Պարի մուսայի ընծան հայ ժողովրդին

Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ

1948 թվականի մի պարզ մայիսյան կամ գուցե հունիսյան առավոտ, մի մայր իր յոթամյա տղային տարավ Երաժշտական ​​տասնամյա դպրոց, որը գտնվում էր այդ ժամանակ Լենինի պողոտայի և Ամիրյան փողոցի անկյունում գտնվող շենքի երկրորդ հարկում (այժմ՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի անկյունում՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ​​ուսումնարան): Միգուցե տղային կընդունե՞ն ջութակի դասարան: Սակայն առաջին հարկում նրանց մոտեցան և խնդրեցին, որ տղան մասնակցի Պարարվեստի ուսումնարանի ընդունելության քննություններին: Դա, իհարկե, բախտորոշ պահ էր հայ բալետի պատմության մեջ, և ոչ միայն հայ...

Պարարվեստի դպրոցի ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած տղայի անուն էր Վիլեն Գալստյան:

Այս անվան հետ որքա՜ն վառ հիշողություններ, որքա՜ն հուզիչ պահեր, որքան՜ հպարտության զգացումներ են կապված:

Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Վառնայի (1968) և Կահիրեի (1971) միջազգային մրցույթների ոսկե մեդալների, ՀԽՍՀ պետական մրցանակի, Մովսես Խորենացու և Մեսրոպ Մաշտոցի շքանշանների դափնեկիր: Նա փայլեց Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Ճապոնիայի, ինչպես նաև Խորհրդային Միության բազմաթիվ բեմահարթակներում: Նրա զուգընկերուհիներն էին ականավոր պարուհիներ Ռաիսա Ստրուչկովան, Եկատերինա Մաքսիմովան, Մալիկա Սաբիրովան, Գալինա Ռագոզինան, Վալենտինա Գանիբալովան, Լիլիան Կոզին...

Չնայած կան արվեստագետներ որոնց անունները կարիք չունեն կոչումների և մրցանակների թվարկման: Նրանցից է Վիլեն Գալստյանը:

Եվ, իհարկե, կան պարողներ, որոնց կատարմանը նայելիս, իհարկե, նկատում ես և՛ հիանալի կեցվածքը, և՛ բնական օժտվածությունը, և՛ անթերի վիրտուոզ տեխնիկան, և՛ զուգապարի հնարքների գերազանց տիրապետումը: Սակայն այս ամենը մասերի բաժանված, վերլուծված և ի մի բերված, պատասխան չի տալիս այն հարցերին, թե ինչո՞ւ հանդիսատեսին թվում էր, որ Գալստյանի հայտնվելու առաջին իսկ պահից բեմի վրա կարծես կախարդական լույս էր սփռվում: Ինչո՞ւ անհնարին էր հայացքը թեքել նրանից: Ինչո՞ւ էր հանդիսատեսը շունչը պահած, կլանված հետևում նրա ամեն շարժմանը: Այդ հարցերին կա միայն մեկ պատասխան։ Վիլեն Գալստյանը պարի մուսայի ընծան է արվեստի աշխարհին:

Դժբախտաբար, Գալստյանի պարը ներկայացնող երկու-երեք տեսանյութ է պահպանվել:

Նրանց, ովքեր չեն տեսել Գալստյանին բեմում, կցանկանայի ներկայացնել ոչ միայն վիրտուոզ պարողին, այլև պարող-դերասանին: Ինչպե՞ս չհիշել Գալստյանի այն կատակերգական հանկարծաբանությունները, որոնք նա ներմուծում էր «Դոն Կիխոտ» բալետում՝ Բազիլի դերը կատարելիս և ծիծաղի պոռթկումներ էին առաջացնում հանդիսատեսի մոտ: Իսկ այն արցունքներն ու ապրումնե՞րը, որ ծնվում էին, երբ Ռոմեոն սգում էր Ջուլիետի, իսկ Ալբերտը՝ Ժիզելի կորուստը: Հզոր, ապստամբության կոչ անող Սպարտակը, սիրահարված, խանդի կասկածանքներով տոգորված և դաժանորեն ու սառնասրտորեն իր կնոջը թունավորված գինու բաժակը առաջարկող, իսկ իր ճակատագրական սխալը գիտակցելու պահին՝ խենթացած Արբենինը («Դիմակահանդես»)։ Ճգնավոր հոգևորական և խանդավառ երաժիշտ, ցեղասպանության հուսահատ նահատակ և հոգևոր առաջնորդ, անլռելի զանգակատունը հնչեցնող և իր ժողովրդին կյանքի կոչող Անտունին՝ համանուն բալետում: Այո, ժամանակակից պարողները պետք է մտածեն դերի մեջ ամբողջովին սուզվելու հմտություններ ձեռք բերելու մասին, այն արժեքների մասին, որոնք այժմ, ավաղ, անտեսվում են՝ ի շահ անթերի պարային հնարքների ցուցադրման:

Ցավոք, պարողի բեմական կյանքը երկար չի տևում: Սակայն նույնիսկ բուռն բեմական գործունեության ընթացքում Գալստյանն արդեն զբաղվում էր բեմադրական գործունեությամբ։ 1974 -ին Խաչատրյանի «Գայանե» բալետն իր մեկնաբանական տարբերակով ներկայացվեց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում և շարունակում է մնալ խաղացանկում մինչև այսօր: Ընդհանրապես, Գալստյանը, որպես բալետմայստեր, տիրապետում է մեծ բեմական ձևաչափի՝ բազմաակտ բալետի ստեղծելու հնարքներին: Նա բեմադրել է էպիկական և հերոսական ժանրի երկեր՝ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը։ Մանսուրյանի «Ձյունե թագուհի» բալետը տանում է դեպի ռոմանտիզմի դարաշրջան, ինչպես և Խաչատրյանի «Դիմակահանդեսը»։ Այս ցանկին հավելենք բազմաթիվ խորեոգրաֆիկ մանրանկարներ՝ ստեղծված ժողովրդական-բեմական, ակադեմիական և ժամանակակից դասական պարի հնարքներով: Նույն՝ 1974-ից մինչև օրս Վիլեն Գալստյանն ընդմիջումներով զբաղեցնում է Ազգային օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը։ Տարիների ընթացքում եղել է նաև Երևանի պարարվեստի քոլեջի տնօրեն և գեղարվեստական ​​ղեկավար, բեմադրություններ է արել տարբեր երկրներում, 1999-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի բալետի ռեժիսուրայի բաժնում։ Բալետային ներկայացումներ է բեմադրել Մոնտեվիդեոյում («Տեատրու Սոլիսի» գլխավոր բալետմայստեր, 1987–1988), Արգենտինայում (2001) և այլ երկրներում:

Վիլեն Գալստյանի կինը՝ մեզնից անժամանակ հեռացած Հայաստանի վաստակավոր արտիստուհի Նադեժդա Դավթյանը, նրա հետ կապեց իր թե՛ ստեղծագործական, և թե՛ անձնական կյանքը, անցյալ դարի 70-ականների կեսերից մինչև կյանքի վերջին պահը: Պարուհին մեծապես սատարում էր Վիլեն Գալստյանի բեմադրական գործունեությանը՝ դառնալով նրա ակտիվ համագործակիցը, իսկ անձնական կյանքում շարունակելով մնալ ընտանեկան օջախի պահապանն ու հոգատար կինը։ Գայանե և Էգինա (Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետներում), Խանդութ (Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետում), Գերդա (Մանսուրյանի «Ձյունե թագուհին»)՝ Վիլեն Գալստյանի բեմադրություններում այս դերերով հարստացվեց Նադեժդայի խաղացանկը և լիովին բացահայտվեց պարուհու նրա վարպետությունն ու դերասանական տաղանդն իր վառ դրսևորումներով։ 1989-ից մինչև կյանքի վերջին օրը նա Ազգային օպերայի և բալետի թատրոնի պարուսույց-փորձավար էր: Որքան խստապահանջ էր իր հանդեպ՝ նախապատրաստվելով ամեն հերթական ներկայացմանը կամ էլ աշխատելով նոր կերպարի կերտման վրա, նույնպիսի անձնուրացություն էլ նա պահանջում էր այն պարողներից, որոնք անցան նրա դպրոցը։ Իսկ նրանք հինգ, տասը, քսանը չէին, այլ բոլորը, որոնք վերջին 30 տարում աշխատում էին Սպեդիարյանի անվան թատրոնի բալետի խմբում։

Նրանց որդին՝ տաղանդավոր պարող Դավիթ Գալստյանը, երկար տարիներ Թուլուզի (Ֆրանսիա) ազգային թատրոնի առաջատար մենապարողն է։

Գալստյանի դուստրը` հայտնի երգչուհի Ջուլիետ Գալստյանը, հանդես է գալիս արևմտյան օպերային թատրոնների բեմերում: Իհարկե, հոր բեմական հմայքը գենետիկորեն փոխանցվել է նաև նրան:

Կարծես ավարտվել է Գալստյանի կենսագրության ամենափայլուն շրջանը, բայց Գալստյանը հայկական ու ոչ միայն մեր բալետի լեգենդն է՝ պարի մուսայի ընծան հայ ժողովրդին։

 

Նազենիկ Սարգսյան

Արվեստագիտության դոկտոր

... ...