Քաղաքային ռոմանս

Չգիտեմ էլ մյուս այտս դեմ տալու պատճառո՞վ է կյանքն ինձ այսպես ապտակել, թե իսկապես սթափեցնող ապտակի կարիք ունեի։

Մտածում էր մի երիտասարդ, գլուխը քորում, քիթը սրբում ու նստում փողոցի եզրագծին, նայում չորս կողմը:

Վերևի սրճարանից ֆրանսիական երաժշտության ձայն էր գալիս, իսկ դիմացից՝ հանճար Գուգոն։

-Արա Գու՜գ, այ նկարիչ ախպեր, հլը ասա` պետք ա՞ սթափվել, թե երբեմն փակ աչքերով ապրելն ավելի հարմա՞ր ա…

Գուգոն նկարիչներին հարիր շարֆը մի կողմ գցեց, ու սկսեց վիզը քորելով, աչքերը վերուվար անելով մտածել.

-Նայի ախպեր, ես որ նկարում եմ չէ, պտի աչքերս բաց ըլնի, բայց արա փակ աչքերով եմ երազում Պաշ, արա՜ փակ աչքերով: Մինչև աչքերս չփակեմ գործը չեմ տենա, չեմ զգա, կամ էլ պտի ռեալ տենամ, բայց չէ ախպեր, մեկա պտի փակես աչքերդ որ զգաս. մինչև չզգաս չես կարա պատկերացնես…

-Արա լավ Գուգ, սաղ իրար խառնիր, ես ասում եմ պե՞տք ա սթափվել, դու ասում ես եսիմ ինչ:

-Նայի Պաշ, եթե դեմդ աղջիկ ա չէ, չպտի աչքերդ փակես, բայց եթե էդ աղջիկը դեմդ չի, պտի փակես աչքերդ որ գա…

-Եղբայր, աղջիկը դեմս էր, տարան, կամ գնաց… արա ես տենց տղա չեմ, հասկանո՞ւմ ես Գուգ, որ աղջիկը ինձնից գնա՞, արա սաղ կյանքս ես եմ գնացել…

Գուգոն ներկոտ մատներով մաքրեց քիթը, ձեռքի հետ էլ երեսը ներկեց ու առաջարկեց, որ իրիկունը հանդիպեն ու գնան խմելու.

-Էսօր խմոցի ա, ախպեր, էսօր մոռանում ենք էդ աղջկան՝ բաց աչքերով, վեր կաց գնա տուն խմելու շորերդ հագի, իրիկունը արի Սարյան, մի տեղ վեր կընկնենք, կլակենք:

Պավելը կամ Պաշը ջազի սիրահար էր, չէր հիշում վերջին անգամ երբ էր ջազ ակումբ գնացել, դե փող չկար, ջազը թանկ հաճույք է, էլ չասեմ ճաշակով աղջիկ գտնելն էլ ավելի բարդ գործ, դե մենակ ի՞նչ ջազ լսել, ջազը սիրում է, որ իրեն սիրուն ու էլեգանտ աղջիկներ էլ են լսում ու օդի մեջ հաճելի պահեր են բռնում, որ ջազի ներքո հիանում են իրենց կողքի ջենթլմենով, որ կարող են կոկտեյլը կիսատ թողնել ու դուրս գալ…

Հա մեր ջահելը գիտեր այդ մասին, բայց հասկանում էր, որ ինքը դեռևս կարող է ջենթլմեն լինել միայն հոգով, գրպանը ծակ ջենթլմենը նույնն է թե առանց անիվ թանկարժեք մեքենան, հա կա՛, բայց օգտվել չես կարող, դրա համար նախընտրում էր լինել մի տղա, որն առաջին ժամադրությունից հետո երկրորդ անգամ չի հանդիպում նույն աղջկա հետ, նույնիսկ՝ եթե շատ է հավանել, որովհետև հետո ստիպված է լինելու ուշադրություն դարձնել, դե իսկ մեր օրերում ուշադրությունը փող արժե։

Պատահում էին, իհարկե, նաև այնպիսի աղջիկներ, որոնց խոսքով սովորական ուշադրությունն ամեն ինչից թանկ է, բայց Պաշը հասկանում էր որ դա էլ մի օր փող պիտի դառնա, ու պարզապես խուսափում էր քձիբի տպավորություն թողնել հերթական կնոջ վրա։

Պաշը ջազ ակումբ գնալու փոխարեն այն վայելում էր շատ ուշ գիշերով, երբ Երևանի գիշերներում քամու ու լույսերի տատանումներից միանում էր գիշերային բլյուզը, Պաշը քայլում էր Աբովյան փողոցով դեպի ներքև ու ականջներում ակամա ջազ էր հնչում…

Այդ պահերին նա մտածում էր՝ գուցե ապրեր այլ երկրում և միլիոնատեր դառնար, բայց Հայաստանում ո՞ւմ է պետք գրող տղեն, նույնիսկ աղջիկներին այլևս հետաքրքիր չէ, չնայած նրանք կարծում էին, որ Պավելն իրենց լքել է այլ պատճառով, և ոչ թե փողի։

Այդ օրը նա խմելու էր գնում այլ պատճառով. այս անգամ իրեն էին լքել, չէին լքել՝ թքել էին պատվի ու արժանապատվության վրա, նա այդպես էր կարծում, չէ՞ որ լքողն ինքը չէր՝ այլ կին, մեկը, ում համար նա առաջին անգամ չէր խնայել իր սերն ու հավատարմությունը։

Երեկոյան Սարյան փողոցում շունը տիրոջը չէր ճանաչում, ասեղ գցելու տեղ չկար:

Գուգոն պարտաճանաչ եկել էր, շորերը ինչպես միշտ՝ ներկոտ, նրա համար կարևոր չէր հասարակության կարծիքը, թե ի՞նչ կասեն իր մասին, կանայք նրան այդպես ներկոտ էլ էին սիրում, իսկ ովքեր չէին սիրում, նրանց փոխարեն ուրիշ կանայք էին սիրում. մի խոսքով Սարյան փողոցով անցնող յուրաքանչյուր երրորդ աղջիկ տանն իր մերկ մարմնով կտավն ուներ՝ Գուգոյից նվեր։  

Ոմանց, մեր նկարիչ եղբայրը նույնիսկ չէր էլ հիշում, դե «նկարել» է, անցել- գնացել, կիրքը մարել, բայց բոլորի բարևին ջերմ պատասխանում էր, դե ինչպես արվեստի յուրաքանչյուր մարդ սիրում էր՝ երբ իրեն սիրում էին։  

Գուգոն հասցրել էր մի բաժակ սպիտակ անապակ գինի կոնծել, մինչև Պավլիկը կգար.

-Արա Պաշ, լավ ա եկար, ախպեր ոնց որ ինքս իմ թաղումն անեի, մենակ ինչքա՞ն պիտի խմեմ, էսօր երկուսով պիտի «մեռնենք», նստի, նստի՛ լցնեմ:

-Գուգ, մտածում եմ կարո՞ղ ա չպիտի կանանց սիրես, արա հենց սիրեցի՝ «թռավ», դու հո գիտե՞ս քանի հոգու հետ եմ եղել, բայց սաղ սպասել են ինձ, էն որ ամիսներով չեմ գնացել, բայց մեկ ա սպասել են, ո՞նց գնաց, չհասկացա, ո՜նց...

Գուգոն աչքով-հոնքով էր անում դիմացի սեղանի գեղեցկադեմ կանանց, ու ձեռքի հետ լսում ընկերոջը, հետո վերցնելով գինու շիշը՝ ասում.

-Հլը միանգամից խմի՝ կասեմ, խմի՛ ասում եմ:

Պավելը մի շնչով խմեց մի գավաթ գինին, իսկ Գուգոն նորից լցնելով բաժակը՝ շարունակեց.

-Պաշ լսի, տենում ես էն երկու աղջկան, լավն են չէ՞՝ լավն են, ուզո՞ւմ ես նենց անեմ՝ զզվեն ինձնից:

-Չէ, չեմ ուզում ախպեր, լավն են, բայց հավես չկա, ես եմ ինձնից զզվում արդեն, հերիք ա…

-Խմի-խմի, խմի՜ որ հասկանանք՝ էս կյանքում սթափ լինելն ա ճիշտ թե՞ վերացած։ Գիտես չէ ինչի՞ էի ասում նենց անեմ ՝զզվեն, որ հասկանաս էդ էլ ա պահի բան, մի բան էն չես արել, ուրեմն, քանի աղջկա ես թողել անտեղի, կորել օրերով, ամիսներով, բա քեզնից էլ պտի գնային, կարո՞ղ ա էդ մեղքով կարաս ապրես, չէ՜ ախպեր, չե՛ս կարա, անտեր կյանքը բումերանգ ա, ինչ անում ես, դեմդ ա գալի, տղա եղի:

-Թե չէ դու՜ չես թողել:

-Չէ՛, չեմ թողել, դու գիտես, որ իմը ուրիշ պահ ա, ես նկարիչ եմ, դու` «կուլտուրական» տղա:

Սարյան Փողոցում մութը վրա էր հասնում, լույսերը վառվեցին, աշնան վերջն էր, նոյեմբեր ամիսը։ Գալիս ու գալիս էին ռուս գեղեցկուհիները, շատերն՝ ամառային հանդերձանքով, Երևանը տաք ու քաղցր էր՝ Սիբիրի ցրտի համեմատությամբ, բաց ուսերն ու անրակները գրավում էին գինովցած տղամարդկանց և քաղցրանում էր Սարյանի երեկոն։

Խոսակցությունը ընկերների մոտ շեղվում էր կանանցից դեպի քաղաքի ճարտարապետությունը, հնի ու նորի համեմատությունները, համոզմունքները՝ որ Երևանից բան չի մնացել, միայն Կոնդը, որը շուտով էլ չի լինի:

-Գուգ, Արամի փողոցի խաչքարագործներին տեսած կլինես, կարգին տղերք են, էս քաղաքում մենակ իրենք են մնացել, ու էդ մի անկյունը, որ կոլորիտ ա հաղորդում, գլուխները կախ իրենց գործն են անում, հարգում եմ:

-Հա, բան չմնաց, սաղ քանդեցին, եղբայր քիչ են մնացել մարդիկ, որ գլուխները կախ իրենց գործն են անում, սաղ անում են, որ ցույց տան, անում են ու գլուխները բարձրացնում՝ տեսնեն իրենց ո՞վ է նայում, բայց նայող էլ չկա է՜, էլ ոչ մեկին ոչ մի բան հետաքրքիր չի, ոչ մեկին չես կարա զարմացնես, այ, օրինակ, ես ու դու, հեչ հաշվե՞լ ես քեզ քանի հոգի է կարդում.

-Ախպեր ջան, ինձ չեն կարդում, ինձ թվում ա գրքերիս վաճառքից եկած եկամուտը անիմաստ ա, իմ գրքերն առնում են որովհետև մոդայա ժամանակակից գրականություն կարդալը, առնում են ու չեն կարդում։

-Դե իմ նկարներն էլ են դրա համար առնում, առնողներից երկու տոկոսն ա գնահատում գործերս, մեկ-մեկ չեմ ուզում ծախեմ, ափսոսս գալիս ա, գիտեմ որ բան չեն հասկանում, բայց դե իմ փեշակն էլ նկարելն ա, բա ո՞նց ապրեմ որ չծախեմ:

Երեկոն թեժանում էր գինու բաժակի շուրջ, ընկերները խմելուց ավելի էին սթափվում, սթափվում էին ու հասկանում, որ երջանկությունն ամեն դեպքում պահի մեջ է, ու եթե քեզ լքել են, չի նշանակում որ դու մենակ մնացիր, դու միշտ էլ մենակ ես եղել, իսկ մնացածը խաբկանք...

-Մենակ եկել ենք, մենակ էլ մեռնելու ենք ախպեր ջան, լի՛ց, լի՛ց խմենք, ես էլ թուշս դեմ տվողը չե՜մ…

 

Ասպրամ Սարատիկյան