Պատերազմի մետաֆիզիկան. Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը»
«Մի՞թե սա վերջին կռիվն է» -ասում է ֆիլմի հերոսներից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ կանգնած բեռլինյան փլատակների վրա: Ցավոք, ժամանակը ցույց է տալիս, որ պատերազմներն անվերջանալի են: Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը հիանալի առիթ է անդրադառնալու նրա հանճարեղ ֆիլմերից մեկին՝ «Իվանի մանկությանը», որը մեր ժամակներում էլ այնքան արդիական է, որքան չի եղել երբեք:
Ֆիլմի սյուժեն ծավալվում է փոքրիկ հետախույզ Իվանի և նրա մեծահասակ ռազմական ընկերների՝ փոխգնդապետ Գրյազնովի, կապիտան Խոլինի, լեյտենանտ Գալցևի և Կատասոնովի շուրջ։ Մոր և քրոջ մահից հետո Իվանը որոշում է ամեն գնով վրեժ լուծել նացիստներից: Նա հայտնվում է խորհրդային բանակի հետախուզական բաժնում, որտեղ սկսում է աշխատել փորձառու զինվորականների հետ։ Սկզբում գործընկերները ցանկանում են նրան տեղավորել Սուվորովի ուսումնարանում, բայց՝ անօգուտ։ Իր ընկերներից յուրաքանչյուրի հետ Իվանը հատուկ հարաբերություններ է կառուցում։ Սակայն մի չարաբաստիկ օր տղան գնում է Դնեպրի մյուս ափն ու այլևս չի վերադառնում։
Զարմանալի է, որ ռեժիսորը պատերազմի մասին ֆիլմում բռնության կամ սպանության տեսարաններ չի ցուցադրում։ Փոքրիկ հերոսի հուզական վիճակը հազարավոր արյունալի տեսարաններից խոսուն է։ Ֆիլմը նկարահանվել է հետախույզ Վլադիմիր Բոգոմոլովի «Իվան» պատմվածքի հիման վրա։ Սակայն Տարկովսկին փոխում է սցենարը՝ ստեղծելով բոլորովին այլ իրականություն։ Պատահական չէ, որ գրողը Տարկովսկու աշխատանքը դիտելուց հետո ասում է. «Ֆիլմը լավն է, բայց իմը չէ»: Տարկովսկուց առաջ ֆիլմը փորձել էր նկարահանել ռեժիսոր Էդուարդ Աբալովը, սակայն փորձը ձախողվել է։ Մինչև այդ ռեժիսորի ֆիլմացանկում կար միայն մեկ կարճամետրաժ դիպլոմային ֆիլմ՝ «Սահադաշտը և ջութակը», որտեղ կենտրոնական թեման երեխայի օտարումն էր մեծահասակների աշխարհում: Զարմանալի չէ, որ խորհրդային կինոյի ղեկավարները հենց Անդրեյ Արսենևիչին են առաջարկում աշխատել «մանկական» թեմայի հետ։
Տարկովսկին ամենևին էլ չէր պատրաստվում նկարահանել ֆիլմ փոքրիկ տղայի հերոսական պատմության մասին և փառաբանել պատերազմը հանուն հայրենասիրության գաղափարի։ Հենց այդ պատճառով ֆիլմն այնքան էլ դուր չէր գալիս խորհրդային իշխանություններին։ Այնուամենայնիվ, «Իվանի մանկությունը» պատմության մեջ մնաց հենց իր հակապատերազմական նարատիվով, իր` կործանարար ուժի ցուցադրմամբ, որտեղ տեսնում ենք, թե ինչպես է այն ազդում անգամ մանկահասակ Իվանի հոգեկան աշխարհի վրա։ Պատերազմն, ասես, մահվան նախաշեմն է, մահ՝ կենդանության օրոք: Պատերազմի կադրերում մոխրագույն գետերն ու կեղտոտ ճահիճները, որոնց միջով անցնում է Իվանը, կարծես, հադեսյան աշխարհի Սթիքսի ալիքներն են։
Ֆիլմում անդադար տեսնում ենք մի տղայի, որը մեծահասակի կյանք է վարում պատերազմում: Եթե դիտարկենք մյուս կերպարներին, ապա նրանք՝ բոլորը, բացի պատերազմից, նաև այլ կյանքով են ապրում (կամ այդպիսի զգացողություն է ստեղծվում), բայց Իվանը, կարծես, ապրում է պատերազմով, սա նրա գոյաբանական հիմքն է, նա չի կարող լինել կռվից դուրս: Այդ իսկ պատճառով, Իվանին ուսումնարան ուղարկելու Գրյազնովի որոշմանը (պատահական չէ ընտրված ազգանունը) Իվանը արձագանքում է կատաղի զայրույթով: Մոնոխրոմ գույներն էլ ավելի ուժեղ են փոխանցում սև ու սպիտակ իրականությունը, մի կողմից՝ զուրկ ցանկացած լույսից և զարգացումից, լի ձևախեղող ցասումով, մյուս կողմից՝ Իվանի երազների աշխարհը, որտեղ լույսն ու բարությունը հավերժ հաղթում են:
Իվանի երազները:
Հարկ է նշել, որ ֆիլմում հերոսի երազները շատ կարևոր տեղ են գրավում: Սա կարծես երկրորդ իրականություն է, որը ուժ է տալիս Իվանին շարունակել ապրել անմարդկային պատերազմական պայմաններում: Ֆիլմի սկզբում Տարկովսկին օգտագործում է վառ և լուսավոր խորհրդանիշեր, կարծես ամբողջ կադրը ողողված է լույսով: Սա այն դրախտն է, որում մենք բոլորս ապրում ենք մանկության տարիներին, այն անմեղ գոյությունը, որտեղ ոչ մի անհանգստություն և տառապանք չկա: Իվանը հրեշտակի պես թռչում է դաշտերով, վազում թիթեռնիկի հետևից, մոր ուղեկցությամբ դույլից ջուր խմում։ Եվ հանկարծ մանկությունն ավարտվում է. նացիստները սպանում են նրա մորը: Դրանից հետո Իվանը, խեղդված սեփական ատելության մեջ, փորձում է վրեժ լուծել նացիստներից կորցրած մանկության համար։ Տարկովսկու ֆիլմերում չորս տարերքներից ամեն մեկն ունի իր խորհուրդը: Այս դեպքում՝ ջուրն այն տարերքն է, որը սնուցում է մեզ ու մեր կյանքը ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Պատերազմական առօրեականության մեջ ջուրը կեղտոտ է, ճահճային, այնտեղ կյանքը, կարծես, մեռած լինի, հերոսները երբեմն ուղիղ իմաստով օգտագործում են «մաքրվել» բառը: Իսկ Իվանի երազներում և կորցրած մանկության մեջ ջուրը բյուրեղի պես ջինջ է, դա աստվածային աղբյուր է, վերերկրյա սնուցող ուժ: Մեկ այլ տեսարանում, որտեղ Իվանն ու մայրը ջրհորի մեջ են նայում, մայրը պատմում է մի աստղի մասին, որը կարելի է տեսնել նույնիսկ լուսավոր ժամանակ: Ջրհորը աշխարհի մեծ առեղծվածն է, որն Իվանն այնքան ուզում է բռնել՝ միամտորեն ենթադրելով, որ կարող է բացահայտել այն։ Բայց այդ նույն ջրհորը իր գաղտնիքով որդուն բաժանում է մորից՝ առանց որևէ բացատրություն տալու։ Ջրհորի հատակը՝ լի գաղտնիքներով և առեղծվածներով, շատ գրավիչ է, բայց նրանք, ովքեր չափազանց շատ են տարվում դրանով, խրվում են ներսում:
Մեկ այլ տեսարան Իվանի երազներից. Իվանը աղջկա հետ նստած է բեռնատարի հետևի մասում։ Այստեղ գույները միտումնավոր փոխված են՝ ինչպես նեգատիվով արված լուսանկարներում, ծառերը սպիտակ են, իսկ երկինքը՝ սև։ Հորդառատ անձրև է գալիս, և ամպրոպը կանխագուշակում է ինչ-որ կարևոր իրադարձություն: Տեսարանը հիշեցնում է Միրչա Էլիադեի դիցաբանական «սակրալ ժամանակը» (in principio): Ի տարբերություն սովորական ժամանակի, որը գծային է, սակրալ իրադարձությունները կրկնվող են: Այդ մասին կխոսենք ավելի ուշ։ Իվանը երկար ժամանակ գեղեցիկ խնձոր է ընտրում իր գուգընկերուհու համար, բայց վերջինս չի համաձայնում վերցնել որևէ մեկը։ Մի քանի կադր անց փոքրիկ աղջկա ժպիտն աստիճանաբար անհետանում է։ Այս կադրից հետո սյուժեն փոխվում է։ Այլևս անձրև չկա, և մենք տեսնում ենք, թե ինչպես է բեռնատար մեքենան անցնում տեսախցիկի կողքով։ Խնձորները թափքից ընկնում են լճի ավազոտ ափին։ Ձիերը սկսում են խնձորներն ուտել։
Աղջկա մերժումը և խնձորի խորհրդանիշը հիշեցնում են եդեմի պարտեզը և արգելված պտուղը, սակայն ի տարբերություն իր նախամոր՝ փոքրիկ աղջիկն ավելի խոհեմ է գտնվում։ Արդյո՞ք դա միակ ճանապարհն է մնալ դրախտում, որտեղ Իվանի երազները կշարունակվեն ընդմիշտ։ Խնձորները կրծող ձիերը շարունակում են անիրականանալի անուրջները այն մասին, որ դրախտ երբեք չի լինելու, արգելված պտուղը վաղուց կերել են: Վերադառնալով սակրալ ժամանակի գաղափարին՝ հարկ է նշել, որ շրջապտույտը միշտ ունի սկիզբ և ավարտ: Հերոսուհու մերժումը նման է արատավոր շղթան կտրելու ցանկության։ Լավ կլիներ երազել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին մարդկությունը կթևակոխեր խաղաղության և հանգստության նոր դարաշրջան: Բայց ընթացիկ իրադարձությունները հակառակն են պնդում։
Սերը պատերազմում:
Զարմանալի է, թե ինչպես է Տարկովսկուն հաջողվում սիրո թեման ընդգրկել պատերազմական դառը իրականության մեջ: Շատերի համար ակնհայտ է և ոչ մի բացատրություն չի պահանջում այն փաստը, որ պատերազմը հակասում է այն ամենին, ինչը կապված է կյանքի և դրա բարգավաճման հետ: Մաշենկան՝ զինվորական բուժքույրը, որով տարված են տեղի տղամարդիկ, հզոր ֆեմինին էներգիայի մարմնավորումն է բռնության աշխարհում։ Խոլինը, որը գռեհիկ սիրախաղի մեջ է մտնում նրա հետ, բնազդաբար հասկանում է՝ սերը պատերազմում չի կարող զարգանալ։ Մաշայի կանացի հմայքը, նրա անփորձությունը, սպասումներով լի բնությունը, փնտրում են մի առարկա, որի հետ կկարողանան միաձուլվել: Հայտնի տեսարանը, որտեղ Խոլինը գրկում է Մաշային անդունդի վրա, նրանց հարաբերությունների իրական պատկերն է արտացոլում։ Պատերազմում սերը դատապարտված է կործանման: Մաշայի կերպարը հիշեցնում է ֆրոյդյան Էրոսը, իսկ Իվանի վրեժխնդրությունն ու պատերազմում տոտալ տարալուծված լինելը՝ հավերժ սառը Թանատոսին։ Այնուամենայնիվ, Մաշան, որպես կանացիության ու սիրո նախասկզբի մարմնացում, դատապարտված է խորհրդանշական մահվան, նրա գեղեցկությունն ու կանացիությունը չեն կարողանա զարգանալ կռվի մատույցներում, այլ կմահանան դեռ սաղմնային վիճակում, իսկ Թանատոսը ամբողջությամբ կուլ կտա փոքրիկ Իվանին: Երկու հերոսներն էլ երիտասարդ են, երկուսն էլ կարող էին հիանալի ապագա ունենալ, եթե նրանք չհայտնվեին պատերազմում: Ապականված հողի վրա, ճահճային մթնոլորտում, նրանք դատապարտված են մահվան, ինչպես ճահճաջրում՝ չբացված կոկոնները:
Պատերազմ և մշակույթ:
Տարկովսկին հիանալի կերպով ցույց է տալիս, թե ինչպես է պատերազմն ազդում մշակութային արժեքների ընկալման վրա։ Երբ Իվանն ու երիտասարդ լեյտենանտ Գալցևը ուսումնասիրում են Դյուրերի նկարները, Գալցևին հաջողվում է սթափ դատել նկարչի աշխատանքները, նրա համար մշակույթը չի ձուլվում նացիստների ու նրանց ոճրագործությունների հետ։ Ինչ վերաբերում է Իվանին՝ նա լիովին կլանված է ոչ միայն պատերազմով, այլև ընկալում է գերմանացիներին և նրանց ամբողջ պատմությունը՝ ելնելով նացիստների գործողություններից: Մեկ մարդասպանը դառնում է ամբողջ ժողովրդի համայնապատկերը։ Չի կարող մշակույթ ունենալ մի ժողովուրդ, որը դաժանաբար ոչնչացնում է մեկ այլ ժողովրդի, այդպես է կարծում Իվանը։ Այստեղ դիտողը բախվում է խորապես փիլիսոփայական հարցին․ ինչպես կարող են բարին և չարը գոյակցել համատեղ: Ինչպես կարող են նույն գերմանական ժողովրդից ծնվել Դյուրերն ու Հիտլերը (որն, ի դեպ, նույնպես նկարիչ էր): Ներկա ժամանակներում նույն ատելի երկընտրանքի առաջ ենք կանգնած նաև մենք։ Լինելով թշնամու ուղիղ նշանի տակ՝ շատերն անկարող են ոճրագործներին զատել անմեղ ժողովրդից։ Ահա ինչպես կարող է մի հանցագործ իր օրինակով կործանել երկրի ամբողջ հեղինակությունը։ Նույնիսկ խնդրի ռացիոնալ գիտակցումից հետո դժվար է հաղթահարել ներքին վախն ու ատելությունը՝ ուղղված մեր թշնամուն: Հետաքրքրական է լսել Գալցևի և Իվանի երկխոսությունը, որտեղ մի կողմից տեսնում ենք լեյտենանտի խելամիտ ու հանդարտ դատողությունները, իսկ մյուս կողմից՝ Իվանի նյարդային, լիովին պատերազմի ազդեցության տակ ձևավորված համոզմունքները:
Իվանն ու Գալցևը դիտում են «Ապոկալիպսիսի ձիավորները» աշխատանքը:
Իվան -Սրանք գերմանացինե՞ր են։
Գալցև -Հա, հին աշխատանքներ են։
Իվան -Միևնույն է ֆրիցներ են։
...
Իվան -Տես, նույն կերպ ոտատակ են տալիս ժողովրդին:
Գալցև -Բայց սա հնարածին է:
Իվան -Հնարվա՞ծ է… ես գիտեմ դրանց։
...
Իվան-Նրանք չունեն գրողներ: Ես ինքս եմ տեսել, թե ինչպես են հրապարակում այրում գրքերը:
Գալցև- Հա բայց սա հին գրող է: 400 տարի առաջվա:
Ֆիլմի մեկ այլ հատվածում Տարկովսկին ներառում է խելագարության թեման: Այն կարող է զարգանալ կամ արտաքին ազդակների, կամ ներանձնային պայքարի արդյունքում։ Այդ երկու ձևերի արտացոլումը տեսնում ենք հետևյալ սյուժեում. մոխրացած տան մոտ կանգնած ծերունին մեխ է փնտրում: Իվանը, փորձելով նրան օգնել, առաջարկում է ուղիղ մեխ, բայց այն ծերունուն դուր չի գալիս։ Հաջորդ կադրերում Իվանը լսում է պապիկի մենախոսությունը, իսկ դրան զուգահեռ մենք տեսնում ենք հերոսին, որի կողքին պատկերված է պատ, որում խրված է թեքված մեխ։ Հաջորդ անգամ այս մանրուքը կրկնվում է, երբ հերոսը հետևում է եկեղեցու պատի գրություններին, և նրա հայացքը կանգ է առնում վրեժի արձանագրության վրա։ Մեխն առողջ հոգեկանի փոխաբերություն է, այն հիմքը, որից կարելի է «կախել» մեր իրականության մասին պատկերացումները: Սական պատերազմը այնպես է խեղաթյուրում այն, որ այդ մեխն այլևս պիտանի չի կարող լինել հետագա գոյության համար: Քանի-քանի մարդկանց գիտենք, որոնք իրենց մեռած են զգում ողջերի աշխարհում, որոնց հոգեկանն անպիտան է դառնում հանգիստ ու խաղաղ կյանքի համար: Իվանի հոգեկանը նույնպես «ծուռ» է, նա այլևս կյանքը չի ընկալում այնպես, ինչպես կընկալեր առողջ մանկահասակ երեխան: Սա դառը իրականության արդյունքն է, որը հարկ է արձանագրել:
Ֆիլմի վերջում մենք տեսնում ենք Կարմիր բանակի հաղթանակն ու գերմանացի պարագլուխների և նրանց ընտանիքների դիերը: Տարկովսկին հետաքրքիր կերպով զուգադրում է Իվանի հերոսական պայքարն ու նացիստների՝ իրենց իսկ երեխաներին սպանելու պատկերները: Անմարդկայնությունն իրեն դրսևորում է անգամ այն դաշտում, որտեղ կարծես ոչ մի խնդիր պետք է չլիներ: Գազանը ոչնչացնում է անգամ իր իսկ ձագերին: Գալցևը գտնում է նացիստների կողմից գնդակահարված Իվանի գործի թղթապանակը։ Նրա՝ ավյունով ու վճռականությամբ լի հայացքը պացիֆիզմի իրական մարմնացումն է: Պատերազմը երբեք չի կարող բերել առողջ ապագայի կառուցման: Իվանը հազարավոր ձևախեղված հոգիներից մեկն է: Պատերազմը առանձին մի իրականություն է, որից հետո վերադառնալ սովորական կյանք անհնար է: Այդպիսով, Իվանը չէր կարող ապագա ունենալ, քանի որ տարրալուծվել էր ռազմական վրեժխնդրության մեջ: Եվ քանի՜ նման Վանեչկաներ են տեսել ու տեսնում նման լուսավոր երազներ, քանիսն են փափագում վերադառնալ խաղաղ իրականություն, որի մասին մենք այդպես էլ չենք իմանա...
Ռուզաննա Լազարյան