Օլեգ Յանկովսկի. «Ես հավատում եմ...»

Այսօր խորհրդային ու ռուսական կինոյի մեծ Արտիստներից մեկի՝ Օլեգ Յանկովսկու ծծնդյան օրն է: Այդ առիթով «ArtCollage»-ի ընթերցոցներին ենք ներկայացնում նրա 2009թ.-ին Livejournal-ին տված հարցազրույցը:

 

****

...Երբ Օլեգ Յանկովսկին մտավ «Բեն Հուրիոն» օդանավակայանի ժամանումների սրահ, ծափահարություններ լսեց։ Յանկովսկուն «ճանաչեցին».

-Իսկ Ռուսաստանում այլևս այդպես չէ, -ասաց նա, -Մարդկանց կյանքը չափազանց ծանր է, հիմա նրանք «աստղերի» սիրտ չունեն։

... Քառասունութամյա Յանկովսկին, երկու տարեկան թոռան՝ Վանյայի պապիկը, նույնքան հրաշալի տեսք ունի, որքան էկրանին: Թեև, ըստ նրա, սպորտով չի զբաղվում՝ թերևս բացի ֆուտբոլից՝ երբեմն, պաշտում է խմորեղենը և ընդհանրապես՝ ոչ մի դիետա:

Ժամանակին Յանկովսկու երկրպագուհիները գիշերները կոկիկ կերպով պաստառների պատվանդաններից կտրում էին նրա դիմանկարները՝ դրանք իրենց տներում կախելու համար։ Նրա էկրանային հմայքը մահացու էր, կախարդիչ: Մինչդեռ Օլեգ Յանկովսկին առանձնանում է նախանձելի հաստատակամությամբ՝ նա արդեն 30 տարի ամուսնացած է նույն կնոջ հետ, ինչը դերասանական միջավայրում այնքան էլ հաճախ չի լինում։ Հյուրախաղերի, արձակուրդի, արտասահմանյան ուղևորությունների ժամանակ՝ ամենուր միասին (Իսրայելը բացառություն չէ): Ի դեպ, նրանք Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմում ամուսնական զույգի են խաղացել։

Վերջին շրջանում Յանկովսկու մասին լուրեր են պտտվում, որ իբրև թե նա նաև գործարար է դարձել, համատեղ բիզնես է սկսել արևմտյան կինոընկերությունների հետ, դրանով միլիոններ է վաստակել ...

Օլեգը ծիծաղում է.

-Իմ կարծիքով՝ արտիստն ու բիզնեսն անհամատեղելի բաներ են, այսօր ես անում եմ նույնը, ինչ միշտ արել եմ՝ խաղում եմ Մարկ Զախարովի ներկայացումներում, նկարահանվում եմ ֆիլմերում՝ Ճապոնիայում, Ֆրանսիայում, վերջերս առաջարկ ստացա Հունաստանից...

-Իսկ ինչպե՞ս են գործերը տանը՝ ռուսական կինոյում։

-Տանը իրավիճակը հետևյալն է. շատ սցենարներ եմ կարդում, բայց նախապատվություն տալ դրանցից որևէ մեկին դեռ չեմ կարող, չնայած դա անելով կարող էի մեծ գումարներ վաստակել: Մի անգամ Ռանևսկայան շատ ճշգրիտ է ասել. «Ամոթ է, փողը կուտես, իսկ ամոթը կմնա»: Ես չեմ կարող ինձ թույլ տալ նկարահանվել վատ ֆիլմերում: Ես չէի ցանկանա այս թոհուբոհի մեջ փոփոխել իմ սկզբունքները։ Թեև կա մեկ լուրջ առաջարկ. Սերգեյ Սոլովյովն ինձ առաջարկեց նկարահանվել «Աննա Կարենինա»-ում։

-Դուք Վրոնսկո՞ւն եք խաղալու:

-Կարենինին, Վրոնսկուն արդեն չեմ ձգում:

... Յանկովսկի-դերասանի բախտը միշտ էլ զարմանալիորեն բերել է: Սարատովի  թատրոնի գավառական արտիստը մեկը մյուսի հետևից առաջարկներ ստացավ նկարահանվելու Վլադիմիր Բասովի « Սուր և վահան» ֆիլմում, այնուհետև «Ծառայում էին երկու ընկեր» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Վլադիմիր Վիսոցկին և Ռոլան Բիկովը...

- ...Ես մի ​​կողմից՝ չար, մյուս կողմից՝ երջանիկ իմ սարատովյան աչքով, սպունգի պես կլանում էի այն ամենը, ինչ կատարվում էր նկարահանումների ընթացքում, -պատմում է Օլեգը, -Եվ այստեղ նորից իմ բախտը բերեց։ Ժամանակը թելադրում է իր հերոսին։ Սկզբում դա գյուղացի տղա էր, որին խաղում էր Խարիտոնովը, հետո՝ քաղաքացի (Ռիբնիկով), ի վերջո՝ ինտելեկտուալ (Սմոկտունովսկի, Ալեքսեյ Բատալով): Եվ հանկարծ ժամանակը պահանջեց մի ինչ-որ տարօրինակ հերոս, փոքր-ինչ ցրված, որը բոլորովին նման չէ իր ծնողներին՝ «այն» մտավորականներից։ Նրան խաղալն ինձ բաժին ընկավ: Եվ ծնվեցին Ֆիլմերը՝ «Թռիչքներ երազում և արթմնի», «Այդ Նույն Մյունհաուզենը», «Լրտեսը»՝ ամենուր ես խաղում էի այդ տարօրինակ հերոսին։ Երբեմն նա քողարկվում էր ինչ-որ կերպարով՝ հեքիաթային, ռոմանտիկ, բայց դիմագծերը կռահվում էին։

-Ի՞նչ փոխհարաբերություններ ունեիք ռեժիսորների հետ:

-Կարծում եմ, որ մասնագիտության ամենակարևոր պայմաններից մեկը պատկանելու կարողությունն է։ Այդ  բանաձևին ես շատ եմ հավատում։

-Ի՞նչ է կատարվում այսօր թատրոնում։

-Ժամանակն է փոխել հանդիսատեսի հետ փոխհարաբերությունները։ Նախորդ տարիներին նրա հետ եզովպոսյան լեզվով էինք խոսում, այլ կերպ հնարավոր չէր։ Ոչ բոլորն էին պայքարող, ինչպես Անդրեյ Սախարովը, բայց, այդուհանդերձ, այլախոհներ էին։ Մեր հանդիսատեսները գալիս էին թատրոն՝ ենթատեքստում տանջող հարցի պատասխանը գտնելու: Շատերը հասկանում էին՝ այնպես, ինչպես մենք ենք ապրում՝ անհնար է ապրել։ Իսկ այսօր բեմից այնպիսի բաներ են ասում, որ ականջներդ չեն դիմանա։ Մենք թատրոնը ծանրաբեռնել ենք կենցաղային ու սոցիալական խնդիրներով. Նրան պետք է վերադառնա երբեմնի տոնը, այն, ինչ կար վախթանգովյան «Արքայադուստր Տուրանդոտ»-ում:

-Կյանքում կորուստներ ունեցե՞լ եք:

(Ծխում է, լուռ էր)։

-Ինձ համար ահռելի կորուստ էր Անդրեյ Տարկովսկու մահը։ Դա իսկական կործանում էր։ Առաջին անգամ ես նրա մոտ նկարահանվեցի «Հայելի» ֆիլմում, ընդ որում ես խաղում էի Արսենի Տարկովսկուն, իսկ որդիս՝ Ֆիլիպը՝ Անդրեյին մանկության տարիներին: Հետո Տարկովսկու մոտ միտք ծագեց «Համլետը» բեմադրել «Լենկոմում», ես այն բերեցի թատրոն։ Բայց որոշ ժամանակ անցավ, նրա հայացքը Համլետի նկատմամբ փոխվեց, և նա Համլետի դերն առաջարկեց Սոլոնիցինին, իսկ ինձ՝ Լաերտեսի դերը։ Դե ես, կարծես, ռոմանտիկ դերասան էի. դա 1976 թվականն էր։ Իմ մեջ խոսեց դերասանի  ինքնասիրությունը, ես հրաժարվեցի, քանի որ հույս ունեի Համլետի դերը ստանալ: Տարկովսկու հետ հարաբերությունները սրվեցին: Եվ հանկարծ՝ «Նոստալգիան»: Նրա հետ մեկ տարի ապրեցինք Իտալիայում, ֆիլմն էինք նկարում: Տարկովսկին մեկ հերոս ունի՝ դու միշտ նրա ներաշխարհն ես խաղում... Մահացավ հրաշալի արտիստ Անատոլի Սոլոնիցինը, և Անդրեյը վերաշարադրեց «Համլետի» սցենարը՝ հաշվի առնելով իմ անհատականությունը, ցանկանում էր կինոտարբերակը նկարել: Չհասցրեց: Բայց ես շեղվեցի: Այդպես, մենք Անդրեյի հետ մեկ տարի ապրեցինք Իտալիայում, և դա մեզ շատ մտերմացրեց։

-Դերասանական պատմությունների մեջ կա մեկը, որում պատմվում է, թե ինչպես Տարկովսկին Ձեզ չի դիմավորել Հռոմում։ Դուք չգիտեիք, թե ուր գնալ օտար քաղաքում, և երբ իսկական հուսահատության մեջ ընկաք, Տարկովսկին մոտեցավ և ասաց, որ հիմա արդեն պատրաստ եք «Նոստալգիա» ֆիլմի դերին…

Ժպտում է.

-Դա մեծ չափազանցություն է։ Ինձ դիմավորեց նկարահանող խումբը, Անդրեյն այդ ժամանակ Վենետիկի կինոփառատոնում էր, աշխատում էր ժյուրիի կազմում, բայց հետո էլ չէր շտապում սկսել նկարահանումները։ Իսկ ես ուժասպառ էի: Երեք շաբաթվա ընթացքում ես ատեցի Հռոմը, նրա ճարտարապետությունը, նրա խանութները... թվում  էր, թե ամեն ինչ լավ է. ապրում եմ կարգին հյուրանոցում, էմիգրանտ չեմ, այլախոհ չեմ,  վտարված չեմ, եկել եմ նկարահանվելու հենց իր՝ Տարկովսկու մոտ։ Բայց ինչ-որ բան այն չէ։ Քայլում էի Հռոմում և ինձ «բռնեցի» այն մտքի վրա, որ ինձ ոչ ոք չի «ճանաչում», և ինքս էլ ծիծաղեցի այդ մտքի վրա. բայց ո՞վ է քեզ այստեղ ճանաչում։ Պարզվում է, որ մարդուն դա անհարժեշտ է՝ սեփական անհատականության գիտակցումը: Գլխավորը կեչիները չեն (դրանք բոլոր երկրներում էլ կան), արտագաղթի ժամանակ կոտրվում են իրենց «աուրայի» կորստից։ Բայց Անդրեյն ամեն ինչ ճիշտ արեց, ստեղծագործորեն մոտեցավ. իմ աչքն այն չէր, ինչ պետք էր Տարկովսկուն։ Նման դերում նկարահանել Հռոմից և նրա խանութներից ապշած խորհրդային դերասանին խենթություն էր: Ես, նրա կարծիքով, պետք է հանդարտվեի։ Մի խոսակցության ընթացքում Անդրեյն ասաց ինձ. «Օլեգ, ես երազանք ունեմ՝ կյանք և մահ խաղալ: Եթե կարող ես, օգնիր ինձ դա անել: Ես դեռ ВГИК-ում մտածում էի նկարահանել, թե ինչպես է մարդը քնում, հետո կտրել այն, ինչ ավելորդ է և թողնել այն դրվագները, երբ երազ ենք տեսնում, չէ որ այդ պահերին մեր դեմքը փոխվում է: Հետևել դրան տեսախցիկի օգնությամբ… Այդպես «Նոստալգիայում»  հայտնվեց մոմով տեսարանը. Ես քայլում եմ լողավազանի հատակով, և մոմը մարում է: Ես նորից եմ սկսում իմ ճանապարհը, իսկ այն դարձյալ մարում է... Եվ վերջապես՝ տեղ  հասցրեցի։ Սա Տարկովսկու ֆիլմի և կյանքի հիմնական թեման է՝ մոմը տեղ հասցնել. ծնունդ և մահ, մոմը տեղ հասցրեց և վերջում մահացավ: Հետո բարդ շրջան սկսվեց. Անդրեյը մնաց Իտալիայում, նա ուզում էր, որ ես նկարահանվեմ «Զոհաբերություն» ֆիլմում. նրա մտահղացման համաձայն «Նոստալգիայի» հերոսը պետք է լիներ նաև այս  ֆիլմում։ Ինձ չէին թողնում երկրից դուրս գալ. Հետո նրա մահվան լուրն էր...

-Իսկ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք Մարկ Զախարովի հետ։

-Դա բոլորովին այլ բան է։ Տարկովսկուն պետք չէր նույնքան դիվանագետ լինել, որքան  Մարկ Զախարովը։ Եթե ​​դերասանը հարմար չէր  Տարկովսկուն, նա այլևս նրան չէր հանդիպում նկարահանման հրապարակում։ Իսկ Զախարովինը թատրոն է, որում նա երկար տարիներ աշխատում է նույն թատերախմբի հետ։ Եվ կարևոր է, որ փոխադարձ հետաքրքրությունը չկորի, այլապես ստեղծագործական աշխատանքն ավարտվում է և  սկսվում է ծառայությունը, իսկ դա զզվելի բան է։ Մարկը կարող է դերասանի մեջ բացահայտել մի այնպիսի բան, ինչն ինքն էլ իր մեջ չգիտեր։

-Իսկ ի՞նչ հայտնաբերեց նա Ձեր մեջ:

-Մի անգամ ինձ ապշեցրեց «Կարմիր ձիերը կապույտ խոտի վրա» պիեսում Լենինին խաղալու նրա առաջարկը։ Ընդ որում՝ խաղալ առանց դիմահարդարման, առանց կեղծծամի։ Դա փորձարարական ներկայացում էր, շատ համարձակ՝ այն ժամանակների համար։ Ես ապշած էի առաջարկի անսպասելիությունից։ Իսկ նա ինձ. «Օլեգ, Դուք ինչ-որ կախարդանք ունեք, պետք է որ հաջողեք»:

-Եվ ստացվե՞ց:

-Պատկերացրեք, հետո անգամ ընկերներս էին ինձ ասում. «Օլեգ, իսկ դու իսկապես նման ես Լենինին»: Իսկ ես այնտեղ Լենինին չէի խաղում, այլ իմ վերաբերմունքը նրա հանդեպ։ Դեռ այն ժամանակ դա արդեն դեմ էր նրա մասին մեծամասնության պատկերացումներին: Մենք Լենինի մասին ավելի շատ գիտեինք, քան դահլիճը, ինչ-որ հետաքրքիր գրքեր էինք կարդացել։ Գուցե այստեղից է այդ առեղծվածն ու կախարդանքը...

-Օլեգ, չխաղացված դերեր ու թեմաներ մնացե՞լ են:

-Դե ոչ, ես բախտ եմ ունեցել իմ սերնդի անունից ասելու այն ամենը, ինչ ուզում էի: Այդ պատճառով մինչև վերջ չարտահայտվելու, բերանդ ճիչի ժամանակ փակելու զգացողություն չունեմ:

-Թատրոնից ու կինոյից բացի ի՞նչն է Ձեզ հուզում։

-Անհանգստացնում է, որ անկրթությունը Ռուսաստանում դառնում է զանգվածային. Այդ նորաթուխ կրպակատերերը, որոնք իրենց գործարար են կոչում, իսկ իրենց մետաղական կրպակները անգլիական ոճով «խանութ» են անվանում... Բայց դա ոչ միայն վերջին յոթանասուներեք տարվա կուտակումն է։ Ամեն ինչ սկսվել է շատ ավելի վաղ: Հիշեք, որ նախահեղափոխական Ռուսաստանի ամենակրթված մարդիկ ռուսաց լեզուն համարում էին ծառաների լեզու։ Սալոններում ֆրանսերեն էին խոսում:

-Ամեն ինչ այդքան անհո՞ւյս է։

-Կարծում եմ, որ անգամ այն դեպքում, որ մենք այդքան մտավորականություն ենք ոչնչացրել, դա չի անհետացել և վաղ թե ուշ կվերադառնա մեզ՝ տիեզերքով, անձրևով, հողի միջով։ Ես հավատում եմ:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի