Օլեգ Վինոգրադով. «Բալետը կատարելության արվեստ է»

Այսօր 85-ամյակն է տոնում ռուսական և խորհրդային բալետի հռչակավոր բալետմայստերը՝ Օլեգ Վինոգրադովը, տոնում է Երևանում, որը վաստակաշատ Արտիստի  բնորոշմամբ այսօր եվրոպական մշակույթի լավագույն ավանդույթները կրող մայրաքաղաք է: Հենց այստեղ՝ Երևանում, գրեթե կես դար առաջ սկսվեց նրա փառքի ու ստեղծագործական վերելքի ճանապարհը: Տարեդարձի առիթով բալետի մեծանուն վարպետն ինքն իրեն և հայ հանդիսատեսի համար յուրօրինակ տոնական անակնկալ է պատրաստել՝ հենց հոբելյանի օրը նշանակելով երևանյան օպերայում Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի նոր բեմադրության պրեմիերան: Երևանյան օպերայում դեռ տարեսկզբից էին խոսում երաժշտական թատրոնի մեծ իրադարձության՝ «Ռոմեո և Ջուլիետի» բեմադրության մասին, որն իրականացնելու էր Պետերբուրգի Մարիինյան թատրոնի բալետային պարախումբը 23 տարի շարունակ ղեկավարած, աշխարհի հայտնի բալետային թատրոններում իր բեմադրություններով հայտնի Վինոգրադովը: Բնավ պատահական չէ, որ երևանյան թատրոնը նոր բեմադրության համար ընտրել է հենց Վինոգրադովին. դեռ 52 տարի առաջ՝ 1970 թվականին այն ժամանակ սկսնակ և անհայտ պարուսույցն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բեմադրել էր Պրոկոֆևի հայտնի ստեղծագործությունը, որը շրջադարձային եղավ նրա ճակատագրում: Հիմա, կեսդարյա հեռավորությունից հետադարձ հայացքով գնահատելով իր առաջին երևանյան բեմադրությունը, Վինոգրադովն այն համեմատում է ամենաբարձր գագաթը նվաճելու վայելքի հետ, ասում է. «Այդ բեմադրությունն Էվերեստ և Արարատ իմ վերելքի շրջանն էր»: 52 տարի անց, կեսդարյա հարուստ ստեղծագործական կենսագրությամբ ու միջազգային տասնյակ նախագծերի փորձառությամբ վերադառնալով Երևան, տաղանդավոր բալետմայստերը վերահաստատում է՝ նույն գետը երկրորդ անգամ չես մտնի, բայց հարափոփոխ այս աշխարհում ամեն ինչ կարելի է նորովի ներկայացնել: Նաև վստահ է՝ երևանյան օպերայի   բալետային պարախումբը դեռ նոր սկիզբ է ունենալու: «Ռոմեո և Ջուլիետի» նոր բեմադրության, դասական բալետի, Մարիուս Պիտեպայի հետ ազգակցական կապի ու մեր բալետի ապագայի մասին «ArtCollage»-ը զրուցել է բալետմայստերի հետ:

-Եթե չեմ սխալվում բեմադրությունը ստեղծվել է նման խոշորամասշտաբ նախագծի համար անհավատալի կարճ ժամանակահատվածում: Ինչպե՞ս հասցրեցիք այն ավարտել նախատեսված ժամկետում՝ օգոստոսի 1-ին:

-Այս ներկայացումն իրոք ստեղծվել է անհավանական կարճ ժամանակամիջոցում, վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մի թատրոն ի զորու չէր այսքան կարճ ժամանակում հաղթահարել այսպիսի բարդ աշխատանքը: Գիտեք, աներևակայելի ուրախություն է, երբ  ամենուրեք, բոլոր օղակներում հանդիպում ես նման պրոֆեսիոնալիզմի և այսքան վարակիչ էնտուզիազմի: Օրինակ, բեմադրական մասը. ամեն ինչ ներթափանցված է նրանց խանդավառությամբ ու լավատեսությամբ, որն ինձ պարզապես շատ է ոգեշնչում: Նրանք մարդիկ են, որոնց հետ ուզում ես աշխատել: Ես ամեն փորձի գնում եմ մեծ բավականությամբ և բառեր չեմ գտնում երախտագիտությունս հայտնելու համար: Իհարկե, շտկումների տեղ միշտ կա, ցանկացած պրեմիերայից առաջ հանկարծ կպարզվի, որ ինչ-որ բան այն չէ, բայց դա արդեն ընթացիկ աշխատանքներ են:

-Դուք դասական-ակադեմիական բալետի անդավաճան հետևորդ եք: Բայց այսօր աշխարհում մեծ տարածում ունի մոդեռն բալետը, և մարդիկ ուզում են տեսնել նաև նորը, փորձարարական արվեստը:

-Դասական բալետի դպրոցն ինձ համար պարի միակ ընդունելի կերպն է, իմ ամբողջ  գործունեության ընթացքում ես պահպանել եմ այն ամբողջ հսկայական ժառանգությունը, որ տասնամյակների ընթացքում կուտակվել է դասական ներկայացումներում: Բոլոր այն քսաներեք տարիներին, երբ ես Մարիինյան թատրոնի բալետային խմբի ղեկավարն էի, ես  համարում էի, որ Մարիինյան թատրոնը մեր խորեոգրաֆիկ Էրմիտաժն է: Բայց ինքս լինելով դասական բալետի հավատավոր հետևորդ, միշտ զբաղվել եմ ժամանակակից խորեոգրաֆիայով, բեմադրել եմ այնպես, ինչպես զգացել եմ: Պետք է ասեմ նաև, որ ես մեր պետերբուրգյան ոճը հարստացնում էի նորարարությամբ, ու այն տաղանդավոր, հայտնի բեմադրողները որ Ռուսաստան եկան Արևմուտքից, նաև իմ շնորհիվ էին այստեղ՝ Ավգուստ Բուռնոնվիլը, Մորիս Բեժարը և Ջերոմ Ռոբինսը: Կարելի  է ասել,որ ես  բարձրացրեցի այն ծանր վարագույը, և այդ ժամանակից ի վեր իմ պարողներից որևէ մեկը  չի մնացել Արևմուտքում, երբ հայտնվեցին այս պարուսույցները, նրանց արդեն պետք չէր գնալ Արևմուտք:

-Դուք հաճախ եք կրկնում, որ բալետի խորհրդանիշը գեղեցկությունն է, և որ բոլորը չէ, որ  ընդունակ են հասկանալ այդ բարձր և նրբաճաշակ արվեստը:

-Այո, այդպես է: Բալետը բարձրագույն արժեք է, որը ստեղծել է մարդու ստեղծագործ  միտքը, այն կատարելության արվեստ է, որի հիմքում ընկած է Աստծո պարգևած գեղեցկությունը զարգացնելու ձգտումը և գեղեցկության պաշտամունքը: Այո, բալետի խորհրդանիշը գեղեցկությունն է՝ կնոջ գեղեցկությունը, միակ արվեստն է որում որևէ տգեղ  կամ անարժան դրսևորումչկա: Բայց բալետը նաև ցավագին ընթացքով, հիվանդություննով, վնասվածքներով և տքնաջան աշխատանքով ուղեկցվող արվեստ է: Ես համոզված եմ, որ այսօր էլ բալետային արվեստը կապված է գեղեցկության ընկալման հետ և չափազանց կարևոր է պահպանել ճիշտ արժեհամակարգն ու գեղարվեստական չափանիշները: Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի:

-Արդեն բավականաչափ աշխատել եք մեր թատրոնի բալետային խմբի հետ, որպեսզի կարողանաք գնահատականներ հնչեցնել: Ինչպե՞ս եք գնահատում թատերախմբի  ստեղծագործական ներուժը:

-Պետք է ասեմ, որ տարիների ընթացքում թատերախումբը փոքր-ինչ «հիվանդացել է», մենք կորցրել ենք ամենաթանկը՝ ժամանակը, իսկ ժամանակն արտիստների դեմ է աշխատում: Այժմ պետք է բուժենք՝ ավանդույթով, պարային դպրոցով, նաև՝ լուրջ խաղացանկով: Հիմա  ես առավելագույն բարդ պահանջներ եմ առաջադրում այս պարախմբին՝ մենապարողներին, զույգերին և մանավանդ՝ կորդեբալետին: Ես կարող եմ ինձ թույլ տալ խորեոգրաֆիկ դրամատուրգիայի ամենաբարդ կոմպոզիցիաներով նրանց ծանրաբեռնել, իսկ դա հենված է դասական տեխնիկայի, բեմական վարպետության և պլաստիկայի վրա, բայց նրանք կարող են դա անել, որոհետև շատ մեծ ներուժ ունեն: Եվ ամենայն վստահությամբ կարող եմ ասել՝ հրաշալի թատերախումբ է, դուք կարող եք հպարտանալ նրանցով, ապշեցուցիչ տղամարդ  մենակատարներ ունեք: Նրանց պետք է փայփայել, հոգ տանել նրանց համար և պետք է ամեն ինչ անել, որ նրանք հանկարծ չհեռանան երկրից, որ բանակ չգնան: Նրանք հրաշալի  դպրոց և տեխնիկա ունեն, և ամենակարևորը՝ չափազանց դաստիարակված   երիտասարդներ են, և դա ազգային հատկանիշ է: Գիտեք՝ բալետում բեմական կյանքը ցավալիորեն չափազանց կարճ է՝ ընդամենը քսան տարի, առավել արդյունավետ շրջանն ընդամենը տասը տարի է, ուրեմն կարող եք պատկերացնել, թե կորցրած ժամանակը որքան աղետալի է անդրադառնում նրանց արտիստական մարզավիճակի վրա: Բայց ամեն ինչ կարելի փոխել և վերադառնալ իրական ավանդույթին:

-Կարեն Դուրգարյանի հետ հայտարարում եք թատրոնի հեռահար ծրագրերի, թատերախմբի  վերածննդի ու որակապես նոր աշխատաոճի մասին: Գուցե խոսենք նաև ապագայի մասին, որքանո՞վ են իրատեսական այդ ծրագրերը:

-Մենք Կարենի հետ այս փառահեղ պարախմբի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք ուզում ենք քայլ առ քայլ իրականացնել՝ ըստ թատերախմբի զարգացման մեր ռազմավարության: Առաջնահերթ խնդիրը բալետային թատերախումբը վերակենդանացնելն է, արտիստներին նոր որակավորում տալը: Ինձ համար շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Դուրգարյանն ամբողջությամբ բաց է համագործակցության համար և ընկալում է հեղինակի գաղափարը: Նա չի դառնում պարտիտուրի գերին, ամեն ինչ տեսնում և լսում  է: Եվ որ շատ կարևոր է՝ նա պատրաստ է ցանկացած փոփոխության՝ ի շահ թատրոնի և հանդիատեսի: 

-Ձեր ծրագրերից ինձ առավել հետաքրքրեց Չայկովսկու «Կարապի լիճը» բեմադրելու գաղափարը, որը Կարեն Դուրգարյանը դեռ երազանք է որակում: Որոշակի իմաստով դա պարզապես խիզախություն է, որովհետև այս ներկայացումը հասունության քննություն է ցանկացած բալետային թատրոնի համար: Մեր թատրոնը պատրա՞ստ է այդ  բեմադրությանը:

-Նախ և առաջ պետք է ասեմ, որ «Կարապի լճը» բարդագույն ներկայացում է զուտ էսթետիկայի տեսանկյունից: Կարծում եմ որ «Կարապի լճի» մասին խոսելը դեռ վաղ է: Եթե  առաջնորդվենք մեր ծրագրով, ապա առաջիկա երկու տարվա ընթացքում պետք է այդ բարդագույն ներկայացման համար հասունացնենք կորդեբալետը, ապա նաև լրջագույն աշխատանք տանենք մենակատարների հետ: Ես այստեղ բեմադրելու եմ պետերբուրգյան   ոճի ներկայացում՝ հենց Մարիուս Պիտեպայի «Կարապի լիճը»: Իսկ ես, կարելի է ասել, որ Պիտեպայի անմիջական ժառանգն եմ, նրա հետ կապված եմ ոչ միայն ազգակացական կապով, այլև ստեղծագործական սկզբունքների ընդհանրությամբ: Գիտեք, մեր ընտանիքում մինչև հիմա որպես տոհմական մասունքներ պահվում են Պիտեպայի անձնական  իրերը, ինչպես նաև նրա աճյունամոխիրը: Այնպես որ ես ամբողջ կյանքում պահպանել եմ հավատարմությունը նրա ստեղծած դպրոցին: Եվ երևանյան «Կարապի լիճն» էլ  բացառություն չի լինի:

-Այսքան տարի անց վերադառնալով Երևան, բացի այն որ Երևանում եք նշում Ձեր 85-ամյակը, ի՞նչ անակնկալների հանդիպեցիք:

-Այո՛, տարեդարձս այստեղ կնշեմ՝ իմ հայ բարեկամների հետ: Իսկ հանդիպումներն ու  անակնկալները շատ էին: Իմ լավ բարեկամի՝ Վիլեն Գալստյանի բեմադրած «Գայանեն» մի հրաշալիք է՝ իրապես հպարտանալու ներկայացում: Եվ այստեղ՝ Երևանում, մի զարմանալի բալետային թատրոն տեսա: Գիտեք, ինձ դժվար է ինչ-որ բանով զարմացնելը. ես ամբողջ աշխարհը ոտքի տակ եմ տվել և այնքան բան եմ տեսել, որ իսկապես ոչնչով չես զարմացնի: Բայց իմ ընկերոջ, իմ առաջին Տիբալտի՝ Նորայր Մեհրաբյանի ստեղծած բալետային թատրոնն իսկապես զարմանալի է և չգիտես ինչու «Բարեկամություն» անհեթեթ անունն է կրում: Իսկ եթե հարցնեք, թե ինչ եմ հիմա մտածում, ապա կասեմ՝ մտածում եմ Արամ Իլյիչ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» մասին՝ իսկապես հանճարեղ երաժշտություն է, իսկ այդ բեմադրությունն իրապես պետերբուրգյան ներկայացում կլինի:

 

Նունե Ալեքսանյան