Փելեշյանի դիալեկտիկան՝ ողբի և հույսի կինոն

23 տարվա դադարից հետո Արտավազդ Փելեշյանը վերադառնում է մեծ էկրան իր «Բնություն» ֆիլմով, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Ժամանակակից արվեստի «Կարտիե» հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսի ընթացքում: Այս ֆիլմը ստեղծվել է 2005 թվականին ստացված պատվերով՝ «Կարտիե» հիմնադրամի և ZKM Filminstitut-ի՝ Կարլսրուեի Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոնի (Գերմանիա) համատեղ ջանքերի շնորհիվ: Այն կինոռեժիսորի տասնհինգ տարվա աշխատանքի արդյունք է՝ մի կինոռեժիսորի, ում ֆիլմագրությունը նույնքան հազվադեպ է, որքան հանրահայտ:

 

Ցուցահանդեսն առաջարկում է աննախադեպ երկխոսություն կինոռեժիսորի «Բնություն» ֆիլմի և նրա առաջին՝ «Տարվա եղանակները» պատմական ստեղծագործության միջև, որը նկարահանվել է 1975 թվականին և համարվում է ձոն գյուղական աշխարհին: Այն թույլ է տալիս լույս սփռել յոթերորդ արվեստի այս կարևոր վարպետի ստեղծագործության վրա, և ըստ արժանվույն՝ արդարացիորեն գնահատել մի քնարական ստեղծագործություն, որում երբեմն մարգարեական շեշտադրումներ են հնչում:

Ֆիլմի՝ դեկտեմբերի 15-ից սկսված ցուցադրությունը Փելեշյանի ֆենոմենի մասին վերստին խոսելու ևս մեկ առիթ է: «ArtCollage» ներկայացնում է France Culture-ի   «Արտավազդ Փելեշյան, անհանգիստ կինոգործիչ» վերնագրով հրապարակումը: 

Փելեշյանի  ստեղծագործությանը France Culture-ն անդրադարձել է Բորդոյի համալսարանի կինեմատոգրաֆիական հետազոտությունների բաժնի դասախոս Մարգարիտ Վապերոյի հետ միասին։

 

France Culture- Արդեն 23 տարի է, ինչ Արտավազդ Փելեշյանը ֆիլմ չի նկարահանել։ Հետևաբար, ժամանակակից արվեստի «Կարտիե» հիմնադրամի նախաձեռնած  «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կարևոր իրադարձություն է: Այս ստեղծագործությունը, որը սկսվում է Բեթհովենի երաժշտությամբ՝ հնչում է նրա շքեղ «Տեր ողորմեան», ներկայացնում է վեհասքանչ, վսեմ, բայց միևնույն ժամանակ սարսափ առաջացնող բնություն: Ըստ ձեզ, ի՞նչ է սա, քավության կինեմատոգրաֆիա:   

Մարգարիտ Վապերո -Խոսելով Փելեշյանի մասին, կարևոր է հիշել, թե նա որտեղից է գալիս: Այս կինոռեժիսորը սերում է Տարկովսկու և Կոնչալովսկու սերնդից: Նա Տարկովսկուց վեց տարով փոքր է և սովորել է հեղափոխությունից հետո հիմնված Մոսկվայի խորհրդային կինոյի ինստիտուտում՝ ՎԳԻԿ-ում: Նա ուշ է միացել կինոաշխարհին՝ ինժեների կարիերա անելուց հետո: Այսպիսով, նա Երկրորդ համաշխարհային պատերազմի երեխաների սերնդից էր և որպես հայ, 1915 թվականին Թուրքիայում  իրագործված Հայոց ցեղասպանության հիշատակի կրողն է՝ մի ոճիրի, որը պաշտոնապես շատ ուշ է ճանաչվել։ Փաստորեն, կարելի է ասել, որ Փելեշյանի ստեղծագործության մեջ, առաջին իսկ ֆիլմից սկսած, ինչ-որ չափով քավություն կա: Նրա աշխատանքը սկզբունքորեն դիալեկտիկական է՝ առկա է և՛ ողբ, և՛ հույսի կոչ։ Իմ կարծիքով այս կինոռեժիսորին կարելի է բնորոշել մեկ բառով՝ անհանգիստ: Նա իրոք անհանգստանում է պատմության և ապագայի համար և ինձ թվում է, թե «Բնություն» ֆիլմն իսկապես այս ամենի կրողն է:

 

Հնաոճ երաժշտության գեղագիտությունը

France Culture -Պետք է ասել, որ նրա ֆիլմերը շատ գեղագիտական են, դրանցում գերիշխող դեր է ունի երաժշտությունը :

Մարգարիտ Վապերո -Նա պլաստիկ արվեստի մեծ կինոռեժիսոր է, ինչպիսին  հաճախ լինում են խորհրդային կինոռեժիսորները: Նա ավանդաբար աշխատում է  կերպարի և ձայնի նյութականացման վրա։ Մյուս կողմից, խոսելով երաժշտության ընտրության մասին, նշենք, որ այստեղ մենք լսում ենք Բեթհովենի «Տեր ողորմեան», հավասարապես Մոցարտի «Կլարնետի կոնցերտը», նմանապես նա օգտագործում է սովետական և վերջապես, հայկական երաժշտություն, ինչպես նաև 80-ականների վերջին ծնված շատ ավելի երիտասարդ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանի ստեղծագործությունները, ինչը շատ կարևոր է նրա և իր սերնդի մարդկանց համար: 

Փելեշյանի համար երաժշտության օգտագործումը միջոց է, որով նա ստիպում է իր հանդիսատեսին ֆիլմի մեջ մտնել։ Ի տարբերություն ամերիկյան կամ եվրոպական ավանգարդի, որը փորձում է մտահոգվել ժամանակակից երաժշտության պատմությունով, սովետական կինոռեժիսորները և հատկապես Փելեշյանն օգտագործում են երաժշտության շատ «մեյնսթրիմ» տարբերակները, որոնք կարող են արևմտյան հանդիսատեսին հնաոճ թվալ: Եվրոպայում ձևավորված երաժշտության պատմության համար Փելեշյանն ամբողջությամբ  օտար է։ Նա հայտնի, ճանաչված երաժշտություններ է օգտագործում, որպեսզի միավորի դրանք ու ստեղծի կինո լայն հանդիսատեսի համար՝ մի բան, որը շատ բնորոշ է սովետական կինոյին:

 

Պատկերի և ձայնի նյութականացման հետազոտում

France Culture -Իր վերջին «Բնություն» ֆիլմում Փելեշյանն առաջին անգամ թվային պատկերներ է օգտագործում։ Աշխատանք, որը, ըստ Մարգարիտ Վապերոյի, հանդիսանում է նրա ժապավենային ֆիլմերի շարունակությունն, այն առումով, որ պատկերի նյութն ինքնին միշտ հարցականի տակ է դրվում:

Մարգարիտ Վապերո -Գրեթե սովորական, չափազանց որոշակի, էկրանի ֆոնին նման, ինչպես նաև չափազանց փիքսելիզացված պատկերների միջոցով Փելեշյանն աշխատում է պատկերի պլաստիկ հատկանիշների բազմազանության վրա: Հենց նման տարրապատկերը՝ սպեկտրն է այն միջոցը, որով «Բնություն» ֆիլմը հարցեր է բարձացնում:

France Culture -«Le Monde» թերթում 1992 թվականին հրապարակված՝ Ժան-Լյուկ Գոդարի հետ ունեցած իր զրույցում, Փելեշյանը շեշտում է, որ շփոթված է, թե ինչպես է գործածվում «վավերագրական» տերմինը: «Ֆրանսերենում խաղարկային ֆիլմ են կոչում այն, ինչը ռուսերենում կոչվում է գեղարվեստական ֆիլմ, մինչդեռ ամբողջ կինոն պետք է գեղարվեստական լինի»: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է դասակարգել նրա ստեղծագործությունները:

Մարգարիտ Վապերո -Կինեմատոգրաֆիական կատեգորիաները ընդհանուր ոչինչ չունեն: Ֆրանսիայում օգտագործում ենք «խաղարկային/վավերագրական» տերմինները, Ռուսաստանում գործածվում են կինոյի բոլոր կատեգորիաները: Դրանք համապատասխանում են որոշակի մշակույթի, որոշակի լեզվի և որոշակի պատմության: Եվ հենց դա է, որ հետաքրքիր է Ժան-Լյուկ Գոդարի ֆիլմերում: Կինոյի պատմության մասնագետների համար Գոդարը պահպանում է ուղեկցողի  իր դերը՝ նա միշտ հարցադրումներ է անում նույնիսկ այնպիսի բաների մասին, որոնք մեզ կարող են ակնհայտ թվալ, այդպիսով ստիպելով մեզ վերանայել ամեն ինչ:

Զրույցի ավարտին ասեմ, որ Փելեշյանի կինոն Եվրոպայում և ԱՄՆ-ում ընդունված է փորձարարական կինոյի միջավայրում։ Նրա ֆիլմերը կինեմատոգրաֆին բնորոշ միջոցներով քննարկում են պատմության թեման։ Դրանք վավերագրական ֆիլմեր չեն, իրենց այսօրվա բուն իմաստով, ոչ էլ այնպիսի ֆիլմեր, որտեղ պատկերը միայն կադրից դուրս գրած խոսքի նկարազարդումն է։ Իրականում Փելեշյանը մեզ հետ պատմության մասին խոսում է պատկերներով ու հնչյուններով: Նա մի արտիստ է, որը մի քիչ նման է Վերածննդի դարաշրջանի մեծ մարտերը պատկերող նկարչի՝ նրան բառեր պետք չեն, դրա համար պատմության ձեռնարկներ կան։

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը