Պատերազմն իրական լույսի ներքո՝ պատերազմի պատկերագրումն արվեստում

Մարդկության պատմության մեջ պատերազմները ոչ միայն մահ ու ավերածություններ   են ծնում, այլև մտածելու տեղիք են տալիս հավերժական հարցերի` մարդկային կյանքի իմաստի և արժեքի մասին: Ռազմական հակամարտությունները թեև մեր պատմության անբաժանելի մասն են, սակայն դրանց բերած կորուստներն ու տառապանքները երբեք չեն կարող աննկատ մնալ: Այս համատեքստում արվեստը դառնում է այդ մեծ ողբերգությունը փոխանցելու և դրա հետևանքներն արտացոլելու կարևոր գործիք: Այն ներթափանցում է մեր զգայական աշխարհ՝ ստիպելով մեզ մտածել պատերազմի բնույթի, հասարակության և անհատների ճակատագրերի վրա դրա ազդեցության մասին:

Ինչպե՞ս է պատկերվել պատերազմը տարբեր դարաշրջաններում և ինչպես են նկարիչներն իրենց ստեղծագործություններում լուծել փիլիսոփայական բարդ խնդիրները: Պատերազմն, առաջին հերթին, մրցակցություն է: Այն կարծես մարզաձև լինի, բայց պարտության հետևանքները շատ ավելի ծանր են։ 

Անդրադառնալով պատերազմի թեմային՝ հարկ է խոսել Սամոթրակյան Նիկեի քանդակի մասին: Այն հաղթանակի անսանձ ցանկության մարմնացումն է: Հնում և ոչ միայն, պատերազմն ընկալվել է ոչ թե որպես համաշխարհային ողբերգություն, այլ որպես աստվածային նախախնամության դրսևորման տարածք։ Սա այն դաշտն է, որտեղ մեծ սխրանքներ են գործում, որտեղ սովորական պատանիները դառնում են հերոսներ, որտեղ նրանց հնարավորություն է ընձեռվում քաջություն ցուցաբերել: Այն վայրը, որտեղ բացահայտվում են մարդկային նման որակներ, չի կարող դեմոնիզացվել։  Այս համատեքստում Սամոթրակյան Նիկեն կարծես ձգտում է հավերժացնել մարդկային հաղթանակը, և ռազմական քաջության բյուրեղացումն է: Նայելով նրան՝ կարելի է հասկանալ, թե որքան տարբեր էր հունական աշխարհընկալումը մեր ժամանակակից աշխարհազգացողությունից։ 

Հունական մշակույթի համար պատերազմը դիալեկտիկական երևույթ է, որն օգնում է համընդհանուր զարգացմանը: Այս մասին են խոսում Պարթենոնի մետոպները, որտեղ պատկերված են մարտական տեսարաններ՝ նախ աստվածների և տիտանների միջև (գիգանտոմախիա), ապա լապիթների և կենտավրոսների (կենտավրոմախիա) և հույների և ամազոնուհիների (ամազոնամախիա) միջև: Այս պարուրաձև ուղին՝ աստվածային մարտերի աշխարհից մինչև մարդկային և վայրի արարածներ, ընդգծում է հունական տիեզերակենտրոնությունը, որտեղ սովորական մարդն արժեք չունի:

Մինչև նոր ժամանակները, պատերազմը բոլորն ընկալում էին որպես սովորական երևույթ՝ այն համարելով կյանքի անբաժանելի մաս։ Քանի որ միջնադարում Եվրոպան գրեթե քրիստոնեացված էր, նոր կրոնը, չնայած թվացյալ խաղաղասիրությանը, կարողացավ արդարացում գտնել պատերազմների համար։ Հայտնվեց հատուկ տերմին՝ Աստծո կողմից թույլատրված պատերազմների համար (bellum justum): Ինչպես հրեա ժողովուրդը Հին Կտակարանի էջերում մերթ հաղթում էր, մերթ՝ պարտվում, այնպես էլ կյանքում պատերազմներն ուսանելի բնույթ էին կրում, որտեղ դրսևորվում էր աստվածային կամքը:

Առաջին նկարիչներից մեկը, ով դուրս եկավ կրոնական նախախնամությունների դաշտից և հասարակությանը ներկայացրեց բոլոր այն վայրագությունները, որոնք տեղի էին ունենում պատերազմներում, Ժակ Կալոն էր (17-րդ դար): Նրա «Պատերազմի մեծ աղետները» հայտնի շարքը պատմում է Ֆրանսիայի կողմից Լոթարինգիայի պարտության և նվաճման պատմությունը։ Որպես իսկական հայրենասեր՝ լոթարինգացի Կալոն իր փորագրություններում պատկերում է բռնության, մահվան և նվաստացման բոլոր տեսարանները, որոնց միջով անցել են նրա հայրենակիցները: Ամենահայտնի աշխատանքը «Կախաղանն» է։ Հին կաղնին, որ կանգնած է կենտրոնում, իր վրա է պահում տերևների պես կախված հանցագործներին։ Նրանք ոճրագործներ են և գողեր, որոնց մյուս մասը կանգնած է ծառի մոտ և սպասում է իր հերթին: Աջ կողմում մենք տեսնում ենք երկու անտարբեր տղամարդկանց, որոնք զառախաղ են խաղում, որպեսզի հետաձգեն իրենց մահվան ակնթարթը: Անհոգ հանցագործների և կախվածների միջև զարմանալի զուգահեռը փոխանցում է մարդկային գիտակցության մակերեսայնության մակարդակը, երբ մահն անընդհատ անցնում է մեր կողքով, բայց մենք շարունակում ենք անիմաստ խաղերի ճիրաններում գտնվել: 

19-րդ դարում Գոյան կստեղծի նույնանուն շարք՝ «Պատերազմի արհավիրքները», որում նկարիչն ավելի անողոքաբար ցույց կտա բոլոր այն արատները, որոնք ազատ կերպով դրսևորվում են պատերազմներում, քանի որ այլևս չկան ճնշող հասարակական նորմերը։

Պատերազմը մարդկային դեստրուկտիվ ուժերի արտահայտման միակ ասպարեզն է։ Իսպանիայի և Ֆրանսիայի միջև ձգձգված հակամարտությունը, շրջափակումն ու սովը Գոյայի փորագրական շարքի հիմնական թեմաներն են, իսկ հյուծված մարմիններն ու դիակների կույտը՝ այդ իրադարձությունների չարաբաստիկ մասնակիցները։ Բացի ապշեցուցիչ ռեալիզմից, որին նկարիչը դիմում է սարսափի զգացողությունն ընդգծելու համար, շարքում կան խորհրդանշական ենթատեքստով աշխատանքներ: Օրինակ՝ «Ճշմարտությունը մահացավ» վերնագրով աշխատանքը։ Մերկ կրծքով պառկած կինը սրբի կերպարով մեր առջև է։ Նա շրջապատված է սգավոր տղամարդկանցով, որոնք քաղաքական երեսպաշտության և ժողովրդի նկատմամբ անտարբերության զոհ են դարձել։ Եվ ամենացավալին այն է, որ այդ մահվան ականատեսը կարող ենք լինել նաև այսօր:

Ռուսաստանում ամենահամարձակ նկարիչը, որը չէր վախենում բարձրաձայնել պատերազմի մասին ճշմարտությունը, Վասիլի Վերեշչագինն էր։ Նրա ամենահայտնի նկարը՝ «Պատերազմի ապոթեոզը», դարձավ պացիֆիզմի մարմնացում, որտեղ այրված դաշտում գանգերի կույտը ցույց է տալիս ենթադրաբար մեծ նվաճողների և նրանց ձեռքբերումների իրական դեմքը: «Նվիրվում է բոլոր մեծ նվաճողներին՝ անցյալի, ներկայի և ապագայի»։ Մարտադաշտում տեսնելով, թե քանի անմեղ զինվոր է զոհվում հրամանատարների անփութության, անուշադրության և երբեմն անտարբերության պատճառով, նկարիչը չէր կարող իր մեջ պահել այդ անարդարության զգացումը: Իսկ նրա հայտնի աշխատանքը մինչև այսօր մեզ հիշեցնում է այն մասին, թե ինչի են հանգեցնում բոլոր չմտածված քաղաքական որոշումները պատերազմի և բռնության տեսքով: 

Պատերազմն թեման կերպարվեստում ավելի քննարկելի և կիրառելի է դարձել  հատկապես 20-րդ դարում։  Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն այնքան անսպասելիորեն սկսվեցին, որ շատ նկարիչներ պատրաստ չէին նման կտրուկ փոփոխությունների՝ հատկապես գերմանացի էքսպրեսիոնիստները, որոնք իրենք են մասնակցել այդ պատերազմներին, մեծ տանջանքների են ենթարկվել, ինչն ազդել է նրանց հոգեկան աշխարհի վրա։

Սկզբում, ոգեշնչվելով պատերազմական պաթոսից, նրանցից քչերն էին պատկերացնում, թե բռնության ինչ փաստերի են ականատես լինելու ռազմի դաշտում։ Օրինակ՝ գերմանացի էքսպրեսիոնիստ Էռնստ Լյուդվիգ Կիրխների մոտ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելուց հետո փսիխոզ է առաջանում, ինչի հետևանքով նրա ձեռքերը պարալիզացվում են, և նկարիչը նույնիսկ չի կարողանում նկարել: Իր ծանր վիճակը նա փոխանցել է «Ինքնադիմանկար զինվորի համազգեստով» կտավում, որտեղ կանգնած է կտրված ձեռքով մերկ կնոջ հետ։ Նա ձեռքը չի կորցրել պատերազմում, բայց դա ինքնատիպ միջոց էր ցույց տալու այն կենսական նշանակություն ունեցող «կորուստները», որոնք նա կրել է պատերազմում։ Կարծես կյանքի շարունակության համար շատ կարևոր մի մաս էր կորսվել ռազմի դաշտում։ Վերջինս բերում է ծայրահեղ ապակողմնորոշման, որն էլ Կիրխներին հասցրեց հոգեբուժարան:

Մեկ այլ նկարիչ, որը նույնպես Առաջին համաշխարհային պատերազմի կամավորներից  էր, Օտտո Դիքսն էր։ Տեսնելով բոլոր վայրագությունները՝ Դիքսն իր աշխատանքում հիմնականում նկարում էր հաշմանդամներին, որոնք անօգուտ դարձան Գերմանիայի պարտությունից հետո: Օրինակ՝ «Լուցկի վաճառողը» նկարը, որտեղ փողոցում նստած է հաշմանդամ տղամարդ և լուցկի է վաճառում, սակայն ոչ ոք նրան ուշադրություն չի դարձնում: Նկարիչն անտարբերությունը անհեթեթության է հասցնում, պատկերելով շանը, որը բավարարում է իր կարիքները հենց հաշմանդամի դիմաց։ Մի կողմից սարսափն ու կարեկցանքն է, որը մենք տածում ենք բոլոր նրանց հանդեպ, ովքեր զրկվել են երջանիկ և արժանապատիվ ապրելու իրավունքից, մյուս կողմից՝ անտարբերությունն ու խղճահարությունը, որոնց համակեցությամբ ապրում են այդ մարդիկ՝ դիտողի մոտ հակասական զգացողություններ առաջացնելով:

Նկարչի մեկ այլ աշխատանք՝ «Ինքնադիմանկար ռազմագերու համազգեստով» (1947), մեզ ցույց է տալիս մի մարդու դեմք, որն ինքն է դարձել այդ զոհը՝ գերի ընկնելով, և որի կյանքն այլևս ոչ ոքի չի հուզում: Պատերազմում մարդը սուբյեկտից վերածվում է օբյեկտի: Եվ գիտակցության մեջ իր «առարկայության» լիարժեք գիտակցումը թեժացնում է այն բարդ, անհանդուրժելի զգացմունքները, որոնք ծնվում են ռազմական հակամարտությունների ընթացքում։ 

«Գերնիկան» ռազմական վայրագությունների փոխանցման գագաթնակետն է: Այս ստեղծագործությունը հանրային բողոքն է նացիստների կողմից բասկյան Գերնիկա քաղաքի ռմբակոծության դեմ։ Իրադարձությունների կուբիստական պատկերումն էլ ավելի է ընդգծում տեղի ունեցածի անմարդկայնությունը, իրականությունը ենթարկելով դեկոնստրուկցիայի: Այլանդակված դեմքերը, հոշոտված ձին և ցուլի անտարբեր հայացքը կտավի գլխավոր հերոսներն են։ Պիկասոյի շատ կենդանիներ խորհրդանշական բնույթ են կրում, չնայած այն հանգամանքին, որ նկարիչն ամեն կերպ հրաժարվում էր որոշ պատկերներին իմաստ տալու փորձից։ Ձին՝ որպես ֆեմինին ուժի սկիզբ, ի վիճակի չէ դիմակայել համաշխարհային չարիքին, իսկ ցուլի ապակե հայացքը տիեզերքի անսահման անտարբերության ապացույցն է այն ամենի նկատմամբ, ինչը տեղի է ունենում: Ակամա հիշում ես Բերտրան Ռասելի խոսքերն այն մասին, որ մարդն անսահման սարսափում է տիեզերքի անտարբերությունից, ինչի համար էլ դիմում է կրոնի ու Աստծո գաղափարին: Նույն սառը հայացքով մեզ է նայում ցուլը, որը բացարձակապես մասնակից չէ այն ամենին, ինչ կատարվում է մարդկության հետ։ 

Պիկասոյի մեկ այլ աշխատանք՝ «Կորեայի կոտորածը», Գոյայի «1808 թվականի մայիսի 2-ի ապստամբությունը Մադրիդում» նկարի կոմպոզիցիոն շարունակությունն է: Այս երկու կտավներն արվեստի պատմության մեջ առավել հայտնի են որպես բարու և չարի հավերժական պայքարի մարմնավորում, աշխարհի անողոք օրենքը, որն արտահայտվում է թույլերի ոտնահարմամբ և ուժեղների տիրապետությամբ: Նկարները բաժանված են երկու մասի, աջից՝ զոհերն են, Պիկասոյի դեպքում՝ անմեղ կանայք իրենց երեխաների հետ, որոնց մերկությունն ավելի է ընդգծում ֆիզիկական խոցելիությունն ու անպաշտպանությունը, իսկ Գոյայի դեպքում՝ իսպանացի ապստամբներն են, որոնք որպես ազատ կամքի տեր մարդիկ՝ որոշել են իրենց դժգոհության ձայնը բարձրացնել։ Աջ կողմում արդեն ներկայացված են մեխանիկական արարածներ, որոնք չեն կարող ունենալ ո՛չ սիրտ, ո՛չ կամք: Նրանք միայն հրաման կատարողներ են։ Մարտին Բուբերի «Ես և նա» աշխատությունը հիանալի բացատրում է մարդկության փոխհարաբերություններն անձնային առարկաների և անձնազուրկ մարդկանց հետ: Երբեմն ինչ-որ անհոգի առարկա կարող է ավելի խոսուն լինել, քան մարդը: Այս նկարներում մենք նաև հստակ տեսնում ենք, թե որտեղ է սկսվում շնչավոր աշխարհը, և ինչպես է այն ավարտվում մեքենայացված էակների մեջ, որոնք միայն ինչ-որ ուժի միջնորդ են և երբեք չեն կարող իրենց մեջ որևէ բան պարունակել: Արդյո՞ք 21-րդ դարում մենք չենք բախվում նույն խնդրին, անկարող լինելով ապրել մի հասարակությունում, որտեղ մեծամասնությունը լոկ գործիք է մեծ քաղաքական ուժերի ձեռքում: Ինչպես մենք կարող ենք արդարություն պահանջել, երբ երկխոսության մեջ ենք մտնում անձնազուրկ, առարկայապաշտ մեխանիզմների հետ: Պատասխանը կարող է հուսահատեցնող լինել:

Որպես եզրափակում, հարկ է ավելացնել, որ արվեստը եղել և մնում է պատերազմի ու դրա հետևանքների իմաստավորման կարևոր աղբյուր: Գեղանկարչության պատմության մեջ տարբեր ժամանակներում ամբողջ աշխարհի նկարիչները շարունակում են ներազդել մեր զգացմունքների և մտորումների վրա՝ օգնելով մեզ հասկանալ ռազմական հակամարտությունների իրական էությունն և դրանց ազդեցությունը մարդկության վրա: Անհանգստության, վշտի և հույսի մեջ թաքնված գեղեցկության միջոցով արվեստը թույլ է տալիս մեզ տեսնել պատերազմն իր իրական լույսի ներքո՝ խթանելով մեր միտքն ու սրտերը խաղաղության և ներդաշնակության ձգտման համար: Արվեստի և պատերազմի միջև այս անվերջ երկխոսության մեջ մենք գտնում ենք ոչ միայն մեր պատմության արտացոլումը, այլև ոգեշնչում՝ ստեղծելու ավելի լավ ապագա՝ զերծ ողբերգություններից և ավերածություններից:

 

Ռուզաննա Լազարյան

 

Պատկերներ՝

Գլխավոր - Պիկասո, «Կորեայի սպանդը»

1. Գոյա - «Ճշմարտությունը մահացավ»

2. Ժակ կալո - «Կախաղան»

3. Վասիլի Վերեշչագին - «Պատերազմի ապոթեոզ»

4. Պիկասո - «Գերնիկա»

... ... ... ...