Ո՞վ…

«Տանձի լիմոնադ» պիտակով շշի մեջ խաղողի օղի էր, բերանը փակված էր «ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» թերթի խունացած համարից պոկած թղթից կոլոլած խցանով։ Ճիշտ էն դպրոցական վերջին տարիների նման, երբ տղերքով գնում էին Մտղապասի կամ Նվատեղի քյաշվաններում խմելու։
Արդեն գերեզմանում տեսավ, որ խցանի ներքեւի մասը օղուց թրջվել է, իսկ վերեւում թերթի գլխագրից երկու տառ է երեւում՝ ՈՎ։
Երեսունհինգ տարի անցել էր, ու ինքն աշխարհի ծերից եկել էր հենց միայն ընկերոջ գերեզմանին այցելելու։ Մահվան ճիշտ օրը չէր հիշում, բայց վաղուց պատկերացրել էր, թե ոնց է մոտենալու տապանաքարին:
-Ձեռս քարի տակ չի, կարող էի աշխարհի ամենաթանկ արաղը բերեմ, ամենասիրուն բաժակները, բայց որոշեցի մեր ջահել օրերի նման լինի. նենց, ոնց որ Նվատեղի աղբրի մոտ առաջին անգամ արաղ խմեցինք։ Բաժակներ էլ չեմ բերել, վարունգից երկու բաժակ եմ սարքել, մեկը` ինձ, մեկը` քեզ։
…Ութերորդ դասարանի վերջին դասից հետո էր։ Տղերքից մեկն ասաց, թե հոր արաղներից կես լիտր թաքուն լցրել է լիմոնադի շշի մեջ, հետը բերել, թաքցրել դպրոցի բակում՝ Նարմանաց այգու ցանկապատի մոտ թափված տախտակների տակ։ Մոտների կոպեկները հաշվեցին, տեսան, որ կարող են մի երկու բան առնել։ Վարունգ առան, բազարին՝ քսանմեկի «բագաժնիկը» բացած կանգնած էր Օրդուբադից եկած լոլոզ ադրբեջանցին, որ ամեն տարի առաջին պոմիդորներն էր բերում վաճառելու։ Գինը հարցրին.
-Մեգիցուն[1],- լսեցին ծանոթ պատասխանը։
Երկու պոմիդոր վերցրին, հացի խանութում նախորդ օրվանից մնացած մի հատ մատնաքաշ կար, դա առան, մեկ էլ Արգեն տոտայի մթերային խանութից մի տուփ «Կիլկի» ու մի կտոր էլ պանիր։
Արդեն Նվատեղում՝ աղբրի մոտ, տեսան, որ բաժակ չունեն։ Երկու վարունգները ձեռքով կիսեցին, փայտի կտորով մեջները հանեցին, ստացվեց չորս բաժակ։ Դանակ էլ էին մոռացել վերցնել. «Կիլկին» չէին կարող բացել… «Դե հինչ արած,-ասաց տղերքից մեկը,- սենց կխմենք, հացով, պանիրով ու պոմիդորով զակուսկի կանենք»։
-Հիշո՞ւմ ես՝ երբ արաղը պրծավ, գլուխներս էլ կարգին ֆռռում էր, դու հանեցիր «Կազբեկի» տուփը, մեջից մի պապիրոս վերցրիր, ասացիր՝ «լցած ա, ախպորցս եմ թռցրել»… Ոչ մեկս դեռ տենց բան փորձած չկար…Էդ օրը հետո ամեն մեկս մի ծառ գրկած պարարտացրինք հողը…
-Հիմա ամեն ինչ փոխվել ա, հինչից ասես արաղ են քաշում՝ էլ թզից ու կարալյոկից, էլ ծիրանից ու դեղձից։ Բայց ես ու դու հո գիտենք, որ աշխարհի ամենալավ արաղը խաղողինն ա։
…Պպզեց։ Լցրեց վարունգի բաժակներն ու երբ թղթե խցանը տապանաքարի վրայից վերցրեց, որ նորից խցկի շշի բերանը, տառերը ցայտուն ընդգծվեցին. ՈՎ: Կարծես հարց լիներ՝ առանց հարցականի։ Հայոցի ուսուցիչ ընկեր Խաչատրյանը կասեր հարցական/հարաբերական դերանուն։
Խմեց ժպտալով. հիշել էր իրենց մանկական գժությունը.
-Հո՞վ…
-Քեզ նման մի գիժ կով։
Երկրորդ բաժակի պարունակությունը… Մեկ ուզեց լցնի գերեզմանին, մեկ էլ փոշմանեց, դեռ պահեց. «վերջում կորոշեմ»։
-Վերջին գնալուցդ առաջ ասել էիր՝ «Ես թամ-թազա սեւ «երեսունմեկով» եմ հետ գալու»։ Տեսնես, թե հիմա հինչ մեքենաներ են ֆեռֆռում էէէ, մեր քաղաքում, դրանց մոտ «երեսունմեկը» դիշովի բան ա։
-Հա, «հետ եկար», ավելի ճիշտ բերեցինք՝ յուղը վրան սեւ «երեսունմեկով», որ ես Ռիգայում վարձեցի ու քշել տվի մինչեւ էստեղ։ Դե, Սովետը հալա չէր փլվել, գրանիցաներ չկային։
Վարունգե բաժակը էլի օղի լցրեց։
«Պարսից արքա Քսերքսես Երկրորդը մահացել է ընդամենը 45 օր թագավորելուց հետո, ըստ լեգենդի՝ ծիծաղից,- պատմության ուսուցչուհին մատը տնկում էր վերեւ ու ավելացնում,- այդտեղից առաջացել է «ծիծաղից մեռնել» արտահայտությունը»[2]։
-Չգիտեմ, ճի՞շտ էր ասում մեր դասատուն, թե չէ։ Քանի՞ մարդ մեռած կըլնի ծիծաղից. հի՞նչ իմանամ։ Բայց «պերեդոզից» լիքը մարդու սիրտ կանգ ա առել… Քոնի պես…
Վարունգի բաժակը քաշեց գլխին։
-Կյանքիդ ամեն վայրկյանից կայֆ էիր ուզում ստանալ, իսկ դրա համար փողը քչություն էր անում։ Ու էն հեռավոր 84, թե 85 թվին սկսեցիր «Պեպսի» արտադրել։ Սովետում չլսված բան. փոքր քաղաքում, միլիցիայի հենց քթի տակ օրը մի քանի յաշիկ «Պեպսի» էիր խփում… Էս «խփումը» քո բառն էր, որ ասացիր. «Կարծում ես առանց դաբրոյի «Պեպսի՞» եմ խփում։ Սաղին էլ իրանց բաժինը տալիս եմ՝ ռայկոմի քարտուղարին, միլպետին, դատախազին, դատավորին…»։
Մի բաժակ էլ խմեց։
-Շտեղի՞ց էիր հումքը, շշերը, պրոբկաները բերում, տենց էլ չջոգեցինք, բայց մի տարի հետո զահլեդ գնաց, էլ կայֆ չէիր տեսնում՝ քո ասելով, ու թռար մոտս՝ Ռիգա. կայֆիդ պակասն էիր ուզում լրացնել, փողն էլ գյուռ-գյուռ ունեիր…
-Էդ օրը… Բլին, որ հիշում եմ, հայերեն ո՞նց են ասում «վոլոսի դիբոմ»՝ մոռացել եմ։ Այ մազերս տենց են լինում, չնայած վաղուց քաչալ եմ։ Երեք, ես ասում էի «անգելի», դու ասում էիր՝ «բոզի» հետ էիր էդ օրը… Աղջիկներից մեկին սկզբում կալանավորեցին։ Հիշո՞ւմ ես ռուս բուժքույրը՝ սիրուն տուտուզովը (վայ քու, արա, քառասուն տարի ա «զադնիցա» էի ասում, էստեղ «տուտուզ» բառը հիշեցի)։ Կասկածում էին, թե նա է բերել դոզաները։ Բայց ապացուցել չկարողացան. իրանց հիվանդանոցում ստուգումներով «նեդաստաչա» չգտան ու բաց թողեցին։
Նորից աչքն ընկավ թղթե խցանի ՈՎ-ին։
-Դու էլ գիտես՝ ես էի բերել, չէի մտածել, թե գերագույն կայֆիդ համար վրա-վրա կօգտագործես։ Երեսունհինգ տարի խիղճս տանջում ա, բայց էլ ոչ մի բան չեմ կարող անեմ. մենակ սեւ «երեսունմեկով» հետ գալդ սարքեցի, մեկ էլ էսօր, ահա, էս… հայերեն ո՞նց ենց ասում «ռիտուալը», այ դա։ Հետս նաեւ «Պեպսի» կա, թողնում եմ քեզ, վարունգի բաժակն էլ, խաղողի արաղով լիմոնադի շիշն էլ, ըհը թղթի պրոբկան էլ խրեցի շշի բերանը, բայց թարս կողմից, որ էլ ՈՎ-ը չերեւա։ Արդեն իմացար՝ հով։ Մեկ էլ,- նայեց չորս կողմը,- մի հատ «կասյակ» եմ բերել, կներես «Կազբեկ» հիմա չէի կարա ճարեմ, սա, այ՝ սենց կթաղեմ հողում…
Երբ մոտեցավ մեքենային, շրջվեց, մի անգամ էլ նայեց գերեզմանի կողմը. շիշը ընկել էր, խցանը դուրս էր թռել ու օղին ծորում էր գերեզմանին` ճիշտ հողի մեջ թաղված «կասյակի» վրա. . .
«Դոզան ա «դաբավիտ» անում»,- վերջին միտքն էր՝ մեքենան գործի գցելուց առաջ։
Մեսրոպ Հարությունյան
[1] Մեգիցուն – Ադրբեջանցին էդպես էր արտասանում։ Մեկ ու հիսուն, այսինքն՝ մի ռուբլի 50 կոպեկ։
[2] Քսերքսես Երկրորդն իրոք ընդամենը 45 օր է թագավորել, բայց ծիծաղից չի մեռել, նրան սպանել է խորթ եղբայրը։