյի՝ Լյոսայի խելագար հերոսի դրամաներին չի հասնի, բայց պատմել արժե։
Արագ բացում եմ հեռախոսս, գրում եմ, այլապես կմոռանամ, գրում եմ տանջող
հիշողություններից ու ապրումներից ազատվելու համար՝ հոգեբանիս ցուցումով։
Ամեն օր մի փոքր պատմություն կամ էսսե եմ գրում, սա կոչվում է գրամոքում։
Գրամոքման միջոցով կհաղթահարեմ նևրոզը՝ հավատացնում է թվով երրորդ հոգեբանս…
Առաջինը հրաժարվեց ինձնից, ասաց, որ դիմեմ հոգեբույժի, երկրորդը գժանոցում է, ես նրան մի քանի կարևոր բան էի ասել, երևի պետք էր լռել…
Ինչևէ, ես լավատես մարդ եմ և հավատում եմ ժամանակակից հոգեբանության մեթոդներին, նոր հոգեբանիս ու նաև ինձ եմ հավատում մի քիչ...
Նոթս արդեն բաց է, գրում եմ, հիշողության բավիղների միջով հետ եմ գնում 20 տարի:
Ահա երազող Վարդանը՝ 15-ամյա մի ջահել, որն ուզում էր լավ երաժիշտ դառնալ, Մերկուրիի պես մեծ երգիչ:
Հուշապատկերներով հետ եմ գնում հիմա, ա՛յ թե ծիծաղելի պատկերների համադրություն է. հիշողության տեսաշարը դանդաղ առաջ ու հետ տալով նայում եմ, սեղմում ստոպ.
պատանի Վարդանը երգում է, մյուս կադրում ծեծ է ուտում, էլի նույնը, այ քեզ բան. երգում է կամ ծեծ է ուտում: Կինոհիշողությանս կադրերի մեծ մասը առանց ձայնի են: Բացատրությունը պարզ է. ձայնս խնայում էի, որքան էլ ցավոտ էին հասցնում մռութիս (դրա համար երգեցիկ դիապազոնս մեծանում էր օր օրի, ու վոկալի ուսուցիչներս զարմանում էին պրոգրեսից):

Լռակյացությունս կատաղեցնում էր տարեկիցներիս ու նրանց փնթի, ինքնագոհ ցրթողներին.
-Սատկացնես էլ, ձայն չի հանում, չի լացում, երկաթից ա դրա քյալեն,- մռթմռթում էին ժողովներին, երբ ուսուցիչները պատմում էին, թե ոնց են իրենց լակոտները հերոսաբար մի լավ տաշել ինձ:
Հուլիսի ճռճռան շոգերն էին, ռոքեր ընկերներիցս մեկը՝ Մարկը, որը ձյուդոյի չեմպիոն էր, էն աննորմալը, որն ինձ էլ սարքեց իր պես վայրենի ու օգնեց շանսատակ անել ճշտի պահապան մի քանի լրբի տղերքի, հրավիրել էր ինչ-որ փախած ռոք խմբի համերգին։
Ասֆալտը եփում էր, թթվածին չկար, զգացի, որ շունչս կտրվում է, Մարկը վրա հասավ ու բռնեց ինձ, մնացածը հանգամանորեն պատմել չեմ կարող, գեղարվեստորեն խաբելու իմաստը չեմ հասկանում, կարճ ասած՝ ուշքի բերեցին։
Խոպոպների միջից ինձ նայող մի աղջիկ ջուր առաջարկեց, մի քանի կում արեցի շշից ու սառեցի...
«Գեղեցկությունն իմ հիվանդությունն է»,- ասում էր Փարաջանովը: Ես էդ պահին պարալիզացվել էի գեղեցկության պատճառով, ես հիվանդացա նրանով…
-Ի՞նչ եղավ,- աղջիկը վախեցած մոտեցավ գունատ դեմքիս։
-Ջուրը կոկորդիս էր կանգնել, արդեն լավ եմ, մերսի,- թուքս կուլ տալով շտապեցի պատասխանել ու փորձեցի ոտքի ելնել:
-Սթրվի՛ մի քանի րոպե,- վրա եկավ Մարկը ու նստեցրեց աստիճանին:
-Արդեն լա՞վ եք,- աղջիկը, կկոցելով աչքերը, զննեց մեռելային դեմքս։
-Հա, անհամեմատ լավ:
Հիպնոսվածի պես անջատվել էի. աչքերս սառել էին նրա դեմքի վրա, ասես զույգ տեսախցիկներով նկարում էի աչուկները, թեթև, արձակ թևերը ու կանացի նրբիկ քիթը։
Համարձակությամբ լցվեցի ու հարցրի.
-Երևանի՞ց եք, Ձեր դեմքը ծանոթ է:

(Թո՛ւհ, տեղնուտեղը փոշմանեցի, մարդ մի քիչ օրիգինալ կլինի, այ դախ, ինքս ինձ հետ կռիվ տվի մտքումս):
-Հա,- ասաց,- դեմքս՝ չգիտեմ, բայց ձայնս շատերն են հիշում, ռադիոյում եմ աշխատում։
-Հրաշալի է,- մի համեստ ժպիտ գծագրեցի դեմքիս՝ փորձելով հրավիրել նրա ուշադրությունը, բայց աչքերն ու հոգին, մեղեդու թավ հնչյուններով լցված, կտրվել էին նրբակազմ մարմնից և չէին կարող արձագանքել նվաստիս. ձայնակցում էր խմբին.

Smoke on the water, a fire in the sky
Smoke on the water…

Ռոքը ցնցում էր ջահելներիս, երբ հանկարծ հարբած կիթառահարը հրեց կատաղած ոստիկանին, շպրտեց բեմից… Ռոքը գործողություն դարձավ, երկու տասնյակ հիպի տղերք ու աղջիկներ հայկական mortal combat սարքեցին ոստիկանների հետ: Իրարանցում սկսվեց, ռոքի ակտը վառոդի պես տարածվեց: Լուսացրող ճայթյունը ցրեց ամբոխը, նա կորավ տեսադաշտիցս, ես մնացի մենակ՝ կատաղած, այսուայն կողմ վազող բերետավոր հաստագլուխների շղթայի մեջ փակված:

Ինձ դուրս շպրտեցին դեպքի վայրից:
Տուն գնացի ոտքով, ամբողջ ճանապարհին փորձում էի փազլ հիշողությամբ կառուցել ու պահպանել նրա անուշիկ դեմքը, բայց ինչ-որ բան խանգարում էր միավորել տեսածս: Նա այդպես էլ չունեցավ լիարժեք դեմք, ես մտապահեցի միայն խոպոպները և մեղմ քամու պես սուրացող ձայնը։
Ռադիո էի լսում օրը 24 ժամ, լսում էի բոլոր ռադիոհաղորդումները՝ լրատվական, երաժշտական, սպորտային, բայց ոչ մի կերպ չգտա նրա հաղորդումը, չլսեցի նրա ձայնը։ Նոյեմբերն էր: Հուսահատ տեքստեր էի գրում, երբ տատս կանչեց.

-Հապա արի՛, տղա՛ս,- գոռաց հյուրասենյակից։
-Ի՞նչ ա եղել, տա՜,- նյարդայնացած մոտեցա:

-Արի, «Ռադիո երջանկություն» կոչվող ինչ-որ հաղորդում ա, փորձիր բախտդ, գուցե ստացվի։
Մոտեցա ռադիոյին, ձայնը բռնեց ինձ ու հիպնոսված պահեց մի քանի րոպե, ձայնը վիզուալ դարձավ: Ես վերջապես տեսա նրա դեմքը առանց աղճատումների, պատկերը երևակայական հանգույցից փոխակերպվեց, մարմին առավ՝ հակադրվելով ստատիկ իրականությանը:
Ակամա ձեռքս տարա նրա խոպոպներին։ Շուրթերը մոտեցան… Աչքերս լցվեցին փայլով ու պատանեկան արցունքով, բայց լույսը… Լույսը գնաց, ես մնացի՝ ձեռքերս տնկած օդում, մթի մեջ շոշափելով նրա փախչող ձայնի նուրբ օբերտոնները, պատկերը, որ արագորեն  փշրվում էր մատներիս վրա:
Խոպոպավոր, խիտ սև մութը ծածկեց դեմքս, իսկ տատս լաց եղավ.

-Տղաս, սենց բան ա երջանկությունը, լույսի պես աննկատ գալիս ու գնում ա:
Էդպես էլ չգտա նրան ոչ մի ռադիոյում։
Ծախեցի ռադիոն, գիրք գնեցի և որոշեցի այլևս չփնտրել նրան։
Հիմա նստել եմ էս կատաղած կնոջ կողքին ու դեռ տպում եմ հեռախոսով:
-Չհոգնեցի՞ր,- ունքերը կիտելով փսփսում է կինը,- ի՞նչ ես գրում, երիտասարդ:
-Պատմվածք,- արձագանքում եմ սառը:
-Ինչի՞ մասին:
-Ձեր ռադիոն ինձ հիշեցրեց իմ պատմությունը, տասնհինգ տարի առաջ սիրահարվել էի մի աղջկա, որը «Ռադիո երջանկություն» հաղորդում էր վարում, էդպես էլ չգտա…

Խոսքս չավարտած՝ կինը դողէրոցքի մեջ ընկավ, ռադիոն թռավ դողացող ձեռքից՝ լարովի պստիկ ինքնաթիռի պես:

Այգին խշշաց, վիբրացիաներն անցան ու փշաքաղեցրին տկլորվող ծառերին, ձայնային ալիքների տեղատարափը փշուր-փշուր եղավ մի քանի վարկյանում: Օդը սկսեց խշշալ:

Ծառերը հիմա հնչում են, քամին սվինգ է նվագում:
-Նա, նա,- գլուխն ափերի մեջ առած՝ հեծկլտալով կմկմաց  երեք անգամ, մինչև բառերի բեկորները ֆրազ դառան,- նա իմ աղջիկն էր, սպանեցին համերգին, սպանեցիիիիիիիին…
Ես գրկում եմ կնոջը, նստեցնում նստարանին, մոտակա դեղատնից սրտի կոճակներ ու ջուր եմ գնում, տուն եմ ուղեկցում: Նա ցույց է տալիս սպանված աղջկա սենյակը: Սենյակում, պատերին անթիվ ինքնանկարներ են փակցված, չէ՛, դեմքեր են, պատեր չկան… Դեմքերը պատեր են դարձել մեռելային լռության մեջ:

Խոպոպավոր տասնյակ գանգեր շղթայում են ինձ, շունչս կտրվում է. դեպի դուռն եմ նետվում, այն ճռռալով փակվում է, վերևում գրություն է փակցված.

-Ռադիոն իմ կույր երջանկությունն էր, օգնում էր ինձ հավատալ և հավատացնել ձեզ, պատկերացնել-ապրել նոր իրականություն, տեսնել գեղեցիկն առանց այլանդակության, կարծրատիպերի և սահմանումների, առանց չափանիշների և զզվելի-շաբլոն սիմետրիայի, առանց սեռի:

Հաղորդման պատճառով շատերն ինձ Հերա աստվածուհի կարգեցին՝ չիմանալով, որ ես էլ էս հավերժական միֆի մի մասն էի, մի ապուշ երազող, որը մի օր պիտի գլուխը ճշմարտության պատերին տար…

Լսելով մենք սովորում ենք զգալ, ապրումակցել, սիրել երևի…  տեսնելով՝ ատել… Տեսնելը մեղք է, սպանության հարուցիչ, ահա ձեր աչքի առաջ իմ ինքնանկար-պորտրետներն են, ես նկարել եմ ինձ՝ ձեր սիրելի դեմքը…վաղանցիկ ու անպիտան գեղեցկությունը հերքելու համար: Շատերն են սիրել իմ սլացիկ մարմինը, կատվամռութը, խոպոպներս ու նուրբ դիմագծերս, բայց ոչ ոք չի դիպչել ինձ՝ իմ մարմարե հոգուն, ես միշտ հնչել եմ, ես ձայնային ուրվական էի, երջանկության սիմվոլ: Մի տխուր եզրահանգման եկա. երջանկությունը չի սիրում «մարդկանց»:

Այգում նստած եմ, նոյեմբերի արևը ստիպում է հետաձգել նոր սուիցիդս: Տիկինը գրպանից հանում է ձայնարկիչը.

-Միացրու,- ասում է,- անակնկալ է:

Կատյայի՝ ռադիո-կնոջ ձայնը կարդում է իմ սիրելի պոետին…

Որովհետև ես հույս չունեմ կրկին վերադառնալ
Որովհետև ես հույս չունեմ
Որովհետև ես հույս չունեմ դառնալ
Երանի տալով մեկի հմտությանն ու մյուսի խելքին
Չեմ ձգտում ձգտելու դեպի այս ձևերը
(Ինչո՞ւ ծեր արծիվը տարածի թևերը)
Եվ ինչո՞ւ ողբալ
Հասարակ իշխանության ուժը կորուսյալ

Որովհետև ես հույս չունեմ ճանաչել կրկին
Հաջողակ ժամի փառքը անհաստատ
Որովհետև գիտեմ որ չեմ ճանաչի
Միակ զորությունը անցողիկ և հաստատ
Որովհետև ես չեմ կարծում
Թե կխմեմ այնտեղ, որտեղ ծառեր են ծաղկում,
աղբյուրներ հոսում, քանզի չկա ոչինչ

Որովհետև գիտեմ որ ժամանակը ժամանակ է միշտ
Իսկ վայրը`միշտ և միմիայն վայր
Եվ այն ինչ ընթացիկ է, ընթացիկ է մի ժամանակի և ճիշտ
Մեկ վայրի համար
Հրճվում եմ որ իրերն այնպիսին են, ինչպիսին կան
Եվ ուրանում եմ օրհնված դեմքը
Եվ ձայնն եմ ուրանում
Որովհետև ես հույս չունեմ վերադառնալ կրկին
Ուստի հրճվում եմ, կառուցելով միշտ ինչ-որ բան
Եվ հրճվում վրան
Եվ աղոթում Աստծուն որ գթա մեզ
Հարցերը որոնք բազմիցս քննարկում եմ ես
Եվ բացատրում, ինքս ինձ հետ
 

Որովհետև ես հույս չունեմ կրկին դառնալ ետ
Թող այս բառերը տան պատասխանը
Եղածի համար, որ չկրկնվի եղածն այսուհետ
Թող թեթև լինի ահեղ դատաստանը
Որովհետև ճախրելու թևեր չեն այս թևերը տոչոր
Այլ հովհարներ որոնք գիտեն ծեծել օդն ու տոկալ
Օդը որ հիմա ամբողջովին փոքր է ու չոր
Ավելի փոքր ու չոր քան կամքը նանիր
Ուսուցանիր մեզ հոգալ և չհոգալ
Մեզ հանգիստ նստել ուսուցանիր:

Մեղապարտներիս համար աղոթիր հիմա և մեր մահվան ժամին
Աղոթիր հիմա և մեր մահվան ժամին:

Էլիոթ:

 

Մի քանի կաթիլ անձրև կաթաց դեմքիս, արագ սրբում եմ, ես ու կինը քայլում ենք լքված այգու խաշամի միջով ու չենք հասկանում՝ մենք ենք խշշում, թե՞ աշունը…

Վարդան Սմբատյան