Քեյթ Բլանշեթ. «Փախչում եմ գլոբալիզացված աշխարհի թելադրած ճաշակի գերիշխանությունից»

Այս տարի Ֆրանսիայի «Սեզար» ազգային 47-րդ կինոմրցանակաբաշխության պատվո հյուրն էր ավստրալիացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը: Ֆրանսիական կինոյի անզուգական դերասանուհի Իզաբել Յուպերը նրան հանձնեց կարիերայի ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար մրցանակը: Ներկայացնում ենք «Մադամ Ֆիգարոյի» 2020 թվականի զրույցը Քեյթ Բլանշեթի հետ:

 

«Մադամ Ֆիգարո»- Ինչպե՞ս կբնորոշեք այսօրվա տրամադրությունը:

Քեյթ Բլանշեթ -Զգուշավոր լավատեսություն: Հարաբերական նահանջ: Այս պահին ես ապրում եմ գյուղում՝ Անգլիայում։ Հենց նոր բույսերն էի ջրում, ես կերակրեցի կենդանիներին, իսկ ամուսինս հաց է թխում: Զվարճալի է տեսնել, որ իմ շրջապատի բոլոր տղամարդիկ ինքնամեկուսացումից ի վեր սկսել են հաց թխել…

«Մադամ Ֆիգարո» -Այս համաշխարհային ճգնաժամի ժամանակ, Դուք, ինչպես և մեզանից յուրաքանչյուրը, զգո՞ւմ եք, որ անհրաժեշտ կլինի վերագտնել ինքներդ Ձեզ՝ որպես կին կամ որպես դերասանուհի:

Քեյթ Բլանշեթ -Դե գիտեք, դա անխուսափելի բան է մեզանից յուրաքանչյուրի համար, դրանք այն փոփոխություններն են, որոնց մենք ստիպված էինք տասնամյակներ շարունակ դիմադրել, սկսած արդյունաբերական հեղափոխությունից՝ սխեմայի վերածելով դրանք: Այդ ժամանակներից ի վեր մենք ընդունում ենք փոփոխություններն առանց ավելորդ հարցեր տալու ինքներս մեզ: Այն խնդիրները, որոնց մենք բախվում ենք այսօր, պարզապես աղետալի են: Այս ճգնաժամը ստիպում է մեզ բախվել արդեն իսկ առկա այնպիսի խնդիրների, որոնք լուծելու ցանկություն մենք չունեինք: Ինչ-որ իմաստով հենց բնությունն է մեր մարդկային տեսակին հիշեցնում էվոլյուցիայի ենթարկվելու իր պարտականության մասին: Այսպիսով, ավելի շատ, քան նախկինում, մենք նկատում ենք տարբեր սոցիալական դասակարգերի, մարդկանց և մշակույթների միջև անհավասարությունը, և սա մեզ է՛լ ավելի պառակտելու միտում ունի: Բայց, միաժամանակ, նկատում եմ նաև մեր առջև բացվող բազմաթիվ հնարավորություններ: Բավական է միայն նայել այլ կերպ ապրել ցանկացող խմբերի ու անհատների ձեռնարկած այս բոլոր՝ հաճախ պայծառ նախաձեռնություններին: Եվ այս համապարտ նախագծերը հետզհետե շատանում են: Ես համոզված եմ, որ փոփոխությունների ձգտումը շատ մեծ է, և այսուհետև այլևս հնարավոր չէ հետ դառնալ, վերադառնալ մեր նախկին աշխատաոճին:

«Մադամ Ֆիգարո» -Այս դժվարին ամիսների ընթացքում Դուք Ձեր մեջ նոր արժանիքներ բացահայտեցի՞ք:

Քեյթ Բլանշեթ -Ընդհակառակը, ավելի շուտ կասեի, որ ես բացահայտեցի բազմաթիվ արատներ: Ես իմ անհանգստությունները, կամ իմ վախերը հաղթահարելու ոչ միջոց, ոչ բուժում առանձնապես չեմ գտել, ես նույնիսկ չեմ ուղղել իմ առօրյայի մաս կազմող մի քանի վատ սովորությունները: Կյանքի միակ դասը, վերջիվերջո այն է, որ սովորենք համբերել, քանի որ, ինչպես մեզանից շատերը, ես սիրում եմ արագ առաջ շարժվել և շատ բաներ անել իմ կյանքում ու դերասանուհու իմ մասնագիտության մեջ: Ակնհայտ է, որ բոլոր այդ տեղաշարժերն արդեն զգալիորեն արգելակվել են: Ես շատ եմ զգում ուրիշի էներգիայի պակասը՝ ուրիշ մարդու, համախմբման, կոլեկտիվի պակասը:

«Մադամ Ֆիգարո» -Բայց և այնպես Դուք որոշ չափով վերադարձե՞լ եք նորմալ, բնականոն կյանքին: Վերսկսե՞լ եք ձեր աշխատանքը ստուդիաների հետ:

Քեյթ Բլանշեթ -Նորմալ կյանքի վերադարձն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Ինչպես շատ աշխատող մարդիկ, և պարտադիր չէ, որ նրանք անպայման աշխատեն կինոյի ոլորտում, ես հատկապես ձգտում եմ դանդաղեցնել ժամանակի ընթացքը և կրկին կենտրոնանալ սեփական անձի վրա… 2020 թվականին ես որոշեցի մեկ տարով արձակուրդ վերցնել, հատկապես իմ ավագ որդու համար, որն ավարտում է դպրոցական ծրագիրը՝ ես կուզեի օգնել նրան իր անձի զարգացման գործընթացում: Ինքնամեկուսացումը միայն շեշտեց այդ դադարը։

«Մադամ Ֆիգարո» -Ձեր ընթացիկ ծրագրերն ուժի մե՞ջ են:

Քեյթ Բլանշեթ -Ես աշխատում էի  ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի հետ «Մղձավանջների ծառուղի» ֆիլմի վրա (թրիլլեր Բրեդլի Կուպերի մասնակցությամբ), երբ հայտարարվեց մեկուսացման մասին: Ռունի Մառան (ֆիլմի մասնակից մեկ այլ դերասանուհի) ծննդաբերեց իր առաջնեկին, և ես վերադարձա տուն: Կարծում եմ, որ ֆիլմը պետք է հետարտադրական փուլում լինի: Սակայն բացի այն, որ նկարահանումները դադարեցվեցին՝ ինչն, ի վերջո, ընդամենը վատ հուշ կդառնա, իրական խնդիրը հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելն է: Ինձ մտահոգում է այն հիմնական սոցիալական բաղադրիչը, որին հենված է կինոն. ֆիլմն իրենից ներկայացնում է որևէ մի պատմություն, որը ցուցադրվում է մեծ էկրանին, մթության մեջ ընկղմված դահլիճում, և որը դիտում ենք հավաքվելով անծանոթների հետ՝ բոլորս միասին: Գաղափարն այն է, որ իրար հետ հավաքվելու այս պրոցեսը, այս արարողակարգն արժեքավոր բան է՝ մի բան, որը հետ է մղում մեկուսացումը, մի բան, որը պետք է բացարձակապես անխախտ պահպանվի:

Իհարկե, սթրիմինգային հարթակները պարզապես անհավանական են, և նրանց կողմից տրամադրվող առաջարկը դառնում է ավելի ու ավելի հետաքրքիր և հարուստ, բայց ես չեմ կարող հրաժարվել այն մտքից, որ որոշ կինեմատոգրաֆիական մտապատկերներ ամբողջությամբ բացահայտվում են միայն մեծ էկրանին:

«Մադամ Ֆիգարո» -Որպես Վենետիկի վերջին կինոփառատոնի նախագահ Դուք բախտ եք ունեցել ֆիլմեր դիտել կինոդահլիճներում…

Քեյթ Բլանշեթ -Այո, իմ ժյուրիի անդամներն ու ես այս փառատոնի ընթացքում ապրում էինք այնպես, կարծես երազի մեջ լինեինք, և այսօր, բավականին սյուրռեալիստական է թվում, երբ բացահայտում ենք այն փաստը, որ շատ դահլիճներ դեռ չեն վերաբացվել: Ես շատ զգայուն եմ կինոփառատոների հանդեպ, որոնց լիովին և ակտիվորեն աջակցություն եմ ցուցաբերում, քանի որ դրանք վճռորոշ նշանակություն ունեն ֆիլմերի կյանքում և սկսնակ ռեժիսորների կարիերայում: Կրկին անդրադառնալով այս փորձին, ասեմ, որ Վենետիկը միաժամանակ և՛ համերաշխության ապացույց էր, և՛ իրատեսական լավատեսության դաս: Ես շատ ուրախ եմ, որ փառատոնի այս հատուկ թողարկումն, այնուամենայնիվ, թույլ տվեց կինոգործիչներին արտահայտվել և հայտնել իրենց կարծիքն ու տեսակետը՝ այլապես նրանք դա անելու ուրիշ հնարավորություն չէին ունենա: Ահա թե ինչն է այդ փորձը դարձրել այդքան եզակի:

«Մադամ Ֆիգարո» -Վենետիկում Դուք հավասարապես Ձեզ ցույց տվեցիք մյուս կողմից. ներկայացաք որպես «Արմանիի» նորաձևության տան դեմքը: Ի՞նչ եք  կարծում, ո՞րն է մուսայի բնորոշումը:

Քեյթ Բլանշեթ -Ես չեմ կարող խոսել պարոն Արմանիի փոխարեն։ Բայց ինձ համար մուսան որոշակի տեսլականի հասնելու հնարավորություն է: Խոսքը որոշ սկզբնակետի, ցանկացած ոգեշնչման նախադրյալի մասին է: Բայց, անկեղծ ասած, ես ինձ այդ կարգավիճակում ամենևին չեմ դիտարկում: Ես չեմ մտածում դրա մասին:

«Մադամ Ֆիգարո» -Որպես դերասանուհի և որպես կին Դուք ինչպիսի կապ ունեք գեղեցկության հետ:

Քեյթ Բլանշեթ -Իմ կարծիքով, գեղեցկությունը հաճախ վաբի-սաբի ճապոնական գեղագիտության աշխարհայացքի մեջ է. այն է՝ թե ինչպես են անկատարությունները, անկանոնությունները, թերությունները փոխանցում իրենց նազելիությունը, իսկությունը և յուրահատկությունը: Ինձ համար բոլորովին անհասկանալի է, երբ մարդը ձգտում է ջնջել իր թերությունները, այլ ոչ թե աշխատել դրանց վրա, կամ նույնիսկ՝ ընդգծել դրանք: Ահա թե ինչն է նրան դարձնում եզակի և, հետևաբար, գեղեցիկ: Գեղեցկությունը պետք է լիներ, պետք է լինի ազնիվ, բարդույթներից զերծ և հիմնված այն ազատության վրա, ըստ որի մարդը պետք է մնա այնպիսին, ինչպիսին որ կա: Եվ ավելի քան երբևէ, ես առավել գնահատում եմ ազատության հասկացությունը։ Կարճ ասած, սովորական կամ ունիֆիկացված գեղեցկությունն իմ ճաշակով քիչ գրավիչ է: Ինձ հետաքրքրում է այն, որ հենց իմ մեջ եղածն ընդունելի կամ գայթակղիչ դարձնեմ:

«Մադամ Ֆիգարո» -Իսկ եթե մի քիչ ավելի մակերեսային հայացք նետենք, որո՞նք են Ձեր հնարքները, որոնց շնորհիվ Դուք՝ հոլիվուդյան աստղ Քեյթ Բլանշեթը, դարձել եք կարմիր գորգի չեմպիոն:

Քեյթ Բլանշեթ -Ես բոլորովին չեմ հասկանում, թե ում մասին է խոսքը։ (Նա ծիծաղում է) Եթե դուք խոսում եք ենթադրյալ գեղեցկության մասին, ես կասեի, որ այն գտնվում է նայողի աչքերում: Ես չեմ սիրում գերիշխող տեսակետները, թելադրանքները, ես ավելի շատ եմ գնահատում զանազանությունը, ինչպես դուք դա հասկացաք: Ես խուսափում եմ սոցիալական ցանցերից, փախչում եմ գլոբալիզացված աշխարհի թելադրած ճաշակի գերիշխանությունից: Ես շփվում եմ բազմաթիվ նորաձևության դիզայներների, այդ անսահման տաղանդներով օժտված տղամարդկանց ու կանանց հետ, և զգում եմ, որ ինձ շատ մեծ բախտ է վիճակվել կրել նրանց ստեղծած հագուստները: Մյուս կողմից, չնայած այն հանգամանքին, որ ես որոշ չափով կարոտում եմ իմ «հին աշխարհի» կարմիր գորգերը, որոշեցի, որ այսուհետև, մշտական սպառումը խրախուսելու փոխարեն, ես նախապատվությունը կտամ այն հագուստներին, որոնք արդեն իսկ կրել եմ…

«Մադամ Ֆիգարո» -Որպես դերասանուհի, Ձեր դեմքն ու Ձեր մարմինը գործիքներ համարո՞ւմ եք: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր հաղթանակի գրավականը:

Քեյթ Բլանշեթ -Իմ առավելությունն իմ հետաքրքրասիրությունն է: Ինչ վերաբերում է մնացածին, ապա այո, դեմքը և մարմինը աշխատանքային գործիքներ են… Որևէ դեր մարմնավորելու համար, դրան հասնելու միակ միջոցը մեկ այլ անձի մարմնի մեջ մտնելն ու նրան շրջապատող աշխարհի մեջ սուզվելն է:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի