Պատմություններ Արտեմ Ալիխանյանի մասին

Անվանի ֆիզիկոս, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի համահիմնադիր Արտեմ Ալիխանյանը (1908-1978) արդեն կյանքի օրոք առասպել էր դարձել, նրա մասին զարմանալի պատմություններ էին  շրջում  ամբողջ ԽՍՀՄ տարածքում, և, անշուշտ, իր վառ անհատականությամբ, մարդկային  նկարագրով, հաստատակամությամբ, անզիջում պահվածքով, անհավատալի նախագծերով նա ինքն էլ նպաստում  էր դրան։ Նույնիսկ իրական պատմություններն էին որպես անհավանական առասպելներ հնչում, օրինակ՝ որ ապագա ակադեմիկոսը երիտասարդ հասակում միկիտանի մատուցող է եղել ու թերթավաճառ, կամ էլ  նրա՝ Հայաստան հրավիրած օտարազգի ֆիզիկոսներից մի քանիսը հետագայում Նոբելյան մրցանակ ստացան (Երևանում Ալիխանյանին հյուրընկալված Նոբելյան մրցանակակիրների թիվն անցնում  է մեկ տասնյակից)։ Նաև՝ որ նրա մոսկովյան բնակարանի մանրահատակը Ալեքսանդր Սոլժենիցինն էր շարել։

Ինքս էլ, չնայած ծնվել եմ Ալիխանյանի մահվանից մի քանի տարի անց, մշտապես երախտագիտության զգացումով եմ լցված եղել հայ գիտնականի, գիտության հմուտ կազմակերպչի հանդեպ։ Հայրս՝ Լևոն Գրիգորյանը, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ աշխատանքի էր ընդունվել Ալիխանյանի տնօրինության օրոք, ես էլ մեծացել եմ Ալիխանյանի կառուցած ֆիզիկոսների ավանում, նրա ջանքերով է կառուցվել նաև Հայաստանի թերևս ամենագողտրիկ ճանապարհը, որ դեպի Քարի լիճ է տանում։ 1942 թ․, երբ Ալիխանյանը Հայաստան եկավ, հանրապետությունում ֆիզիկայի ոլորտում  ոչ մի գիտության թեկնածու չկար, իսկ 1970-ականներին թեկնածուները և դոկտորներն արդեն տասնյակներով էին հաշվվում։ Նա այն հազվագյուտ խորհրդային գիտնականն էր, որի մասին կյանքի օրոք գեղարվեստական կինոնկար նկարահանվեց («Բարև, ես եմ», ռեժ․՝ Ֆ․ Դովլաթյան, 1965):

Ալիխանյանը՝  որպես ֆիզիկայի ինստիտուտի ղեկավար, անսովոր պահելաձև ուներ իր աշխատողների հետ. նա ոչ թե սոսկ տնօրեն էր, այլ իր լավագույն աշխատակիցների մտերիմը, կարող էր այցելել նրանց տները, լուծել նրանց բնակարանային և այլևայլ կենցաղային խնդիրները (եթե նույնիսկ իրեն չէին դիմել), և, անշուշտ, սիրում էր նրանց պատմել իր հետ պատահած դեպքերի մասին: Քանի որ հորս շրջապատում էլ կային Ալիխանյանի մտերիմներից, այդ պատմություններն ինձ էլ են հասել։ Դրանց մեծ մասն անտիպ են ու որքան են իրական, դժվար է ասել, բայց որպես փաստական հիմք ունեցող պատմություններ էլ արդեն մնայուն արժեք ունեն։

 

***

Ալիխանյանը կնամեծար մարդ էր ու փոխադարձաբար սիրված էր կանանց կողմից։ Նրա առաջին կինն էր բանաստեղծուհի, թարգմանչուհի Մուզա Պավլովան, որը թարգմանել է նաև հայ հեղինակների՝ Իսահակյանի, Տերյանի, Չարենցի գործերից՝ այդ թվում՝ «Ես իմ անուշ Հայաստանին»։ 1941 թ․ դեկտեմբերյան մի ցրտաշունչ օր Ալիխանյանը Պավլովայի հետ գնում է կայարան՝ հրաժեշտ տալու Տաշքենդ էվակուացվող Աննա Ախմատովային։ Ախմատովան, որ այդ ժամանակ հալածյալ բանաստեղծներից էր, պիտի մեկներ ջարդված ապակիներով մի սառը վագոնով։ Արդեն Ստալինյան մրցանակի դափնեկիր Ալիխանյանը գտնում է գնացքի պարետի օգնականին ու միջնորդում, որպեսզի Ախմատովային տեղափոխեն տաք վագոն՝ կազմակերպելով Ախմատովայի բարեհաջող ժամանումը Տաշքենդ։

Ալիխանյանի համակուրսեցին էր և նրա հետ էր աշխատում Դմիտրի Շոստակովիչի կինը՝ Նինան։ Արտեմն ու Նինան միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ էին տածում։ Սակայն 1954 թվականին Նինան քաղցկեղից մահացավ Երևանում։ Ալիխանյանի վիշտն անամոք էր, նա շատ ծանր էր տանում սիրելիի մահը։ Բայց նաև ամեն ինչ անում էր, որպեսզի ընկճախտից հանի ընկերոջը՝ Դմիտրի Շոստակովիչին, շուրջ մեկ ամիս գտնվում էր նրա կողքին։

Փաստորեն, երկու մեծ անհատների ընկերությունն ամեն բանից ուժեղ էր։

Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների կայանի շենքը (ճարտ․՝ Ռ․ Իսրայելյան) Ալիխանյանի ցանկությամբ կառուցվեց ի հիշատակ Նինայի՝ սև տուֆից։ Տարիներ անց ծնված իր դստերն Ալիխանյանը անվանեց Նինա։ Ու մինչև կյանքի վերջը, դեկտեմբերին ալ կարմիր վարդեր էր տանում իր սիրելիի գերեզմանին։

 

***

ԽՍՀՄ ատոմային ռումբի ստեղծման նախագծում Ալիխանյանի ավագ եղբոր՝ Աբրահամ Ալիխանովի ներդրումը դժվար է գերագնահատել։ Եթե Աբրահամը նախագծի գիտական քարտուղարն էր ու ղեկավարներից մեկը, ապա գերմանական ատոմային գաղտնիքների և անհրաժեշտ հազվագյուտ քիմիական նյութերի հայթայթումը Արտեմի գերխնդիրն էր։ Երբ Արտեմը արագորեն գտնում է փնտրվող հերթական միացությունը, ատոմային նախագծի խնամակալ Բերիան նախ զարմանում է, հետո մատը թափ է տալիս Արտեմի վրա, որը չափազանց հնարամիտ մարդու համարում ուներ, ու կես-կատակ ասում․

-Արտյուշա, ես քեզ կնստեցնեմ։

Բայց իրականում գոհ է մնում ֆիզիկոսի ճարպկությունից և երբ ատոմային ռումբը ստեղծվում է, պետանվտանգության նախարարությունից զանգահարում են Ալիխանյանին և առաջարկում այցելել նացիստական Գերմանիայից բերված ավարների պահեստ ու իր համար ընտրել՝ ինչ կցանկանա։ Ալիխանյանն ընտրում է գերմանական «Բեխշտեյն» սպիտակ ռոյալ։

Շատ տարիներ անց, երբ Ալիխանյանի քոթեջը Երևանում որպես մսուր-մանկապարտեզ էր ծառայում, մենք՝ երեխաներս, այնտեղ երգում էինք մի սպիտակ ռոյալի նվագակցությամբ, բայց կարծեմ դա ուրիշ ռոյալ էր։ Չնայած շատ փոքր էի՝ հիշողությանս մեջ  տպավորվել է, թե ինչ անսովոր կառուցվածք և ներքին հարդարանք ուներ առանձնատունը, որը հատուկ Ալիխանյանի համար էր կառուցվել։ Հետագայում պիտի իմանայի, թե ինչ մարդիկ են այստեղ հյուրընկալվել՝ Իոսիֆ Բրոդսկուց մինչև Մինաս Ավետիսյան, Մստիսլավ Կելդիշից մինչև Դմիտրի Շոստակովիչ։

 

***

Երևանում էլեկտրոնային օղակաձև արագացուցիչ կառուցելու ծրագիրը շատերին անիրականանալի էր թվում․ Հայաստանում կառուցվում էր մի գիտական օբյեկտ, որն աշխարհում ընդամենը երկու անալոգ ուներ՝ Հարվարդում և Համբուրգում։ Տեղական ուժերով անհնար էր նման ծրագիր իրականացնել․ Ալիխանյանը ԽՍՀՄ տարբեր անկյուններից հավաքում էր կարող, կրթյալ մարդկանց ու խրախուսում էր տեղափոխվել Երևան։ Արագացուցիչի տեղը որոշելու համար 1956 թ․ նա Երևանում հյուրընկալեց Լ․ Արցիմովիչին և Պ․ և Ա․ Կապիցաներին (ի դեպ, այդ ժամանակ իրականացրեց ևս մի անհավատալի բան՝ կազմակերպեց իր հյուրերի այցելությունը Լեռնային Ղարաբաղ՝ Շուշի)։ Արագացուցիչը նախագծելու համար հրավիրվեց հայտնի ֆիզիկոս, այլախոհ Յուրի Օռլովը, ով Ալիխանյանի հետ պատվով գլուխ բերեց այդ գործը։ Շինարարությունը մեկ տասնամյակ տևեց ու մեծ բարդություններով էր առաջ ընթանում։ Վթար էր տեղի ունեցել ու կառուցվող արագացուցիչի հիմքի մեջ ջուր էր լցվում՝ «ջուրը լցնելով» արդեն կատարված գործը։ Օր առաջ պետք էր դուրս մղել ջուրը։ Ալիխանյանը պատեպատ էր խփվում, դիմում էր տարբեր պատասխանատուների, սակայն բոլորն էլ հարցին անտարբեր էին վերաբերում։ Եվ ահա Ալիխանյանը վա-բանկ է գնում․ զանգահարում է Անտոն Քոչինյանին և շատ վախեցած ձայնով տեղեկացնում, որ արագացուցիչի հիմքերին ջուր է լցվում, դա շատ վտանգավոր է, եթե արագացուցիչը պայթի, ատոմային ռումբի պայթյունի էֆեկտ կարող է լինել, և ամբողջ Երևանը կվերանա։

Կես ժամ չանցած ֆիզիկայի ինստիտուտում էին մեծաթիվ հրշեջ մեքենաներ, որոնք արագորեն դուրս քաշեցին ջուրը։ Ինստիտուտ այցելեց նաև անհանգստացած Քոչինյանը․

-Հուսամ՝ արագ են աշխատում, կհասցնե՞նք, Արտեմ Իսահակովիչ, հո պայթյունից երկինք չե՞նք թռչի․․․

Ալիխանյանը նրան հանգստացնում է՝ ասելով  որ ամեն ինչ լավ կավարտվի։

Այսպես, չափազանցնելով վթարի հետևանքները, Ալիխանյանը կարողանում է լուծել խնդիրը։ Նա կռահում էր, որ երկրի ղեկավարությունը ֆիզիկայից բան չի հասկանում ու կհավատա, թե կառուցվող օբյեկտը հույժ պայթյունավտանգ է․․․

 

***

1970 թ․ ապրիլի 24-ին, համալսարանական 12 ուսանողներ որպես ընդհատակյա ազգային կազմակերպության անդամներ ձերբակալվում են ՊԱԿ-ի կողմից, մեղադրվում ազգայնականության մեջ և հեռացվում համալսարանից։ Ալիխանյանը, չնայած նույնիսկ կուսակցական չէր, բայց չհապաղեց, ակադեմիկոս Շահինյանի հետ ամեն ջանք գործադրեց, որպեսզի ամենակուլ ՊԱԿ-ի ճիրաններից ազատի երիտասարդներին և նրանք վերականգնվեն համալսարանում։ Նրանցից Սիմոն Կամսարականը (Շահազիզյան) հետագայում դարձավ արցախյան շարժման ակնառու գործիչ, Հանրապետական կուսակցության հիմնադիրներից , խորհրդի նախագահ, որը 1994-ին՝ չընդունելով ՀՀԿ քաղաքական գծի փոփոխությունը, հեռացավ կուսակցությունից։ 

 

***

Արագացուցիչի կառուցումը բարդ ու ծախսատար գործ էր։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը հանրապետական բյուջեից նման ծավալի ֆինանսավորում չէր կարող ստանալ, ու Ալիխանյանին հաջողվեց 1962 թ. ինստիտուտը մտցնել  Խորհրդային Միության ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ: Արագացուցչի կառուցման և տեղադրման աշխատանքներին մասնակցում էին ԽՍՀՄ 18 շինարարական կազմակերպություններ: Շեշտակի աճեցին նաև ինստիտուտի բնակելի ավանի կառուցման տեմպերը․ Հրազդանի կիրճի հարևանությամբ աշխատակիցների համար կառուցվում էին հարմարավետ բնակարաններ, մանկապարտեզ, գիտնականի տուն։ Քաղաքային իշխանությունները չէին խանգարում ավանի շինարարությանը, բայց և Ալիխանյանից ակնկալում էին օգնություն Հալաբյան-Մարգարյան խաչմերուկի հանդիպակաց կողմի չորսհարկանի բնակելի շենքերի կառուցման հարցում․ Ալիխանյանն ինստիտուտ առաքվող շինարարական նյութերի մի մասը տրամադրում էր այդ հատվածի կառուցման համար։

 

***

1973 թ․ վերադաս պաշտոնյաները՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում Ալիխանյանի տեղակալ-ենթակաների օգնությամբ, հեռացրեցին նրան ինստիտուտի տնօրենի պաշտոնից և ըստ էության՝ Հայաստանից։ Ալիխանյանը դա կանխատեսել էր՝ որպես իր տեղակալ նշանակելով իր «ամենագորշ» աշակերտին։ Սակայն դա էլ չօգնեց․ արդեն մահացել էր Մոսկվայում Ալիխանյանի թևութիկունքը՝ եղբայրը, Յուրի Օռլովը վերադարձել էր իրավապաշտպան գործունեությանը, 1972-ին Ալիխանյանի մոտ հյուրընկալվել էին ակադեմիկոս, այլախոհ Սախարովն ու Բոնները։ Ալիխանյանին չթողեցին իրականացնել նոր արագացուցիչ կառուցելու երազանքը, և նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց Մոսկվայում՝ մերթընդմերթ այցելելով Հայաստան։ Շատ չեմ ուզում մանրամասնել, քանի որ այս ճղճիմ պատմության դերակատարներն էլ արդեն չկան, միայն նշեմ, որ Ալիխանյանին վտարող  նրա նախկին աշակերտներն այդպես էլ տարիներ շարունակ թե՛ ՀԽՍՀ, թե՛ առավել ևս ԽՍՀՄ ԳԱ անդամի կոչում չստացան, քանի որ ակադեմիկոսներից շատերն Ալիխանյանին լավ ճանաչող ու հարգող մարդիկ էին։

Երբ Ալիխանյանը մահացավ, «Նյու Յորք Թայմս» թերթը գրեց, որ նա իր ավագ եղբոր հետ «1930-ականներին և 1940-ական թթ․ սկզբին եղավ ատոմային մասնիկների նույնականացման և տիեզերական ճառագայթների հետազոտման առաջամարտիկը»։ Թիֆլիսում ծնված, Լենինգրադում ուսանած ու Մոսկվայում մահացած Արտեմ Ալիխանյանն իր վերջին հանգրվանը գտավ Երևանում, որի համար այդքան շատ բան էր արել․․․

  

Աշոտ Գրիգորյան

Լուսանկարներ․

1. Ալիխանյանի գերեզմանը

2.Հ․ Կալենց, Ալիխանյանի դիմանկարը

 

... ...