Նուռը` սիմվոլիզմի, փայլի ու Հայաստան-կանաչի մեջտեղում

Գրված սեպտեմբերի 27-ից առաջ
«Մի արեք, հոգնեցրել եք»,- մեր այգու նռնենիների կողքով անցնելիս լսեցի նրանց ցածր ձայնը: Եվ պատմեցին, թե ինչքան են հոգնել խորհրդանիշ լինելուց, ինչքան դժվար ճանապարհ են անցել` Սերգեյ Փարաջանովից մինչև հայկական «սերիալային արտադրություն» ու հիմա նաև` ամերիկյան փոփ երաժշտություն:
Սիրուն, հազար ու մի օգտակար հատկություններով այս միրգը վաղուց դարձել է սիմվոլ, բայց որպես մեթոդ սկսել է չարչրկվել հատկապես «Նռան գույնը» ֆիլմից հետո: Չնայած քչերն են տեսել ֆիլմը, քչերն են իսկապես ընկալել գեղագիտությունը, միևնույն է` Փարաջանովի այդ ֆիլմից հետո նուռը ոչ թե միրգ է, այլ մեթոդ, որ կարելի է չարաշահել էսթետիզմ (կինոյում և հեռուստատեսությունում) կամ հայկականություն ստանալու համար (տուրիստական բիզնեսում): Երբեմն կինոյի մարդիկ չգիտեն ու իսկապես չեն ընկալում Փարաջանովի կինոն, դե իսկ նռան պատկերով իրեր վաճառողներն էլ երևի չգիտեն, որ նուռ աճում է նաև, օրինակ` Աֆղանստանում ու մեր հարևան Իրանում:
Այսպես, նռան մագնիսները հանգիստ դրված էին Վերնիսաժի վաճառասեղաններին: Ոչինչ չէր հուշում վերահաս վտանգի մասին, երբ հայկական հեռուստատեսությունը ցնցեց մի սերիալ, որի վերնագրում ու նաև կադրերում օգտագործվում էր այս միրգը: Պետք է պատկերացնել, թե ինչքան տհաճ է եղել նռան համար, երբ վրան փայլեր են լցրել ու զարդարել:
Նուռը, Փարաջանովի կինոն ու ամերիկյան փոփը
Հետո սերիալային արտադրության ու նռան խորհրդանիշը գռեհկացնող սերիալն էլ իր ավերը գործեց ու մոռացվեց: Եկավ մաշող ու նյարդային 2020-ը, ու ամերիկյան փոփ երգարվեստի աստղ Լեդի Գագան հայկական սոցցանցային իրականությունը ցնցեց հոլովակով, որում Փարաջանովի «Նռան գույնի» էսթետիկան ծաղրանմանակվում էր: Այստեղ այն անվանեցին հայկական մոտիվներով տեսահոլովակ. իրականում այս պարագայում էլ քչերն էին տեղյակ, որ հայ ռեժիսորի կինոարվեստի «ոգեշնչմամբ» ստեղծված տեսահոլովակներ ամերիկյան աստղերն էլի էին ունեցել: Խնդիրն այլ է: Փարաջանովյան էսթետիկան անգամ հայկական բնութագրելն ամբողջությամբ ճիշտ չի լինի, իսկ դրանով ոգեշնչումը կամ դրա նմանականումը հաստատապես հայկական մշակույթին հարգանքի տուրք չէ:
Փարաջանովը կինոյի պատմության ամենահզոր, բացառիկ կինոգեղագիտությամբ ու կարևոր ռեժիսորներից մեկն է: Այնքան անկրկնելի է, որ չես կարող ասել, թե աշակերտներ է ունեցել: Նա «Նռան գույնի» միջոցով պատմում է Թիֆլիսում մեծ հռչակ ունեցող հայ աշուղ Սայաթ-Նովայի, բանաստեղծական զոհաբերման ու ցավի մասին: Փարաջանովի խնդիրը բնավ ազգագրագիտական ճշգրտությամբ ֆիլմ ստեղծելը չէր: «Նռան գույնը» վառ ու կարմիր է աշուղական արվեստի պես, իսկ հայկական միջնադարը զուսպ է, հագեցած ավելի սառն ու մռայլ գույներով, խոնարհ ու բարձր հայկական վանական համալիրների պես, ասկետական` այդ վանքերում ճգնող ու աշխատող գրիչների նման: Ուրեմն մեր հրճվանքը, թե ամերիկյան աստղն իր հոլովակում հայկականություն էր տարածում, մի քիչ խղճահարություն է առաջացնում:
Եվ նորից ճյուղերից կախ ընկած նռները խնդրում են, որ չխաղարկեն, չչարաշահեն իրենց, ընդունեն որպես սիրուն ու համով, բայց՝ յուրահատուկ միրգ: Չէ, նռները քմահաճ չեն, միշտ արև ու տաքություն են ուզել: Բայց հիմա արդեն հոգնել են խորհրդանիշ լինելուց, ուզում են ավելի շատ լինել շուկաներում, ուզում են ինչ-որ մեկի արյան ճնշումը կարգավորել, ուզում են մի փոքրիկ աղջկա կամ տղայի ձեռքում լինել, ուզում են դառնալ գինի, որ ինչ-որ մարդկանց մի քիչ սիրուն տխրություն ու համարձակություն տան:
Գրված 2020 սեպտեմբերի 27-ից հետո
Իմաստ էլ չկա ասելու, թե ինչքան սարսափելի ու ծանր էր: Շատ միֆեր ցնդեցին, նուռն էլ դադարեց սիմվոլ լինել: Ռազմաճակատից մեզ հասած առաջին կադրերից մեկում կարելի էր տեսնել հրթիռակոծված շինությունը, իսկ ավերակների մեջ` մեծ կարմիր նուռ: Հետո տեսանք անխնամ մնացած, որբացած նռան այգիների կադրերը, լսեցինք վաճառքի հանված նռների մասին: Ու Ֆեյսբուքն էր`կեղծիքով, ցավով, հույսի փշուրներից կառչող գրառումներով, ու մարդիկ, որ ծիծաղելի դավադրապաշտություններ տեսան ամերիկացի երգչուհու` Լեդի Գագայի հոլովակում ու մարդիկ, որ ծաղրեցին այդ դավադրապաշտությունները:
Ցրտից ու սարսափելի հարվածից դեռ ուշքի չեկած մարդկանց տարի է: Սառել, իրար են կպել նաև մեր այգու նռան թփերը, սպասում են, որ ծաղկեն թույլ կարմիր գույնով: Այլևս չեմ լսում նրանց բողոքը, որ հոգնել են անընդհատ խորհրդանիշ լինելուց ու չարչրկվելուց: Հիմա ուրիշ բան են պատմում ինձ: Ասում են՝ եթե իրոք սիմվոլ է նուռը, ուրեմն Հայաստանի կյանքի մասին է: Ասում են՝ անկախ մարդկանց կամքից միշտ աճելու է կարմիրի նուրբ երանգներով միրգը` այդ ծառ-Հայաստանը ապրելու է միշտ:
Լիլիթ Երանյան