Օտտո Դիքս. «Դատապարտող փորագրանկար»

Պատերազմի դեմքը չի փոխվում

Գրեթե մեկ ամիս՝ մայիսի 3-ից մինչև ամսվա վերջ Երևանում ներկայացվեց մի բացառիկ ցուցահանդես, որն, ըստ էության, գերմանացի հայտնի գեղանկարիչ և փորագրանկարիչ Օտտո Դիքսի առաջին ամբողջական ցուցադրությունն է Հայաստանում: Նախագիծն իրականացրել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը՝ Գերմանիայի Արտաքին կապերի ինստիտուտի և Երևանում «Գյոթե» կենտրոնի հետ գործակցությամբ, և Երևան են բերվել Օտտո Դիքսի 86 բնօրինակ գործեր՝ ստեղծված օֆորտի և վիմագրության տեխնիկայով: Օտտո Դիքսը, որի գեղարվեստական մտածողությունն ու հեղինակային  ձեռագիրը փոխակերպումների մի երկար ընթացք են ունեցել էքսպրեսիոնիզմի, դադաիզմի և ֆուտուրիզմի խառնարանում, ըստ էության, ձևավորել է խիստ անհատական այն ոճը, որը 1925-ին՝ Մաննհայմում բացված ցուցահանդեսից հետո «Նոր իրեղենություն» անունն  է ստանում, և Դիքսն առ այսօր նույնանուն խմբի ամենավառ նեկայացուցիչներից մեկի համբավն է վայելում: Իրականության գերակայության սկզբունքը նկարչի գլխավոր  առաջնահերթությունն է. «Ես ինձ ասացի՝ կյանքն ամենևին այնքան էլ գունագեղ չէ, այն շատ ավելի մռայլ է, երանգներով շատ ավելի հանգիստ, շատ ավելի պարզ ու հասարակ։ Ես ցանկանում էի իրերը ցույց տալ այնպես, ինչպես դրանք իրականում կան»:

Դեռ 15 տարի առաջ՝ 2008-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվել էին Դիքսի մի քանի աշխատանքներ, սակայն այժմ առաջին անգամ «Դատապարտող փորագրանկար. 1920-1924» մեծածավալ ցուցահանդեսով երևանյան արվեստասերներին հնարավորություն է տրվում գնահատել Դիքսի արվեստն ամբողջական ցուցադրական նախագծով, ընդ որում՝ աշխարհում նրա ամենահայտնի շարքի ստեղծագործություններով: Նախագծի ղեկավար, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր Սոնա Հարությունյանը պատմում է, որ հենց Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանի մուտքի մոտ հայտնվեցին ցուցահանդեսի ազդագրերը, անցորդներից շատերը ներս էին մտնում և զարմանքով հարցնում՝ իսկապե՞ս Դիքսի բնօրինակ գործերն են  ներկայացվելու: Ի վերջո, Դիքսի հռչակավոր շարքն աշխարհում պատերազմը դատապարտող ամենաազդեցիկ ստեղծագործություններից է, և Սոնա Հարությունյանը փաստում է՝ տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանը բարոյական արժեհամակարգի առումով ոչինչ չի փոխել. «Վերադառնալով մարդկային ընկալումներին, վերապրումներին և այն ցավին, որ կրում են մարդիկ պատերազմի ընթացքում՝ կարող ենք արձանագրել, որ 100 տարի առաջ Դիքսի այս պատկերներում նույն ցավն է, նույն կսկիծը և միաժամանակ նույն դատապարտող հայացքն է, որը կա նաև մեր օրերում: Ուրեմն միայն տեխնոլոգիաներն են փոխվել, բայց մարդկանց ապրումներն ու հուզական դաշտը լիովին նույնն է կամ ինչ-որ չափով ավելի սարսափելի է այսօր, քանի որ մարդիկ և աշխարհը զարգացել են, բայց պատերազմները չեն դադարել»:

1914-ին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը Օտտո Դիքսն ուսանում էր Դրեզդենի Կիրառական դպրոցում: Արդեն 1915-ին Դիքսը կամավորագրվում և մեկնում է ռազմաճակատ՝ ուսապարկում խնամքով պահած և իր հետ առաջին գիծ տանելով Աստվածաշունչը և Նիցշեի «Զվարթ գիտությունը»։ Երեք տարի շարունակ նկարիչը բախվում է պատերազմի բոլոր վայրիվերումներին՝ լինելով ռազմաճակատի տարբեր հատվածներում՝ Ֆրանսիայում, Ֆլանդրիայում և Ռուսաստանում: Պատերազմական դժոխային անցուդարձի ընթացքում նա ստեղծում է հարյուրավոր գծանկարներ, ակվարելներ և գուաշով գործեր, որոնցից շատերը հետագայում հայտնի շարքի հիմքն են դառնում:

Հետագայում, իր ամբողջ կյանքի ընթացքում Օտտո Դիքսը պարբերաբար վերադառնում է պատերազմի չխամրող, չմոռացվող վերհուշին. «Պատերազմն ինչ-որ անասնական բան է՝ սով, ոջիլներ, ցեխ, խելագար աղմուկ։ Պարզապես ամեն ինչ այլ է։ Տեսեք, վաղ աշխատանքներից առաջ ես այնպիսի զգացողություն ունեի, որ, կարծես, դեռ ամենևին ներկայացված չէ իրականության մյուս կողմը՝ Այլանդակը։  

Պատերազմը նողկալի, բայց, չնայած դրան, նաև հզոր բան էր։ Ոչ մի պարագայում չէ՛ր կարելի, որ ես դա բաց թողնեի։ Մարդուն պետք է այդ սանձազերծված վիճակում տեսած լինես, որպեսզի մարդու մասին ինչ-որ բան գիտենաս»:

Սոնա Հարությունյանի գնահատմամբ մանավանդ այսօր չափազանց հետաքրքիր է վերստին վերադառնալ գերմանացի նկարչի պատերազմական գործերին և պարզել թե  Առաջին համաշխարհային պատերազմից գրեթե 110 տարի անց ինչու նույնքան արդիական են նրա գործերը. «Այսօր նրա շուրջ հետաքրքրությունը շատ ավելի մեծ է, քանի որ մենք ներկայացնում ենք նրա պատերազմական շարքը: Եվ քանի որ մեր տարածաշրջանը և ոչ միայն մերը, այլև ամբողջ աշխարհը պատերազմի մեջ է, ուստի մենք ցանկացանք ցույց տալ, որ դեռ 100 տարի առաջ հասարակությունը նույն վիճակում էր, ինչպես և այսօր: Ցուցահանդեսի համադրող Սոնա Հովհաննիսյանը ցուցադրության շատ հետաքրքիր, գուցե թե կոպիտ բաժանում արեց, ու այդ բաժանումը եղավ պատերազմը և հասարակության վարքը պատերազմի ժամանակ: Դուք կարող եք տեսնել թե գրեթե գրոտեսկի հասնող խրախճանքը, որի վայելքները կրում էր հասարակությունն այդ պատերազմական օրերին ինչպիսի հակասության մեջ են այն պատերազմական դրվագների հետ, որոնք պատկերել է անվանի արվեստագետը»:

Պատերազմից շատ տարիներ անց Դիքսը պատմում էր իր երկարամյա գիշերային մղձավանջների մասին, որոնցից չէր կարողանում ազատագրվել անգամ դրանք թղթին հանձնելուց հետո. «Ես երկար տարիներ շարունակ, առնվազն տաս տարի, միշտ երազներ եմ տեսել, որոնցում ստիպված էի սողեսող անցնել ավերված տների միջով, միջանցքներով, որոնցից ես հազիվ էի կարողանում դուրս գալ։ Ավերակները մշտապես իմ երազներում էին… Այնպես չէ, որ նկարելն ինձ համար ազատագրման միջոց էր»:

«Դատապարտող փորագրանկար. 1920-1924» ցուցահանդեսն Առաջին համաշխարհային պատերազմի բովով անցած նկարչի հայտնի շարքի նոր համադրական լուծումների ամբողջությունն է: Գերմանական կողմը հռչակավոր հավաքածուն տրամադրելով հայ գործընկերներին՝ նրանց համադրության հայեցակարգի և մեկնաբանությունների կատարյալ ազատություն է տվել: Եվ երևանյան ցուցահանդեսի համադրող Սոնա Հովհաննիսյանը պայմանականորեն շարքի թեմատիկ բաժանումներ է արել՝ ընդգծելու համար պատերազմի և թիկունքի բևեռային հակասություններով լի զուգահեռ իրականությունները. «Սա որոշակիորեն ծանր, մարտահրավերային ցուցահանդես է և խիստ բնական կլիներ, որ նաև վանող լիներ, բայց զարմանալիորեն նման բան դեռ չենք տեսել: Հիմնական շեշտը նրա պատերազմական շարքի վրա է, իսկ պատերազմը երեսակներ շատ ունի: Երբ աշխատեցինք բնօրինակ փորագրանկարների հետ, հասկացանք, որ Դիքսը շատ բազմաշերտ և խոր արվեստագետ է: Նրա նպատակը չի եղել ցույց տալ միայն պատերազմի արհավիրքն ու դաժանությունը, այլ նա ցանկացել է ընդգրկել իրավիճակի ամբողջ ողբերգականությունը՝ և՛ մարդկային ապրումները, և՛ այն ինչ կատարվում է երկրի հետ: Իր գործերի ուսումնասիրությունն էլ մեզ օգնեց բովանդակային հարցում, որ հասկանանք, թե որքան ոչ անաչառ ու տարբեր են նրա մոտեցումները: Այդ պատճառով ցուցահանդեսը պայմանականորեն բաժանեցինք մի քանի բաժինների, որոնցում ներկայացնում ենք առաջին հերթին բուն պատերազմը, ապա՝ հասարակությունը, որն այդ պատերազմի մի մասն էր, ինչպես նաև հասարակության այն շերտը, որն իրեն տալիս էր հաճույքներին՝ առաջացնելով գրոտեսկային մի շերտ: Բայց անգամ այդ դեպքում պայմանական բաժանումներն անընդհատ ձուլվում են. երբ դիտում ես հասարակությունը ներկայացնող տեսարանները, հասկանում ես որ այդ ամենը տեղի է ունենում պատերազմի համատեքստում: Անգամ զինվորների վերադարձի պատկերներում գերիշխում է այն ամայությունը, որը թողնում է պատերազմը: Սա մի թեմա է, որն ակտուալ է մինչև այսօր, 100 տարի անց Դիքսի աշխատանքները նույն խորությամբ այսօր մեզ են  դիպչում, և այդ պատճառով մենք ցանկացանք նույն պատերազմ հասկացության վրա  շեշտադրումն անել, որ յուրաքանչյուր դիտող կարողանա իր համար երկխոսություն ստեղծել»:

Գեղագիտության ազգային կենտրոնի ամբողջ ցուցադրական տարածքը զբաղեցնում են Դիքսի մոտ ինը տասնյակ ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրը մի անհատական պատմություն է, որն իր ներազդեցության հզոր ուժով նաև մեզ է ստիպում առերեսվել պատերազմի ողբերգությանը: Օտտո Դիքսի գործերում դա ոչ միայն կեղեքված, ֆիզիկապես և հոգեպես մաշված, խեղված մադիկ են ու խեղված ճակատագրեր, այլև այն համատարած ու անկասելի հոգևոր ամայացումը, որը որպես անուղղակի հետևանք իր հետ  բերում է ցանկացած պատերազմ՝ ամայացում մարդկանց հոգիներում, բարոյական  արժեհամակարգի լիակատար փլուզում, ապրումակցման ու կարեկցանքի իսպառ բացակայություն և իհարկե՝ ցոփ և անհոգի զվարճության ու խրախճանքի իսկական «շքահանդես»: Բևեռորեն տարբեր այս երկու իրականությունների գոյության փաստին մենք բախվել ենք ընդամենը 2.5 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ պատերազմի հրեշավոր ընթացքն ու երևանյան սրճարանների տոնականությունը զուգահեռաբար մեր կյանքի անհերքելի իրողություններն էին՝ մեկ անգամ ևս վկայելով, որ պատերազմի դեմքը չի փոխվում:

 

Նունե Ալեքսանյան