Քոչարների լուռ հայրենասիրությունը

Արժանապատիվ ու նվիրումով ապրել մայրենի հողի վրա

Արցախյան 2-րդ պատերազմի օրերին մեր համազգային ողբերգությանը հավելվեց ևս մի անդառնալի կորուստ՝ վախճանվեց տաղանդավոր լուսանկարիչ, նվիրյալ մտավորական Վահան Քոչարը՝ անկատար թողնելով իր բազմաթիվ նախագծերն ու երազանքները: Բայց մի երազանք նա հասցրեց իրագործել՝ ստեղծելով Լուսանկարչության թանգարանը: Վահան Քոչարի ծննդյան օրն է, և «ArtCollage»-ը ներկայացնում  է Քոչարներին նվիրված Մերի Մուսինյանի ակնարկը, որը ծնվել է Վահան Քոչարի հետ 2015-ին տեղի ունեցած զրույցից: 

 

1947 թվականին «Պոբեդա» նավով Եգիպտոսից Հայաստան վերադարձավ հայրենադարձների երկրորդ ալիքը: Նավի ուղևորների թվում էր լուսանկարիչ Անդրանիկ Քոչարյանը, որը հայրենիքում ստեղծագործեց ու հայտնի դարձավ Անդրանիկ Քոչար անունով: Այդ ժամանակ նա 38 տարեկան էր։ 

Անդրանիկ Քոչարը ծնվել էր Մելիք Քոչարյանի և Էժենի Եմենիչյանի ընտանիքում, 1919 թվականին: Ծնողները գաղթել էին Արևմտյան Հայաստանից: Մելիք Քոչարյանը եկեղեցու լուսարարն էր: Ընտանիքի միակ ժառանգ Անդրանիկը հորը կորցնում է 5 տարեկանում: Մայրը նրան կրթության է տալիս Ալեքսանդրիայի Պերպերյան վարժարանում: Հետագայում Անդրանիկն աշխատում է Ալեքսանդրիայի միակ կիոնոստուդիայում  որպես օպերատորի օգնական: Մինչև Հայաստան գալը նա Ալեքսանդրիայում արդեն ուներ սեփական լուսանկարչատուն՝ «ԱՆԴՐԱՆԻԿ» անվանումով: 

38-ամյա լուսանկարիչը երբևէ չէր տեսել մայր հայրենիքը ու թեև ծննդավայրում արդեն կայացել էր, իր հազարավոր հայրենակիցների նման հայրենիքի կանչն էր զգում։ Հաստատակամորեն որոշում է գալ, հաստատվել Հայաստանում։ «Մայր, -ասում է նա, - գնանք Հայաստան, սա մեր երկիրը չէ, վաղ թե ուշ մենք պիտի գնանք, հիմա՛ գնանք»: Բայց մայրը նվիրական անկյուն ուներ Ալեքսանդրիայում՝ ամուսնու շիրիմը, և ոչ մի կերպ չի համաձայնում որդու հետ Հայաստան գալ: Որդուն որոշումից հետ կանգնելու հորդորներն ու խնդրանքներն էլ անպատասխան են մնում։ 

Անդրանիկի համար «Պոբեդա» նավով Հայաստան վերադարձը ճակատագրական էր. նա նավ է բարձրանում ամուրի, հայրենի հող ոտք է  դնում իր կողակցի՝ Հասմիկ Զաքարյանի հետ:

«Հայրս միշտ պատմում էր, որ դեռևս Եգիպտոսում որոշել էր, որ հայրենիք պիտի ոտք դնի արդեն ընտանիք կազմած: Ճակատագրի կամոք նա մորս հանդիպում է հենց նավի վրա: Մայրս՝ Հասմիկ Զաքարյանը, իր երկու քույրերի՝ Արմինե ու Թագուհի Զաքարյանների ու հոր՝ Միհրան Զաքարյանի հետ նույն նավով գալիս էին Հայաստան: Մորաքույր Թանթիկը՝ Թագուհին, անվանի հոգեբան Հակոբ Թութունջյանի կինն էր, որը  նույնպես նավի վրա էր: Եվ արդեն անվանի օպերային երգչուհի մորաքույր Արմինեի ( նա Գոհար Գասպարյանի հետ սովորել էր նույն ուսուցչի մոտ), ամուսնինն էր Եգիպտոսի քարավանապետը՝ Հակոբ Արամյանը։ Հենց ինքն է նավի վրա հորս սրճախմության հրավիրում, և հենց այստեղ էլ հայրս հանդիպում է իր ապագա կնոջը՝ մորս՝ Հասմիկ Զաքարյանին: Սիրահարվում են առաջին հայացքից ու նավի վրա էլ ամուսնանում: Մեր ընտանիքը ստեղծվում է դեպի հայրենիք ճանապարհին»,- պատմում է Անդրանիկ Քոչարի որդին՝ անվանի լուսանկարիչ, գեղանկարիչ Վահան Քոչարը:  

Հայաստան գալուց առաջ Անդրանիկ Քոչարն Ալեքսանդրիայում հանդիպել էր այդ ժամանակի արաբական աշխարհի ամենահայտնի լուսանկարիչ Արամ Ալբամին, որը նաև աշխատում էր Փարիզում: Խնդրել էր, որ նա ծանոթանա իր լուսանկարներին։ Արամ Ալբամը դժկամությամբ, սակայն, ի վերջո, նայել էր: Եվ այնքան էր տպավորվել ու գնահատել, որ առաջարկել էր հետաձգել Հայաստան մեկնելը, մնալ Ալեքսանդրիայում, զբաղվել լուսանկարչությամբ՝ խոստանալով, որ ըստ ամենայնի կաջակցի նրան մասնագիտական կայացման հարցերում: Անդրանիկ Քոչարն ասել էր. «Չեմ կարող: Անգամ մայրս չի օրհնում ինձ Հայաստան մեկնելուց առաջ, բայց ես որոշել եմ գնալ, ճամպրուկներս արդեն կապված են»: 

Իսկ հայրենիքում նոր էջից սկսված կյանքը, բնականաբար, լի էր դժվարություններով: Սակայն որդին՝ Վահան Քոչարը, պատմում էր՝ «Չեմ հիշում գեթ մի անգամ, որ ծնողներս դժգոհեին վերադարձից կամ մտածեին արտագաղթելու մասին: Նրանց հայրենասիրությունը լուռ էր: Լուռ, արժանապատիվ, սիրով ու նվիրումով ապրում էին նրանք իրենց մայր հողի վրա»:

Վահան Քոչարի մայրը՝ Հասմիկ Զաքարյանը ծնվել էր Եգիպտոսում, մոր ծնողները՝ Արևմտյան Հայաստանում: Մանրամասն տեղեկություններ, ցավոք, մոր ծնողների արմատների մասին Վահան Քոչարը չուներ: Ասում էր՝ երևի թե մայրս չգիտեր այդ մանրամասները, քանի որ ծնողները, հավանաբար, խնայել ու իրենց զավակներին չէին պատմել գլխով անցածները: Բայց Վահան Քոչարն ասում էր, որ հաստատ գիտեին, որ մոր՝ Հասմիկ Զաքարյանի գերդաստանը մեծ է եղել: Զաքարյանների տոհմից Շաքե Զաքարյանը՝ Նյու Յորքի համալսարանի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, ժամանակին կազմել է Զաքարյանների տոհմածառը: Այն սկսվում է 1800- ականների սկզբից։ Ըստ այդ տոհմածառի՝ Վահան Քոչարի մորական կողմի մեծ պապի պապն ունեցել է հինգ երեխա, որոնցից երեքն են ամուսնացել, երկուսը մնացել են ամուրի: «Այդ երեքից մեկը մենք ենք՝ մորս հոր շառավիղը, իսկ ահա չամուսնացածներից մեկի շառավիղը գրեթե հարյուր տոկոսով վստահ ենք, որ հայտնի գեղանկարիչ Զաքար Զաքարյանն է, որն ավարտել է Սորբոնի համալսարանը, ատամնաբույժ է եղել և որի կտավներն այսօր Ֆրանիսայի հեղինակավոր թանգարաններում են: Այդ տոհմածառի Զաքար Զաքարյանի և գեղանկարիչ Զաքար Զաքարյանի ծննդյան տարեթվերը համընկնում են: Մենք այսօր փորձում ենք տարբերակներ գտնել այդ տեղեկությունը ճշտելու համար»,- հուզմունքով պատմում էր Վահան Քոչարը: 

Հայաստան վերադառնալուն պես Անդրանիկ Քոչարին «Հայֆիլմ» կինոստուդիայում  օպերատորի աշխատանք են առաջարկում: Նա հասցնում է նկարահանել կարճամետրաժ մի ֆիլմ՝ «Գայանե Չեբոտարյան» անվանումով: «Ինքս չեմ տեսել ֆիլմը, բայց գիտեմ, որ այդ տարի կարճամետրաժ ֆիլմերի մրցանակ է ստացել », -ասում էր Վահան Քոչարը: Բայց Անդրանիկ Քոչարի տարերքը լուսանկարչությունն էր, և ահա 1949 թվականին Անդրանիկ Քոչարը դառնում է «Հայֆիլմի» լուսանկարչական բաժնի վարիչը՝ ղեկավարելով կինոստուդիայի լուսանկարչական արվեստանոցը, որում էլ նա ապրեց գերհագեցած ստեղծագործական մի կյանք: Նա լուսանկարեց ժամանակի մեծերին՝ չսահմանափակվելով միայն կինոաշխարհի դեմքերով ու դրվագներով: «Կարինե», «Երևանյան օրերի խրոնիկա», «Հասցեատիրոջ որոնումները», «Տղամարդիկ», «Նռան Գույնը» և այլ ֆիլմերում Անդրանիկ Քոչարն աշխատեց որպես լուսանկարիչ:

Հայաստան ներգաղթելուց ի վեր նա ունեցավ 21 անհատական ցուցահանդես նախկին Խորհրդային Միության երկրներում, ինչպես նաև արտերկրում, տասը տարի՝ 1960–1970թ.թ. աշխատեց Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտում որպես լուսանկարիչ: 

Իր լուսակարներով Անդրանիկ Քոչարը «անմահացրեց» ժամանակի մտավորականներին՝ Գուրգեն Մահարուն, Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Շիրազին, Ծովակալ Իսակովին, Ռուբեն Մամուլյանին, Մինաս Ավետիսյանին, Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Վիլյամ Սարոյանին և շատ ուրիշների: Շիրազը մորը նվիրված իր բանաստեղծությունների շարքը գրեց Անդրանիկ Քոչարի արած լուսանկարից հետո: Անդրանիկ Քոչարի հսկայական արխիվը նրա որդին՝ Վահան Քոչարը պահում-փայփայում էր աչքի լույսի պես: Իրականում Վահանի համար հոր գործը եղավ ճակատագրական՝  նա ինքը դարձավ մեր ժամանակի լավագույն լուսանկարիչներից մեկը, իր գործի բացառիկ նվիրյալը։ Անդրանիկ Քոչարը ֆենոմենալ աշխատանք էր արել նաև աշխարհի ամենատարբեր անկյուններից հայ լուսանկարիչների մասին տեղեկություններ հավաքելով: Այս ահռելի աշխատանք ու ժամանակ պահանջող գործի հետքերով գնաց նաև Վահան Քոչարը՝ հոր հավաքած արժեքավոր արխիվին ավելացնելով իր «պեղումների» ու «հայտնագործությունների» բազմաթիվ օրինակները։ Տարիների հսկայածավալ աշխատանքի արդյունքում Վահան Քոչարի ջանքերով  հրատարակվեց «ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» արժեքավոր գիրք-ալբոմը, որը ներկայացնում է 1800-ական թվականներից մինչև մեր օրերը գործունեություն ծավալած հայ լուսանկարիչների ժառանգությունը: Գրքում ներկայացված են նաև լուսանկարիչներ, որոնք 1915 թվականի Ցեղասպանության ու տեղահանության պատճառով տարագիր դարձան՝ ստիպված լինելով իրենց լուսանկարչական բարձր արվեստը զարգացնել օտար ափերում: Վահան Քոչարի հետ այս զրույցի պահին իր համակարգչում պատրաստ էր հայ լուսանկարիչների մասին 4 հատորանոց նոր գիրքը: «Այնքան ահռելի նյութ կա: Հայրս երազում էր բացել լուսանկարչության թանգարան, որտեղ մեծ, առանձին բաժին կունենան նաև Ցեղասպանությունից փրկված կամ նրանց շառավիղ հանդիսացող մեր լուսանկարիչները: Եթե ոչ այդպես, էլ ինչպե՞ս պիտի մենք ցույց տանք աշխարհին մեր ապրելու ու ստեղծագործելու կամքը», -ասում էր Վահան Քոչարը՝ հավելելով, որ ինքը հետևողական է հոր երազանքն իրականացնելու հարցում ու հավատում է, որ շուտով Երևանում կբացվի Լուսանկարչության թանգարան, ու ինքն այս հսկայական արխիվը վերջապես կնվիրի թանգարանին:

 

Թանկագին հիշողություններ

Անդրանիկ Քոչարը խոսում էր յոթ լեզուներով: Ընտանիքում ամուսիններն իրար հետ խոսում էին արևմտահայերեն: Վահանից բացի ունեն մեկ դուստր՝ Զվարթ Քոչարյանը:

Վահան Քոչարը հոր մասին խոսում էր աննկարագրելի ակնածանքով ու երախտագիտությամբ, ասում էր, որ այն, ինչ ապրել, տեսել ու ձեռք է բերել նրա շնորհիվ, անգնահատելի մի բան է, որով իրեն չափազանց հարուստ է զգում։  

«Անուններ, երևույթներ կան, որոնք ինձ համար կյանքի արժեք ունեն ու այսօր էլ ինձ ապրելու լիցք են տալիս», -պատմում էր Վահանը՝ հիշելով իրենց տունը Կիևյան 5 հասցեում: Նույն շենքում էր ապրում նաև ակադեմիկոս, պատմաբան, «Սասնա Ծռեր» էպոսի բանահավաք Կարապետ Մելիք-Օհանջանյանը, որը կրթություն էր ստացել Գերմանիայում ու 2 անգամ Սիբիր աքսորվել՝ որպես լրտես: «Նա իրապես մեծություն էր, -ասում էր Վահանը, - «այդ «օվկիանոսի» մոտ ապրել եմ, ու մի քանի կաթիլ ջուր էլ իմ վրա է ընկել: Հայրս մտերիմ էր նրա հետ: Հիշում եմ, Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցն էր, ազգային զարթոնքի ամենազգայուն շրջանը, մեր շենքից պարզ երևում էր, թե ինչպես մարդկանց անծայրածիր բազմությունը բարձրանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կարապետ Մելիք-Օհանջանյանն իր բալկոնից կախեց Հայաստանի մեծ դրոշը՝ եզրերին սև ծածկոց փռելով: Դա շատ համարձակ քայլ էր այդ ժամանակների համար: Մի քանի անգամ նրա տուն եկան տարբեր մարդիկ, թե՝ հանիր, քեզ համար վատ կլինի: Բայց բոլորը հեռացան նույն պատասխանը ստանալով՝ այս դրոշն այսօր այսպե՛ս պիտի կախված մնա իմ բալկոնում։» 

Հենց Կարապետ Մելիք-Օհանջանյանի շնորհիվ էլ հանդիպեցին գերմանացի մտավորական, հայ ժողովրդի մեծ բարեկամ Արմին Վեգներն ու Անդրանիկ Քոչարը: Վեգները, որ ճանաչում էր Կարապետ Մելիք-Օհանջանյանին դեռևս Գերմանիայից, երկու անգամ էլ Հայաստան գալով՝ հյուրընկալվում է նրա հարկի ներքո: Այդ օրերից Անդրանիկ Քոչարի արխիվում մի շարք լուսանկարներ կան, սակայն հատկապես մեկը դարձավ առավել հայտնի. Վեգների լուսանկարը, որտեղ նա ծնկաչոք խոնարհված է Եղեռնի զոհերի հիշատակի անմար կրակի առաջ։ 

«Այդ օրը նրանք երեքով գնում են Եղեռնի հուշարձան: Մինչև հիմա նայում եմ այդ լուսանկարին. լույսի ու Վեգների հաղորդակցությունն անսահման հուզում է ինձ: Եթե նկատեք, փոքր սյուների արանքից մի փոքր ծառի ճյուղ կա, որն այդ լուսնակարում ամենակարևորն էր հորս համար, ինքն էլ ասում էր՝ Վահան, տե՛ս, սա շարունակվող կյա՛նքն է»: 

«Ես վստահ եմ, որ մեր ծնողերին անցել էր երկրի կարոտը, որպես ցեղասպանությունից փրկվածների շառավիղներ, նրանք իրենց ծնողներից ժառանգել էին ցավի հիշողությունը, ուղղակի չէին խոսում այդ մասին: Լուռ էին: Ի՞նչ իմանամ, գուցե նաև չէին ուզում, որ մենք այդ մասին իմանայինք ու տանջվեինք: Գիտես, նրանք ուրիշ աչքեր ունեին. ժամանակը, նիստուկացը, ունեցած ապրումները, ժառանգած հիշողությունն ամեն սերնդի իր աչքերի արտահայտությունն է տալիս: Նրանց փոխարեն աչքերն էին խոսում», -ասում  էր Վահան Քոչարը: 

Ընտանիքը մի լավ ավանդույթ ուներ: Ամանորին Անդրանիկ Քոչարն ու Հասմիկ Զաքարյանը միասին մի ուտեստ էին սարքում, անունը՝ թոփիկ: Այդ ուտեստը պատրաստել են Արևմտյան Հայաստանում, հատկապես Պոլսում: Երկու օր անընդմեջ թոփիկ էին պատրաստում: Դա յուրահատուկ ուտեստ էր, որը շատ նուրբ համ ուներ՝ դարչինով, լիմոնով և ձիթապտղի յուղով համեմված: Անդրանիկ Քոչարի տան ամանորյա թոփիկից երեք հոգու ամեն տարի պարտադիր բաժին էր հասնում. որպես թոփիկի մեծ երկրպագուներ այն համտեսում էին Վազգեն Վեհափառը,Վահրամ Փափազյանը ու Ռուբեն Զարյանը: Անդրանիկ Քոչարն ինքն անձամբ էր հասցնում նրանց: 

«Հարյուր տարի էլ անցնի, այս արհավիրքի թողած ցավը չի մեղմվելու: Մեր ժողովրդի ապրածը մի անհավանական ցավ է: Բայց մենք պիտի մտածենք ապրելու մասին: Ձեռքիս տակ հսկայական նյութ կա, ամեն անգամ ապշում եմ ՝ ի՜նչ զարմանալի լուսանկարիչներ ենք ունեցել, Ցեղասպանությունից փրկվածների ի՜նչ լուսավոր շառավիղներ կան, որ հիրավի աշխարհի լավագույն լուսանկարիչների ցանկում են», -հիացմունքով ու հուզված ասում էր Վահան Քոչարը, որ մշտապես լցված էր արարելու, աշխատելու անհավատալի լավատեսությամբ ու ջանքերով: 

-Ես գիտեմ մի բան, -ասում էր նա, - որ մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի լուսավոր հիշատակը հարգելու մի ձև կա միայն՝ ապրել, արարել, ստեղծագործել՝ նրանց անունները երբեք չմոռանալով: Մենք մեր սերունդներին պիտի մեծացնենք հերոսական ոգով: Իսկ մենք էդ ոգին ունենք: Հիշեք մեր հերոսամարտերը՝ Վան, Մուսա Լեռ, Ուրֆա… Հայկական Թամանյան դիվիզիա մենք ունեցանք, որովհետև մենք թիկունքում ունեինք այս հերոսամարտերը: Ուղղակի պիտի շատ մտածենք, թե ինչով ենք մեծացնում մեր երեխաներին, ինչ են նրանք կարդում, ինչ են սովորում: Երբեմն մտածում եմ՝ լավ, բայց էդ ինչպե՞ս հնարավոր եղավ, լավ, հե՞շտ էր մի ամբողջ ժողովուրդ կոտորել ու տեղահան անել: Հասկանում եք, մենք թուրքերին մեր արշինով ենք չափել, մենք չենք պատկերացրել, որ նրանք այդպիսին են, որ որևէ ժողովուրդ այս աշխարհում ունակ էր այդ աստիճան անմարդկային ու ստոր բան անելու: Դրա համար էլ էդպես միամիտ ենք գտնվել՝ մի տեսակ ամենավերջին վայրկյանին անգամ էդ անիրավներին ուղղվելու շանս ենք տվել.... Ինչ ասեմ, ես էլ այսօր գուցե միամտորեն հավատում եմ, որ... ի վերջո թուրք ժողովուրդն իր պատմության հետ առերեսվելու և իր սխալներն ընդունելու ուժ է գտնելու։»

 

Մերի Մուսինյան 

 

... ...