Նորայր Մեհրաբյանի «Երկաթե բռունցքը»

72 տարի պարի կախարդական աշխարհում

Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի առաջատար պարող, Լենինգրադի «Խորեոգրաֆիկ մանրանկարներ» անսամբլի մենակատար, որը ղեկավարում է ականավոր բալետմայստեր Լեոնիդ Յակոբսոնը, Հայաստանի պարի պետական ​​անսամբլի առաջատար պարող, Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ​​ղեկավար, Ա.Սպենդիարյանի անվան թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ​​ղեկավար: Եվ վերջապես, «Բարեկամություն» համույթի հիմնադիր և ղեկավար, Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի հայկական համայնքների ուժերով պարային համույթների կազմակերպիչ, բազմաթիվ խորեոգրաֆիկ ստեղծագործությունների հեղինակ…

Դժվար է նույնիսկ համառոտ թվարկել Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի բազմաբնույթ գործունեության բոլոր մանրամասները: Անցել է 72 տարի այն պահից, երբ նա 1948 թվականին բացեց Երևանի պարարվեստի դպրոցի դռները: Եվ այդ պահից մինչև այսօր նա ապրում ու ստեղծագործում է պարի կախարդական աշխարհում...

Մեհրաբյանի օժտվածությունը չի պարփակվում մեկ ամպլուայի շրջանակներում: Նա դասական, բնորոշ, ժողովրդական-բեմական պարի հնարքների մեծ վարպետ է, ստեղծել է քնարական, դրամատիկական, ողբերգական, գրոտեսկային կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝ Վանեչկա («Բժիշկ Այբոլիտ»), Ստյոպկա («Չոփչոփիկը»), Ծաղրածու («Կարապի լիճ», «Մոխրոտ»), ուրախ ընկեր Կարեն («Գայանե»), Պաոլո («Ֆրանչեսկա դա Ռիմինի»), Բազիլ («Դոն Կիխոտ»)։ Վերջինս մի դեր է, որը պահանջում է դասական պարի տեխնիկայի կատարյալ տիրապետում: Հանդիսատեսի հիշողության մեջ, անշուշտ, տպավորվել է Տիբալտի չարագործ կերպարը Օլեգ Վինոգրադովի բեմադրած Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»-ում. Տիբալտը`որպես Մոնտեգյու և Կապուլետի տոհմերի միջև անհաշտ, արյունահեղ թշնամության խորհրդանիշ:

Կատարողական ոճի ազնվականությունն, անկասկած, Մեհրաբյանի անբաժանելի արժանիքն է, որի վկայությունն են ինչպես Երևանի օպերայի և բալետի թատրոնում կատարված դերերը, այնպես էլ Լենինգրադում՝ «Խորեոգրաֆիկ մանրանկարներ» խմբում ներկայացված համարները («Pas de deux»՝ Մոցարտի երաժշտությամբ, «Վարիացիաներ»՝ Բախի երաժշտությամբ, «Հակադրություններ»՝ Ստրավինսկու և այլոց երաժշտությամբ): Անմոռանալի են հայ ժողովրդական-բեմական պարերը՝ հագեցած կրակոտ խառնվածքով, ներկայացված Հայաստանի պարի պետական ​​համույթի համերգներում:

Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ​​ղեկավարի պաշտոնը ստանձնելու պահից (որը նա զբաղեցնում էր 1973-1983 թթ) սկսած ի հայտ եկան Նորայր Մեհրաբյանի երկու այլ տաղանդները՝ կազմակերպչի և պարուսույցի: «Երկաթե բռունցքով» նա հաստատեց ամենախիստ կարգապահությունը՝ կանխելով անփութության նվազագույն դրսևորումները, անհանդուրժողականությունը տվյալ խորեոգրաֆիկ նյութից նվազագույն շեղման նկատմամբ՝ լինի դասարանում, փորձերին, համերգին կամ ներկայացմանը: Ամբողջ ներկայացման մանրակրկիտ մշակվածությունն ու ներդաշնակությունը  նույնպես տպավորիչ էին՝ մուտքից մինչև խոնարհումը: Մեհրաբյանի բոլոր այս արժանիքները, որոնք կարելի է նկատել նաև այսօր, ժամանակին բարենպաստ հող ստեղծեցին թե՛ բալետի, թե՛ ժողովրդական պարի համույթների պարողների մասնագիտական ​առաջըթացի համար:

Նորայր Մեհրաբյանի՝ պարարվեստի ուսումնարանը ղեկավարելու ժամանակահատվածում կրթօջախն ավարտեցին բազմաթիվ կատարողներ, որոնք առաջատար դիրքեր գրավեցին ոչ միայն Երևանի պարային խմբերում, այլ նաև երկրից դուրս: Նորայր Մեհրաբյանի նույն «երկաթե բռունցքը» նրա՝ Երևանի Սպենդիարյանի անվան թատրոնի բալետի թատերախմբի գեղարվեստական ​​ղեկավարի կարճ պաշտոնավարման ընթացքում (1984-1986) պահպանեց խաղացանկի կայունությունը և ներկայացումների բարձրորակ կատարումը: Սակայն Մեհրաբյանը թողեց թե՛ դպրոցը, թե՛ թատրոնը: Այս  ակադեմիական հաստատությունները, ի վերջո, թելադրում են խաղացանկային քաղաքականության որոշակի օրենքներ, իսկ Մեհրաբյանը որոշեց ստեղծել «իր  թատրոնը», ինչը և իրագործեց 1987 թվականին: Եվ ծնվեց «Բարեկամություն» պարային համույթը: Անշուշտ, ամեն ռեժիսոր և բալետմայստեր երազում է ստեղծել «իր» թատրոնը, բայց ոչ բոլորին է դա հաջողվում: Մեհրաբյանը կարող է հպարտորեն ասել. «Ես դա արեցի՛»:

«Բարեկամություն» անսամբլի անվանումն այսօր կարելի է մեկնաբանել որպես յուրօրինակ մի «բարեկամություն», որի համերգային ցանկում համադրվել են արևմտյան և արևելյան տարբեր ​​խորեոգրաֆիկ համակարգերը: Համույթի պարային մի շարք համարներ ստեղծվել են տարբեր երկրների հայտնի բալետմայստերների կողմից: Երեսուներեք տարուց ավելի ներկայացված յուրաքանչյուր ծրագիր անակնկալներ է մատուցում իր նորույթով: Բայց երկացանկի մեծ մասն, իհարկե, բաղկացած է Ն. Մեհրաբյանի ստեղծած մեծ կոմպոզիցիաներից և մանրանկարներից:

Եվ վերջապես, բալետմայստեր Մեհրաբյանի մասին: Նրա ոճը եզակի է՝ շատ պայծառ ու ինքնատիպ: Այն  միանգամայն ճանաչելի է, նույնիսկ այն դեպքում, երբ հեռուստաէկրանին, խմբային համերգներում կամ հրապարակներում ու մարզադաշտերում մոնումենտալ ներկայացումներում տեսնում եք մի փոքրիկ հատված: Մեհրաբյան-բալետմայստերի ոճը դրսևորվեց Երևանի պարարվեստի ուսումնարանի հաշվետու և ավարտական ​​համերգների նրա առաջին բեմադրություններում՝ սկսած 1973 թվականից: Բնությունից տրված երաժշտականություն, տարածության և ռիթմի նուրբ ընկալում, յուրօրինակ ոչ ստանդարտ շեշտադրումներ, հայտնի շարժումների անսովոր մեկնաբանում և, առհասարակ, պարային կոմպոզիցիայի ոչ սովորական մատուցում... Սա հատկապես ակնհայտ է հայկական պարային բանահյուսության բառապաշարի հիմքով ստեղծված պարերի բեմադրությունների մեջ:

Նրա ստեղծածը ժողովրդական, դասական և ժամանակակից պարերի պարզ համադրություն չէ, բնավ ո՛չ: Շատ դարեր են պահանջվել, որպեսզի ակադեմիական բալետը զարգանա եվրոպական ժողովրդական և պարահանդեսային պարերի տարրերի հիման վրա: Մեհրաբյանը համարձակ գնում է այն ճանապարհով, որը մենք չունեինք՝ դասական հայկական պրոֆեսիոնալ պար, ոչ թե պարի մշակում, այլ պար, ավելի ճիշտ՝ հնագույն արմատներ ունեցող մեր ժողովրդական պարի հետ գենետիկորեն կապված պարային լեզու:

2021-ը Նորայր Մեհրաբյանի համար հոբելյանական է, լրանում է նրա 80-ամյակը։ Եվ անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ ինչպես 90-ականնեերին, երբ գեղարվեստական կյանքն անկում էր ապրում և «Բարեկամություն» անսամբլը համառորեն շարունակում էր իր գործունեությունը, այնպես էլ 2020-ի և մեր այսօրվա բարդ կացության պայմաններում, իր ղեկավարի հաստատուն կամքի և լավատեսության շնորհիվ «Բարեկամությունը» գործել  է և շարունակելու է գործել։

 

Նազենիկ Սարգսյան

Արվեստագիտության դոկտոր

... ...