Պատմություններ Մոսկվայի նշանավոր հայերի կյանքից

Խորհրդային շրջանում մոսկվահայ մի խումբ անվանի գործիչներ ժամանակ առ ժամանակ հավաքվում էին, փորձում օգնել միմյանց, նաև՝ Հայաստանին։ Այդ մասին շատ քիչ է գրվել (բացի այդ՝ ամենևին նպատակ չունեմ սպիտակեցնելու խումբը գլխավորող Անաստաս Միկոյանի հակասական կերպարը), սակայն համոզված եմ, որ վստահելի մարդկանցից (Նիկոլայ Նիկողոսյան, Յուրի Լյուբիմով, Կառլեն Միկոյան) լսածս այս պատմությունները պետք է պահպանվեն, քանի որ եթե անգամ ինչ-որ մանրուքներում դրանք հորինված կամ չափազանցված են, այնուամենայնիվ, գոնե բանավոր փոխանցվող լեգենդի մի մասն են դարձել այլևս։ Թե երբ են նշանավոր մոսկվահայերը սկսել հավաքվել, ինձ հայտնի չէ, ենթադրում եմ, որ 1940-ականներից, սակայն նրանց միջև փոխաջակցության դեպքեր դեռ 1920-1930-ականներից են հայտնի, ասենք, երբ Ռուբեն Սիմոնովը, Կարո Հալաբյանը և Արամ Խաչատրյանը համագործակցում էին Մոսկվայի Հայ մշակույթի տանը Պարոնյանի «Պաղտասար աղբարի» բեմադրության ժամանակ, կամ երբ Անաստաս Միկոյանը Հովհաննես Բաղրամյանին փրկեց անհատի պաշտամունքի զոհ դառնալուց։

Այս պատմական հավաքույթների միակ մասնակիցը, որին բախտ եմ ունեցել հանդիպել, Նիկոլայ Նիկողոսյանն էր՝ նրանցից ամենակրտսերը։ Ըստ Նիկողոսյանի՝ գրող Մարիետա Շահինյանի մոտ տեղի ունեցած այդպիսի մի հանդիպումից հետո է ինքը որոշ աջակցություն ստացել Մոսկվայում աշխատելու հարցում։ Ռուբեն Սիմոնովի թոռը և անվանակիցն իր մի հարցազրույցում պատմել է․ «Ընդհանրապես, մոսկվահայերը միշտ ընկերություն էին անում։ Ամեն ամիս մենք անպայման հանդիպում էինք Անաստաս Միկոյանի, Արտեմ Միկոյանի, Պավել Լիսիցյանի, մարշալ Բաղրամյանի, Նիկոլայ Նիկողոսյանի կամ մեզ մոտ՝ մեր բնակարանում։ Ու միշտ հավաքվում էր մեծ ընկերական շրջապատ, բոլորն իրենց հետ բերում էին երեխաներին։ Մեծերն իրենց խոսակցություններով էին զբաղված, իսկ մենք՝ երեխաներս, խաղում էինք»։ Ցավոք, այս հրաշալի ավանդույթը հետագայում չունեցավ իր շարունակությունը․․․

***

Անաստաս Միկոյանը ստալինյան բռնաճնշումների ամենադաժան տարիներին ԽՍՀՄ սննդի արդյունաբերության ժողկոմն էր։ Նրա շնորհիվ Խորհրդային Միությունում հայտնվեցին պաղպաղակը, նրբերշիկը, խտացրած կաթը և շատ այլ բաներ։ Նա իր ղեկավարած ոլորտում  հաճախ էր նոր աշխատակիցներ ընդունում, ինքն անձամբ էր վարում հարցազրույցները և վերջում միշտ ավելացնում էր․

-Մեկ տարի հետո՝ կամ պաշտոնի բարձրացում, կամ՝ գնդակահարություն․․․

***

Վաստակաշատ շինարար, հասարակական գործիչ Կառլեն Միկոյանը 18 տարեկանում հայտնվում է Մոսկվայում՝ իր ապագայի հանդեպ մեծ ծրագրերով։ Նա Անաստաս Միկոյանի հեռավոր ազգականն էր, երկուսն էլ արմատներով Արցախից էին։ Կառլեն Միկոյանը գալիս է Հայ մշակույթի տան (նախկին Լազարյան ճեմարանի) շենք, որի հանրակացարանում այն ժամանակ (1950թ․) հայ ուսանողներ էին ապրում ու սովորում, և խնդրում է իրեն բնակվելու տեղ հատկացնել։ Տնօրենը նախ մերժում է, ապա, երբ պատանու փաստաթղթերում տեսնում է նրա ոչ անհայտ ազգանունը, անմիջապես զգաստանում է ու ասում, որ հիմա կզանգի Կրեմլ՝ Անաստաս Միկոյանին։

Գտնում է հեռախոսահամարը, զանգում․ նրան պատասխանում է Անաստաս Միկոյանի օգնականը։ Նրանց միջև տեղի է ունենում հետևյալ երկխոսությունը:

-Բարև Ձեզ, մեզ մոտ Հայ մշակույթի տուն է եկել Կառլեն Միկոյան անունով մի պատանի, ապրելու անկյուն է փնտրում։ Միացրեք, խնդրում եմ, Անաստաս Իվանիչի հետ, թող նա ասի`պե՞տք է օգնել, թե՝ ոչ։

-Բարև Ձեզ, Անաստաս Իվանիչին անհանգստացնել պետք չէ։ Գիտե՞ք քանի այդպիսի ազգականներ նա ունի․․․ Ես չեմ պարտադրում, բայց եթե կարող եք նրան օգնել, ապա օգնեք․․․

Եվ Կառլեն Միկոյանին հանրակացարանում տեղ են հատկացնում։ Հետագայում նա որպես շինարար շատ մեծ բարձունքների հասավ։

***

Քչերին է հայտնի, որ հենց հայկական կապերի շնորհիվ է ստեղծվել Տագանկայի լեգենդար թատրոնը։

Ճարտարապետ Կարո Հալաբյանն Անաստաս Միկոյանի ընկերներից էր, և երբ Բերիան զայրացել էր Հալաբյանի վրա՝ բոլորի ներկայությամբ իրեն հակաճառելու համար, Միկոյանը հայ ճարտարապետին Երևան է ուղարկում՝ ըստ  էության փրկելով նրա կյանքը։ Հալաբյանի այրին՝ գեղեցկուհի դերասանուհի Լյուդմիլա Ցելիկովսկայան հետագայում դարձավ հռչակավոր դերասան և ռեժիսոր Յուրի Լյուբիմովի քաղաքացիական կինը։ Երբ 1963-ին Լյուբիմովն իր ուսանողների հետ բեմադրում է Բրեխտի «Բարի մարդը Սեզուանից» պիեսը, այն մեծ հաջողություն է ունենում, սակայն կուսակցական վերադասները սկսում են խանգարել, իսկ Շչուկինի թատերական ուսումնարանի թողարկող ամբիոնը նույնիսկ արգելում է ներկայացման ցուցադրությունը։ Ու ամեն բան կարող էր դրանով էլ ավարտվել, եթե Ցելիկովսկայան, որը ժրաջան ու խիստ կամային կին էր, չփորձեր Լյուբիմովի համար մի թատրոն գտնել։ Այդ հարցով նա դիմում է Անաստաս Միկոյանին, որը համաձայնում է օգնել ընկերոջ այրուն ու անձամբ դիտելով ներկայացումը, բոլորի ներկայությամբ բացականչում է․ «Սա ուսանողական ներկայացում չէ՛։ Սա թատրո՛ն է լինելու ու խիստ ինքնատիպ թատրոն»։ Նա առաջարկում է Կոնստանտին Սիմոնովին՝ ներկայացման մասին մի դրվատական հոդված գրել կենտրոնական «Պրավդա» թերթի համար։ Հոդվածից հետո Միկոյանի համար հեշտ էր այդ հարցն առաջ տանել, և Լյուբիմովին շուտով առաջարկվում է Տագանկայում գտնվող թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը։ Հետագայում, երբ Լյուբիմովի համարձակ և ազատախոհ ներկայացումների պատճառով թատրոնն ուզում էին փակել, Միկոյանը ևս մեկ անգամ այցելում է թատրոն և օգնում փրկել այն։

Իսկ մի միջոցառման ժամանակ, որին ներկա էին Կենտկոմի անդամները, Միկոյանը մոտենում է Լյուբիմովին, գովում նրան ու տեսնելով, որ մոտակայքում քայլում է կոմկուսի «գորշ կարդինալ» Միխայիլ Սուսլովն, ասում է․ «Հեռու մի գնացեք, թող Ձեզ կողքիս տեսնեն, դա կօգնի Ձեզ»։

***

Ռուբեն Սիմոնովը շատ էր սիրում ֆուտբոլ դիտել ու ըստ Նիկիտա Սիմոնյանի հուշերի՝ երբեմն խաղից առաջ որդու՝ Եվգենիի հետ այցելում էր իրենց հանդերձասրահ։ Նա նմանություններ էր տեսնում այդ մարզաձևի ու թատրոնի միջև, ու նրան հետաքրքիր էր, թե ինչպես են ֆուտբոլիստները պատրաստվում խաղին։ Միշտ հետևում էր ֆուտբոլային հաշիվներին ու երբ վատ էին խաղում, իր տուն այցելած Նիկիտա Սիմոնյանին հարցնում էր․ «Նիկիտա, ե՞րբ պիտի սկսենք խաղալ»։ Եթե դերասանը անտաղանդ էր, Ռուբեն Սիմոնովը նրա մասին ասում էր․ «Ի՞նչ իմաստ ունի հետն աշխատել։ Գոլ խփել չգիտի, ու ինչքան էլ մարզեմ, ոչ մի օգուտ չի լինի․․․»

***

Պատանի Նիկոլայ Նիկողոսյանը սիրահարվել էր Արուս Ոսկանյանին, այդ պատճառով աշխատանքի էր ընդունվել Երևանի պետական թատրոն՝ որպես ռեկվիզիտոր և ամենուր ուղեկցում էր չքնաղադեմ դերասանուհուն։ Նիկողոսյանը փողոցում ընդհարում է ունենում նախ Չարենցի հետ, իսկ հետո էլ՝ Վահրամ Փափազյանի, որը բավական աննրբանկատ հարց է տալիս դերասանուհուն (որն, ի դեպ, նրա նախկին դասընկերուհին էր), թե արդյո՞ք այս պատանին նրա սիրեկանն է։ Կնոջ պատիվը պաշտպանելու նպատակով Նիկողոսյանը Փափազյանի հետ կռվի մեջ է մտնում։ «Ամբողջ կյանքում չներեցի նրան,- իրեն հատուկ անմիջականությամբ ասում էր քանդակագործը։ -Մեծ դերասան լինելը բավական չէ։ Երբ տարիներ անց Գրականության և արվեստի թանգարանից հայ նշանավոր արվեստագետների քանդակները և տաղավարները պատրաստելու առաջարկ ստացա, բոլորինը պատրաստեցի, բացի Փափազյանից»։

***

Ավետիք Իսահակյանը նոր էր վերադարձել Խորհրդային Հայաստան, երբ Նիկոլայ Նիկողոսյանը Վարպետից թույլտվություն է խնդրում պատրաստել նրա քանդակը։ Իսահակյանը համաձայնում է, սակայն որպես բնորդ չափազանց լուռ էր։ Բացվում է, սկսում զրուցել, միայն երբ տեսնում և հավանում է պատրաստված քանդակը։ Պարզվում է, որ Իսահակյանը կասկածել է, թե Նիկողոսյանը Չեկայի լրտես է, ու միայն նրա տաղանդավոր լինելում համոզվելով է նրա հանդեպ վստահություն ձեռք բերել, քանի որ համակրում էր խենթ նկարիչներին։ Տարիներ անց էլ, լինելով Երևանում, Նիկողոսյանը շարունակում է այցելել Վարպետին ու նրան նորից է քանդակում։ Ստացված արդյունքից գոհ՝ Իսահակյանը գրկախառնվում է Նիկողոսյանի հետ և հետևյալ խորհուրդը տալիս․ «Մոսկվայում ապրելով՝ հայրենիքդ չմոռանաս։ Որքան էլ տաղանդավոր լինի մարդը, ամուր կարող է կանգնել միայն ի՛ր հողի վրա․․․»:

1977 թվականին Լենինականում տեղադրված Իսահակյանի բրոնզե հուշարձանի համար Նիկողոսյանն արժանանում է ԽՍՀՄ պետական մրցանակի։

 

Աշոտ Գրիգորյան 

Պատկեր․

1․ Ռուբեն Սիմոնովը և Նիկոլայ Նիկողոսյանը Վիլյամ Սարոյանի հետ