Քզավիե Դյուրանժե. Աղաղակող ցավի դրամատուրգը կամ մարդկային ցեղի պաշտպանը

Մի վախեցեք գրականության մեջ ծայրահեղություններում փնտրել ձեր լեզուն

«Սաթէ Աթղը» թատերական միության հրավերով Հայաստանում էր ֆրանսիացի հայտնի դրամատուրգ, սցենարիստ, պրոդյուսեր Քզավիե Դյուրանժեն: Դրամատուրգի գրչին են պատկանում մոտ հիսուն պիես և սցենար, որոնցից առավել հայտնի են «Հարսնացուն», «Խոստովանություն», «Փոքրիկ ձկներ», «Փախստականները», «Մարդկային պատմություններ», «Բալ-թրապ» պիեսները և «Կարմիր ձմեռ» (2011), «Մի լքիր ինձ» (2016 ), «Մահվան ուրվական» (2018), «Դրախտային լողափ» (2019), «Իդեալական տղամարդը» (2019), և այլ հանրահայտ ֆիլմերի սցենարներ։ Բազմաթիվ ֆիլմերի պրոդյուսեր է։ Նրա ֆիլմերում նկարահանվել են այնպիսի հանրահայտ դերասաններ, ինչպիսիք են՝ Վանսան Կասելը, Կարին Վիարը, Քրիստոֆ Լամբերը, Սիմոն Աբգարյանը, Կլովիս Կորնիյակը, Ժան Պիեր Լեոնարդինին, Դիդա Դիաֆաթը, Իզաբել Ռենոն և ուրիշներ։

Գրողի դրամատուրգիական ժառանգության մեջ 2003 թվականին հրատարակած «Մարդկային պատմություններ» պիեսն առանձնանում է իր կառուցվածքային ու ոճական յուրահատկություններով և իր ուրույն տեղն ունի ժամանակակից եվրոպական դրամատուրգիայում: «Մարդկային պատմությունները» այն հազվագյուտ պիեսներից է, որտեղ խոսքը տրվում է բացառապես կանանց։ Պիեսում չկա տղամարդու կերպար, այս ամենին գումարած հայաստանյան բեմադրության հեղինակն էլ կին է, որը, սակայն, իր ինքնատիպ միջամտությունն է արել՝ մեկ կնոջ համար գրված մենախոսությունները բաժանելով հինգ դերասանուհիների միջև և ներմուծելով տղամարդու կերպար: Բեմադրության մասին դրամատուրգի հայացքի, կանանց խնդիրների և ժամանակակից ֆրանսիական դրամատուրգիական վերջին տենդենցների շուրջ բացառիկ զրույցի հնարավորություն ունեցանք դրամատուրգի հետ:

 

Անուշ Ասլիբեկյան -Առաջին հարցս փոքր-ինչ հումորային է: Հանդիպման ժամանակ երիտասարդներին խորհուրդ տվեցիք գրել միայն իրենց իմացածի և վերապրածի մասին: «Մարդկային պատմությունները» կանանց մասին 56 տրավմատիկ դրվագներ են, արդյո՞ք մասնակից եք այսքան դժբախտ պատմությունների:

Քզավիե Դյուրանժե -Ես էլ հումորով կպատասխանեմ: Ավելի շուտ պիեսը ստեղծվել է այն մեղադրանքների հիման վրա, որոնք կանայք հնչեցրել են իմ հասցեին: Հաճախ գրում եմ այն մասին, թե ինչ նկատողություններ են արել ինձ կանայք (ծիծաղում է, Ա.Ա.): Սակայն ինչպես որ գրում եմ կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց մասին, նաև իմ ընտանիքի, ընկերների, հարևանների: Կարելի է ասել, որ ինչ-որ ժամանակ կանայք պասիվ էին, մեր ժամանակներում կանայք ավելի ուժեղ են, ավելի ազատ են արտահայտվում: Երբ մենք քայլում ենք փողոցում ու լսում զույգերի վիճաբանություն, տեսնում ենք, որ կանայք ավելի ագրեսիվ են, ասես «գողականների» պես են արտահայտվում, կինն այսօր այլևս զոհ չէ, խոնարհ չէ, այսօր նա խոսք ունի, և  սա տեսնում ենք բոլոր երկրներում:

Ա.Ա. -Կարծում էի Ֆրանսիայում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցը դեռևս 60-70-ականներին էր ակտուալ, հիմա՞ էլ:

Ք.Դ. -Խնդիրն այսօր էլ  կա, պարզապես տեղափոխվել է այլ հարթություն: Տարբեր շերտերում կինը պահանջներ ունի, որոնք լուծված չեն, օրինակ՝ աշխատավարձի հարցը. կինը և տղամարդը պետք է հավասար աշխատավարձ ունենան, և էլի շատ ու շատ խնդիրներ:

Ա.Ա. -Պիեսի հերոսուհին կին է, բոլոր թեմաները կնոջական են, սակայն պիեսը կոչվում է «Մարդկային պատմություններ», ինչո՞ւ:

Ք.Դ. -Երբ ես գրում եմ կանանց մասին, ես առաջին հերթին նկատի ունեմ մարդուն, ապա միայն կնոջը, քանի որ կնոջ կամ տղամարդու իրավունքներից առաջ մարդու իրավունքներն են:

Ա.Ա. -Ձեր պիեսում, համենայն դեպս, բեմադրողի ընտրած 27 պատմություններում գերիշխում են կանանց ու տղամարդկանց չստացված հարաբերությունների, խաբվածության, միայնության, բռնության և ձախողված կյանքի թեմաները, արդյո՞ք կնոջ կյանքը միայն այս հարաբերությունների շղթան է, ինչի՞ մասին է պիեսը:

Ք.Դ. -Ես չգիտեմ մի զույգի պատմություն, որը լիովին երջանիկ է, բոլոր կանայք ինչ-որ բան ունեն ասելու (57-ամյա դրամատուրգի 26-ամյա գեղեցկուհի կինը, որը դերասանուհի է և ուղեկցում է ամուսնուն Հայաստանում, միջամտում է՝ օրինակ ես: Անակնկալի եկած դրամատուրգը մի պահ շփոթվում է, շոյված ու ժպիտով շարունակում է): -Դեեե, սա մեկ, դուք երկու, գուցե՝ երեք, հիմնականում այդպես չէ: «Մարդկային պատմությունների» առաջին դերասանուհին՝ Ժուդիթ Մագղը, օրինակ, այս պատմություններով ասես ներկայացնում էր իր ամբողջ կյանքի տարբեր փուլերը: Երբ սիրո պատմությունը երջանիկ է, երբ ամեն ինչ լավ է, կարիք չկա գրելու, անհաշվելի կանայք կան, որոնք միայնակ են մեծացնում իրենց երեխաներին, կամ սոցիալական թշվառության մեջ են: Իմ ստեղծագործություններում կանայք խեղճ չեն, նրանք խոսք ունեն և ոչ թե բողոքում, այլ աղաղակում են իրենց ցավի, խնդիրների մասին:

Ա.Ա. -Կնոջ թեման ձեր մյուս պիեսներո՞ւմ էլ է ակտուալ:

Ք.Դ. -Կարելի է ասել՝ այո. մշտապես գլխավոր հերոսներից մեկը կին է, օրինակ իմ ամենաառաջին ֆիլմերից մեկի՝ «Լող հնդկական ձևով» կինոնկարի գլխավոր հերոսուհին էլ կին է: Կինը միշտ ներկա է իմ ստեղծագործություններում:

Ա.Ա. -Ինչպե՞ս եք վերաբերվում Ֆեմինիզմին:

Ք.Դ. -Այդ բառի հետևում շատ արհեստական բաներ կան թաքնված: Ես մարդկային ցեղի պաշտպանն եմ, ես կնոջը նույն կերպ եմ վերաբերվում, ինչպես տղամարդկանց և գրում եմ նրանց մասին, ինչպես որ տղամարդկանց մասին եմ գրում:

Ա.Ա. -Պիեսը բազմաթիվ բեմադրություններ է ունեցել, որոնցից մի քանիսի  պրեմիերաներին, երևի թե, ներկա եք եղել: Սաթէի ներկայացման մասին ի՞նչ կասեք: Հասկանում եմ, որ բարդ իրավիճակում եք, քանի որ մեր զրույցը թարգմանում է հենց բեմադրիչը, սակայն փորձեք հնարավոր օբյեկտիվ լինել:

Ք.Դ. -Իսկապես բարդ հարց է, ծայրահեղ անկեղծ կլինեմ: Երբ տեսա 87-ամյա Մագղի խաղը, այն այնքան կատարյալ էր, որ դրանից հետո ինձ համար այս պիեսի հետ կապված ինչ-որ բան ավարտվեց: Նրա խնդրանքով էի գրել, նա էլ խաղաց, ավելին, այդ դերի համար թատերական բարձրագույն՝ «Մոլիեր» մրցանակին արժանացավ՝ որպես լավագույն դերակատար: Դրանից հետո չորս-հինգ նորամուտ միայն Ֆրանսիայում եմ տեսել, հատկապես տպավորիչ էր Ճապոնիայի բեմադրությունը: Գալով հայաստանյան բեմադրությանը, նախ՝ այս ներակայացումը ֆորմայով շատ էր տարբերվում, առաջին անգամ եմ նման ձևաչափով տեսնում իմ պիեսը, Սաթէն տղամարդու կերպար է ներմուծել, նաև հինգ միմյանցից շատ տարբեր, գեղեցիկ ու տաղանդավոր դերասանուհիների, որոնց միջոցով տեսա կնոջ հայացք կանանց խնդիրներին (Մարինե Պետրոսյան, Տաթև Մելքոնյան, Ֆրիդա Յորք, Տաթև Հովակիմյան, Անի Խաչիկյան, Մանվել Սարգսյան): Բեմում նստած երաժիշտը կենդանի երաժշտական ձևավորում է ապահովում (ներկայացման ընթացքում իր և տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններն է կատարում թավջութակահարուհի, երգչուհի Արփենիկ Հակոբյանը): Երեք անգամ դիտել եմ ներկայացումը և լեզուն չհասկանալով, չիմանալով, թե որ դրվագն է, (քանի որ Սաթէն դրվագների հերթականությունը փոխել է՝ իր հայեցողությամբ ընտրելով դրանցից 27-ը), անկեղծորեն, երեք անգամ էլ արտասվել եմ: Ես տեսնում էի կանանց՝ իրենց բուռն էմոցիաներով, հարուստ ներաշխարհով, տաղանդավոր խաղով, ներկայացում, որում համարձակորեն ներկա էր կնոջ մարմինը, նրա գեղեցկությունը: Ես պարզապես նյութ էի տվել, իսկ բեմադրիչը ռեժիսորական անսպասելի մտահղացումներով ուժեղ բեմադրություն է ստեղծել: Անկեղծորեն հիացած եմ բեմադրությամբ և ուզում եմ շարունակել համագործակցությունը Սաթէի հետ: Սա կարող եմ անվանել կատարյալ հաջողություն:

Ա.Ա. -Մի փոքր էլ պիեսի կառուցվածքի մասին: Պիեսը չունի մեկ ընդհանուր սյուժետային գիծ, դասական (արիստոտելյան) իմաստով չկա սկիզբ, զարգացում, կուլմինացիա և հատկապես՝ ավարտ: Կան բազմաթիվ դրվագներ, որոնցից յուրաքանչյուրից հետո ներկայացումը կարող է ավարտվել: Արդյո՞ք կինոյից մեզ հայտնի այս ժանրը Եվրոպայում ընդունված, տարածված տեսակ է թատրոնում, կամ Ձեր դրամատուրգիական ժառանգության մեջ:  

Ք.Դ. -Բնավ ոչ, ո՛չ ֆրանսիական թատրոնում, ու ո՛չ իմ ստեղծագործություններում այս ոճը տարածված չէ, բայց ես գիտեմ, որ դա դուր է գալիս ռեժիսորներին, քանի որ ստեղծագործական մեծ ազատություն է տալիս նրանց, թույլ է տալիս իմ երևակայությանը գումարել իրենցը: Սա նաև հրաշալի հնարավորություն է դերասանուհու համար, որը կարող է ինքն իրեն խաղալ: Այո, պիեսում չկա տարածություն և ժամանակ, կերպարները գալիս և գնում են, սա նոր տեսակի դրամատուրգիա է, և, ինչպես միշտ, նոր դրամատուրգիան է թելադրում նոր թատրոնի ծնունդը: Իմ գրած 25 պիեսից միայն 4-ն է այսպիսին: Անշուշտ, ունեմ ավանդական (արիստոտելյան) կառուցվածքով պիեսներ՝ որտեղ կա սկիզբ ու ավարտ, մեկ պատմություն, ժամանակ և տարածություն (օրինակ է բերում իր «Հարսնացուն»  պիեսը):

Ա.Ա. -Եթե փորձենք ընդհանրացնել, ապա ինչպե՞ս կբնութագրեք այն, ինչ կատարվում է այսօր ֆրանսիական դրամատուրգիայում:

Ք.Դ. -Բարդ հարց է, քանի որ միայն իմ ղեկավարած թատերական միությունում 300 դրամատուրգ կա՝ սկսած Միշել Դինավերից մինչև ժան-Լյուկ Լագարսը։ Անսահման շատ են ֆորմաները: Երկար ժամանակ Ֆրանսիայում դրաման լսելու արվեստ էր, գնում էին թատրոն, փակում աչքերը ու լսում, պոետի խոսքն էր կարևոր: Մարմինը բացակա էր: Սակայն այսօր չենք կարող առանձնացնել դրաման մեդիայից, հեռուստատեսությունից, ինչ ֆորմա որ վերցրել է կյանքն այսօր, նույնն էլ՝ դրաման, դրանք զուգահեռ են գնում: Հիմա տեմպը արագացված է, խոսքը՝ լակոնիկ, ես անձամբ սիրում եմ իմ ժամանակն ամբողջությամբ արտահայտել իմ պիեսներում, ու եթե պետք է՝ գծուծ չեմ նաև խոսքի մեջ: Այսօր ամեն ինչ կա ֆրանսիական թատրոնում, դրամայում՝ մի կողմից Շեքսպիրն է, Չեխովն ու Մոլիերը, մյուս կողմից՝ բուլվարայինը, «Կաֆե թատրոնը». բոլորը կողք-կողքի: Կարևորը քո սեփական ֆորման գտնելն է, քո գույնն ունենալն ու առանձնանալն է՝ հաշվի առնելով նաև, որ այսօր փոխվել է սերունդը, նրա խոսքը, կյանքի արտահայտչականությունը:

Ա.Ա. -Խոսենք նաև գրականության լեզվի մասին: Մեզ մոտ (նաև ռուսական ժամանակակից գրականության մեջ) այսօր մեծ անջրպետ կա գրականության և առօրյա խոսքի միջև. հեղինակները գրում են խիստ գրական լեզվով, բեմում պիեսը կենդանի չէ, իրական կյանքի խոսքը չի ընդունում հանդիսատեսը: Արդյո՞ք Ֆրանսիայում էլ կա նման անջրպետ, և ինչպե՞ս եք Դուք այս հարցի լուծումը գտնում:

Ք.Դ. -Անշուշտ, մեզ մոտ էլ կա այդ խնդիրը, այն հիմա ամենուրեք կա: Հիսունականների դրամայի լեզուն շատ պոետիկ էր ու բարդ էր թարգմանել: Ինձ հուզող թատրոնն իրավիճակային է, ռեալիստական, և ես իմ պիեսներում չեմ ուզում ո՛չ ինտելեկտուալ լինել, ո՛չ ինտելիգենտ (նկատենք, որ մեր դիմաց իրականում ինտելիգենտ մարդ էր, Ա.Ա.): Իմ լեզուն ո՛չ փողոցի լեզուն է, ո՛չ ինտելեկտուալ, իմ լեզուն ի՛մ լեզուն է: Դրամայում այս հարցը լուծելն ավելի հեշտ է, քան այլ ժանրերում, եթե քո կերպարը բուրժուա է, պետք է նրա պես խոսի, իսկ փողոցայինն էլ բուրժուայի պես չի կարող խոսել, ամեն կերպար իր խոսքը պիտի ունենա: Սակայն նաև մի՛ վախեցեք գրականության մեջ ծայրահեղություններում փնտրել ձեր լեզուն: Ուզում եմ ասել՝ այդ երկուսի բախումից մի վախեցեք, դա նման է երկու քարի բախման, որից, անկասկած, կայծեր են թռնում: Կենցաղային վիրավորանքներով խոսքը սահուն  անցնում է պոետականի, փողոցային ժարգոնը փոխակերպվում է սիրո լեզվի, ահա այսպիսին է իմ գրականության լեզուն, ես գտել եմ «ոսկե միջինը»:

Ա.Ա. -Հանդիպման ժամանակ ասացիք, որ սկզբնական շրջանում Ձեզ չեն ընդունել ֆրանսիական թատերական աշխարհում: Ձեր կարծիքով ի՞նչն էր պատճառը:

Ք.Դ. -Ես ճանաչված և ընդունված էի քննադատների ու հանդիսատեսի, բայց ո՛չ ինստիտուցիոնալ թատրոնների և ինտելիգենցիայի կողմից: Ես «դոկտորներից» էի մերժված, սակայն երբ այդ «դոկտորների» կողմից հարգված ռեժիսորները հանկարծ սկսեցին ինձ բեմադրել, նրանք բոլորն ինձ ընդունեցին:

Ա.Ա. -Ի՞նչը դարձնել գրականության նյութ, որ հետաքրքրի հանդիսատեսին:

Ք.Դ. -Երբ ես 1991 թվականին ԱՄՆ հրավիրվեցի Նյու Օրլեանում բեմադրություն անելու, հիսուն կետից բաղկացած մի փաստաթուղթ տվեցին ինձ, որի պահանջներին  պարտավոր էի հետևել: Այնտեղ նշված էր այն ամենն, ինչ չէր կարելի բեմում անել՝ արգելված էր մերկ մարմին ցույց տալ, սևամորթ տղամարդու և սպիտակամորթ կնոջ միջև սիրո պատմություն, համբույրի կամ սեքսի տեսարան ցույց տալ, չէր կարելի խոսել թմրադեղերի մասին կամ զենք ցույց տալ բեմում։ Դա այնքան ծիծաղելի էր, որ ես նույն օրն իսկ պիես գրեցի՝ այդ հիսուն կետերի մասին. այն կոչվում էր «Երբ իմ հոր հոր հայրը»։

Ա.Ա. -Վերջին հարցս թատերագիտությանն է վերաբերվում: Ձեր խոսքում պարբերաբար անդրադարձաք մեդիայի դերին արտիստի կյանքում, սակայն երբեք քննադատության մասին չխոսեցիք: Ի՞նչ վիճակում է թատերագիտությունը հիմա Ձեր երկրում:

Ք.Դ. -Գուցե այն պատճառով որ այսօր քիչ են թատերական քննադատները, որոնք երբ թատրոն են մտնում, դերասաններն ու բեմադրիչները ձգվում են, զգաստանում: Ավելի շատ են լրագրողները, որոնք փոքրիկ ռեվյուներ են գրում ամսագրերում և ապահովում արտիստի հանրահայտությունը: Ցանկացած արտիստի ու գրողի համար մեծ երջանկություն է, երբ իրեն նկատում է հեղինակավոր թատերագետը: Նրանք մեզ մոտ հիմնականում տարեց մարդիկ են: Վերջերս մի արժեքավոր թատերագիտական գիրք լույս տեսավ, որում զրուցում են երկու խոշոր թատերագետ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից՝ Ռոժե-Դանիել Բենսկին և Ժիլ Կոստազը։ Գիրքը վերնագրված է «Բեմի չի կարելիները՝ միջատլանտյան զրույցներ ֆրանսիական թատրոնի շուրջ»։ Երբ իմացա այս մասին, սիրտս տրոփեց, թաքուն երազում էի՝ արդյոք իմ մասին գոնե մի դրվագ կա՞ նրանց մասնագիտական զրույցում: Երբ իմացա, որ գիրքն ավարտվում է իմ դրամատուրգիային անդրադարձով, իսկապես երջանիկ էի, ավելին՝ գրքի նախաբանն ինձ էր վստահված։

Հ.Գ. Հարցազրույցն ուզում եմ ամփոփել գրողի հետ հանդիպման ընթացքում մի դրվագով, երբ երիտասարդները նրան հարցրին՝ ինչպե՞ս հաջողության հասնել, Դյուրանժեն պատասխանեց. «Երբեք մի՛ մտածեք դրա մասին, մի՛ ձգտեք հայտնիության, տքնաջան ու հետևողականորեն աշխատանքով, թատրոնով զբաղվեք, կգա մի օր, երբ դրա արդյունքում ինքնաբերաբար կհասունանա և՛ հայտնիությունը, և՛ հաջողությունը, դրան կգումարվի նաև դրամը, ապահովությունը: Գրեք, շատ գրեք, քանի դեռ երիտասարդ եք ու չեք հարստացել, որովհետև կգա այն օրը, երբ ձեզ կնկատեն, շատ փող կառաջարկեն ձեր աշխատանքի դիմաց և դրանով «ձեզ կփչացնեն», ու գուցե այլևս  լավ չգրեք»:

Եթե այս հարցազրույցը տպագրվեր Ֆրանսերեն, եվրոպական թատրոնը ներկայացնող մամուլում և ֆրանսիական իրականության համար, գուցե թե հենց այսպես կավարտեի այն: Սակայն մեր իրականությանն ավելի բնորոշ մի պատմություն կա, որով կավարտեմ այս զրույցը: Գրողը հանդիպման ընթացքում պատմեց այն մասին, որ իր առաջին պիեսը մերժվել էր հրատարակչատան կողմից, հետն էլ կցված է եղել մի նամակ, որում երիտասարդին խորհուրդ էին տվել երբեք չգրել, այլ բոլորվին ուրիշ բանով զբաղվել: Հիմա, տարիներ անց, երբ Դյուրանժեի գրքերը տասնյակ հազարավոր տպաքանակով են սպառվում, երբ նա Ֆրանսիայում ամենաբեմադրվող հեղինակներից է, ու երբ նրան հաճախ հրավիրում են որպես գրական մրցանակբաշխությունների ժյուրիի անդամ, ասում է՝ մինչև որևէ մեկին մերժելը հազար անգամ մտածում է, քանի որ ականջում անվերջ հնչում է այն առաջին գնահատականն իր գրականությանը, որը կարող էր կործանարար լինել, եթե ինքն այդքան վստահ չհավատար իրեն ու թատրոնի ուժին:

 

Հ.Հ.Գ.՝ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Սաթէ Խաչատրյանին՝ համաժամանակյա թարգմանության համար:

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ, գրող