Պատմվածքներ

ՀԱՍԻԿՆ ՈՒ ՊԱՅԾԻԿԸ

***

Աղչի Պայծիկ, նանը մեռավ, տուն արի ,-ոչ հոդաբաշխ հայերենով գոռում էր Հասիկը, և զուգահեռ լաց «ասում»` ոչ թե սովորական լաց էր լինում, այլ լացը հանդիսավոր պատմում էր իրենց բակի գյուղական զուգարանի կողքի քարակույտի վրա նստած։ Պայծիկը առավոտյան գնացել էր դիմացի թաղի հարևաններին հյուր և, կարծես թե, թունդ զրույցի էր բռնվել. ոչ մի արձագանք։

Հասիկը միշտ հագնում էր գույնզգույն շորեր՝ իրար վրայից, խալաթ, խալաթի վրայից՝ էլի խալաթ, հետո կիսաշրջազգեստ, հետո կրկին խալաթ, վրայից գոգնոց, գոգնոցի վրայից մի հատ ավելի մեծ գոգնոց և այդպես շարունակ։ Նրա գրպաններն ուռուցիկ էին, և եթե մի քիչ մոտ էիր կանգնում, գույնզգույն լարեր էին երևում գրպանի մեջ։ Ձեռքերին «ադամանդակուռ» մատանիներ կային, որոնք թեպետ արդեն վաղուց ժանգոտվել էին, բայց հեռվից շարունակում էին պսպղալ։ Հասիկի տարիքը հիշում էր միայն մեռած նանը, այն էլ իր հետ տարել էր արդեն։ Երկու քրոջ ամբողջ ունեցվածքը մի կիսատ-պռատ չորացած պոպոքի ծառ էր, որը աճում էր ուրիշի այգում, բայց նրանք որոշել էին, որ ծառն իրենցն է, դե մեկ էլ՝ նանի թոշակն ու իրենց թոշակը։ 

Եթե հանկարծ մեկը շփոթվեր անցնել Հասիկենց այգու մոտով՝ չալիկը ձեռքին կհարձակվեր, քանզի ծեր օրիորդի կարծիքով ցանկացած ոք աչք ուներ իրենց պոպոքի ծառի վրա, որն աճում էր ուրիշի այգում։

Բակի երեխաները ծաղրում էին Հասիկին, իսկ նրանք որոնք չէին ծաղրում Հասիկը միևնույնն է չէր սիրում, քանի որ կարծում էր, որ բոլորն ուզում են գողանան իր գրպանի գունավոր լարերը, որը նա, երևի, տարիներ շարունակ հավաքել և «խրճկել» էր գոգնոցի գրպանում։ Պայծիկն արտաքնապես ավելի «արիստոկրատ» տեսք ուներ՝ մազերը ճերմակ և խնամքով կտրած, իսկ իր ամբողջ խայտաբղետ հագուստի վրայից հագնում էր իր լեզվով ասած՝ «կաստըմ»։ Հաճախ բարկանում էր քրոջ վրա, սակայն այդ «վեհ» վարքագիծը հօդս էր ցնդում, երբ Հասիկը նրանից որևէ բան էր խնդրում։

-Աղչի Պնծանիիկ, -այդպես էր դիմում Հասիկը քրոջը, -աղչի խի ես կռիվ անըմ, -ասում էր Հասիկը և ձայնը գլուխը գցած դուրս գալիս տանից։ Եթե կռիվը ցերեկն էր տեղի ունեցել, ապա լացում էր մինչև գիշեր, եթե գիշերը՝ լացում էր մինչև լույս։ Բոլորի սրտին ցավ էր տալիս Հասիկի լացը, չնայած որ նա հաճախ սիրում էր լացել առանց պատճառի, ուղղակի նստում էր իրենց բակի քարերին ու բարձր ձայնով լաց լինում, այնքան՝ մինչև ձայնը կտրվում էր, ու չէր լսվում մի երկու օր։ Հասիկից մանուշակի հոտ էր գալիս, կախարդական հեքիաթի հերոսի կերպարի էր նման նա, հատկապես, երբ կապում էր իր երկնագույն «ծպներով» գլխաշորը և գնում դեպի դիմացի թաղը։ Ճանապարհի ծառերի շուքի ներքո եթե նրան տեսնեիք, ապա հաստատ կհիշեիք «Բելառուսական հեքիաթներ» -ի ժողովածուն՝ իր բարի ու չար կերպարներով հանդերձ։

Նանի մահը Հասիկի սիրտն այնքան էր կոտրել, որ նա ուղիղ երեք օր նույն քարին նստած աղիողորմ լաց եղավ։ Պայծառիկն էլ էր տխրել, իհարկե, սակայն Հասիկը լաց էր լինում այնպես, ինչպես դեռահաս աղջիկը կողբա իր մոր համար։

Իհարկե, անկախ կնճիռների քանակից, երեխան միշտ մնում է երեխա։ Հասիկը նանի երեխան էր, նա այդպես էլ չէր հասկացել, որ անցել է իր մանկությունը, պատանեկությունը, ամուսնանալու տարիքը, և նույնիսկ՝ ծերությունը։ Նա չէր հասկանում, որ նանն ուղղակի երկար է ապրել, որ շուտով իր հերթն է այս աշխարհին հրաժեշտ տալու, նա ուրախանում էր իր փայլփլուն մատանիներով, գունավոր մետաղյա լարերով և այլն։

Երբ քելեխից կամ ուրախ առիթների սեղաններից Հասիկին ուտելիք էին ուղարկում հարևանները, նա օրհնում էր մինչև վերին Աստված, փաստորեն անիծելուց բացի օրհնանք էլ գիտեր, բարի էլ էր լինում Հասիկը։

Լեգենդ կար որ նրա անեծքը կտրում է ցանկացած պատնեշ, ու հասնում հասցեատերին։ Բայց թե ում էր անիծում Հասիկը, ոչ ոք չէր հասկանում, ուղղակի անիծում էր, էդ գիտեր՝ էդ էր անում։ Նանին թաղելուց հետո Հասիկը թուլացավ, բայց սպասվածից երկար ապրեց։ Պայծառիկը այդպես էլ չփոխեց իր «կաստըմը», ոչ էլ քույրը հրաժարվեց իր տակվետակ շորերից, նրանցից ոչ մեկն այդպես էլ չամուսնացավ, բայց Հասիկը մահացավ լացը լեզվին...Առանց Հասիկ էլ ինչ Պայծիկ, առանց Հասիկ էլ ինչ թաղ, նույնիսկ բակի քարը մնաց առանց Հասիկ...

 

ԹԹԻ ԾԱՌԸ, ՍԵՐՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ

***

Ամռան տապը բթացրել էր առանց էն էլ կռացած Սամոյի գլուխը։ Շորերը շալվարի տակից դուրս թռած, ռեզինե չստերով քստքստացնելով հազիվ գնում էր տան դիմացի խանութ հատով ծխախոտ առնում, կեսը ծխում, կեսն էլ հանգցնում, շպրտում։ Նորմալ ծխել էլ չէր ստացվում, սիրած աղջիկը՝  Ժաննան, «փախել» էր Երևան։ Արևը մի կողմից, Ժաննան՝ մյուս, տնեցիների հանդիմանանքների հետ Սամոյին հասցնում էին խելագարության։

-Արա թե ինչս ա պակաս, էնա տունը կա, կովը կա, տեղը կա, տո ես իմ կնգան թող չեմ անի կով կթի, թե խի փախավ, գլխի չեմ, -հարցուփորձ անողներին այսպես էր պատասխանում Սամոն։

Խարտյաշ մազերով Սամոյի հետ ամուսնանալ շատերը կուզենային, բայց Սամոյի սիրտը Ժաննային էր կպել այն պահին, երբ Ժաննայենց թթի ծառի վրա ժամերով սպասելուց քնել էր ու ընկել ներքև, ձեռքը կոտրել, Ժաննան էլ հասել էր՝ օգնել, տարել տուն, ու սիրահարված երիտասարդի աչքերի մեջ նայելով խոստացել, որ իր հետ է ամուսնանալու, «ռազ» որ իրեն այդպես սիրում է, երկրորդն էլ՝ էն ժամանակ երևանցի ուզող չուներ։

Հնդկական կինոյի նմանվող այս սիրային պատմության գլխավոր հերոսուհու մազերը ձիու բաշ կհիշեցնեին, բայց դա այն ժամանակ գյուղական նեղ շրջանակներում գեղեցկության չափանիշ էր համարվում, իսկ Ժաննայով այնպես էին հիանում, կարծես նա մի մարմարե անձեռակերտ արձան է։ Այդպես էլ քայլում էր փողոցով՝ դիք-դիք, գլուխն ուղիղ, կուրծքն առաջ, մազերը՝ հետ։

Մի օր երեկոյան, Ժաննայենց տան մոտ անծանոթ համարներով, ինչպես իրենք էին հետո նշում՝ «իմպրտնի» մեքենաներ կանգնեցին։ Դա չվրիպեց հետաքրքրասեր հարևանների աչքից, իսկ հաջորդ օրը բոլորն իմացան, որ այդ անծանոթ համարներով «իմպրտնի» ավտոյով տղեն եկել է Ժաննային ուզելու, Ժաննան էլ խոսք է տվել։

Երևան, մինուճար տղա, կվարտիրա,- ահա այսպես պարծենում էր նրա մայրը, երբ հետաքրքրվում էին թե ով է փեսեն և ինչացու է։

Լուրը հասել էր Սամոյի ականջին, բայց Ժաննան նրան արդեն հեռագիր էր ուղարկել, որ իրենց տան կողմերն այլևս չերևա, որովհետև ինքը երևանցի տղայի հետ է ամուսնանում։

Թեպետ Սամոյի սիրտը կտոր-կտոր էր լինում, բայց հպարտությունն ու նամուսը թույլ չէին տալիս երեսը պնդացնել ու գնալ Ժաննայենց տուն՝ բացատրություն պահանջելու։ Համ էլ մտածում էր թե խալխի աղջկա պատվի հետ կխաղա, երեկ են եկել խնամախոս, ինքն էլ ասել է՝ հա, էլ ո՞ւր գնա։

Սամոն տառապում էր, իսկ Ժաննայի սիրտը Երևան էր ուզում, սիրուն շորեր,  ավտոյով տղա, սրճարաններ ու ռեստորաններ, գայթակղությունն ավելի ուժեղ էր, քան Սամոյի նման ռամիկ տղայի խոստացած սերն ու նվիրած սարի ծաղիկը: Վերջն ամուսնացավ։

Սամոն իր առաջ նպատակ դրեց, որ ինչ էլ լինի պետք է ինքն էլ Երևան տեղափոխվի: Այդպես էլ արեց։

Տեղափոխվեց ու սկսեց աշխատել, գիշեր-ցերեկ բանվորություն անել, անձրևի տակ քնել, բայց երբեք հետ չգնալ, այլ այնքան աշխատել, որ ինքը ոչ մի բանով պակաս չհամարվի ուրիշներից, հատկապես՝ Ժաննայի ամուսնուց։

Սամոյի կյանքը շատ դաժան էր, բայց նպատակը ուժ էր տալիս։ Ժաննան այդ տարիների ընթացքում հասցրել էր երեխաներ ունենալ և իմանալ, որ նախկին սերը՝ Սամոն, Երևանում է ապրում։

Չդիմանալով չգրված օրենքները չխախտելու կանոններին, թե ամուսնացած կինը գործ չունի այլ տղամարդկանց հետ, հատկապես նախկին ընկերոջ, Ժաննան նամակ էր գրել Սամոյին, թե փոշմանել է, պետք է չամուսնանար, սարի ծաղիկն իր համար ավելի թանկ էր, քան երեք սենյականոց բնակարանն ու ամուսնու քաչալ գլուխը, թե գյուղական կյանքից է փախել, ստիպված է արել և այլն...

Սամոն այդ մասին պատմում էր շատ մեղմ ժպիտով, երբեք չմանրամասնելով նամակի բովանդակությունը, միայն մեկ բան էր ասում.

-Գրեցի՝ Ժաննա ջան, ուշ ա, գնա ամուսնուդ, երեխեքիդ տեր կանգնի։

Իսկ Սամոն Ժաննայի նամակին պատասխանել էր Երևանում գնած իր բնակարանից։

 

Ասպրամ Սարատիկյան