Փիրս Բրոսնան. «Դեռ ահագին գործ կա անելու»

Այսօր՝ մայիսի 16-ին, իռլանդացի դերասան և պրոդյուսեր Փիրս Բրոսնանը նշում է իր 68-րդ տարելիցը: 4 անգամ նա խաղացել է Ջեյմս Բոնդի դերը և 4 անգամ եղել ֆրանսիական Դովիլ քաղաքում անցկացվող Ամերիկյան կինոյի փառատոնի հյուրը: Կինոկարիերայի համար պատվո մրցանակ է ստացել 2019թ-ի սեպտեմբերի 6-ին՝ Դովիլի 45-րդ կինոփառատոնի բացման օրը:

Առաջարկում ենք ծանոթանալ այդ առիթով Փիրս Բրոսնանի՝ FRANCE 24 հեռուստաալիքին և LE POINT լրատվականին տված  հարցազրույցներին:

 

FRANCE 24

Լրագրողուհի  -Դուք արդեն բազմաթիվ ֆիլմեր եք ներկայացրել Դովիլի Ամերիկյան կինոյի փառատոնում, մասնավորապես՝ «Թոմաս Կրաունի աֆերան»,  «Ոսկե աչքը», «Վաղը չի մեռնի երբեք»: Ո՞րն է այս կինոփառատոնից ձեր լավագույն հուշը:

Փիրս Բրոսնան -Ինձ համար «Թոմաս Կրաունի աֆերան» է: Այս ֆիլմում այնպիսի ալքիմիա կար, որ այն պայթեցրեց էկրանը ու հիանալի ընդունվեց: Այն գերազանցեց մեր բոլոր սպասելիքները: Լինել պրոդյուսեր Բո Սեն-Կլերի հետ համատեղ, որը, ցավոք կենդանի չէ, աշխատել Ջոն ՄակՏիրնանի, Ռենե Ռուսսոյի հետ. այդ մասին կարելի էր միայն երազել: Հետո, բացի այդ, այստեղ՝ Դովիլում, շատ մտերմիկ մթնոլորտ կար՝ այս ձիերով զբոսանքները լողափում իրոք շատ գրավիչ էին, շատ ռոմանտիկ, շատ կինեմատոգրաֆիական, կենսուրախությամբ լի, մոգակա՜ն:  

 Լ. -Փիրս Բրոսնանն իր խաղացանկում ունի 90-ից ավելի ֆիլմ. «Նոյեմբերի մարդը», «Ուրվականը», «Մամա միա», բայց նրան միջազգային աստղ դարձրեց մի դեր, որը նա խաղաց 4 անգամ: («Ոսկե աչքը» (1995), «Վաղը չի մեռնի երբեք» (1997), «Ամբողջ աշխարհն էլ քիչ է» (1999), «Մեռիր, բայց ոչ հիմա» (2002):

Փ.Բ. -Բոնդ: Ջեյմս Բոնդ: Այո, սա թագի ադամանդն է, եթե կարելի է խոսել թանկարժեք քարի մասին: Անկասկած ,երբ դուք մարմնավորում եք այս կերպարը, ապա փոխում եք կատեգորիան, դուք ներթափանցում եք այնպիսի մի չափման մեջ, որը քիչ մարդկանց է ծանոթ: Բոնդին բոլորն են ճանաչում: Չեմ կարծում, որ առանց նրա կկարողանայի ստեղծել «Թոմաս Կրաունին»,  կամ «Մատադորին»: Սա ցատկահարթակ էր, ու ես կարողացա դրանից հետո ստեղծել իմ սեփական ֆիլմերը:

Լ. -Ասեկոսեներ կան, թե հաջորդ Ջեյմս Բոնդի դերում հանդես կգա սևամորթ դերասանուհի Լաշանա Լենչը: Այդ մասին ի՞նչ կասեք:

Փ.Բ. -Կարծում եմ, որ դրանք ընդամենը ասեկոսեներ են: Կարծում եմ, որ հեղինակներն անում են այն, ինչ ուզում են: Ոչինչ դեռ որոշված չէ: Ամեն դեպքում, նրան հաջողություն եմ ցանկանում:

Լ. -90-ականներին դուք մարմնավորել եք դետեկտիվ Ռեմինգթոն Սթիլի կերպարը: Դուք շարունակում եք խաղալ հեռուստանովելներում, վերջերս նկարահանվեցիք «Որդին» (2017) սերիալի երկրորդ սեզոնում: Ի՞նչ է ասում այս հեռուստաֆիլմը ներկայիս Ամերիկայի մասին:

Փ.Բ. -Իրականում սա ավելին է, քան մտորումը: Ֆիլիպ Մեյերի այս գիրքը Ամերիկայի կարևորագույն ժամանակաշրջանի մասին հուշեր է արթնացնում, բայց, կարծում եմ, որ խոսքը հատկապես զվարճալիքների լավ պահի մասին է:

Լ. -Այս սերիալում դուք ստանձնել եք վշտով համակված այրու դերը: Ձեզ ծանոթ է այդ ցավը, երբ դուք կորցրեցիք ձեր կնոջը, ձեր աղջկան: Ինչպե՞ս եք նմանեցնում ձեզ այս կերպարին:

Փ.Բ. -Երբ դուք կորցնում եք ձեր կնոջը, ձեր աղջկան, դա ձեր մեջ անջնջելի հետք է թողնում: Որպես դերասան, մենք վարժված ենք ու գիտենք, թե ինչպես կարելի է շատ արագ կերպով հանգցնել մեր մեջ եղած այդ զգացմունքները, ուստի Էլիի դերն իրոք ինձ համար էր, ու ես պետք է, որ մարմնավորեի այդ կերպարը: Նույնքան գնահատեցի մյուս դերասանների ընկերակցությունը: Ես նույնքան հավանեցի տեխասցու դեր խաղալը ու շատ արագ կերպարի մեջ մտա:

Լ -Իսկ դերը շա՞տ ֆիզիկական պատրաստվածություն էր պահանջում:

Փ.Բ. -Շատ ձիագնացություն կար՝ ինչն ինձ շատ դուր եկավ: Սաստիկ շոգ էր, մենք նկարահանեցինք առաջին սեզոնն ամառվա ամենակիզիչ շրջանում, երկրորդի համար ես խնդրեցի, որ նկարահանումներն ընթանան աշնանը: Այդպես էլ արեցինք:

Լ. -Ձեզ պաշտեցինք «Մամա միա» կինոնկարում: Ինչպե՞ս է Շերի, Մերիլ Սթրիփի, Քոլին Ֆերթի հետ աշխատելը:   

Փ.Բ. -Արտակարգ ու հիանալի: Կարծես ընտանեկան հավաք լիներ, ու ֆիլմն էլ մարդկանց այնքան ուրախություն պատճառեց, որ ինձ թված, թե ես հաջողակ տոմս եմ շահել: Սցենարը շատ ուժեղ էր և կերպարների նոր բացահայտում կար: Խաղալու համար բարդ չէր՝ պետք է գնայինք աշխատելու, որոշ ժամանակ անցկացնեինք միասին նկարահանման հարթակում ու երգեր երգեինք:

Լ. -Իսկ Շերի հետ նկարահանվելն ինչպե՞ս էր:

Փ.Բ. -Նա շատ ուրախ էր: Մենք բոլորովս հավաքվեցինք այն օրը, երբ նա պետք է երգեր: Այդ օրը ես չպետք է աշխատեի և պլանավորել էի նախաճաշել մորս հետ: Մեկ էլ ինձ կանչեցին, ասելով, որ իմ կարիքն ունեն: Ես մորս ասացի՝ դե, քանի որ իմ կարիքն ունեն, ուրեմն քեզ մնում է միայն գալ ինձ հետ: Մենք գնացինք և բոլորն այնտեղ էին՝ ամբողջ դերասանական կազմը, որովհետև Շերը երգում էր չափազանց քիչ, և սա այն պահն էր, որ կարելի էր նրան տեսնել: Մայրս նստեց Մերիլ Սթրիփի և Ջուլի Ուոլտերսի կողքին, իսկ Քոլին Ֆերթը և մյուսները բերել էին իրենց ծնողներին: Բոլորը եկել էին իրենց ընկերների ու ընկերուհիների հետ:  Ամենուրեք պայծառ լուսավորություն էր, աշխատում էին 12 տեսախցիկներով, լուսարձակներն ուղղված էին Շերի վրա: Սա մեր մասնավոր համերգն էր: Նա հմայիչ էր, նա պաշտելի կին է: Ինքն ու Մերիլ Սթրիփը վաղեմի ընկերուհիներ են: Մենք նստած էինք ու սպասում էինք, երբ են նկարահանելու: Խոսում էինք ռոքից, կինոյից՝ խմելով մի բաժակ թեյ: Այս կինը երջանկությու՜ն է:

Լ. -Դուք ձեր հուշե՞րն եք գրառում:

Փ.Բ. -Կամաց-կամաց:

Լ.- Ի՞նչն է ամենադժվար բանը, երբ հուշեր են գրում:

Փ.Բ. -Վերհիշելը:

Լ. -Ո՞րն է ձեր կյանքի ամենաապշեցուցիչ հուշը:

Փ.Բ. -Լքել Իռլանդիան 1964 թվականի օգոստոսի 12-ին, պատարագ մատուցել Սեն-Մարի եկեղեցում, միանձնուհու կամ ագարակատիրոջ հետ գնալ ձիով կամ սայլակով զբոսնելու, չոր խոտի հոտը, ամառվա երեկոները, Բոյն գետի ափին գտնվող կացարանը, որտեղ ես մեծացել եմ… Դու կրկին ընկղմվում ես այս ամենի մեջ, մի քիչ այստեղից ես վերցնում, մի քիչ այնտեղից, միացնում ես իրար ու թղթին հանձնում: Ես նույնքան էլ նկարում եմ ու մտածում եմ հաջորդ տարի ցուցահանդես բացելու ուղղությամբ:

Լ. -Ասում են, որ դա կարող է կայանալ Փարիզում:

Փ.Բ. -Ոչ, ոչ, ես այդ միտքն ինձանից վանել եմ: Ես այն կկազմակերպեմ Սանտա Մոնիկայում՝ Վենետիկում: 35 տարի է, ինչ այնտեղ եմ ապրում՝ համակրելի և գեղեցիկ տեղ է, եթե իմ աշխատանքը պետք է որևէ տեղ ցուցադրեմ, ապա դա կլինի այնտեղ: Սա նկարների շարք է, որն օգտագործում եմ նաև իմ գրքում:

Լ. -Որպես պրոդյուսեր Փիրս Բրոսնանը իր կնոջ՝ Կիլի Շել Սմիթի հետ վերջերս նկարարանել է «Դրախտի թունավորումը» վավերագրական ֆիլմը, որը բարձրացնում է Հավայան կղզիներում պեստիցիդների խնդիրը: Այսօր ձեզ համար ամենալուրջ մարտահրավերը կլիմայի գլոբալ տաքացումն է:

Փ.Բ. -Այո, անշուշտ, անկասկած: Մենք կանգնած ենք անդունդի եզրին. Երկիրն արնաքամ է լինում, անտառներն այրվում են, մենք խրված ենք դրա մեջ, իսկ համաշխարհային լիդերները կարծես թե ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ:

Լ. -Այս ֆիլմի կարգախոսներից մեկն է գործելը: Ի՞նչ է պետք անել, ըստ ձեզ:

Փ.Բ. -Սկսել այն ամենից, ինչը շրջապատում է ձեզ. ձեր սեփական գետերից ու ձեր ջրի հուներից, գրել ձեր կառավարությանն այն ամենի մասին, ինչը շատ է ձեզ անհանգստացնում: Միավորվեք, գտեք մարդկանց, ովքեր կկիսեն ձեզ հուզող խնդիրները, կունենան ընդհանուր գաղափարներ: Պետք է միավորվել, ոտքի կանգնել ու առաջ գնալ:

 

LE POINT

ԴՈՎԻԼ, ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԻՆՈՅԻ ՓԱՌԱՏՈՆ

Հարց -Ձեր կարիերայի ո՞ր փուլն է ձեզ ամենաշատը դուր գալիս:

Փ.Բ. -Ջեյմս Բոնդի ֆիլմաշարի վրա կատարած աշխատանքը: Սա հաստատ իմ առաջխաղացման ամենակարևոր պահերից մեկն էր: Այն կառուցեց իմ կարիերան, թույլ տվեց ինձ ստեղծել իմ սեփական ֆիլմերը, հիմնել իմ ձեռնարկությունը և այսօր գտնվել այստեղ՝ Դովիլում, այդ կապակցությամբ մրցանակ ստանալու համար: Այո, դա Բոնդն է:

Հարց -Ջեյմս Բոնդը ձեր տեսած առաջի՞ն ֆիլմն էր:

Փ.Բ. -Սա առաջին ֆիլմն էր, որը ես դիտեցի Իռլանդիայից մեկնելուց հետո: Իռլանդիայից մեկնել եմ 1964թվականին: 11տարեկան էի: Մի ուիքենդ մայրս իր բոյֆրենդի հետ, որը հետագայում դարձավ իմ խորթ հայրը, ինձ տարավ կինո՝ դիտելու «Գոլդֆինգեր» («Ոսկե մատ») ֆիլմը: Շլացուցիչ էր:

Հարց -Դուք դեռ Ջեյմս Բոնդի մոլի երկրպագո՞ւն եք:

Փ.Բ. -Ես դիտել եմ միայն «Կոորդինատները «Սքայֆոլ»» կինոնկարը: Տեսել եմ «Գթասրտության քվանտի» պիլոտային սերիան: «Գթասրտության քվանտ»,  հասկանու՜մ եք: Ինչ եղավ, եղավ: Ես նույնպես ունեի իմ ոճը: Սակայն Դենիել Քրեյգը հիանալի էր Ջեյմս Բոնդի այս դերում: Նրա ներկայությունը էկրանին այնքա՜ն տպավորիչ է: Իրոք հավանում եմ նրա արածը:

Հարց -Իսկ հնարավո՞ր եք համարում, որ 007 գործակալի կերպարում կին լինի:

Փ.Բ. -Նմանատիպ շշուկներ միշտ էլ կան: Հնարավոր է, բայց դա պետք է ինչ-որ արտառոց բան լինի: Հարկ է որ նա իրոք լավը լինի: Նա պետք է բոլոր ակնկալիքները գերազանցի և ինքն իրեն ճանապարհ հարթի: Նրանք գիտեն այդ մասին:

Հարց -Իդրիս Էլբա, Քոլին Սելմոն: Ի՞նչ եք մտածում նրանց մասին:

Փ.Բ. -Նրանք կարող էին ֆանտաստիկ Ջեյմս Բոնդ լինել: Քոլին Սելմոն շատ մտերմիկ ընկեր է: Ես նրան ասացի՝ հիմա քո հերթն է դերը խաղալու: Դու դա փայլուն կանես:

Հարց -Ի՞նչ հուշեր ունեք Ռոման Պոլանսկուց:

Փ.Բ. -Ֆիլմերի, տեսախցիկի հանդեպ ունեցած նրա կիրքը, ամբողջ նկարահանվող տեսարանի ընթացքում դրսևորած նրա հեղինակությունը, այն ուրախությունը, երբ աշխատանքը լավ է կատարված: Նա փառասեր է: Սակայն ես անչափ շատ էի սիրում աշխատել նրա հետ: Հիշում եմ նկարահանման առաջին օրը: Հիմա չեմ պատմի, որովհետև պատմությունը զվարճալի է, բայց՝ անպարկեշտ: Պաշտում եմ նրա հետ աշխատելը:

Հարց -Այլ ֆրանսիացի ռեժիսորներ ճանաչո՞ւմ եք:

Փ.Բ. -Կլոդ Լելուշին, որին հանդիպեցի այս գիշեր Դովիլում: Վստահ եմ, որ Ֆրանսիայում շատ լավ ռեժիսորներ կան, բայց նրանց չեմ ճանաչում, շատ չեմ ֆիլմեր դիտում:

Հարց -Ներկայումս դուք պրոդյուսե՞ր եք:

Փ.Բ. -Որպես պրոդյուսեր, դու կարող ես քո համար քո սեփական կերպարները ստեղծել: Այսպիսով մենք ունեինք մի քանի ֆիլմ, որոնք ցանկանում ենք զարգացնել և ակնհայտ է, որ դրանք հատուկ իմ համար էին ստեղծված: Ուրախ էի կիսվել այդ փորձով իմ ընկերների հետ, ինչպիսինն էր Բո Սեն-Կլերը: Քո օգտին աշխատող ընկերներ… Դեռ ահագին գործ կա անելու:

Հարց -Ո՞րն է ձեր նախընտրած ֆրանսիական ֆիլմը:

Փ.Բ. -«Կարմիր փուչիկը»:

Հարց -Ո՞վ է ձեր նախընտրած ֆրանսիացի դերասանը:

Փ.Բ. -Ժերար Դեպարդիեն:

Հարց -Ո՞վ է ձեր նախընտրած ֆրանսիացի դերասանուհին:

Փ.Բ.-Սոֆի Մարսոն:

Հարց -Ո՞վ է ձեր նախընտրած ֆրանսիացի ռեժիսորը:

Փ.Բ. -Ամենասիրելի ռեժիսոր չունեմ: Տրյուֆոն:

Հարց Ո՞վ  է ձեր նախընտրած ֆրանսիացի երգիչը:

Փ.Բ. -Շարլ Ազնավուրը:

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը