Պոեզիա, որ մաքրում է արյունը

Այսօր մեր բանաստեղծական մտքի մեծերից մեկը՝ Վահագն Դավթյանը, կդառնար 100 տարեկան: Հոբելյանի առիթով առաջարկում ենք ծանոթանալ մի այլ մեծ բանաստեղծի՝ Էդուարդաս Մեժելայտիսի հոդվածին՝ Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ: Երկու  պոետները կապված էին երկարամյա բարեկամությամբ ու հոգևոր հարազատությամբ, և Մեժելայտիսը մեծ ոգեշնչումով ու սիրով է գնահատում Դավթյանի ստեղծագործությունը:

 

Երևի չկա բանաստեղծ, որ ժամանակ առ ժամանակ չվերադառնա դեպի մանկության ոսկե մայրցամաքը։ Եվ դա փախուստ չէ իրականությունից։ Ոչ մի դեպքում փախուստ չէ։ Դա մեր մեջ խորապես նստած ինչ-որ խորհրդավոր բնազդ է, որ կանչում է մեզ դեպի այն ակունքները, որոնցից, եթե մանկական աչքերով նայելու լինենք, ծագում է իսկական գեղեցկությունը, մեծ ճշմարտությունն ու հոգևոր մաքրությունը։ Իսկ դրանց ավելի է կարոտում հոգին՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ ոչ միայն բանաստեղծի հոգին, կարծում եմ, կարոտում է ամեն մարդու հոգի։ Այդ նախնական, ոչնչով չաղարտված ու չպղտորված աղբյուրից առնելով բարության, ճշմարտության ու գեղեցկության էլեքսիրը, հոգին դառնում է ավելի ուժեղ ու մաքուր։

Վահագն Դավթյանի բանաստեղծական լավագույն շարքերից մեկը նվիրված է այդ մայրցամաքին, որը հեռվից ձեռքով է անում «մանկության ծվեններով»։ Ճշմարիտ է բանաստեղծը, երբ ասում է. «Ով որ գնում է դեպի սկիզբը, գնում է միայն քամիների հետ ու թռչունների»։ Մանկության մասին բանաստեղծի այս հիշողությունն ինձ հիշեցնում է այն օդապարիկը, որ ես բաց էի թողնում տանիքների վրա, որպեսզի ուժով չափվեի քամիների ու թռչունների հետ։ Մենք այն ժամանակ դեռ չէինք գիտակցում, որ դա ոչ միայն օդապարիկ է, այլև մեր ռոմանտիկական երազանքը։ Իմ հայ ընկերոջ՝ մանկության մայրցամաքին նվիրված ամբողջ քնարերգությունն ասում է այն մասին, որ նա քնքուշ ու համառ, երազուն ու խիզախ մանուկ է եղել։

Հիրավի, մեծ խիզախություն պիտի ունենալ գրիչ վերցնելու այն պոեզիայի մեջ, ուր տիրություն է արել մի այնպիսի հսկա, ինչպիսին Նարեկացին է։ Հայ գրի մեջ նրա զբաղեցրած տեղը նույնն է, ինչ Արարատի տեղը Հայաստանի լեռների մեջ։ Մտքի հսկա, որ Դանթեի կողքին էր կանգնած։ Իսկ Ավետիք Իսահակյա՞նն ու Եղիշե Չարե՞նցը, որոնց անունները իրավացիորեն դրվում են Վեռլենի ու Ռիլկեի, Բլոկի ու Վերհարնի, Մայակովսկու ու Բագրիցկու անունների կողքին։ Այո, հայ շատ բանաստեղծների անուններ են գրված համաշխարհային պոեզիայի գանձարանում։ Ի՞նչ կարելի է ասել նրանցից հետո։ Մտքի այդ հսկաներն ու քնարի վարպետները, թվում է, հայ ժողովրդին ասել են արդեն այն ամենը, ինչ պետք էր նրան, ինչ կուզեր նա լսել իր մեծագույն մտածողներից ու բանաստեղծներից։ Եվ ասել են այնքան տաղանդավոր, այնքան օրգանական, որ թվում է, նրանցից հետո եկողների համար մնացյալ չասածն այնքան էլ շատ չէ։ Բայց Վահագն Դավթյանը, այնուամենայնիվ, որոշել է գրել։ Որտեղի՞ց է գրել։ Որտեղի՞ց է նա արիություն առել այդ որոշման համար։

Երբ ես ելնում էի բարձունքի վրա կանգնած այն հին վանքը, որի մեջ խցում երկար տարիներ փակված է եղել Սայաթ-Նովան, Սաադիից, Հաֆեզից ոչ պակաս մեծ բանաստեղծը, գլխիս վրա թեթև շառաչյուն լսեցի։ Վերև նայեցի ու երկնքում տեսա մի հզոր սպիտակ թռչուն, որն ինձ հիշեցրեց այն լեգենդական աղավնին, որ նահապետ Նոյը բաց թողեց իմանալու, թե չի՞ վերջացել արդյոք համաշխարհային ջրհեղեղը։ «Դա աղավնի չէ,- ժպտալով ասաց ուղեկիցս,- դա լեռնային սպիտակ արծիվ է»։ Ամեն տեսակ արծիվ տեսել էի, բայց սպիտակ՝ ոչ։ Առաջին անգամ Հայաստանում տեսա։ Անսովոր թռչուն։ Ասես սպիտակ, մաքուր, ոչնչով չաղտոտված հոգի էր, որ լայն թևերը բացած, սլացել էր երկինք։ Սայաթ-Նովայի նախկին բանտի վրա թևածող արծիվներն ինձ վրա հսկայական տպավորություն գործեցին։ Բայց ամենից շատ ինձ զարմացրեց նրանց աչքերի արտահայտությունը։ Արծիվը շատ մոտիկից թռավ, և ես հասցրեցի տեսնել նրա հայացքը՝ խիզախ, ամուր, ասես պողպատյա, կեռ կտուցը, սպիտակ թևերի հպարտ, լայն բախումները։ Ես նույնիսկ ցնցվեցի։ Ինձ թվաց, թե ես ինչ-որ մի տեղ արդեն տեսել եմ դա։ Եվ անմիջապես հիշեցի Վահագն Դավթյանին։ Նրա դեմքը։ Նրա աչքերը։ Իսկական լեռնային արծիվ։ Իր բանաստեղծություններից մեկում նա խոստովանում է, որ իր սիրելի զբաղմունքն է՝ «Բարձրանալ կատար... ու կանգնել արծվի հարևանությամբ»։ Մարդ, որ արծիվների ցեղից է։ Այդ պատճառով չէ՞, որ նա խիզախություն է ունեցել գրիչ վերցնել։

Բայց նաև իմաստություն է ունեցել, նաև նրբազգացություն։ Նա հասկացել է, որ անցյալի մեծագույն վարպետների հետ մրցելն անմտություն է։ Այդ պատճառով իր բանաստեղծություններից մեկում, որ գրված է աղոթքի ձևով և ուղղված է մեծ մտածողին՝ վաղուց հայերի ազգային հպարտությունը դարձած Նարեկացուն, 20-րդ դարի բանաստեղծը, մեր ժամանակակից Վահագն Դավթյանը, միայն մի բան է խնդրում. «Ով ամենատես, օգնիր, որ տեսնեմ այն, ինչ չեմ տեսնում»։ Ուրիշ ոչ մի բան նա չի խնդրում։ Շա՞տ է արդյոք սա։ Շատ-շատ։ Գուցե ամենամեծ բանը, ինչ բանաստեղծը կարող է խնդրել պոեզիայի նահապետից։

Եվ բանաստեղծն այդ շնորհն ստանում է 10-րդ դարի հանճարեղ մտածողից։ Մեծ է բանաստեղծական ավանդության ազդեցությունը Վահագն Դավթյանի վրա։ Բայց հանկարծ ու անակնկալ նրա ստեղծագործության մեջ բոլորովին նոր լույսով բռնկվում են պոեզիայի այնպիսի «ալմաստներ», որպիսիք ես ոչ մի տեղ երբևէ չեմ տեսել։ «Ալմաստները» չե՞ն արդյոք, որ Նարեկացուց ստացել է բանաստեղծը։

Պոեզիայի մեջ կարևոր չէ տեսնել այն, ինչ տեսնում են բոլորը։ Կարևոր է տեսնել այն, ինչ դեռ ոչ ոք չի տեսել, ինչ առաջինը բանաստեղծի աչքն է նկատել, և որ շուտով, նրա միջոցով, կպատկանի բոլորին։ Հենց այդ պատճառով էլ դավթյանական բանաձևը՝ «այն, ինչ չեմ տեսնում», շատ ճշգրիտ է ու իմաստալի։ Եվ դա դառնում է նրա բանաստեղծական սկզբունքը։ Արքիմեդյան հենակետը։ Բանաստեղծը պարտավոր է նկատել այն ամենը, ինչ նոր է կյանքում։ Եվ ոչ միայն նկատել, այլև նորովի իմաստավորել։ Բանաստեղծը, ասում ենք մենք, իր աշխարհն է ստեղծում։ Իրականում դա հենց այդպես էլ կա։ Նա իրեն ամենազոր տիրակալ կարող է զգալ միայն իր սեփական աշխարհում։

Մեծ Նարեկացին Վահագն Դավթյանին հրապարակ է տրամադրել այդպիսի «աշխարհ» ստեղծելու համար և «թագադրել է» նրան։ Չի կարելի մոռանալ, որ մենք գործ ունենք բացառիկ զգայուն էության տեր բանաստեղծի հետ։ Եթե մեր եղբայրակիցներից ոմանք ձգտում են ընդգրկել պատկերավոր ամբողջությունը, ամբողջ ծավալը և ուշադրություն չեն դարձնում մանրամասների վրա, ապա Վահագն Դավթյանը հակառակն է անում, նա մանրամասներից է սկսում։ Երբ բանաստեղծն ասում է, թե «Ես որձաքարի երակներն էի համբուրում խոնարհ, ինչպես մայրական ձեռքի երակն է համբուրում որդին», մենք անմիջապես տեսնում ենք ամբողջը։ Եվ քարի երակները, և ամբողջ լեռը, և հայ մոր հոգնած ձեռքերի ուռած երակները, և միաժամանակ ամբողջ Հայաստանը։ Այդ ամբողջի տպավորությանը բանաստեղծը հասնում է, թվում է, մանրուքի օգնությամբ, սակայն՝ մանրուք, որ ոչ ոք չի նկատել։ Ահա թե ինչպիսի հզոր ուժ է թաքնված պատկերավոր մանրամասնի մեջ։

Վահագն Դավթյանը խորապես ազգային, խորապես հայ բանաստեղծ է։ Նրա յուրաքանչյուր բանաստեղծությունն Արարատի մի բեկոր է։ Սակայն նրա ստեղծագործությանը խորթ է կեղծ ռոմանտիկական գեղագրությունը։ Այդ պատճառով էլ չես զգում, որ նա ազգային յուրահատկությունն արտահայտում է մի առանձին և լավ գտնված մանրամասնի միջոցով։ Բանաստեղծությունը չեն ծանրաբեռնում ընդհանուր տեղերը՝ լեռնային բարձունքները, կապույտ երկինքը, հայկական արևի ուժգնությունը։ Եվ նրան առավել ևս խորթ է հայտարարողական ոճը։ Եվ երբ, կարդալով Դավթյանի գիրքը, բոլոր պատկերավոր նուրբ մանրամասներն ի մի ես բերում, դիմացդ բարձրանում է Հայաստանի ամբողջական, փառահեղ ու գունեղ պատկերը։ Պատկերի օգնությամբ այնպես նկարել Հայաստանը, ինչպես Մարտիրոս Սարյանն է նկարել վրձնով, ստեղծագործական դժվարագույն խնդիր է։ Շատերն են փորձել։ Հաճախ հյուրընկալվելով Հայաստանում՝ ես էլ եմ փորձել։ Չի հաջողվել։ Բանաստեղծական պատկերը վեր էր ածվում դատարկ հայտարարության. «Դու գեղեցիկ ես, ինչպես...», «Ես քեզ սիրում եմ, ինչպես...» և այլն, և այլն։ Հայտարարողականությունն ամենահեշտ ու ամենահուսալի ուղին է։ Կյանքն ապացուցել է դա։ Պոեզիան կոնկրետություն է պահանջում, նրբագույն մանրամասն, երևակայություն։ Ազնվորեն խոստովանում եմ՝ ինձ չէր հաջողվում նկարել Հայաստանը։ Ու ես ուրիշ մեթոդ էի գործածում, «համայնապատկերային գեղանկարչությունից» անցնում էի «պատկերային խճանկարին»։ Բեկորներ, մանրամասներ էի հավաքում և նրանցով ստեղծում այդ լեռնային երկրի գունավոր խճանկարը։ Ավելի լավ էր ստացվում, հաջողվեց նույնիսկ «հայկական խճանկարի» այդպիսի մի քանի շարք գրել, որ հայերեն է թարգմանել Վահագն Դավթյանը։ Չէ՞ որ ինքն էլ է հաճախ անդրադառնում բանաստեղծական մանրամասների, գույների, տրամադրությունների խճանկարին։ Մի այլ բանաստեղծ, նկարելով Հայաստանի համայնապատկերը, կօգտագործի գեղանկարչական մեթոդը. լիրոէպիկական կտավի վրա կբարձրանան տպավորիչ գունեղ լեռներ, խաղողի այգիներ, պարտեզներ, նշանավոր Սևանա լիճը և այդ երկրի մյուս յուրահատուկ հանգամանքները։ Բայց ահա Հայաստանի այն բնութագրությունը, որ Դավթյանն է առաջարկում մեզ.

Երկիր, քարի մոլուցք ու մոլեգնած դու ջուր,

Երկիր, սեզի սոսափ ու կապույտի սահանք,

Աստծուն խոյահարող լեռան քարե եղջյուր

Ու տապալված վիհի քարե ապաշխարանք։

Մի քանի ժլատ գիծ, և բանաստեղծական մի սեղմ տան մեջ՝ ամբողջ Հայաստանը։ Եվ նրա անկրկնելի բնապատկերը, և հարավային բուռն խառնվածքը, և բանաստեղծական բուրմունքը։ Իսկապես պատկերային խտածո։ Զգացվում է վարպետի ձեռքը։ Նույնը կարող եմ ասել և նրա մի այլ բանաստեղծության մասին, ուր արևի տակ հասած նուռը այսպիսի խոսքերով է դիմում բանաստեղծին. 

Եկ, առ սիրտը մեր

Ու քո բռունցքի առնությամբ զորեղ

Քամիր շուրթերիդ

Ու քամիր քիմքիդ ծարավին անհագ,

Եվ քո արյան մեջ

Մենք կզրնգանք իբրև միջօրե,

Իբրև բերկրության կարմիր աղաղակ...

Ես կրկնում եմ՝ «կարմիր աղաղակ»։ Ինչ ինքնատիպ պատկեր՝ և կերպարի, և գույնի տեսակետից։ Լսում ես, թե ինչպես է ճչում բռան մեջ սեղմված նուռը, ինչպես է մատների արանքից հոսում նռան մուգ-կարմիր արյունը։ Մի նռան և բանաստեղծական մի տան մեջ՝ դարձյալ ամբողջ Հայաստանը, նրա ամբողջ բուռն խառնվածքը, ամբողջ կոլորիտը։ Ուժեղ է ասված։ Զգացվում է հասուն և խոշոր վարպետների ձեռքը։

Իսկ Դավթյանի սիրային քնարերգությո՞ւնը։ Նրա մեջ ինչքան քնքուշ զգացմունք ու գեղեցկություն կա։ Բանաստեղծը մի կողմ է նետում «սիրային խոստովանանքի» ամբողջ անհամ ավանդականությունը, երբ ասում է. 

Եղար առաջին օրհնված ընկույզ

Եվ եղար նռան կեղևում պահված

Բոսոր բարություն...

Եվ նորից նուռը, որ ընկել է հայկական բուռն ձեռքերի մեջ։ Սիրեցյալ կինն այստեղ զուգորդվում է Հայաստանի հետ։ Իսկ ինչպիսի ինքնատիպ փոխաբերություն. «Նռան կեղևում պահված բոսոր բարություն»։ Ոչ մի նման բան ես առաջներում չեմ հանդիպել պոեզիայի մեջ։ Կամ ահա այսպես.

Եկար քնքշորեն ու անակնկալ

Եվ իմ օրերը մեղկ ու փոշոտված

Փոխեցիր մաքուր,

Նախնական ու մեծ առավոտների։

Բանաստեղծը խուսափում է պարզունակությունից, նա չի ասում «իմ օրերը գորշ», ասում է՝ «իմ օրերը մեղկ»։ Եվ այդ անակնկալ էպիտետը բանաստեղծությանը բոլորովին այլ հնչողություն է տալիս։ Եվ ահա առավել կրքոտը.

Եվ բաշդ, որ վար է հոսում անձայն մի սուգով,

Ահա սիրեցյալ կնոջ վարսերի սուգ է գեղեցիկ...

Սա բանաստեղծը շշնջում է նժույգի ականջին՝ ասես սիրած կնոջն է ասում։ Եվ մենք հասկանում ենք, որ նրա մեջ նման համեմատություն է ծնվում, երբ նա սլանում է լեռները, սիրած կնոջ մոտ։ Ասպետական սեր։ Վտանգավոր թեմա է սերը բանաստեղծի համար, անգամ մեծերի։ Այդտեղ, ավելի քան այլ թեմայում, հեշտ է ընկնել տրորված ուղիներ։ Վահագն Դավթյանին հաջողվել է խուսափել դրանից։

Եվ, վերջապես՝ խաչքարը։ Հայկական այդ եզակի ֆենոմենը, նախշազարդ շիրմաքարը, որ մեր օրերն է հասել միջնադարից՝ դառնալով Հայաստանի յուրօրինակ խորհրդանիշը։ Քարի մեջ փորված խաչը խորհրդանշում է այն տառապանքները, արյունը, զոհերը, որ դաժան պատմությունը պահանջել է այս փոքրաթիվ հինավուրց ժողովրդից։ Իսկ ամբողջ քարը պարուրող բուսական նախշազարդը խորհրդանշում է այն ժողովրդի կենսական ուժը, որի դեմ անզոր են եղել դաժանությունը, մահը, ցեղասպանությունը։ Ցավին ու տառապանքին ուղեկցել են հերոսականությունն ու հայրենասերի ստեղծագործության մեջ խաչքարին հատուկ տեղ է տրվում.

Կանգնել է նա արևի դեմ,

Որպես թախիծ ու խղճի սյուն,

Կանգնել է նա դարերի դեմ,

Որպես խաչված գեղեցկություն...

Հասկանալի է, թե ինչու այս զուսպ մարդն ու խոշոր բանաստեղծն իր ժողովրդի ողբերգությունը հիշելիս ասում է.

Որ խաչքար դառնամ

Իմ մարմնի խաչով...

Եվ, վերջապես, սրտի խորքից բացականչում.

Ես՝ քարեղեն մոլուցք,

Ձյունահողմի գանգատ...

Հայ ժողովրդի ողբերգական պատմությունը կարմիր թելի նման անցնում է բանաստեղծի ողջ ստեղծագործության միջով։ Նրա ստեղծագործությունը հարազատ ժողովրդի անտանելի տառապանքների և ոչ մի բանի հետ չհամեմատվող հերոսականության մասին է, նաև նրա եզակի հանճարի, մշակութային արժեքների, որ հաստատված են գրականության, փիլիսոփայության, արվեստի, ժողովրդական կյանքի, կենցաղի մեջ։ Եվ երբ բանաստեղծն ասում է. «Ես՝ քարեղեն մոլուցք», մեզ համար պարզ է դառնում, որ քարի պես ամուր այդ մարդը պատրաստ է պաշտպանել իր ժողովրդի ազատությունը, մշակութային արժեքները, գոյատևությունը, ինչպես պաշտպանել են մեծ հերոսներն ու տառապյալները, ինչպես պաշտպանել են հասարակ մարդիկ անցյալ դարերում։ Նա անխզելիորեն կապված է իր ժողովրդի, նրա պատմության, հողի, լեռների, բույսերի հետ։ Մագլցելով հայրենի լեռները, բանաստեղծը լսում է, թե ինչպես ժայռերից «կաթիլ-կաթիլ մորմոքն է քամվում հնամյա ցավից»։ Նա հոգով ու մարմնով հայրենի հողից է։

Երևի, իրոք, ինչ-որ ժամանակ ես հող եմ եղել,

Քանի որ իմ մեջ մորմոքում է դեռ ծարավ մի վերին,

Անձրև է տենչում ու կապույտ հեղեղ,

Ուզում է գնալ ու ծունկի իջնել մեր աղբյուրներին։

Ինձ թվում է, թե Վահագն Դավթյանն իր բանաստեղծություններն այնպես նրբորեն ու հմտորեն է քանդակում, ինչպես հայկական հին վարպետներն էին քանդակում խաչքարը։ Նրա բանաստեղծական տեխնիկայի վրա ես հայ քարագործ վարպետների հզոր ազդեցությունն եմ տեսնում։ Նրա պոեզիայում հայկական նշանավոր տուֆաքարի գույներն եմ տեսնում նաև։ Վարդագույն, դեղնավուն, շիկավուն, գորշ, կապտավուն տուֆաքարի։ Վահագն Դավթյանն իր մեջ ներծծել է այն ամենը, ինչ հնարավոր է ներծծել բնապատկերով, պատմությամբ, ճարտարապետությամբ, գույներով, բույրերով հարուստ հայկական հողից։ Նրա հոգին նման է գինով լի սափորի։ Եռում է նոր քամված գինին, թափվում սափորի կավե շուրթերից։ Ինձ վրա ուժգին տպավորություն թողեց նրա այն խոստովանությունը, որ բանաստեղծություն գրելուց հետո իրեն այնպես է զգում, ինչպես «վաստակած սերմնացանները»։ Նշանակում է՝ մարդն աշխատել է։ Որքան մեծ է տաղանդը, այնքան ավելի աշխատանք է պահանջում նա։ Միայն միամիտ մարդիկ են չափից ավելի վստահում տաղանդին։ Բանաստեղծի տաղանդը համառ աշխատանքով է ապացուցվում։ Վահագն Դավթյանը ապացուցել է դա։

Ճանապարհորդելով Իսպանիայում՝ ես հիշում էի Հայաստանը։ Բնապատկերները նման են։ Եվ այնտեղ, և այստեղ լեռներ են, ժայռեր, քարեր։ Ես հիշում էի Սերվանտեսին ու Նարեկացուն։ Լամանշի ճանապարհին ինձ ուղեկցում էին մարդկանց մեծ բարեկամ Դոն Կիխոտի ստվերը ու Նարեկացու ողբասացությունը, որը, Դավթյանի բառերով ասած, «մաքրում է արյունը»։ Մարդկային արյունը պետք է մաքրել, այդպիսին է պոեզիայի կոչումը, որովհետև աշխարհում դեռ շատ է անկատարը, վատը, չարը։ Չկառավարվող բնազդները կարող են անհեթեթության հասնել։ Ես հիշում էի, իհարկե, նաև զարմանալի Ֆեդերիկո Գարսիա Լորկային, որ նահատակվեց այստեղ, ասպետների երկրում, գազանացած դահճի գնդակից։ Ես ինձ հետ տարել էի Լորկայի մասին Վահագն Դավթյանի հրաշալի բանաստեղծությունը, որ պետք է թարգմանեի լիտվերեն հրատարակվող հայ պոեզիայի անթոլոգիայի համար։ Իսպանիայում թարգմանելն ինձ համար բոլորովին դժվար չէր, որովհետև ամբողջ ժամանակ կողքիս կանգնած էր ինքը՝ Լորկան։ Այստեղ ես ավելի լավ հասկացա նաև Վահագն Դավթյանի բանաստեղծության ենթատեքստը։ Ինչո՞ւ են բանաստեղծի սրտին ուղղված և՛ բարի, և՛ չար հայացքներ։ Ինչո՞ւ են բանաստեղծի կուրծքը ողողում վարդերով և այդ նույն կրծքի մեջ գնդակներ խրում։ Որովհետև, ասում է Վահագն Դավթյանը, բանաստեղծի սիրտը «լույսով է հունցել երկնային տերը», և նա լուսավորում է մարդկանց թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։ Վառ է լուսավորում և տեսանելի շատ հեռուներից։ Այդ իսկ պատճառով լավ թիրախ է թե վարդի և թե արճճե գնդակի համար։ Այդպիսին է Դավթյանի բանաստեղծության իմաստը։ Եվ դա ինձ թվաց բավական ճշգրիտ։ Ես դա նույնիսկ բանաձև կանվանեի։ Բանաձև, որ խոսում է բանաստեղծի և կոչման, և ճակատագրի մասին։ Կոչումը, մարդկանց լուսավորելը, շուրջը լույս սփռելն է։ Իսկ ճակատագիրը ասպետի ճակատագիրն է։ Իսպանիայում, ասպետների երկրում, բանաստեղծի դժվար ճակատագրի մասին (հասկանալի է՝ բանաստեղծ-ասպետի)։ Դա աքսիոմա է, եզրակացություն, կենսափորձ։ Այդ միտքն է նաև նրա մի ուրիշ բանաստեղծության մեջ։

Եվ գիտես նաև

Որ շնչում ես դու,

Մաքուր՝ որպես խիղճ,

Ցավոք, որպես խիղճ,

Ծանր՝ որպես խիղճ։

Սա ասպետի օրենսգիրքն է։ Սա գորկիական Դանկոյի՝ արևի նման վառվող սրտի խոստովանություն է։ Ես չգիտեմ, ինչպիսին կլիներ մեր աշխարհը, եթե չլինեին այդպիսի այրվող սրտեր։ Բանաստեղծ-ասպետը, որ երդվել է պաշտպանել կյանքի ճշմարտությունը, ինչպես բլոկյան հիասքանչ Տիկնոջը, պիտի այն պաշտպանի մինչև վերջ։

Լորկային նվիրված՝ Վահագն Դավթյանի բանաստեղծությունը ես թարգմանեցի ճանապարհով քայլելիս, այն ճանապարհով, որով մի ժամանակ իր Ռոսինանտին հեծած սլացել է ազնվազարմ ու թախծագին ասպետը, հարգարժան հիդալգոն։ Ճանապարհի սալարկն ինձ օգնեց դրվագելու բանաստեղծության ռիթմը։ Թարգնմանեցի մտքիս մեջ, մի շնչով, առանց թղթի ու գրչի։ Հետո, հյուրանոց վերադառնալով, գրի առա թարգմանությունը։ Ես դա արեցի մեծագույն սիրով առ Լորկան ու Դավթյանը։

Ես սիրում եմ Վահագն Դավթյանի պոեզիան, որն իսկապես «մաքրում է արյունը», մարդկային երակների մեջ արևի լույս է ներարկում, մարդուն դարձնում ավելի լավ, ավելի ազնիվ, հանում է մինչև Արարատի բարձունքները։

 

Լիտվերենից թարգմանեց

Ֆելիքս Բախչինյանը