Քարտեզը

Մոմերի անտառ, չափազանց բազմաքանակ, որպեսզի դրանք հնարավոր լիներ հաշվել, ծանր, ինչպես մականները, Թան ոճի մոմակալների վրա, վառվող վառ, կեսօրվա պես, այն գիշեր Րյուկյու թագավորությունում՝ Սյուրի ամրոցի պարահանդեսային դահլիճում։ Մոմերի լույսն արտացոլվում էր հենց նոր դրված համարյա թափանցիկ, թարմ գույնի տատամիների վրա։ 1614 թվականն էր, Ճապոնիա մայրցամաքի վրա Տոկուգավա տոհմը հաղթել էր Տոետոմիին։ Շագենը, Սյուրիի տիրակալը, իրենից գոհ, նստել էր սեղանների գլխին՝ ճաշկերույթի դահլիճում։ Նրա կողքին վարչապետ-նախագահ Կակուկոն, որը նստել էր, ոտքերը երկարած, ճնշված և հարբած։ Ավելի հեռու միջանցքում հարբած զինվորները շատ աղմուկ էին հանում իրենց զվարճանքից։

Շարժական դռները սրահի երկու կողմերում լիովին հանված էին, ներս թողնելով ծովազեփյուռը, որն անցնում էր սրահով`ստիպելով տարուբերվել անթիվ անհամար մոմերին։ Դա ախորժանք էր, որ կարելի էր զգալ մաշկի վրա։ Հոկտեմբերյան գիշեր էր, բայց այս հարավային երկրում աշունը միշտ շոգ էր լինում։ Շագենն ընդամենը մի շերտ թեթև մետաքս էր հագել Րյուկյուի հիասքանչ գծանկարով։ Նա իր գավից ավամորիի կում արեց, Րյուկյուի թունդ խմիչքը, որը Կակուկոյի մոտ էր, նա էլ լցրեց նրան։ Նա երբեք իրեն այնքան մեծ չէր զգացել, ինչպես այսօր երեկոյան։ Նա համարյա մոռացել էր այն կատաղի մարտերի մասին, որոնք նա ստիպված էր եղել վարել մինչև այսօր։ Այդ ընթացքում անցել էր հինգ տարի երեք սարսափելի պարտություններով, բայց հեռավոր Իսիգակի կղզու նվաճումը ցրեց նրա հիշողությունից այն մարդկանց ցավը։

Այն ժամանակ նա հանկարծամղումով որոշեց իր ուժեղ ջոկատով ներխուժել բավական մեծ Իսիգակի կղզին և նվաճել այն։ Բայց Իսիգակիի բանակը համառորեն մարտնչում էր և երիցս նվաճողներին հակահարված տվեց։ Շագենը խրվեց մարտի մեջ և այն է պիտի զոհվեր այդտեղ, որը «դաժան պատերազմ և կատաղի մարտ էր», ինչպես ասում է հին տարեգրությունը, բայց նա համառում էր, և նրանք մատնեմատ առաջ էին գնում։

Եվ ահա ընդամենը տասը օր առաջ, հինգ երկար տարիներից հետո, Իսիգակին ընկավ։ Այսօրվա երեկոյան ճաշկերույթը նրա հաղթական վերադարձի մասն էր։ Նա հաճույքով կում արեց իր գավից և աչք ածեց հարբած զինվորներին, մոլեգին և աղմկոտ վարի սեղանների մոտ։ Այժմ նրա տեսադաշտում նրանք ավելին չէին, քան որդեր։

Խաղաղվելով, նա գլուխը հակեց և սևեռվեց իրիկնային երկնքին։ Լուսինը դեռ չէր հայտնվել, իսկ խավարն այնքան լիակատար էր, որ երկրի և երկնքի միջև ընկած բաժանարար գիծը չէր երևում։ Նա նայեց երկնքին և հասկացավ, որ կարող է հպատակեցնել երկնակամարը։ Օ՜, հաղթողի բերկրանք։ Նա ծայրահեղ հաճույք էր ապրում դրանից։

Նա սևեռվեց մթին երկնքին և նկատեց այնտեղ մեծ շողշողացող մի աստղ՝ անհունչ, առաջվա պես առանց նվազագույն թարթման։ Դրա չափսը նրա մեջ վատ կանխազգացում հարուցեց և ստիպեց քրթմնջալ․ «այնտեղ մեծ աստղ է»։ Կակուկոն լսեց, ինչպես է արքան խոսում ինքն իրեն, և բարեհամբույր հարցրեց․ «Ո՞րը, ինչպիսի՞նը։ Ի՞նչ աստղ»։ Շագենը ժպտաց և պարզապես մատնացույց արեց ուղղությունը։ Կակուկոն ասաց․ «Օ՜, ես տեսնում եմ այն։ Դա շատ մեծ է։ Հիշեցրեք, ինչպե՞ս է այն կոչվում։ Այն ինձ վրա անպատշաճ հայացք է նետում։ Հենց այդպիսի տառապալից հայացք կունենան Իսիգակիի մարդիկ»։ Փոքր-ինչ ծաղրածու լինելով, նա այդ ասաց զվարճալի ձայնով։ Այնուհետև նա պոռթկած աստղին հասցեագրված բարձրաձայն վանկաշեշտով․ «Հե՜յ, հե՜յ, վիճենք քեզ համար մարտում, տես, ով է իրեն այսօր նողկալի զգում»։ Շագենն ու մի քանի զինվոր, որոնք լսում էին նրան, ծիծաղից փլվեցին։ Բայց երբ ոչ մեկը չէր նայում, չարագույժ աստղն անհունչ վերացավ, իր ետքից երկար կապտավուն հետք թողնելով խավարում, ասես կանխատեսելով գալիք դժբախտությունը։ Եվ Շագենը, և Կակուկոն բավական կայտառացան, որոշ ժամանակ փոխանակվում էին մարտերի մասին պարծենկոտ պատմություններով։

Հենց այդ պահին արքային փութանակի մոտեցավ ծառան․ «Երկու հոլանդացի կան, որոնք եկել են ձեզ տեսակցելու, Ձերդ մեծություն։ Նրանք ասում են, որ Ձերդ մեծության համար նվեր են բերել, որպեսզի տոնեն Ձերդ մեծության հաղթանակը։ Ձեր կարծիքով, ես ի՞նչ պիտի անեմ»։ Շագենն ընդհատեց իր խոսակցությունը և զվարթ ու անփույթ ասաց․ «Իհարկե, ուղարկեք նրանց»։ Ծառան «այո, Ձերդ մեծություն» խոսքերով հեռացավ։ Շագենը գիտեր այդ երկու հոլանդացիներին, որոնց նա ութ տարի առաջ կացարան էր տվել այն բանից հետո, որ նրանք հայտնվել էին իր առջև առափնյա նավաբեկությունից հետո։

Հոլանդացիները, հավանաբար, վերադառնում էին իրենց հողերը և հիմա Ճապոնիայի ճամփին էին, բայց, լսելով հիասքանչ հաղթանակի մասին, անհապաղ ժամանեցին արքային այս նվերով այցելելու։

Նա շատ ուրախ էր հիանալի սրտով այդ հոլանդացիների համար, որոնք երբեք չէին մոռանում արքայի դրսևորած բարությունը։ Եվ ահա այժմ նրանք կրկին կանգնել էին նրա առջև, երկուսն էլ նկատելի ավելի մեծ։ Մազերը նրա, որն ավելի բարձրահասակ էր, ճերմակել էին։ Նա, որ ավելի բարձրահասակ էր, շատ ավելի փխրուն էր երևում, նրա երբեմնի ձիգ մաշկը հիմա կախ էր ընկել, նրան համարյա թե անտաշ տեսք հաղորդելով։

Նրանք երկուսն էլ շատախոս և սրտազեղ երախտագիտություն հայտնեցին մի քանի տարի առաջ դրսևորած առատաձեռնության համար։ Շագենն այդ ամենը լսում էր դեմքին շողշողուն ժպիտով։ Նա ուրախ էր, որ նրանք դեռևս կարողանում էին խոսել Րյուկյու բարբառով՝ ազատ և անկաշկանդ։ Նա անհամբերությամբ սպասում էր նրանց խոսքերի ավարտին և ի վերջո ընդհատեց նրանց, վրա բերելով. «Դե, դե, դուք երկուսդ էլ այնքան պաշտոնական եք ձեզ պահում»։ Դա նրա ամենաերջանիկ պահն էր։ Նրա առջև երկու տարաշխարհիկ օտարերկրացի էին, որ գովաբանում էին իր հաղթանակը։ Գուցե թե, հենց իսկ Ճապոնիայի կղզիներում էլ երբեք համանման բանի չէին հանդիպել։ Նաև Շագենը, որ հասել էր իր հիսնամյակին, ահա և ամենը։ Նա բացականչեց․ « Օ՜։ Դա շատ լավ է»։ Այնուհետև հոլանդացիները հարգանքով մատուցեցին իրենց տոնական նվերը՝ ծիրանագույն գործվածքով փաթաթված ինչ-որ բան։ Կակուկոն վերցրեց այն և փոխանցեց Շագենին։ Չնայած այն բանին, որ Շագենը շատ երևելի կերպար էր, նա դեռևս մնում էր ինչ-որ բանում Րյուկյուի երկրային մարդ։ Նա ընդունեց նվերը, և հիմա անհամբեր սպասում էր, որ բացի այն։

Դա երկար փաթեթագլան էր։ Դե այդ ի՞նչ կարող էր լինել։ Դա բարբարոսներից էր, այնպես որ, հնարավոր է, աշխատություններ ռազմարվեստի մասին, գուցե թե, նոր զենքի գծանկարներ, կամ, գուցե թե, ինչ-որ բան սրին տիրապետելու մասին, կամ օտարերկրյա գեղանկարչություն։ Այնքան շատ մտքեր անցան նրա գլխով։ Նա այլևս չէր կարող սպասել․ «Դե ինչ, եկեք բացենք այն, այդպես չէ՞, և նայենք»։

Նա առաջարկեց, ինչի դեմ այդ երկուսը, ինքնին հասկանալի, չէին առարկում։ Երեխայի պես հուզված, նա արագ բացեց այն, որպեսզի տեսներ, թե ինչ է այդ։ Դա քարտեզ էր։ Նրանք ասացին նրան, որ դա աշխարհի քարտեզն է, և դա լիովին հմայեց նրան։ Այստեղ, այդ քարտեզի մեջտեղում, նա կտեսնի Իսիգակի երկիրը, երկիրը, որը նա այժմ նվաճել էր։

Դա ամենն էր, ինչ հետաքրքրում էր նրան, ինչպիսի տեսք այն ուներ այս դիագրամի վրա։ Նա մատնացույց արեց քարտեզը և հրավիրեց երկու հոլանդացիներին մոտենալ և բացատրել։ Նա նրանց առջև դրեց քարտեզը և սկսեց սպասել, ինչ կասեն նրանք։ Նա, որ ավելի բարձրահասակ էր, անցավ երկարատև շարադրանքի․ «Կապույտ մասերը՝ ծովերն են, այս կարմրավուն մասերը՝ լեռները։ Քարտեզի վերնամասում տեղակայված է հյուսիսը, ներքևում՝ հարավը»։ Շագենն անտարբեր լսում էր։ Նա չէր համբերում լսել, որտեղ են գտնվում իր սեփական հողերը։ Ավելի բարձահասակ հոլանդացին շարունակեց․ «Մեծ երկիրը հյուսիսում կոչվում է մթին երկիր, որովհետև այնտեղ անընդհատ գիշեր է։ Մեծ տարածությունը դրա առջև կոչվում է Ռուսաստան։ Իսկ այդտեղից հեռու, այս մեծ կղզու վրա գտնվում է Ամերիկան»։ Դա սկսում էր Շագենին հիասթափեցնել։ Այդ բոլոր մեծ, աչքի ընկնող երկրների մասին նա երբեք չէր լսել։ Բայց նա դեռ ինչ-որ թեթև կանխավայելք էր զգում։ Վերջապես նա հարց տվեց․ «Այսպիսով, որտե՞ղ է գտնվում իմ երկիրը»։ Շագենը սպասում էր, երբ նա մատնացույց կանի ամենամեծերից մեկը։ Հոլանդացին տատանվում էր։ Շագենը բարկացած էր։ «Որտե՞ղ է այն», -պահանջկոտ հարցրեց նա։ Երկու հոլանդացիները նայեցին միմյանց և, թվում էր, ինչ-որ բանի մասին գլխով արեցին։ Ի վերջո, հաղթակազմ տղամարդը ասած մեծ անհարմարությամբ և շփոթմունքով․ «Իրականում, թվում է, մենք չենք կարող այն գտնել։ Քարտեզի վրա դրված են միայն խոշոր երկրները։ Նրանք, որ ավելի փոքր են, նրանք, որ ավելի քիչ հայտնի են, նրանց անունները գրված չեն։ Նույնիսկ Ճապոնիան այնտեղ համարյա թե մանրատառ է նշանակված»։

-Ի՞նչ, -դա այն ամենն էր, որ Շագենը կարողացավ մռնչալ, կամացուկ, բայց կտրուկ։ Թվում էր, նա դադարել էր շնչել։ Նրան թվում էր, որ ողջ արյունն իր մարմնում հիմա դուրս կպրծնի արյունատար անոթներից և դուրս կժայթքի։ Նա զարկահոսող ցավ էր զգում ակնախնձորակների վերևում, ասես նրան դանակով խփել էին։ Նա հայտնաբերեց, որ իր ամբողջ մարմինը դողում է։ Նրա հպարտությունը տրորված էր այս երկու հոլանդացիների կեղտոտ մաշիկներով։ Նրանք վիրավորել էին նրան ամենասարսափելի կերպով։ Նրա աչքերը պաղած էին, վառ կարմիր, և նա սևեռուն նայում էր քարտեզին։ Նա կարող էր լոկ քրթմնջալ․ «Նրանք չեն ներբերել փոքրիկ անպիտան երկրները»։ Այնուհետև նա  սևեռվեց երկու հոլանդացիների վրա, որոնք վախից դողում էին արքայի հետ կատարված լիակատար փոփոխությունից հետո։ Նրա դեմքը դժգունել էր, նա քրթմնջաց․ «Նույնիսկ Ճապոնիան է փոքր»։ Նա այլևս չէր կարող լռել։ Այժմ, նկատելի օրորվելով, նա ճչաց․ «Կակուկո, սակե»։ Կակուկոն, որն արթմնի անրջում էր, պատասխանեց «այո», բայց չշարժվեց։ «Ես ասացի «սակե», -կրկին գոչեց նա։ Այժմ Կակուկոն լսեց նրան և անհապաղ փոքր-ինչ սակե լցրեց արքայի մեկնած գավի մեջ։

Շագենը մի մեծ կում կլլեց։ Մոմի հրի աղոտ արտացոլքը լողում էր սակեի աղոտ մակերեսի վրա։ Դա իրոք այնպես էր, ասես եթե նա խմեր կրակի այրող ցավը։

Նա տնքաց։ Դա ամենն էր, ինչ նա կարող էր անել այդ պահին։ Նա արյունալի աչքերով սևեռվեց հոլանդացիների վրա։ Հարբած զինվորները մեծ դահլիճում նույնպես այդ ընթացքում նկատեցին փոփոխությունը արքայի վարքում։

Հանկարծ ամեն ինչ սսկվեց, ձգձգվող արյան ծարավով լցված լռություն էր։ Իսկ հետո Շագենը հանկարծ մեկնեց իր գավը բարձրահասակ հոլանդացուն ու ասաց․ «Խմիր սա»։ Կակուկոն Շագենի աչքերում նորից լցնելու ազդանշան տեսավ։ Հոլանդացին հուզված էր։ «Ես սաստիկ ներողություն եմ խնդրում, դուք պիտի ներեք ինձ, բայց իրականում ես չեմ կարողանում խմել սակեի այս տեսակը»։ Նա «հի-հի-հի» ծիծաղեց, որը ստորաքարշ էր և նյարդային։ Դա ճիշտ է, որ հոլանդացիենրը չէին կարողանում սակեից գլուխ հանել, ինչպես նաև թունդ ավամորի լիկյորից։ Շագենը զայրացկոտ մռնչյուն արձակեց։ Նրա գլուխը զնգում էր ակնհայտ վիրավորանքից, որը նա հիմա լսեց այդ խոսքերում և այդ ծիծաղում։ «Դու չես ընդունի գավն այս փոքրա-մեծ երկրի արքայից։ Ոչ մի երախտագիտություն կամ շնորհապարտություն»։ Նա նետեց մեծ գավը բարձրահասակ հոլանդացու ճակատին։ Այժմ նա կորցրել էր ամենայն ողջամտությունը։ Նա բարձրացրեց իր կողքին դրված սուրը, պատյանից դուրս քաշեց, կանգնեց, վայրենավարի թափահարեց այն, հատելով երկու հոլանդացիների գլուխները։

Այդ ամենը տեղի ունեցավ մի ակնթարթում։ Շագենը խոյացել էր երկու գլխատված դիակների վրա և վիրավորանքներ էր շաղում․ «Դուք աներախտապարտ քաքեր եք։ Դուք, ապուշ-տկարամիտներ եք»։ Ճաշկերույթն այժմ կորցրել էր զվարճանքի ամենայն հետք, և զինվորական եռուզեռը վերածվել էր խառնաշփոթի։ Շագենը որոշ ժամանակ անց հանդարտվեց և ծայրահեղ հիասթափությամբ սևեռվեց դուրս։ Ակնարկն առ ճերմակությունը երեկոյան վկայում էր այն, որ լուսինը ելել էր։ Բուսատերևները, թացացած երեկոյան շաղից, դժգույն առկայծում էին նրա լուսնի ներքո։ Միջատները ճռճռում էին։

Եվ Շագենը կորցրել էր կյանքում ամենայն հույս։

Նա ցնցված էր լիակատար անօգտակարությունից սեփական իշխանության, որից հինգ տարի պահանջվեց, որպեսզի իրեն ենթարկեցներ փոքրիկ կղզին, որը նույնիսկ նշված չէ քարտեզի վրա։ Նա բացարձակ մենություն զգաց այդ պահին, երբ իր իսկ իշխանությունը նրան նողկանքից զատ ոչինչ չբերեց։ Նա բարձրաձայն արտասվեց։ Ետևի պլանում լսելի էր ալիքների աղմուկը, իսկ դրա ետևում շաքարեղեգնի դաշտն էր, տերևների իր անթիվ ստվերներով, որ առկայծում էին լուսնալույսի տակ, և այդ  դժգույն ծաղիկների տեսքում Շագենը չէր կարող ոչինչ տեսնել՝ ինքն իր հանդեպ քամահրանքից բացի։ Եվ եթե նա այդ պահին նայեր երկնքին, եթե նա նայեր հենց իր գլխավերևին, նա կտեսներ այն մեծ, նողկալի աստղը, որը նախկինում նույնպիսի սահմռկեցուցիչ զգացում էր հարուցում, նույնպիսի երկար պոչով, ծածանվող, ինչպես և նախկինում։

Երկար ժամանակ նա պարզապես կանգնել ու նայում էր։

Շագենի դաժանությունն օրըստօրե ավելի կատաղի էր դառնում։ Նա լցված էր հարբեցողության, անառակության, դաժանության և այլ մեղքերի արատավորությամբ։ Կակուկոն խարակիրի արեց, արարք, որը Շագենին թողեց առանց խղճի խայթի և ընդհարապես որևէ խոհածության։

Կղզու բնակիչներին նայում էին այժմ որպես որսամսի և նրանց հետապնդում և սպանում էին նետերով, ասես նրանք փոքրիկ ճնճուղներ լինեին։ Արքայի համար դա պարզապես մի օրը չափազանց քչաքանակ սպանությունների կամ մյուս օրը բազում սպանությունների հաճույքի հարց էր։ Դա աննկարագրելի չարիք էր։ Ժողովրդի նզովյալ տառապանքներն աճում էին, և չկար մեկը, որից նրանք վախենում և որին ատում էին ավելի, քան արքային։ Բոլորը հավատում էին, որ արքան իր Իսիգակին նվաճելու գոռոզամտությունից դարձել էր փառասեր և մեծամիտ, և դրա արդյունքը դարձավ սարսափը։ Եթե արքան երբևէ լսեր, ինչպես են նրանք դա ասում, նա, անշուշտ, դառը կքմծիծաղեր։

Մոտավորապես դրանից մեկ տարի անց Իսիգակի կղզին ներխուժեց Սյուրին՝  սրընթաց վրեժով լի։ Բայց Շագենի համար, թվում էր, միևնույնն էր, և մի երեկո նա ծլկեց Սյուրիից փոքրիկ նավակով։ Այլևս նրան երբեք չտեսան։

Մի քանի ամիս անց սպաներից մեկը հայտնաբերեց քարտեզը հողի վրա Իսիգակիի արքայի նստավայրի անկյունում։ Դա աշխարհի քարտեզն էր, որն այն ժամանակ անկարելի էր ձեռք բերել նույնիսկ Ճապոնիայում։ Ոչ մեկը չէր կարողանում հասկանալ, ինչպես կարող էր որևէ մեկը սա բերել այստեղ, իսկ հետո ահա այսպես նետել։

Դրա շուրջը ցաքուցրված էին արյան փոքրիկ բծեր։ Իսիգակիի արքան դա արտասովոր գտավ և պահպանեց այն։

 

Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը