Փելեշյանի օպերատորը

Վահագնն արդեն 10 րոպե էր`հատակն էր նկարում: Նայում էի ու մտածում`լավ, ի՞նչն է այդքան երկար գրավել նրա ուշադրությունը: Շրջում եմ, վերադառնում, չէ, էլի էր նկարում: Նույն կետի վրա էր «նշան բռնել», բայց արդեն ավելի կենտրոնացած ու ջղաձիգ. այն, ինչն այդ պահին ամենակարևորն էր, մի վայրկյանից ուղղակի չէր լինելու: Ու մեկ էլ նայում եմ ու տեսնում`հատակին պատուհանից թափանցած լույսն է: Հենց դա էր նկարում...

 

Փելեշյան-Տեր-Հակոբյան դուետը

Այդ ա՞չքն էր, որ 1989-ին նկատեց Արտավազդ Փելեշյանը Վահագն-Տեր Հակոբյանի մեջ, երբ նրան ընտրեց որպես իր ֆիլմերի օպերատոր: Վահագնն ասում է` Վարպետին ոգևորեց այն փաստը, որ ինքը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն էր ավարտել: Բայց քանի որ Վահագնն ավելորդ խոսել չի սիրում, իսկ Փելեշյանն առհասարակ խոսել չի սիրում, հավանական է` նրանցից մեկն ուղղակի չի ասում ամբողջ ճշմարտությունը: Վահագնն աշխատել է 77 ռեժիսորների հետ, 185 միավոր աշխատանքներ է նկարել, բայց նրա մասին պարզապես ասում են`«Փելեշյանի օպերատորը»: Կինոժայռի անվան կողքին իր անունը լսելը պետք է որ ականջը շոյեր: Բայց ես Վահագնի բացակա խոսքերից այլ բան հասկացա: Փելեշյանը նրա համար նուրբ նյարդ է: Անուն, որը չի կարելի չարաշահել: Եթե ուզես, նա կարող է քեզ պատմել պատմություններ, որոնք Փելեշյանի մասին են, բայց չի շտապի պատմել այն,  ինչն իր և Փելեշյանի մասին է: Վահագնն այս «դուետում» չի ուզում լինել առաջին պլանում, բայց և չի կարող «նիֆոկուս» մնալ. Փելեշյանն իրեն է ընտրել ու ճիշտ ժամանակին «սեղմել է ռեքը»:

 

«էլ Հայաստանում  կինո չեմ նկարելու»

Աստվածածնի դեմքով կին, սպասում, սրտի զարկեր, քրտինք, ցավի արանքից սողոսկած ժպիտ, աշխարհն իր առաջին շոշափուկներով զգացող նորածին: Փելեշյանի «Կյանք» ֆիլմի նկարահանումներն էին, 1990-ակաների սկիզբը: Վահագնը Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը նորաթուխ մայրերի ու նորածինների էր նկարում: Նրա օբյեկտիվը ֆիքսում էր հետաքրքիր, ընդգծված դիմագծեր, բառերին փոխարինելու եկած դիմախաղ, այն, ինչ հնարավոր չէր գրել, պատմել, պետք էր ցույց տալ: Ֆիլմի համար նկարել էին մի քանի կանանց: Եվ ահա կանանցից մեկի սկեսրայրը և ամուսինը, իմանալով, որ նրան ևս նկարահանել էին ֆիլմի համար, աղմուկ են բարձրացնում և չեն թողնում, որ կինը երևա ֆիլմում: Այստեղ Փելեշյանի ներշնչումը բախվում է նահապետական վեհերոտությանը, իսկ ազատությունը`նեղ մարդկային հարմարավետության ձգտումին: Վահագնը պատմում է` Փելեշյանն այդ պահին այնքան հուսահատ էր, որ խռոված երեխայի նման ասել էր. «Էլ Հայաստանում  կինո չեմ նկարելու...»:

 

Չի սպասել, որ լույսը բացվի

Այդ երեխան, ի դեպ, միայն խռովության պահին չէ, որ արթնանում է Փելեշյանի մեջ: «Ոսկե ծիրանի» հերթական մրցանակաբաշխությունն էր: Փելեշյանը ստացավ իր պատվավոր մրցանակը: Թվում էր`ամեն բան ընթանում էր սովորական հունով, մրցանակաբաշխությունն ավարտվել էր, բոլորը ցրվել էին: Եվ հանկարծ Վահագնն ուշ գիշերին զանգ է ստանում Փելեշյանից. «Լսի´ր, իմ ու Գոդֆրի Ռեջիոյի մրցանակները խառնել են: Հիմա ինձ մոտ Ռեջիոյի մրցանակն է: Շուտ արի´, սա տար, փոխանակիր ու իմը բեր ինձ»:

Հազիվ թե հիմա կարողանանք կռահել, թե Վարպետն այդ պահին հատկապես ինչ էր զգացել, բայց այն, որ նա մտադրություն չուներ մեկ քայլ անգամ նահանջելու`սպասելով, որ գոնե լույսը բացվեր, իրողությունն է: Վահագնին այլ բան չէր մնում, քան Փելեշյանից վերցնել ամերիկացու մրցանակն ու շտապ տանել հյուրանոց: Նա թակում է ռեժիսորի համարի դուռը. «Ասացի` կներեք, որ գիշերով անհանգստացնում եմ, բայց ձեր և Փելեշյանի մրցանակները շփոթել են, հիմա ձեզ մոտ իր մրցանակն է: Տարակուսած նայեց ինձ. «Really?»: Մրցանակը բերեց, ուշադիր նայեց, զարմացավ, որ չէր նկատել, ծիծաղեց ու վերադարձրեց, ապա վերցրեց իրենը»:

 

Սֆինքսը`անձրևի տակ

Երբ բոլորը խոր շունչ են քաշում`համարելով, որ ֆիլմի նկարահանումներն ավարտված են, Վահագնը դեռ վայր չի դնում տեսախցիկը: Նա օպերատոր է միշտ և ամենուր, անգամ`սուրճ խմելիս: «Փարիզի սրճարաններից մեկում Փելեշյանի հետ նստած էինք, երբ հանկարծ հորդառատ անձրև սկսվեց: Արագ վերցրի տեսախցիկս, անցա փողոցը, որպեսզի անձրևը նկարեմ ցանկալի ռակուրսից: Ու մեկ էլ հայացքս ընկավ Փելեշյանի վրա: Մինչ անակնկալ տեղատարափը մյուսներին հանկարծակիի էր բերել, նա նստել էր անձրևի տակ այնքան օրգանական, անշտապ, հանգիստ, կարծես բոլորովին այլ չափումների մեջ լիներ: Տեսախցիկս անմիջապես թեքեցի նրա վրա, անձրևը թողած` Փելեշյանին էի նկարում: Այդ պահին նա իսկական Սֆինքս էր, Սֆինքս`անձրևի տակ»,-պատմում է Վահագնը:

 

Զանգ`օպերատորին

Երբ վերջերս ցուցադրվել էր Արտավազդ Փելեշյանին նվիրված «Բացակա պատկեր» ֆիլմը, որի օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է, Փելեշյանը զանգահարել էր նրան ու հարցրել, թե ինչպես է անցել ցուցադրությունը: Մի արտասովոր բան կա նրանում, որ Փելեշյանի պես հսկան հետաքրքրվում և գուցե նաև անհանգստանում է համեստ մի դահլիճում տեղի ունեցած փոքրիկ ցուցադրության համար: Բայց ես չզարմացա ոչ Փելեշյանի անհանգստությունից, ոչ էլ այն բանից, որ նա հենց Վահագնին էր զանգել: Էլ ո՞ւմ աչքը պետք է գնահատող հայացքներ կորզեր`ծափահարություններից ու ժպիտներից անդին:

 

Աննա Բաբաջանյան

 

... ...