Օլգա Օստրոումովա. ջրահարս՝ մարդկային մեղքի զգացումով

Պավել Խոմսկին, որի հովանավորությամբ Օլգա Օստրոումովան հայտնվեց իր առաջին թատրոնում՝ ՄՏՅՈՒԶ-ում (Մոսկովյան պատանի հանդիսատեսի թատրոն), նրա շնորհը բնորոշել է «լուսավոր տաղանդ» կատեգորիայով՝ նկատի ունենալով աչքերի լույսը, դեմքի և հոգու լույսը։ Կինոռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկին, Օստրոումովայի կինեմատոգրաֆիական կնքահայրը, մի անգամ ասել է. «Այն դերասանուհիներից, որոնց ինձ հաջողվել է նկարահանել, Օլյային համարում եմ լավագույնը։ Նա լայն դիապազոնի և մեծ տաղանդի դերասանուհի է. շատ բան է արել թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, բայց ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նա շատ ավելի քիչ է խաղացել, քան կարող էր։ Դա դերասանուհու մեղքը չէ, այլ այն հանգամանքներինը, որոնց մեջ նա գտնվում է։ Ես գրեթե երբեք դերասանուհիներին երկու անգամ չեմ նկարահանել, նույնիսկ իմ կնոջը։ Իսկ Օլյան ինձ հետ աշխատել է երկու անգամ։ Եվ եթե հնարավորություն ունենայի նրան նկարահանելու այլ ֆիլմերում էլ, անպայման կանեի դա, որովհետև նա ապշեցուցիչ դերասանուհի է՝ զգայուն, էմոցիոնալ, անկեղծ մարդ։ Կողքից, գուցե, թվում է, թե նա խաղաղ է ապրում։ Կարծում եմ՝ դա միայն թվացյալ մասն է։ Դժվար թե Օլյան բավարարված է նրանով, ինչ նրան հաջողվել է անել բեմում և կինոյում։ Որքա՜ն լավ կլիներ, եթե նրան վիճակվեր խաղալ Օստրովսկու «Անօժիտում», Չեխովի «Քեռի Վանյաում», չէ՞ որ Սոնյան նրա դերն է։ Օստրոումովան միշտ ճշմարտացի է: Չի լինում այնպես, որ դուք նայեք նրան և մտածեք՝ այստեղ նա կեղծ է։ Օլյան զուրկ է փառամոլությունից։ Նրան նույնիսկ պատահաբար որևէ տեղ հանդիպելիս անմիջապես չեն ճանաչում։ Դա նույնպես լավ դերասանուհու հատկանիշ է։ Եվ նրա ևս մեկ զարմանալի որակ՝ նրա մեջ անմիջապես ի հայտ է գալիս կինը։
Ստանիսլավ Իոսիֆովիչից հետո կհամարձակվեմ պնդել, որ դերասանուհու կյանքում հատկապես վերջին տարիները դժվար է անվանել իսկապես բարեբեր։ Սակայն զարմանալի բան է՝ Օստրոումովան կարծես չի վախենում իր հանդեպ նման մսխումից, կամ պարզապես ձևացնում է։ Բայց նա ո՛չ մեկ կամ երկո՛ւ անգամ է հրապարակավ հայտարարել, որ դերերի հանդեպ ագահ չէ, որ ավելի լավ է քիչ, բայց՝ լա՛վ։ Հազիվ թե մասնագիտության մեջ նրան ծանոթ է թեթևության զգացումը՝ այն իմաստով, որ յուրաքանչյուր աշխատանք նրա համար ուժեղ վերապրում է։ Ինչպես ասել է դերասանուհին՝ յուրաքանչյուր իսկական դեր սրտի վիրահատության է նման։
Օստրոումովան տարբեր է․ լռակյաց, աննկատ, ճիշտ է այդ հանդարտությունը ժամանակավոր է, և միևնույն ժամանակ նա այնքան լավն է, երբ մարմնավորում է արբեցնող կանանց, ինչպես Ռոման Բալայանի «Լրտեսը» ֆիլմում։ Այստեղ կարծես զգում ես նրա օծանելիքի բույրը, թեթև շնչառությունն ու զգեստի շրշյունը։
Օստրոումովան կարող էր խաղալ բուլգակովյան Մարգարիտային։ Միխայիլ Լևիտինը 1988 թվականին նույնիսկ ձեռնամուխ եղավ նրա մասնակցությամբ բեմադրությանը։ Փորձերը ընթանում էին ամբողջ ուժով, բայց այստեղ կարծես Միխայիլ Աֆանասևիչը միջամտեց, ինչպես որ ոչ մեկ անգամ պատահել էր՝ հենց որ մեկը մոտենում էր նրա վեպին։ Թատրոնում խողովակներ էին պայթում, բեմի վրա ինչ-որ բան էր փլվում: Լևիտինն ինքն առողջական խնդիրներ էր ունենում, նույնիսկ գիտակցությունն էր կորցնում սեփական տան մուտքի մոտ։ Վերջիվերջո նա հրաժարվեց շարունակել աշխատանքը, և Մարգարիտայի դերը նրա կողքով անցավ։
Բայց դրա փոխարեն նա Մոսսովետի թատրոնի բեմում Պավել Խոմսկու բեմադրությամբ խաղաց Ելենա Թալբերգի դերը Բուլգակովի «Սպիտակ գվարդիա»-ում։ Նա մարմնավորեց գրեթե իդեալական կնոջ՝ նուրբ հոգով, կատվի նման՝ մի փոքր ծույլ պլաստիկայով։ Վերջապես՝ բարձր բարոյական արժեքներով կնոջ, ինչը, ի դեպ, բոլոր ժամանակներում բարձր է գնահատվել։
Կար ևս մեկ այլ կարևոր դեր՝ Էմման «Մադամ Բովարի» ներկայացման մեջ։ Այս կինը անչափ գեղեցիկ և երազկոտ է։ Ինչ-որ մեկը նրան չափազանց շահամոլ կհամարի։ Կյանքից նա ինչ-որ չափազանց ամուր է կառչում։ Բայց նրան թվում է, թե իսկական, պայծառ կյանքը ինչ-որ տեղ հեռվում է և ուրիշների մոտ, և ահա նա գլխիվայր նետվում է հորձանուտի մեջ:
Օստրոումովան աշխատում էր Էֆրոսի հետ, որը, իր իսկ խոստովանությամբ, նրան հնարավորություն է տվել զգալ, թե ինչ է տեքստի խորությունը։ Այս ռեժիսորի հետ շատ բաներ բացահայտվում էր ամբողջությամբ։ Եվ այնուամենայնիվ, ասել, թե ռեժիսուրան, հոգ էր տանում դերասանուհու համար, չափազանցություն կլիներ։ Օստրոումովան աշխատում էր թատրոնում, ուժերը փորձում էր դրսում, սպասում էր նոր դերերի և շատ հաճախ չէր ստանում դրանք:
Չնայած բավականին լուրջ կինոդերերի ցանկին, որքան էլ տարօրինակ է, նա իրեն կինոդերասանուհի չի համարում։ Վստահեցնում է, որ տեսախցիկի համար բարդ արտաքին ունի։ Նրա առաջին դերը կինոյում Ստանիսլավ Ռոստոցկու «Կապրենք մինչև երկուշաբթի» ֆիլմում Ռիտայի դերն է։ Աղջիկը աշակերտական սեղանի մոտ՝ Գենկա Շեստոպալի դպրոցական սերն է։ Նրա հայացքը, գլխի շրջադարձը հիշում ես տարիներ անց։ Նայելով Ռիտային՝ համադասարանցին կգրի խոսքեր, որոնք կհիշի ֆիլմը դիտածներից յուրաքանչյուրը․ «Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են»:
Հետո արդեն Օստրոումովան կխաղա Ժենկա Կոմելկովայի դերը Ստանիսլավ Ռոստոցկու «Եվ արշալույսներն այստեղ խաղաղ են...» ֆիլմում՝ ըստ Բորիս Վասիլևի վեպի։ Մարտիկ Կոմելկովան կին չէ՝ ջրահարս է։ Պատերազմը ստիպեց նրան, ինչպես և շատ այլ կանանց, զենք վերցնել։ Սիրում էր կյանքը և այդքան շուտ՝ տասնինը տարեկանում, հրաժեշտ տվեց նրան։ Ստանիսլավ Ռոստոցկուն դժվար էր անմիջապես համոզել այն մարդկանց, որոնցից կախված էր ֆիլմի ճակատագիրը, որ Օստրոումովան համապատասխանում է այդ դերին, խորհուրդ էին տալիս փոխել դերակատարուհուն։ Ռոստոցկին հիշում էր, որ Օլյան այնպես էր խաղում, որ շրջապատողները հեծկլտում էին։
«Արշալույսներ»-ի հետ էր կապված նաև նրա առաջին արտասահմանյան ուղևորությունը՝ Վենետիկի կինոփառատոն: Իսկ Օլգան ու Իրինա Շևչուկը, որի հետ նա ներկայացնում էր ֆիլմը Իտալիայում, անգամ հագնելու բան չունեին: Ռոստոցկին նրանց տարավ Վյաչեսլավ Զայցևի մոտ: Յուրաքանչյուրը ստացավ երեքական զգեստ: Նման լանջաբացվածքով հագուստ նրանք նախկինում երբեք չէին կրել: Իսկ բիկինին նրանց համար տեղում գնեցին: Ռոստոցկին պատմում էր, որ աղջիկները փառատոնի բոմոնդին զարմացրին՝ հրաժարվելով հյուրանոցում առանձին մնալուց: Վենետիկում նրանք ֆանտաստիկ հաջողություն ունեին: Նրանց սիրահետում էին պատկառելի պարոնայք, որով ահավոր շփոթեցնում էին նրանց: Ռոստոցկին այստեղ ևս օգնության էր հասնում՝ կարևոր հասարակությանը բացատրելով չտեսնված աղջկական համեստության պատճառը՝ իբր թե նրանք կոմսոմոլուհիներ են, այդ պատճառով էլ այնպիսին չեն, ինչպես բոլորը շրջապատում:
Ով երբևէ կմտածեր, որ ճակատագիրը այսպես կդասավորվի․ չէ՞ որ Օլգա Միխայլովնան ծնվել է Բուգուրուսլանում (սեպտեմբերի 21-ին՝ Սուրբ Աստվածամոր Ծննդյան օրը): Ծնողների մահճակալի ու ռուսական վառարանի արանքում էին կախել օրորոցը: Օլգա Օստրոումովան մեծացել է եկեղեցու կողքին, նրա պապը գյուղական քահանա էր: Իսկ դպրոցն ավարտելուց հետո բոլորին զարմացրեց իր որոշմամբ՝ ընդունվել թատերական ինստիտուտ: Հավաքվեց և մեկնեց Մոսկվա՝ մոր պատրաստած կարկանդակներով լի պայուսակով: Մայրաքաղաքում նա ոչ մի հարազատ չուներ: Կայարանից անմիջապես գնաց փնտրելու ԳԻՏԻՍ-ը: Եվ հենց այնտեղ էլ ընդունվեց:
Իմաստուն Ստանիսլավ Ռոստոցկին վստահ էր, որ տարիների ընթացքում Օլգա Միխայլովնայի հետ տեղի ունեցած ամեն ինչն արմատներով գալիս է նրա մանկությունից՝ քահանայի տանը անցկացրած մանկությունից: Ասում էր, որ միշտ զգացել է՝ իր սիրելի Օլյան ապրում է մարդկային մեղքի զգացումով: Եվ դա կանխորոշել ու մինչև օրս էլ կանխորոշում է նրա արարքները:
Օլգա Միխայլովնան երկու մեծահասակ երեխա ունի՝ որդին՝ Միխայիլը և դուստրը՝ Օլգան: Օլգա Լևիտինան դերասանուհի է, խաղում է հոր՝ Միխայիլ Լևիտինի թատրոնում, իսկ սկսել էր Պյոտր Ֆոմենկոյի մոտ: Միխայիլը սովորում է Բարձրագույն ռեժիսորական դասընթացներում՝ Վլադիմիր Խոտինենկոյի արվեստանոցում: Դինաստիա է ձևավորվում: