Փոխի՛ր անունդ, քաղաքդ ու քայլիր դեպի երազանք
Արվեստի՝ հատկապես գրականության հետ ակտիվ առնչվելիս նկատելի է նույն ստեղծագործության իրարամերժ ներազդեցությունը տարբեր տարիքային շրջափուլերում, կամ կյանքի տարբեր իրադրություններում ընթերցելու պարագայում: Իսկ երբ անհատ-գրական երկ հանդիպման ժամանակային ինտերվալը երեք տասնամյակ է, սա արդեն ինչ-որ իմաստով նորովի ծանոթություն է:
Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի մասնագիտական գործունեությունը շարունակում է ակտիվ ստեղծագործական բնույթ կրել և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նրա վերջին բեմադրությունը հաստատում է այս իրողությունը: Վարպետը հետահայաց քննությամբ ընտրել է դրամատուրգ Անահիտ (Աննա ) Աղասարյանի «Ուիլի, Թիթի, Ջիգ և երեքն էլ մի աղջիկ» դրաման՝ ներկայացումն անվանելով «Երեք անունով մի աղջիկ»: Մոտ երեք տասնամյակ առաջ այս գործը Ծատուրյանը բեմադրել է «Մետրո» թատրոնում՝ պահպանելով պիեսի վերնագիրը: Գլխավոր դերերում հանդես են եկել Աննա Էլբակյանը և Լևոն Հարությունյանը: Ժամանակի նման հեռավորությունից վերաբեմադրությունը լիովին այլ մոտեցում է ենթադրում:
Պիեսի հիմքում այլ գրական ստեղծագործություն ունենալը դարերի պատմություն ունեցող երևույթ է, նույն կերպ է վարվել անգամ Ուիլյամ Շեքսպիրը: Սա բնավ չի նվազեցնում գործի ստեղծագործաական արժեքը: Այս դեպքում գրական հիմքի ակունքներում երեք ինքնուրույն ստեղծագործություն կա՝ Էռնեստ Հեմինգուեյ «Բլուրներն ինչպես սպիտակ փղեր», Յուջին Օ՛նիլ «Ենթակա է քանդման» և Վիլյամ Սարոյան «Ձեր կյանքի ժամանակը»:
Հերոսն իր հեղինակի հոգու արտացոլանքն է, ուսումնասիրելիս մեր տեսադաշտից չվրիպեց, որ դրամատուրգն իր հերոսուհու նման մեկ հիմնական անունով չի ներկայանում. պաշտոնապես՝ Անահիտ, իսկ ոչ պաշտոնապես՝ Աննա: Անունների ծագումնաբանությունը հանգեցրեց այն ենթադրությանը, որ հեթանոս աստվածուհու անունը մկրտության խորհրդով է վերափոխվել Տիրամոր մայրիկի անվան: Կռահումը հաստատեց տիկին Աղասարյանը: Անունն անձի նշանակյալն է, ուղեկիցը: Սա լոկ բառ չէ, այն ունի էներգիա, պատմություն, նշանակություն: Այս հնչունակազմը մենք նույնացնում ենք ես-ի հետ, երբ դեռ անձի գաղափարը հստակեցված չէ, երբ ինքներս չենք կարող արտաբերել, բայց սովորում ենք ու արդեն մի քանի ամսականում հայացքով արձագանքում: Երևի չգտնվի մեկը, ով կյանքի որևէ փուլում կյանքի անհաջողությունների մեղավորների ցուցակում նաև իր անունը չի գրել և ցանկացել փոխել այն: Ոմանք վճռում են և փոխում են ծնողներից ժառանգած անունը, ոմանք մի քանի անվամբ են հանդես գալիս, մի ստվար զանգված էլ, ի վերջո սկսում է սիրել իր բարեհունչ, կամ անբարեհունչ, ժամանակակից կամ պատմական անունը: Հաճախ ենք հանդիպում բեմական անուն ունեցող հայտնիների, կամ ազգային հնչողությամբ անունը ավելի ժամանակակից ու հիշվող տարբերակով փոխելու որոշման, հատկապես երբ փոխվում է բնակության վայրը, անվան տեղայնացումը հեշտացնում է ադապտացիան: Ներկայացման հերոսուհին անվանափոխության վճիռը կայացնում է մի դեպքում հայրենի քաղաքից մեկնելիս, մյուս դեպքում նույն քաղաք վերադառնալով երգչուհու գործունեություն սկսելիս:
Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է ամուսնանալիս ամուսնու ազգանունը վերցնելը: Նոր ընտանիքը այլ տոհմածառ է, որտեղ աղջիկն իր անունը պատվաստում է գիտակցումով, որ այս տոհմի նոր հիմնական ճյուղին ինքն է կյանք տալու: Ներկայացման հերոսուհին ամուր տոհմածառից չէր սերված և իրեն էլ չվիճակվեց արմատակալել ու նոր ճյուղի հիմքում հայտնվել: Անկախ այն փաստից, որ ոչ միայն ազգանունն, այլ նաև անունն էր փոխել կյանքի այս նոր կայարանում:
Գործողությունների վայրն անփոփոխ է, փոխարենը ժամանակային ալեկոծություն է՝ առաջին ու վերջին տեսարանների մեջ մոտ 40 տարվա կյանք է: Ժամանակը փոխում է նույն վայրի նշանակությունը, բայց տեղանքն անփոփոխ է՝ գնացքի կիսակայարան: Առաջին գորոծողությունում սա լքված վայր է, անտուն ու ֆիզիկապես խեղված մի երիտասարդի՝ Թոմի, (Արսեն Սաղաթելյան) կացարանը: Եվ միայն փոքրիկ հերոսուհու պատկերացման ու երազանքի միաձույլը՝ հեռվում նշմարվող ու փղեր հիշեցնող սպիտակ բլուրներն են շղթա դառնում երկու գործողությունների միջև: Երկրորդ գործողությունում արդեն այստեղ «Սպիտակ փղեր» կոչվող, գիշերակացի հնարավորությամբ, սրճարանն է: Ներկայացումը բաղկացած է երկու գործողությունից, բայց երեք ժամանակային կայարանից. մենք հերոսուհուն (դերակատար Ջեմմա Ադամյան) տեսնում ենք 5-րդ դասարանցի աշակերտուհու տարիքում, 30-ամյա երիտասարդ կնոջ կերպարում և վերջում նա ներկայացնում է 45-ն անց հասուն տիկնոջ: Յուրաքանչյուր տարիքային բեկման հետևում է նոր անվան ընտրություն: Մեկ ներկայացման շրջանակներում երեք տարիքային շրջան ներկայացնելն, իհարկե, դերասանուհու համար դյուրին խնդիր չէ: Եթե Ջեմմա Ադամյանի դերասանական գունապնակին ծանոթ չլինեինք, թերևս հիացական նոտաների պակաս չէր նկատվի, սակայն այս դեպքում դերասանուհին սեփական դերացանկից էր օգտվել: Ուիլին հիշեցնում էր նրա մարմնավորած Մանչուկին «Մանչուկն ու Կառլսոնը» հեքիաթի բեմադրությունից, Թիթին՝ Էդիթ Պիաֆին՝ «Բոհեմ» ներկայացումից:
Եթե ներկայացումը վերլուծության դաշտ բերենք որպես սինթետիկ արվեստի ստեղծագործություն, ապա այս սկզբունքով առանձնահատուկ ուշադրության է արժանի բեմանկարիչ Անի Ռաշոյանի ռեալիստական աշխատանքը: Բեմական տարածությունն ամենաիսկական գնացքի կայարան է, կենտրոնում՝ թունել: Տարածական արվեստի ուժով նկարիչը վիզուալ խորություն է ստեղծել, որտեղից սկսվում ու ավարտվում է մի աղջկա պատմություն: Ավարտվո՞ւմ… խորհրդանշական լուծումն այս հարցի պատասխանը չի տալիս: Մառախլապատ թունելի վերջում լույսը ավա՞րտ է, թե նոր սկիզբ: Ներկայացման հեղինակները բաց ավարտով թույլ են տվել յուրաքանչյուր հանդիսատեսի իրեն հոգեհարազատ հանգուցալուծումը գտնել: Ներկայացումը մեկ վայրում հյուսելու կլասիցիստական օրենքը շատ գործողություններ թողել էր կուլիսներում: Ինչպես ժամանակին նշել է Վիկտոր Հյուգոն ընդդիմախոսելով կլասիցիզմի կանոնիկությանը, գործողությունները ոչ թե կատարվում են այլ պատմվում: Ամբողջ առաջին գործողությունը Թոմի և Ուիլիի (հերոսուհու առաջին անունն է) երկխոսությունների վրա է կառուցված, բայց Թոմի նյարդային ու սեռական ջղաձգությունից ու անցնող գնացքի առաջ մանրադրամներ վաստակելու համար աղջկա խենթ պարից զատ ոչինչ չի կատարվում: Ռադիո ներկայացման օրինաչափությամբ հանդիսատեսը լսում է հերոսուհու ընտանիքի պատմությունը նրա ծննդյան պահից, տղայի անուն ունենալու հիմնավորումից մինչև այս քաղաքը լքելու վճիռ: Թոմն ու Ուիլին ծանոթանում են և բաժանվում, բայց այս հանդիպումը տարիներ սպասող ու համբերող ընկերության ու աննյութեղեն մտերմության հիմքն է դառնում: Սա փոքր-ինչ անտրամաբանական է, եթե նրանք մանկության ընկերներ լինեին, միասին մեծացած ու փորձություններ հաղթահարած համատեղ պատմության կրող, թերևս հասկանալի կլիներ:
Երկրորդ գործողության հիմքում Հեմինգուեյի «Բլուրներն ինչպես սպիտակ փղեր» պատմվածքից ֆրագմենտներ են: Այստեղից է նաև ներկայացման բնաբանը. «Եթե կյանքում մի անգամ ձեռքիցդ ինչ-որ բան բաց ես թողնում, այն էլ երբեք չի՛ վերադառնում»: Հերոսուհին պատահաբար հայտնվում է իր հայրենի քաղաքում: Ամեն բան նույնն է և լրիվ ուրիշ: Հանդիսատեսի տեսադաշտում ոչ թե մեծացած ու հասունացած Ուիլին է, այլ Ջիգը: Նոր անուն, որ հարիր է կրթված ու զարգացած գործարար կնոջ: Նա ապահովված է, բայց ոչ երջանիկ, նա պահանջված է, բայց ոչ սիրված: Զուգընկերոջ հետ միջանձնային բախումը դառնում է հերոսուհու կյանքի երրորդ անվան ընտրության պատճառը, և եթե փոքրիկ Ուիլին տարիներ առաջ այստեղ պարելով էր մանրադրամ վաստակում, ապա Թիթին՝ երգելով է սկսում ապահովել իր կեցությունը: Երկրորդ գործողությունում նոր գործող անձանց հետ ենք ծանոթանում, որոնք ֆաբուլա և կերպարային գերխնդիր գրեթե չունեն: Տարիքային հաջորդ ալեկոծությունը 14 տարի անց է: Ժամանակի զգացողությունը հստակ պահպանված չէ, 20-25 տարեկան աղջիկները 14 տարի անց 50-ն անց կանանց տեսք ունեն, իսկ Թոմը գրեթե չի ծերանում:
Կան ներկայացումներ, որոնց արժեքը գեղարվեստականից զատ ինքնին իրենց գոյության մեջ է, և տարիներ հետո վստահաբար հայ թատրոնի պատմության էջերում նշվելու է, որ 80 տարեկանում Նիկոլայ Ծատուրյանը շարունակում էր ստեղծագործել և հանդիսատեսին թատրոն հրավիրել:
Վանուհի Սեթոյան