Փարաջանովի մատնահետքը

Սերգեյ Փարաջանովի այս լուսանկարը, որը դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը պահում է ալբոմի առանձին մի անկյունում`հնարավոր ապահով մի տեղ, անձամբ ռեժիսորն է նվիրել իրեն 1978-ին: Սկզբում ստորագրել է, հետո`թողել այն քիչ բաներից մեկը, որը խառնակ այդ ժամանակներում իսկապես պատկանում էր իրեն`մատնահետքը: Սա լուսանկար է`լուսանկարում: Փարաջանովը բանտից դուրս գալուց հետո նկարվել է իր լուսանկարի հետ, որն արվել էր մինչև կալանավայրում հայտնվելը: Դերասանուհուն այն հասել է հենց լուսանկարչի`Գուրգեն Միսակյանի տանը տեղի ունեցած հավաքի ժամանակ, որին ներկա էին բազմաթիվ ականավոր դեմքեր, այդ թվում`Փարաջանովը: 

Նա Թբիլիսիից Երևան էր եկել Համամիութենական կինոփառատոնին ներկա գտնվելու համար: Ուզում էր տեսնել ամեն բան, ինչ իր բանտարկության չորս տարիներին նկարահանել էին ընկերները`ֆիլմերից մինչև մուլտֆիլմեր: Հանգրվանել էր Սայաթ-Նովա պողոտայի վրա գտնվող «Անի» հյուրանոցի փոքրիկ մի համարում: «Փառատոնի օրերին կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն ասաց. «Գնում ենք օդանավակայան` Փարաջանովին դիմավորելու, կգա՞ս մեզ հետ»: Դե ես ուղղակի վազեցի: «Յակ-40» ինքնաթիռը վայրէջք կատարեց, դռները բացվեցին ու իջավ հնամաշ շորերի մեջից մեզ նայող այնքա՜ն գեղեցիկ մի մարդ: Բանտի անողոք տարիները չէին խամրեցրել նրա փայլը: Նա խոսում էր ռուսերեն, բայց հայհոյում`հայերեն: Էլդար Շենգելայային, որը մեզ հետ էր, հարցրեց, թե ով եմ: Նա պատասխանեց, որ «Նահապետ» ֆիլմի հերոսուհու դերակատարն եմ: Հետո գնացինք հյուրանոց: Հենց մտանք ճեմասրահ, և մարդիկ Փարաջանովին տեսան, ոմանք բացեցին թերթը, սկսեցին արագ-արագ կարդալ, ոմանք`ուղղակի  փախան... Խորհրդային տարիներն էին, մարդիկ վախեցած էին, խուսափում էին շփվել իշխանության կողմից հետապնդված մարդու հետ»,-պատմում է Սոֆիկ Սարգսյանը:

Եվ չնայած փառատոնին ներկայացված էր նաև «Նահապետը», դերասանուհու համար կինոփառատոնն այլևս դադարել էր գոյություն ունենալ: Փոխարենը նա հյուրանոցի այդ փոքրիկ սենյակում իր համար մի նոր աշխարհ էր բացահայտում: Երբ փառատոնի շրջանակում ցուցադրվեց ֆիլմը, ներկա էր նաև Փարաջանովը: Հենց դրա ավարտին էր, որ Փարաջանովը մի խումբ մարդկանց` 20-30 հոգու, այդ թվում` Սոֆիկ Սարգսյանին, տարավ Գուրգեն Միսակյանենց տուն`պատիվ տալու:

«Այդ օրը Փարաջանովն ինձ նվիրեց 18-րդ դարի արծաթե զարդեր: Զարդերը փորձեց դնել ափիս մեջ, ես ձեռքս հետ քաշեցի, չպատկերացրի, որ իր ձեռքից կարող եմ որևէ բան ստանալ: Ասաց. «Լավ, հասկացա»: Վերցրեց մի ափսե, շրջեց ու դրա վրա, ինչպես միայն ինքը կարող էր անել, զարդերը մատուցեց ինձ: Նա հասկացավ, որ չեմ կարող իր ձեռքերին դիպչել... Հենց այդ օրը նվիրեց նաև լուսանկարը»,-հիշում է Սոֆիկ Սարգսյանը:

Արծաթե այդ զարդերն ընդամենը մի քանի օր հետո պետք է գտնեին իրենց տեղը ու էլի Փարաջանովի ձեռամբ: Կուլտուրայի նախարարությունից Սոֆիկ Սարգսյանին հրահանգել էին ներկայանալ փառատոնի փակմանը, որտեղ նա «Նահապետ» ֆիլում կերտած իր դերի համար պետք է մրցանակ ստանար, ու նույնիսկ ավելացրել էին. «Նորմալ շոր կհագնես»: «Սև շոր ունեի, որ քույրս էր նվիրել, դա էր հագս: Փարաջանովը նկատեց, որ տխուր նստած եմ, հարցրեց`ինչ է եղել: Պատմեցի: Ասաց. «Արծաթները քեզ մո՞տ են, տու´ր»: Սև թելի վրա անցկացրեց, մեջտեղում` մեծ արծաթը, կողքերից`փոքրերը: Կախեց վզիս ու ասաց. «Դու քո մրցանակն արդեն ստացար: Հենց այս շորով էլ կգնաս, արծաթները` պարանոցիդ»: Այդպես էլ արեցի»,-հիշում է դերասանուհին:

«Անի» հյուրանոցի ներսում նույնիսկ կերուխումն էր այդ օրերին «արվեստոտ»: Մի օր Փարաջանովը սեղան էր գցել ու հյուրընկալել անվանի մարդկանց, այդ թվում`Ֆրունզե Դովլաթյանին, Տիգրան Մանսուրյանին, Անահիտ Թոփչյանին: «Երեք տասնյակից ավելի մարդ էր հավաքված: Ի՞նչն էր զարմանալի. Փարաջանովն իր մոտ կոպեկ անգամ չուներ, բայց ինքն էր պատիվ տվողը, չէինք հասկանում`ո՞նց, որտեղի՞ց... Ես նրա ուտելն այդպես էլ չտեսա: Անընդհատ ոտքի վրա կենացներ էր ասում`արվեստի, արվեստի մարդկանց համար էր խմում: Կողքի սեղանին երկու տղամարդ էին նստած, ուշադիր նայում էին մեր կողմը: Մեկը օղու բաժակը ձեռքին մոտեցավ, ակնհայտ էր, որ ոչ ոքի չէր ճանաչում: Եկավ Փարաջանովի մոտ, ասաց. «Ես չգիտեմ` դու ով ես... Աստվա՞ծ ես, ո՞վ ես, որ այսքան մարդ բերանը բաց քեզ է լսում»: Փարաջանովը երեխայի նման աչքերը լցնել գիտեր... Արտասվեց ու երկու շիշ օղի ուղարկեց այդ մարդկանց»,- պատմում է Սոֆիկ Սարգսյանն ու կրկին նայում  Փարաջանովի լուսանկարին:

Առաջին հայացքից սովորական թվացող այս նկարն, ի դեպ, գրավել է անգամ երջանկահիշատակ լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր  տնօրեն Զավեն Սարգսյանի ուշադրությունը. մարդ, որը եղել է Փարաջանովի երկար տարիների ընկերն ու նրան առնչվող ցանկացած տեղեկություններ հավաքողը, խոստովանել է, որ առաջին անգամ է տեսնում լուսանկարը:

 

Աննա Բաբաջանյան

 

 

 

 

 

... ...