Փարաջանովի կախարդական թելը

Աստվածները չեն մեռնում, իսկ նա շատ բան ուներ աստվածներից

Սերգեյ Փարաջանովի տարեդարձն է: 98 տարի առաջ ծնվեց պոետիկ կինոյի մոգը, ազատ մտքի ու կատարելության խորհրդանիշը համաշխարհային կինոյում: Հանճարեղ ռեժիսորի տարեդարձի առիթով հատվածաբար ներկայացնում ենք Պավլո  Զագրեբելնիի «Փարաջանովի կախարդական թելը» ակնարկը, որը հրատարակվել է «Եվ ո՞վ էր Փարաջանովը» գրքում: Այս ժողովածուն Փարաջանովի երևանյան թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի վերջին նախաձեռնություններից մեկն էր, որի վրա նա աշխատում էր արդեն հիվանդանոցում: Գիրքը լույս է տեսել 2021-ին՝ Զավեն Սարգսյանի մահից հետո:

 

* * *

Նրա մահվան մասին ես իմացա հեռուստատեսային նորություններից: Հանկարծ էկրանը լուսավորվեց արևային ոսկեգույնով, և ինչ-որ ոսկե, անհավատալիորեն հեքիաթային, անսահման տարածության մեջ, բիբլիական ամբոխի վրա լողաց սպիտակ դիպակով դագաղը, իսկ դագաղում՝ արծաթե շրջանաձև մորուքը և մարգարեի`անգամ մահվան մեջ գունատ, ոգեշունչ դեմքը: Սերյոժա: Չի կարող պատահել: Սերգեյ Փարաջանով... Թվում է՝ նա նույնիսկ իր թաղման ռեժիսորն է եղել...

Որտեղ է նա թաղված: Էջմիածնո՞ւմ: Էրեբունի լեռան վրա՞, հայկական առաջին  արքաների ապարանքների կավե ավերակների մո՞տ: Հայկական սրբազան Արարատ լեռան վրա՞:

Նրա մարմինը ննջում է իր նախնիների հողում, իսկ հոգին սավառնում է հսկա անսահմանության մեջ: Նրա համար Կովկասը փոքր է, նա Նոյան տապանի աղավնու պես՝ նոր տարածության, նոր աշխարհների, նոր գեղեցկության փնտրտուքի մեջ փորձում է դուրս պրծնել այնտեղից:

Նրա հոգին նաև մեր Ուկրաինայի, Կարպատների, տափաստանների, Կիևի վրա է:

Ուկրաինայում Փարաջանովն ապրեց իր բարձրագույն գեղարվեստական համբարձումն ու Գողգոթան:

Կիևը Սերգեյին նվիրեց Բոտիչելլիի գարնանային հավերժահարսերից մեկին նմանվող կնոջը: Կիևն օգնեց, որ Փարաջանովի անսովոր շնորհը վերածվի ֆանտաստիկորեն հրաշալի «Մոռացված նախնիների ստվերներին» և այդ նույն Կիևն ամոթալիորեն դարձավ մեծ արվեստագետի նողկալի դատաստանի վայրը:

Մինչև մահս ես կտառապեմ բանտային ճամբարների այն հինգ տարիների համար, որոնք խեղեցին Փարաջանովի կյանքը, ասես իմ իսկ ձեռքերով նրան փշալարերի հետևում եմ թողել: Մեզ անմեղ-մեղավորների ճակատագիրն է վիճակվել և հավերժական ամոթը մեր ուղեկիցը կլինի մինչև գերեզման:

Հստակ չեմ հիշում, թե երբ ծանոթացանք Սերգեյի հետ: Հիմա թվում է, որ մենք ծանոթ էինք մեր ծննդյան պահից ի վեր, մանավանդ որ երկուսս էլ  1924-ի ծնունդ էինք:

Մեր որդիները սովորում էին Կիևի 92-րդ դպրոցի նույն դասարանում և ընկերներ էին: Ծնողական ժողովների ժամանակ ծանոթացան նաև մեր կանայք: Բայց  Փարաջանովին ամուսնացած պատկերացնելը դժվար է: Նրան իր կողքին չկարողացավ պահել անգամ բոտիչելլյան գեղեցկության և նրբության տեր կինը:

Նրան տարածություն և ազատություն էր պետք: Անկանոն կենցաղ, այսպես կոչված կյանքի մանրուքների կատարյալ քամահրանք, վարքագծի գրեթե մանկական անմիջականություն և անփութություն. ո՞ր կինը կդիմանար այդ ամենին...

Նրա փոքրիկ կացարանում իշխում էր անսահմանության ոգին: Այնտեղ երբեք մշտական ոչինչ չկար. ո՛չ կահավորումը, ո՛չ իրերը, ո՛չ մարդիկ, անգամ ինքը՝ Փարաջանովը կամ այնտեղ էր կամ՝ ոչ, նա կարող էր անհետանալ ամիսներով, տարիներով, հանկարծ հայտնվում էր, իր մոտ էր կանչում ահռելի քանակությամբ մարդկանց, հրավիրում էր, պահանջում էր, հրապուրում էր, հետո նույնքան անսպասելի անհետանում էր: Կահույքն ասես հետևում էր տիրոջը: Հանկարծ հայտնվում էր հին նստարանը սինագոգից, որպեսզի մի երկու օրից նրան փոխարինի կազակական նստարանը, որին էլ կփոխարիներ բիդերմայերովյան բազմոցը: Աթոռներ, բառի սովորական իմաստով, այնտեղ երբեք չեն եղել, կային միայն ծանր փայտից հին ուկրաինական աթոռակներ, նրբաճաշակ, ոսկեզօծ աթոռներ՝ լեհական արքաների պալատներից: Ննջարան, Փարաջանովը, կարծես թե, նույնպես երբեք չի ունեցել: Սենյակներից մեկում կարող էր հայտնվել մատրաս, որը, սակայն, որևէ  դեպքում քնելու համար չէր, այլ միայն զննելու, զարմանալու և հիանալու համար: Քանի որ մատրասը ծածկված էր լինում կտորով, որն արդեն աշխարհում ոչ մի տեղ չես գտնի և լցված էր հենց Թամերլանի այրուձիի ձիերի մազերով:

...Ես մինչև հիմա չեմ հավատում, որ Փարաջանովը մահացել է: Այն ինչ տեսա հեռուստացույցով, ոչ մի այլ բան չէր, քան Փարաջանովի ևս մեկ ֆիլմ՝ կովկասյան երևակայական ռեալիզմի ոգով:

Աստվածները չեն մեռնում, իսկ նա շատ բան ուներ աստվածներից, այլ ոչ թե մարդկանցից: Նա ասես երկու սկիզբ ուներ՝ երկրային և աստվածային: Նրա ոչ խոշոր, գրեթե անկշռելիության հասնող թեթև մարմինը սնվում էր ոչ թե երկրային սնունդով, այլ՝ ոգով: Ես երբեք չեմ տեսել, որ Փարաջանովը ուտի կամ խմի: Նրա նմանների մասին ասում են՝ Սուրբ հոգուց է սնվում...

Տաղանդը միշտ մեծ գաղտնիք է: Երբ խոսքը Փարաջանովի մասին է պետք է խոսել ոչ թե պարզապես տաղանդի, այլ ինչ-որ շատ ավելի մեծ բանի մասին: Նրա կյանքի անկանոնությունը, անփութությունը, նուրբ ճաշակն ու չափազանց մեծ նրբազգացությունը, գեղեցիկով հիացումը, անշահախնդրությունը, էության որոշակի վեհությունը. այս ամենն, իհարկե, չի հյուսվել նրա հոգու ադամանդե թելին, այլ  ընդամենը ամրացնում էր այն կախարդական թելը, որինվիճակված էր զարմանալիորեն մի ներդաշնակ ամբողջության մեջ միավորել Փարաջանովի բոլոր գեղարվեստական տեսիլքները և դրանք պահել չհասկացվածության, անտարբերության, տգիտության անդունդի վերևում: 

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի