Պարույր Սևակ. «Մերոնք հակված են հրաժարվելու մեր զուտ ազգայինից՝ հանուն օտարի»

Պարույր Սևակի հետաքրքրությունների ու մտահոգությունների շրջանակը չէր սահմանափակվում միայն գրականությամբ: Գրողը բազմիցս հրապարակավ հանդես է եկել նաև լեզվի խնդիրներին, պատմությանը, կրոնին, թատրոնին, կինոարվեստին, երաժշտությանը, ճարտարապետությանը, գիտության առանձին ճյուղերին առնչվող ելույթներով ու դիտարկումներով՝ յուրաքանչյուր անգամ դրսևորելով ինչպես արծարծվող նյութի իմացություն, այնպես էլ ինքնատիպ մտածողություն ու մոտեցում:

Մեր հերթական հրապարակումն այս անգամ առնչվում է ազգային պարարվեստի հանդեպ Սևակի վերաբերմունքին ու տեսակետներին: 1968 թվականին կազմակերպվում է մի խումբ արվեստագետների զրույց-քննարկում պարարվեստի խնդիրների շուրջ: Այդ քննարկմանը իր կարծիքն է արտահայտել նաև Սևակը: Դիտարկելով պարն իբրև ազգային և մշակութային նկարագրի կարևոր բաղկացուցիչ՝ հաշվի առնելով ժամանակների առանձին տիրույթներում դրա վերափոխման ու կենսունակության պահպանման գործոնները, նա գուցե երբեմն սուր, անհաշտ, սակայն մշտապես իր սրտացավ ու սկզբունքային մոտեցումներով ձեռքը պահում է օրվա զարկերակի վրա՝ կարևորելով պարարվեստը ոչ միայն իբրև առանձին ոլորտ, այլև շատ ավելի տարողունակ և ընդարձակ համապատկերի անքակտելի մաս:

Ստորև ներկայացնում ենք Սևակի խոսքի սղագրությունը` ընթերցողներին հանձնելով բանաստեղծի ժառանգության անծանոթ էջրերից ևս մեկը:

 

Հովիկ Չարխչյան

 

***

«Մեր ազգային պարարվեստը հիմա այնպիսի նեղ օրի է, որ ամենքս էլ, նույնիսկ պարի մասնագետներից ներողություն չխնդրելով, պարտավոր ենք խառնվել այդ գործին, մեր խոսքն ասել և օգնության ձեռք մեկնել: Իսկապես շատ ենք ուշացել (մեր դժգոհությունը արտահայտելու մեջ): Ուստի և պետք է շտապել: Ու եթե բոլորս սրտանց որոնենք, գուցե հաջողվի իմանալ, թե որտեղ է թաքնված «նապաստակը»:

Մեզ, իհարկե, չի կարող մխիթարել այն, որ այսօր նույն դժվար վիճակում են Միության մյուս անսամբլները, որ նրանք բոլորը նման են իրար, և որ դժգոհ են ոչ միայն մեր հանդիսականները:

Ես ցավով եմ նայում, օրինակ, վրացական պարի անսամբլը: Տխրում եմ՝ տեսնելով, որ վրացուհիները կրծքով «պատ են քանդում»: Դժվար է իրարից տարբերել մեր և ադրբեջանական անսամբլները. դրանք ոչ թե պարզապես նման են, այլ ուղղակի երկվորյակներ են: Որովհետև ճշմարտապես ազգային չեն:

Մինչդեռ «ազգային անսամբլ» ասվածը իրոք պետք է ազգային լինի: Ուզբեկական անսաբլի պարը  դիտելիս ինձ ամենից շատ դուր եկավ հարեմական պարը: Դա ծրագրի ամենահաջող ու ամենագեղեցիկ համարն էր: Որովհետև ուզբեկական էր, անաղարտորեն ազգային:

Մեր Նազիկն էլ, երևի, պորտապար է պարել, բայց չմոռանանք հեթանոսական ժամանակներում, «հարեմական» պայմաններում:

Այս մասին խոսում եմ՝ կրկնելու համար, որ ազգային պարարվեստի վիճակը աննախանձելի է միութենական մակարդակով: Նախկին մահմեդական մեր հարևանները բեմ են հանում այնպիսի պարեր, որոնք չէին կարող լինել և չեն էլ եղել «շարյաթի» և հարեմի պայմաններում:

Կարդացել եմ մեր պարարվեստի արդի վիճակին նվիրված հոդվածները: Բոլորն էլ մի մեխի են խփում և մեծ մասամբ ճիշտ են: Բայց իրոք ի՞նչ են ուզում, ինչի՞ մասին են խոսում, դեռ չգիտենք: Հոդվածագիրներից մեկը, իբրև ծանր մեղադրանք, իր ընդդիմախոսներին ասում է, թե դուք ուզում եք, որ մենք «գրաբար խոսենք»: Այստեղ ես ոչ մի հանցանք չեմ տեսնում: Այո, ժողովրդական պարը հենց «գրաբար» է: Եվ ինչպես մեր լեզվի ինստիտուտում կա գրաբարի բաժին, որի աշխատակիցները պարտավոր են գրաբար իմանալ (իսկ եթե նաև խոսել իմանային՝ ավելի լավ), այնպես էլ մեր պարային մշակույթի մեջ պետք է «գրաբար խոսող» մի բաժին լինի՝ ժողովրդական պարի անսամբլը:

Գրաբարը մերժելով՝ փորձում են կլասիկան բարձրացնել իբրև դրոշ. ասում են՝ «ամբողջ աշխարհը գնում է այդ ճանապարհով»: Իրականում բնավ էլ այդպես չէ բանը: Ահա, օրինակ, հունգարները, որ ճրագով ման են գալիս հնության, նույնիսկ, Դաղստանում են փնտրում իրենց հին պարարվեստի մասունքները (դրա հիմքն այն է, թե իրենք ավարցիների հետ ծագումնաբանական մերձավորություն ունեն):

Իսկ հունգարները, կարծեմ, Եվրոպայի կենտրոնում են և առավել իրավունք ունեն ճչալու «կլասիկայի» մասին: Մինչ Լիստի և Բարտոկի ժողովուրդը մտադիր չէ հրաժարվել անցյալից, մերոնք ահա հակված են հրաժարվելու մեր զուտ ազգայինից՝ հանուն օտար և համընդհանուր «կլասիկայի»: Հենց այդ միտումից էլ ծնվում է այն ահավոր միօրինակությունը, ինչից տառապում են Միության արևելյան պարախմբերը:

Ինչպես գիտենք, կա «ծրագրային երաժշտություն»: Բայց նաև «ծրագրային պա՞ր»: Եթե անգամ այո, այդ դեպքում մի՞թե կարելի է երեսուն տարի շարունակ զարկ տալ այդ «ծրագրային պարին» և 30 տարի պարել նույն «ծրագրով»:

Ինչ-որ արտառոց բան կա նաև «պարերի բեմականացում» ասվածի մեջ. ախր նախ՝ պարը պարում են, լավագույն դեպքում՝ կատարելով կատարելագործում կամ կատարելագործելով կատարում: Էլ ի՞նչ բեմադրում: Հենց այդ «բեմադրությամբ» են մոգոնվում «ձկնորսների», «բանվորների», «վարորդների» (կարելի է անվերջ շարունակել) պարերը:

Թաթուլ Ալթունյանը, իհարկե, շատ գործ է արել, իրոք ժողովրդական գործ: Ժողովրդական արտիստի նրա տիտղոսը իրոք ժողովրդականից ժողովրդական է: Բայց նրա արածը հիմա իր հակառակ երեսով է երևում և, պետք է խոստովանել, այլևս աչք չի շոյում:

Օգտվելով առիթից, ես ուզում եմ մեր գրողների անունից ջերմորեն շնորհավորել այս ասուլիսին ներկայացած Սրբուհի Լիսիցյանին՝ իր ծննդյան 75-ամյակի առթիվ և ասել, որ նրա արածը ոչ ոք չէր կարող անել, որ նա իր գործով կանգնում է Կոմիտասի ու Աբեղյանի կողքին: Նա է, որ կորստից փրկել ու փրկում է մեր պարի վիթխարի հարստությունը:

Ասում են՝ կինոյի օգնությանը դիմենք, նկարահանենք մեր ժողովրդական պարերը: Բայց ի՞նչ կարող է նկարահանել կինոապարատը այսօր: Թերևս միայն էրզաց և սուռոգատ, որովհետև ուրիշ բան չի մնացել, որովհետև այսօր ամենուրեք պարում են մեր անսամբլներից սովորած սուտ ու փուտ «ազգային» պարերը:

Ժամանակն է, որ մենք չվախենանք էթնոգրաֆիա-ազգագրություն բառից, ինչպես որ չենք վախենում «գրաբարից»: Էթնոգրաֆիան մեր ազգային հարստությունն է, ժողովրդի ստեղծագործությունը, հոգևոր սննդի դարերով կուտակված անսպառ աղբյուրը: Պետք է կարդալ, վերծանել, օգտագործել այդ կուտակումը: Եվ նախ այդ մասին պետք է խոսել ու գրել:

Իհարկե, անհնար է, և պետք էլ չէ այդ ստեղծագործությունը արհեստականորեն միակցել այսօրվա ծնունդ պարերին կամ դասականին: Ազգայինի բանն ուրիշ է:

Թույլ տվեք մի կոպիտ թվացող համեմատությամբ պարզեմ պահանջս ու ասելիքս: Կան ընդհանրապես ճաշարաններ: Ժողովրդական պարի անսամբլները «ազգային սննդի» վայրեր են կամ, ավելի ճիշտ, պիտի լինեն: Մենք գնում ենք ուտելու «թանապուր», «Էջմիածնի բոզբաշ» կամ մեկ այլ՝ զուտ ազգային կերակուր: Իսկ այստեղ մեզ հրամցնում են «սուպ» կամ «սացիվի»՝ վրան մի քիչ պղպեղ ցանած: Լավագույն դեպքում՝ ընդհանուր արևելյան «խարչո»: Եվ ահա գտնվում են խոհարարներ, որոնք ուզում են, որ «ազգային կերակուրների» ճաշարանը մատակարարի մեծ մասամբ ժամանակակից ճաշեր («ծրագրային» պարեր) կամ եվրոպական ուտելիք («կլասիկա»): Մեր պարարվեստի արդի անմխիթար վիճակը, ըստ իս, բխում է հենց այս մտայնությունից, այսինքն իր ինչն ու ինչոցը չիմանալուց:

Մենք պետք է ըստ ամենայնի հղկենք մեր պարը, և այդ ժամանակ ոչ ոք չի կարող ձեռքը նրա վրա դնել կամ յուրացնել: Հայտնի է, օրինակ, որ երաժշտության մեջ օրը ցերեկով կողոպտում են մեզ, բայց Կոմիտասից չեն էլ փորձում վերցնել, որովհետև անհնար է, որովհետև նրա ամեն հնչյունը այնքան է ազգային, այնքան է զուտ հայկական, որ վերցնողի գող լինելը իսկույն կպարզվի:

Իսկ նույնը կարո՞ղ ենք ասել ոչ թե կոմիտասյան, այլ այսպես ասած «սայաթ-նովական» հորինվածքների մասին: Ես Սայաթ-Նովայի մասին չեմ խոսում, ձեզ հայտնի է իմ պաշտամունքը առ նա: Ես խոսում եմ այն սուտ ու կեղծ, ոչ այն է՝ հայկական, ոչ այն է՝ ընդհանուր արևելյան ինչ-որ «մոտավոր»- «համարյա թե»-ական երգերի մասին, որոնք նման են ընկեցիկ երեխայի. ամեն ոք կարող է իր անունը նրանց համար հայրանուն դարձնել: Եվ ամոթ է, որ այս մասին, հենց ձեր «Արվեստի» միջոցով, մեզ քաղաքավարի լրջությամբ և շփոթահար տագնապով զգուշացնում է մեր բարեկամ Հակոբ Ասատուրյանը հեռավոր Ամերիկայից:

Երաժշտության մասին խոսեցի լոկ այն պատճառով, որ տվյալ առումով նույն վիճակն է նաև մեր պարարվեստի մեջ: Զուտ ազգայինի փոխարեն՝ ընդհանուր արևելյան, զուտ ժողովրդականի փոխարեն՝ կեղծ ժամանակակից («ծրագրային»-«բեմականացած») և զուտ եվրոպական («կլասիկա»): Եվ ահա պար ես նայում ու չես հասկանում՝ տեսածդ պա՞ր է, բալե՞տ, գեղարվեստական մարմնամարզությո՞ւն, թե՞ կրկեսային «համար»:

Փորձում են մեղքը հանդիսականի, ժողովրդի վրա գցել. «Նա ընդունում է...»: Իհարկե, կա հանդիսականների մի խավ, որի համար նորը ամեն ինչ է, նոր լինի՝ ինչ ուզում է՝ լինի: Իրենցը, սեփականը իրենց համար «հետաքրքրական չէ»: Եվ նման հանդիսականների ճաշակով էլ հենց առաջնորդվում են մեր պետական անսամբլները: Թող լինեն նոր պարեր, ոչ ոք դրանց դեմ չէ, բայց մեր անսամբլները հայկական ժողովրդական պարը կատարելու և կատարելագործելու համար են և ոչ թե «նոր պարեր» ստեղծելու:

Մենք պետք է նաև մեզ շարունակ ստուգենք օտարների միջոցով: Ես, օրինակ, համոզված եմ, որ եթե Գորկին հիմա գար Հայաստան, դիտեր մեր այսօրվա պարերը, չէր գրի մեզ բոլորիս ծանոթ սքանչելի տողերը Սասնա պարերի մասին:

... Ինձ թվում է՝ մենք մեր օպերան և բալետը պետք է հասցնենք ժամանակակից մակարդակի և ոչ թե ժողովրդական պարը, որի «հին մակարդակին» էլ հասնենք՝ մեծ բան է: Հազարավոր պարեր չենք ուզում, թեկուզ մի 65 ժողովրդական պար էլ որ բեմ հանվի (չբեմադրվի...), խորապես շնորհակալ կլինենք մեր մասնագետներից:

Ի միջի այլոց, մեր անսամբլային պարերի միօրինակությունը մասամբ էլ տարազի միօրինակության հետևանք է: Եթե մենք պահպանենք, հավատարիմ մնանք ամեն շրջանի ու վայրի տարազներին, անպայման բազմազանություն կլինի և կարիք չի զգացվի արհեստականորեն «բազմազան» դարձնել տարազը:

Արժանին տալով պարի վետերաններին, հին ու նոր սերնդի մարդկանց, այսօր մենք մեկեն ու որոշ պիտի ասենք, որ հայկական պարարվեստի ներկա ճանապարհը ճիշտ չէ, և որ այդ ճանապարհով անկարելի է մի քայլ իսկ անել դեպի ժողովրդական, ճշմարտապես ազգային պարարվեստը»:

 

Պարույր Սևակ