Օմար Շարիֆ. «Իմ կրոնը հանդուրժողականությունն է»

«Պարի Մատչ» ամսագիրը տարբեր առիթներով բազմիցս հանդիպել է եգիպտական ծագումով աշխարհահռչակ դերասան Օմար Շարիֆին: 2015 թվականին ութսուներեք տարեկանում մահացած դերասանի՝ այդ պարբերականի հետ հարցազրույցներից ամենահուզիչը նա տվել է յոթանասունմեկ տարեկան հասակում՝ Դովիլում, ուր եկել էր  հանդիպելու որդու, հարսի և երկու թոռների հետ: «ArtCollage»-ը թարգմանաբար իր ընթերցողներին է ներկայացնում «Պարի Մատչ»-ի այդ հարցազրույցը:

«Պարի Մատչ» - Այս տարի Վենետիկի կինոփառատոնը՝ հարգանքի տուրք մատուցելով Ձեզ, նշում է Ձեր դերասանական կարիերայի հիսունամյակը: Կա՞ն դերեր, որոնց ընտրության համար զղջում եք:

Օմար Շարիֆ- Ես ատեցի իմ խաղացանկում տեղ գտած ֆիլմերի մեծամասնությունը, սակայն ոչ մի բանի համար չեմ զղջում՝ լինի դա իմ կարիերայում, թե իմ կյանքում: Ես նույնիսկ չեմ հասկանում «ափսոսանք» բառի իմաստը... Ես գիտեմ, որ այսինչ բանն անելու պահին, ես պե՛տք է անեի դա՝ ընդամենն այդքանը: Եվ հետո, ես չեմ սիրում հետ նայել: Ամեն օր մեզ ապրելու ավելի քիչ ժամանակ է մնում, և որքան կարճանում է մեր կյանքի ժամանակը, այնքան ավելի քիչ ենք ուզում հիշել բացասական բաները: Ապագան կարճ է: Անցյալը շատ երկար է: Ես չեմ կարող ջնջել այն, բայց այդ բանի մասին չեմ մտածում: Արդեն մի քանի տարի է, ինչ ես որոշեցի ապրել բացառապես ներկա պահով:

«Պարի Մատչ» -Անհանգստացա՞ծ եք, որ ժամանակն անցնում է:

Օմար Շարիֆ -Բոլորովին, ընդհակառակը։ Ես ամեն րոպեն լիարժեք եմ ապրում: Եվ մինչև վերջ եմ հասցնում այն ամենը, ինչ անում եմ և դա անում եմ կրքոտ կերպով: Անցնող ժամանակին առնչվող իմ միակ վախը կապված է առողջության հետ: Ես վախենում եմ ոչ թե մահից, այլ տառապանքից, ֆիզիկական և մտավոր ուժասպառությունից: Դա ինձ սարսափեցնում է: Ես չեմ դիմանա, եթե կարիք ունենամ, որ ինչ-որ մեկը հոգ տանի իմ մասին:

«Պարի Մատչ» -Գրեթե հինգ տարի է, ինչ Դուք չեք նկարահանվում: Ի՞նչը Ձեզ դրդեց, որ համաձայնեք ստանձնել այս դերը «Մսյե Իբրահիմում»: (Խոսքը 2003 թվականին էկրան բարձրացած, ռեժիսոր Ֆրանսուա Դյուպեյրոնի «Մսյե Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները» կինոնկարի մասին է, որը Էրիկ-Էմանուել Շմիտի համանուն վեպի էկրանավորումն է):

Օմար Շարիֆ -Սա մի ֆիլմ է, որում ես նկարահանվել եմ սիրուց դրդված: Որպես արաբ, ես ցանկացա ստեղծել մի ֆիլմ բարեկամության և հանդուրժողականության մասին։ Այս ստեղծագործությունը ո՛չ քաղաքական է, ո’չ էլ կրոնական, և դա ինձ դուր եկավ: Երիտասարդ հրեաին որդեգրող այս ծեր արաբ նպարավաճառի պատմությունը միջոց է ցույց տալու, որ մենք պարտավոր չենք ատել մեկմեկու և որ մենք կարող ենք սիրել միմյանց: Եվ հետո, մենք Ֆրանսուա Դյուպեյրոնի հետ շատ լավ հարմարվեցինք։ Ռեժիսորի հետ նման բան հազվադեպ է լինում։ Նա ազնիվ է, անկեղծ և շատ ճշմարտախոս: Նկարահանման հրապարակում նա ունակ էր ասել ինձ. «Սա բանի պետք չէ»: Եվ դա ինձ դուր էր գալիս: Ես սիրում եմ քննադատությունը, այն ինձ մոտիվացնում է։ Եվ քանի որ ես իմ էությամբ ծույլ եմ, ապա կարիք ունեմ, որ անընդհատ ինձ ցնցեն:

«Պարի Մատչ» -Հիմա, երբ Դուք 71 տարեկան եք, համարո՞ւմ եք, որ որոշակի խելացիություն և մտքի պարզություն եք ձեռք բերել Ձեզ հուզող հարցերում:

Օմար Շարիֆ -Ես հրաժարվում եմ խորասուզվել ինքս իմ մեջ, քանի որ ուզում եմ, որ կարողանամ շարունակել զարմացնել ինքս ինձ: Ես միշտ փորձել եմ լավություն անել իմ շրջապատի մարդկանց: Իմ կրոնը հանդուրժողականությունն է: Այնուամենայնիվ, ես նկատում եմ, որ տարիքի հետ դառնում եմ ավելի դյուրագրգիռ և պակաս հանդուրժող: Ես, ով  երիտասարդ հասակում հավատում էր, որ տարիքի հետ մարդիկ ավելի իմաստուն են դառնում, հարցրեցի ինքս ինձ, թե ինչպե՞ս է դա կատարվում: Սակայն իրականում դա ամենևին էլ այդպես չէ: Ծերերն իմաստուն չեն, պարզապես այն պատճառով, որ նրանք կորցնելու ժամանակ չունեն: Հիմա ես շարժման մեջ լինելու կարիք ունեմ և չեմ դիմանում ձանձրույթին:

«Պարի Մատչ» -Արդյո՞ք ձանձրույթը ցրելու համար էիք շարունակ գնում խաղատուն:

Օմար Շարիֆ -Ես զուտ դրա համար եմ խաղում: Իմ ամբողջ կյանքում ես մի անծանոթ քաղաքից մյուսն եմ գնացել։ Քանի որ տեղում երբեք ոչ մեկին չէի ճանաչում, ապա միակ բանը, որը կարող էի անել զվարճանալու, ուժեղ հույզեր զգալու, մարդկանց տեսնելու համար՝ խաղատուն գնալն էր: Դա միակ մարդաշատ վայրն էր, ուր կարելի էր գնալ մենակ, և դա ծիծաղելի չէր լինի:

 «Պարի Մատչ» -Դուք, հավասարապես, ձիավազքում առաջին երեք ձիերի վրա խաղադրույք կատարելու մեծ սիրահարի համբավ ունեք: Դուք դեռ այդքան տարվա՞ծ եք ձիերով: 

Օմար Շարիֆ -Հենց որ մոտս մի քիչ գումար է հայտնվում, արշավաձի եմ գնում: Բոլոր  ժամանակներում ես տառապել եմ այդ մոլուցքով: Չորս տարեկանից սկսած, երբ ես այցելում էի բուրգեր, դրանց շուրջ ձիով պտույտ էի կատարում: Հայրս նույնչափ պաշտում էր դա: Այժմ ես տարվեցի ձիարշավով, որն ավելի հանրամատչելի է: Այն ձիերը, որոնք ես եմ գնել ընդհանրապես վատ են վազում: Նրանք երբեք չեն հաղթում: Բայց դա կարևոր չէ, ես հույսս չե՛մ կտրում: Արշավաձիեր գնելու ամբողջ իմաստն այն է, որ մենք միշտ հույս ունենք, որ չեմպիոն ձեռք կբերենք:

«Պարի Մատչ» -Ակներև է, որ շահույթ ստանալու գայթակղությունը չէ, որ Ձեզ ձգում է դեպի խաղը: Վերջապես, Դուք շատ չե՞ք նյութապաշտ:

Օմար Շարիֆ -Բոլորովին: Եվ, այնուամենայնիվ, ես իմ կյանքում նյութականին շատ տեղ եմ հատկացնում: Ես ծախսում եմ խելագարի պես, բայց բոլորին եմ ստիպում վայելել այդ: Կահիրեի իմ բնակարանը տվել եմ որդուս: Ես այլևս տուն չունեմ:

«Պարի Մատչ» -Դուք միշտ, հավերժական քոչվորի նման ապրել եք հյուրանոցո՞ւմ:

Օմար Շարիֆ -Այո, սակայն դա իմ էությանը չի համապատասխանում: Ընդհակառակը, ես շատ տնակյաց եմ։ Բայց ես ստիպված էի իմ ամբողջ կյանքն ապրել որպես քոչվոր, քանի որ աշխարհում միակ դերասանն եմ, որն իր մասնագիտության համար ստույգ ազգություն չունի: Ես եգիպտացի եմ, բայց չեմ նկարահանվում Եգիպտական ֆիլմերում։ Ես միշտ օտարազգիի դեր եմ խաղում։ Ֆրանսիացի դերասանները նկարահանվում են Ֆրանսիայում և տարվա մեծ մասն այնտեղ են ապրում։ Ես միշտ գտնվում եմ տարբեր վայրերում: Երկար ժամանակ ես ոչ մի գրանցման վայր չունեի:

«Պարի Մատչ» -Ի՞նչ պահպանեցիք Արևելքից և  Ձեզ լրացուցիչ ի՞նչ տվեց Արևմուտքը:

Օմար Շարիֆ -Հիրավի ես արմատներ չունեմ: Մշակույթով խիստ արևմտյան մարդ եմ և խառնվածքով՝ խիստ արևելյան, շատ մելոդրամատիկ: Երբ վշտացած եմ՝ արտասվում եմ: Ես արտասվում եմ ամեն անգամ, երբ կինոթատրոն եմ գնում։ Ես կրքոտ մարդ եմ:

«Պարի Մատչ» -Գայթակղիչի՝ Ձեր համբավը երբեք չի թողել Ձեզ: Այնուամենայնիվ, Դուք ամուրի եք և տարիներ շարունակ միայնակ եք ապրում:

Օմար Շարիֆ -Ես ամուսնացել եմ միայն մեկ անգամ՝ Ֆաթեն Համամայի հետ, նրանից ամուսնալուծվել եմ երեսունհինգ տարի առաջ։ Այս ամբողջ ընթացքում ես երբեք որևէ կնոջ հետ չեմ ապրել։ Մինչև իսկ մեկ շաբաթ: Ես իմ կյանքում միայն մեկ անգամ եմ սիրել: Այնպես չէ, որ ես պատրաստ չէի նորից սիրել, բայց դա ինձ հետ չպատահեց:

«Պարի Մատչ» -Ինչո՞ւ լքեցիք մեկին, որը թվում է թե Ձեր կյանքի սերն էր:

Օմար Շարիֆ -Չնայած այն բանին, որ շատ երիտասարդ էի, ես ամուսնացա 21 տարեկանում, ես տասնչորս տարի մնացի նրա հետ: Եվ ամուսնալուծվեցի, որովհետև հայտնի դարձա, ապրում էի արտասահմանում և հիասքանչ կանանց հետ էի հանդիպում: Ես հասկացա, որ ես չեմ կարողանա չենթարկվել գայթակղությանը։ Եվ ինքս ինձ ասացի, որ ավելի լավ կլինի, եթե լքեմ կնոջս այս պահին, քանի դեռ նա երիտասարդ է և կկարողանա իր կյանքը նորից սկսել: Երբ ինձ հրավիրեցին «Լոուրենս Արաբացի» ֆիլմում նկարահանվելու, ես այնտեղ էի՝ Կահիրեում։ Ես երջանիկ էի։ Ես ունեի գեղեցիկ բնակարան, երեխա և պատրաստվում էի ևս մեկ երեխա ունենալ… Միգուցե իմ կյանքն ավելի երջանիկ կլիներ: Բայց ես ոչինչ չգիտեմ այդ մասին, և ոչ ոք դա երբեք չի իմանա: Եվ հետո, ես չէի պատրաստվում այդ բոլոր տեղափոխությունների, գործուղումների ժամանակ հետս կին տանել: Ես երբեք չէի սիրի և չէի հարգի մի կնոջ, որը կհամաձայներ ապրել այդպես, որը չէր կարողանա իր սեփական կյանքն ունենալ: Ուստի, ես միշտ մենակ եմ ապրել:

«Պարի Մատչ» -Ինչ եք կարծում, Դուք լա՞վ հայր եք եղել:

Օմար Շարիֆ -Ես շա՛տ լավ հայր եմ եղել։ Ես դաստիարակել եմ ոչ միայն որդուս, այլև նույնքան էլ Նադյային՝ իմ խորթ աղջկան, որին կինս ունեցել է առաջին ամուսնությունից։ Ես նաև մեծացրել եմ Մարինային՝ Նադյայի դստերը։ Նրանք բոլորն էլ օրինակելի են և երբեք անգամ ամենամանր խնդիրներ չեն ունեցել: Ես հպարտ եմ նրանցով։ Որդիս միշտ ապրել է ինձ հետ։ Նաև սա է պատճառներից մեկը, թե ինչու ես թույլ չեմ տվել, որ կանայք մտնեն իմ տուն: Ես չէի ուզում, որ նա խորթ մայր ունենա։ Ես լիովին պատասխանատու եմ այն բանի համար, թե ով է նա, ինչն իմ թոռների պարագայում այդպես չէ:

«Պարի Մատչ» -Ինչպե՞ս եք նրանց հետ ընդհանուր լեզու գտնում:

Օմար Շարիֆ -Ես հյուծում եմ ինձ՝ նրանց հետ խաղալով: Իմ թոռը՝ Քարիմը, սիրում է ինձ հետ ժամանակ անցկացնել, քանի որ ես խաղում եմ տղա երեխայի պես։ Լարված եմ խաղում, ասես դա իմ կյանքի ամենամեծ տեսարանը լինի: Միայն սիրո վրա հիմնված փոխհարաբերություններ հաստատելուց հետո նոր կարող ենք մեզ թույլ տալ խստորեն պատժել: Մյուս կողմից, երբ ես ինչ-որ բան եմ ասում, դա չի քննարկվում: Թոռներիս դաստիարակությամբ զբաղվելը թողնում եմ որդուս և հարսիս վրա: Բայց երբ տեսնում եմ, որ փոքրիկը քմահաճություններ է անում, դա ինձանից վեր է՝ ես շտապում եմ միջամտել: Սակայն չեմ պատրաստվում հակաճառել նրա մորը:

«Պարի Մատչ» -Այժմ ձեր որդին՝ Թարեկն, ապրում է Կահիրեում: Դուք հաստատվեցիք Փարիզում: Ինչո՞ւ որոշեցիք Ֆրանսիայի մայրաքաղաքը ձեր բնակության վայրը դարձնել:

Օմար Շարիֆ -Ես սիրում եմ Ֆրանսիան: Եվ հետո ես շրջեցի բոլոր խոշոր քաղաքները, իսկ Փարիզը դրանցից ամենագեղեցիկն է: Փարիզը հնարավորություն է տալիս բավարարել ցանկացած ճաշակի տեր մարդու հակումները: Բացի դրանից, փարիզեցին եսասեր է, ինչը լավ բան է: Այսպիսով, նա ձեզ առնվազն հանգիստ է թողնում, և դա շատ հաճելի է:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի