Պատմության ուսուցչի երազը

«ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Հովիկ Չարխչյանի նոր՝ «Երկիր անավարտ» վեպից մի հատված:

 

***

Արքայի Մոխրագույն նժույգը ծնվել էր Հասա օազիսում, մի լուսնկա գիշեր, երբ ախոռի խոտածածկ տանիքից կախ ընկած չղջիկը թևերը հավաքել ու ծուլորեն նայել էր ծպեղների արանքից: Նորածին մտրուկը չէր տեսել թևավորին, բայց հոտոտել էր օդը ու զգացել օտար շունչը: Եվ մսուրքի մոտից լույսի ու մութի հետ խաղ անող նրա կայծկլտուն աչքերը զննել էին դրսի դեղին աշխարհը մինչ այն օրը, երբ բեդվինն առաջին անգամ նրան դուրս բերեց Էլ Ջուֆար անապատի տաք ամայության դեմ հանդիման:

Եվ նժույգը տեսավ, որ արարված աշխարհն այնպիսին չէր, ինչպես իր ձիանոցի ճեղքերից տեսածը: Աշխարհն այստեղ այնքան էր, որքան իր զարմանքը կամ գուցե դրանից ավելին՝ ինչպես իր անթերի ամբողջությունը: Նա դրա հաճույքից խրխնջաց, դոփեց գետինը, հետո միանգամից պոկվեց տեղից և սուրաց, ինչպես արևելյան քամին: Ամուր սմբակների տակ հավաքական փոշին երերուն տարածության մեջ ցրիվ էր գալիս, սլացիկ վարգն ազատ էր չտարբերակված հեռանկարի մեջ, և քանի որ նրան ոչ ոք չէր սպասում, ինքնակամ էր սպասող չունեցողի պես:

Բեդվինը՝ կզակը բարձր, նայում էր նրա ետևից, ինչպես կնայեր խոխոջող առվակի վճիտ ջրերին: Տես թե ինչպես է գնում՝ որպես ավազաթմբերն ակոսող մի առասպելական ռաշ: Տես թե ինչպես է ծածանվում բաշն արծաթ ու ոսկի առավոտի մեջ:

Խոյացավ նժույգը, պտույտներ գործեց, ճեղքեց ավազի սորուն սիրտն իր երկար ոտքերով, և լայնացած ռունգերը շնչեցին բարձրացող փոշին ու ավազե հատիկները լցվեցին շիկացած ռունգերի մեջ: Թափահարեց գլուխը, ցրեց օտար հատիկներն իր շնչով, բայց ավազուտի մի չնչին հյուլե, կամակոր մի մանրաբեկոր խրվեց ու մնաց ներսում՝ ջլոտ հանգույցների կծիկի տակ: Եվ այդ օրից ի վեր շարունակեց ապրել ավազահատիկը նրա ռունգերի մեջ՝ ժամանակ առ ժամանակ իր գոյությունը հիշեցնելու համար խուտուտ տալով խոռոչի ըմպանը, և այդ անախորժ շփումից նժույգը կամ վրնջում էր, կամ փռնչում՝ ծալելով առջևի ծնկները:

Հասակ առավ Մոխրագույնը, և նրա համբավը, ինչպես չոր ու շիկացած խաբուբը, գնաց, հասավ հեռու-հեռուները: Նրան տիրացավ մի սարդար, հետո մի բեկ, հետո ձեռքից ձեռք անցավ, անապատից գնաց հարթավայր, այնտեղից բարձրացավ լեռները և նույնիսկ ծովեզերք հասավ, մինչև որ մի օր նրան տեսավ արքան և պահանջեց Մոխրագույն նժույգը:

Տիրակալի կամքն ի կատար ածվեց, նա արագ սիրեց անապատի երիվարին, նրան ծածկեց ոսկեկար թամբով, նուրբ սանձափոկ կապեց, ընտրանի գարին ու վարսակը կիտեց նրա առաջ, և երբ հեծնում էր, երկիրն ավելի էր իրենը դառնում: Ձին զգում էր տիրոջ հպարտ սերը, և այդ սիրուց պատրաստ էր կրակի ու ջրի մեջ նետվել, մագլցել ամենաբարձր գագաթները և դաշտերով սուրալ ամպերին ընդառաջ, և նրանք այդպես վարգում էին օրերի ու վեհության միջով…

Մի անգամ արքան վերադառնում էր արշավանքից, և կամեցավ, որ իր մուտքը քաղաք նման լինի հաղթահանդեսի: Դա մի փառահեղ երթ էր: Բազմությունը ցնծում էր տեսարանի մեծաշուք փայլից: Պալատականներն ու երևելի այրերը զմայլված ըմբոշխնում էին պահի խորհուրդն ու իրենց տիրոջ ազնվական կեցվածքը, որ գլխին արքայական խույր էր կրում, մի ձեռքում սանձն էր, մյուսում՝ սրի փղոսկրե դաստապանը: Առաջապահ  զորագնդերի զրահապատ ցոլքը, փետրափնջերի ճոճքը, գունեղ պատմուճանների ծփանքը, սևաթույր կնգուղների ողորկությունը, սնդուսե թիկնոցների գունեղ խրախճանքը գլխապտույտ էին հարուցում, խճուղու քարերը կափկափում էին սմբակների ու ոտքերի տակ իբրև մի համանվագ, իսկ քաղաքային ամբոխի հիացական կանչերը ներբողում ու սաղմոսում էին հզորին:

Այդպես առաջ էին գալիս նրանք, երբ հանկարծ Մոխրագույն նժույգի ռունգերում բույն դրած անապատային փոքրիկ ավազահատիկը ցնցումներից շարժվեց, քսվեց ներսի նուրբ հյուսվածքներին ու խուտուտ տվեց: Նժույգը գլուխն անհանգիստ շարժեց, կարծես անպատկառ մի բզեզ հետապնդում էր նրան, իսկ նա փորձում էր ամեն գնով խույս տալ դավադիր խայթից: Այդ երերումից ավազահատիկն ավելի թաղվեց թելերի մեջ, կծկումը բորբոքեց գրգիռները, զսպումը դարձավ անդիմադրելի, և ձին հանկարծ ծառս եղավ, ուժգին փռնչաց ու երկտակեց ոտքերը:

Արքան օրորվեց թամբի վրա, ոտնաթաթը պոկվեց ասպանդակից և պիտի գետին տապալվեր, եթե վերջին պահին երկու ձեռքերով ամուր չկառչեր նժույգի պարանոցից ու չշտկեր խոնարհված թիկունքը: Մաղձոտ փութկոտությամբ նա խթաններով խփեց փորատակին, ձին ցավոտ վրնջաց, հետո մռութը թափ տվեց, խաղաղվեց ու նորից քայլեց այնպես, ինչպես վայել էր ազնվացեղ հովատակին:

Կատարվածից ամբոխը մի պահ շունչը պահեց, շարքերը տարուբերվեցին, դրանիկներն առաջ նետվեցին, որ կասեցնեն արքայի ամոթալի անկումը, և միայն հեծյալի ձեռքի սաստող շարժումը պատվար դարձավ նրանց խոյանքին:

Երթը շարունակվեց մինչև արքայանիստ պալատ: Արքան գնում էր՝ իր պրպտուն հայացքը սահեցնելով բազմության վրա, և նա տեսավ մարդկանց ծաղրական ծիծաղը, տեսավ իշխանների չարախինդ հեգնանքը, որ թրթռում էր նրանց շրթունքների եզրին, նեղլիկ կոպերի տակ և փսփսացող լեզուների վրա: Տեսավ օդի մեջ թևածող բարկահամ բառերի պարսերը, որ պիտի շուտով մտնեին տուն առ տուն, դառնային զավեշտական պատմություն, ծանակեին ու այպանեին թամբից սահող գահակալ հեծելակին: Եվ մաղձը հոսեց, մակարդվեց սրտի վրա:

Աստիճանների մոտ նա ներքև ցատկեց, սանձը նետեց ձիապանին ու զայրագին քայլերով մտավ պալատ:

Գիշերը, երբ քաղաքն արդեն քուն էր մտել, արքան դուրս եկավ, անաղմուկ իջավ բակ ու գնաց ձիանոց: Մոխրագույն նժույգը համաչափ շնչում էր՝ դունչը ճյուղահյուս պատնեշին հենած: Բացվող դռան աղմուկից թեթև ցնցվեց, առավ տիրոջ հոտն ու մնաց անշարժ: Արքան կախոցից վերցրեց մտրակն ու մոտեցավ նրան: Նժույգը թույլ շարժում արեց և քնատ աչքերը սևեռեց իր տիրոջ վրա: Արքան չնայեց նրա աչքերին: Խավարի մեջ ձեռքը վեր բարձրացավ, ու մտրակը սողունի պես գալարվելով խարանեց կենդանու մաշկը: Արքան նորից ու նորից մտրակեց, և խարազանը նրա չարության ցավը կիզիչ կրակ դարձրած խրեց գավակին, մեջքին, ոտքերին: Նա հարվածում էր անխնա ու անմռունչ: Լարումից պարանոցի երակները պրկվեցին, դաստակը թմրած հնազանդությամբ տքնում էր, ատամներն ինքնաբերաբար կծոտում էին շրթունքները: Նժույգն անզորությամբ պտույտ էր գալիս, խփվում էր գերանակապ կողեզրերին, սմբակները փորում էին հողե հատակը, խրխնջում էր հեծկլտանքի նման, միայն թե ավազոտ մեղքը քավության իր օրենքն ուներ, և նա պիտի հատուցեր մարդու սահմանած կարգի համաձայն…

Երբ վերջապես ձեռքը հոգնությամբ կախ ընկավ ու քրտինքը հոսեց կնճիռների եզրերից, արքան մտրակը նետեց գետնին և դուրս եկավ ձիանոցից: Գիշերվա զովը տրորեց նրա երեսը: Մի պահ կանգ առավ, նայեց երկնքին ու հապճեպ քայլեց դեպի պալատ:

Առավոտյան նա ձիապանին կարգադրեց, որ այսուհետ իր համար թամբեն Ճերմակ նժույգը:

 

Հովիկ Չարխչյան