Պապան տեղեկանք պիտի ղարկի

«1960 թվին էր։ Հաստատ։ Կարամ ամիսն էլ ասեմ՝ օգոստոս։ Բելկա ու Ստրելկա շները[1] Գագարինից մի քանի ամիս առաջ թռել էին։ Գյուղամեջում նստած էդ մասին էինք մըսլըհաթ[2] անում, հարևանս՝ Ռուբոն, եկավ, թե՝ «բոլորով գնում ենք մեր տուն, մի-մի բաժակ բան խմենք՝ Պողոսիկս, Պողոսիկ էլ ասում էր, երկու մետր բոյ ուներ տղան, ընդունվել ա Գորիսի գյուղատնտեսական տեխնիկում, զոոտեխնիկ պիտի դառնա»,- արդեն տարիքն առած գյուղացին էսպես սկսեց պատմությունը, որը հիմա ես էլ ձեզ կպատմեմ։

Ռուբոյի տղա Պողոսիկը օգոստոսի վերջին օրը գյուղի ավտոբուսով իջավ Մեղրի, գնացքով գնաց Կապան, էնտեղից էլ ավտոբուսով՝ Գորիս։ Հերը նամակ էր գրել գորիսեցի ընկերոջը, որ Պողոսիկին իրենց տանը մի քանի օր պահեն, մինչև հանրակացարանի հարցերը լուծվեն։

Տղայի մեկնելուց մի շաբաթ անց գյուղսովետի շենքի առաջին հարկում տեղավորված փոստատան աշխատակցուհին ձեն տվեց.

-Աշխե՜ն, ա՛յ Աշխե՜ն, տղայիցդ նամակ ա եկել։ Էսօր ես ձեր տների կողմերը չեմ գալու, մարդուդ ասա՝ էգուց առավոտ մտնի, մոտիցս վերցնի։

Տղայից նամակ էր եկել՝ Աշխենը կհամբերե՞ր մինչև էգուց։ Փետրած հավը թողեց տաք ջրով թասի մեջ ու վազեց ներքև։ Մինչ նամակը ձեռքին տուն հասավ, ամուսինն արդեն կովը կթել, գոլորշի արձակող թարմ կաթով դույլը ձեռքին՝ գոմից բարձրացել էր, շորերն ու կոշիկներն էր փոխում։

Կնոջ ձեռքից վերցրեց  ծրարը, բացեց ու սկսեց բարձրաձայն կարդալ։ Ամուսնու կարդալու ընթացքում կինը մերթընդմերթ, ձեռքերը ծնկներին խփելով, մրմնջում էր՝ «քոռանա՜մ ես»։

 

«Բարևագիր, կարոտագիր, համբույրագիր.

Բարև, պապա ջան։ Բարև, մամա ջան։ Ես լավ եմ, Վաղո դային ինձ լավ ա պահում մինչև հանրակացարանի հարցը տեսնամ հինչ ա դառնում։ Իրա տղայի հետ էլ գնում եմ դասի, գալիս։ Պապա ջան, էդ հանրակացարանում սենյակ ստանալու համար մի հատ տեղեկանք ա պետք, որ ես կոլխոզնիկի տղա եմ ու մեր ընտանիքը ապրում ա բարձրլեռնային գյուղում։ Առանց էդ տեղեկանքի չի դառնա, ինձ հանրակացարան չեն տա։ Ճիշտ ա, Վաղո դային ասում ա հինչքան ուզում ես, մնա մեր տանը, բայց լավ կլինի, որ էդ տեղեկանքը անպայման շուտ ղարկեք, էլի։ Առանց դրա չի դառնա։ Հենա Սիսիանից էլ տղա կա, ինքն էլ ա ասում, որ էդ տեղեկանքը շատ կարևոր ա։ Դե իրանը հեշտ էր, մի առավոտ ավտոբուսով գնաց Սիսիան, իրիգունը տեղականքը ձեռին եկավ։ Պապա ջան, գնա գյուղսովետ, վերցրու էդ տեղեկանքը ու հենց էսօր ղարկի, որովհետև ես առանց էդ տեղեկանքի չեմ կարա հանրակացարան տեղավորվեմ, Վաղո դայուն էլ չեմ ուզում շատ նեղություն տամ։ Առանց էդ կարևոր տեղեկանքի իմ հանրակացարանի հարցը չի լուծվի։ Հիշար, չէ՞, պիտի տեղեկանք վերցնես, որ մեր ընտանիքը կոլխոզնիկի ընտանիք ա, ապրում ա բարձրլեռնային գյուղում, լավ կլինի, որ տեղեկանքում գյուղսովետի նախագան համ էլ գրի, որ կոլխոզին զոոտեխնիկ ա պետք, ես էլ տեխնիկումը ավարտելուց հետո հենց գալու եմ մեր գյուղում էլ աշխատեմ։ Պապա ջան, գյուդումըմ, որ գործերդ շատ են, սաղ օրը կամ դաշտում ես, կամ սարում, եթե դու չես կարա, թող մաման գնա գյուղսովետ («քոռանամ ես, կգնամ»՝ հերթական անգամ մրմնջաց կինը) ու էդ կարևոր տեղեկանքը վերցնի, տանեք Մեղրիից փոշտով ղարկեք, գա։ Լավ կլինի նամակը զակազնոյ անեք, որ հաստատ հասնի ինձ։ Համ էլ ասեմ, որ ինձ համար սենյակ արդեն պահել են, բայց հանրակացարանի պարետը ասում ա անպայման պըտի էդ տեղեկանքը լինի, տանեմ տեխնիկումի դիրեկտըրի զամի մոտ, հրամանը տա, որ ես կարանամ տեղափոխվեմ հանրակացարան։ Սիսիանցի ընկերս արդեն էդ սենյակում ա մնում, ես իրա հետ պըտի մնամ, մենակ խնդրում եմ, անպայման էդ տեղեկանքը ղարկեք։ Եթե մաման էլ ա շատ զբաղված, հենց էսօր իրիգուն ապրանքը[3] նի անելուց[4] ու կովը կթելուց հետո մի բոթուլ արաղ վերցրու, գնա գյուղսովետի նախագի տուն, մեկ ա, փեչատը միշտ մոտն ա, կարա հենց տանն էլ գրի էդ տեղեկանքը, որ շատ կարևոր ա ինձ համար։ Իրիգունը որ վերցնես, առավոտ շուտ կտանես, ավտոբուսի շոֆեր Մուկուճին կտաս՝ Մեղրիում թող մտնի փոշտ, զակազնոյ նամակով ղարկի։ Առանց դրա հանրակացարանիս հարցը չի լուծվի։ Դե ֆսյո, պապ ջան, սպասում եմ էդ տեղեկանքին։

Ձեր որդի Պողոս»։

-Քոռանա՜մ ես, -ասաց Աշխենը,- դե, վե՛ր կաց, վե՛ր, էն քավորիդ քաշած արաղից մի բոթուլ լցրո՛ւ, գնա՛, ես հավը արդեն թեփռել[5] եմ, դնեմ վրան, մինչև էփի՝ կգաս, էլի…

-Սպասի՛, սպասի՛ է՜, ա՛յ կնիկ, ստեղ ուրիշ բան էլ կա։ Հիմա չեմ իմանում՝ հինչ անեմ։ Շան լակոտը նամակի վերջում մատիտով գրել ա. «Պապ ջան, էդ տեղեկանքը ղարկեք էլ՝ կդառնա, չղարկեք էլ՝ կդառնա»…

 

***

Երկու ամիս հետո՝ նոյեմբերի սկզբներին, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության տոնի առթիվ մի շաբաթ արձակուրդ էին տվել։ Պողոսը մի քանի օրով տուն եկավ։  

Պաչպռոշտիից հետո հերը հարցրեց.

-Ա՛յ բալա, էն նամակում էդքան երկար-բարակ գրել բացատրել էիր էդ տեղականքի կարևորությունը, պա խի՞ էիր վերջում գրել՝ «ղարկեք էլ՝ կդառնա, չղարկեք էլ՝ կդառնա»։

-Ա՛յ պապ ջան, նամակը գրամ պրծամ, գնացիմ Գորիսի փոշտ, ծրարը առամ, արդեն դնում էի մեջը, որ փակեմ, մեկ էլ էն սիսիանցի ընկերս Վաղո դայու տղու հետ թըքնափաս[6] եկավ, ասավ՝ հանրակացարանը առանց դրա էլ տվել են, էլ տեղեկանքը պարտադիր չի, կարամ հենց հիմա էլ վեշերս հավաքեմ, տեղափոխվեմ։ Դե, ես էլ զահլա չարամ ձեզ թազա նամակ գրեմ, հենց փոշտում էլ մի հատ մատիտ վերցրամ, նամակի վերջում ավելացրամ՝ «ղարկեք էլ՝ կդառնա, չղարկեք էլ՝ կդառնա», դրամ ծրարի մեջ ու ղարկամ։

 

Մեսրոպ Հարությունյան

 

[1] Բելկա և Ստրելկա շները 1960 թվականի օգոստոսի 19-ին կատարել են տիեզերական ուղեծրային թռիչք և անվնաս վերադարձել երկիր։ Թռիչքը տևել է շուրջ 25 ժամ։

[2] Մըսլըհաթ - զրույց, խոսքուզրույց

[3] Ապրանք – այստեղ՝ ընտանի կենդանիներ՝ ոչխար, այծ, գառ, ուլ։

[4] Նի անել – արոտից եկած ապրանքը քշել գոմ, տեղավորել։

[5] Թեփուռ – փետուր, թեփռել - փետրել

[6] Թըքնափաս - շնչակտուր, շնչահատ