Նոր տեխնոլոգիաների և արվեստի միջև վաղուց արդեն երկխոսություն կա. այն պետք է զարգացնել նաև Հայաստանում

«ԴիջիԹեք» էքսպոն տարածաշրջանում նորարարական տեխնոլոգիաների ամենամեծածավալ ցուցահանդեսն է, որն այս տարի բոլորել է իր 18-ամյակը։ 2023 թվականին էքսպոյին առաջին անգամ մասնակցել է մշակութային կազմակերպություն՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը, որը ներկայացրել է բարձրագույն տեխնոլոգիաներն ու ժամանակակից արվեստը համադրող ժամանակակից արվեստագետների աշխատանքները։

«ՀայԱրտ» արվեստի կենտրոնը ստեղծարար մի հանգույց է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում ժամանակակից արվեստի հանրահռչակմանը և ստեղծարար արդյունաբերության խթանմանը: «ԴիջիԹեք»-ում «ՀայԱրտ»-ի գործընկերն էր «CYLAND» մեդիա արվեստի լաբորատորիան, որն արտիստներին և համադրողներին կապում է ծրագրավորողների և ինժեներների հետ։

-«ԴիջիԹեք»-ում արվեստի որոշակի տարր նախկինում նույնպես եղել է,-պատմում է «ԴիջիԹեք»-ի հատուկ ծրագրերի և զարգացման տնօրեն Էդիտա Ղազարյանը,- Էքսպոյին մասնակցել են այնպիսի ստարտափներ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են արվեստին։ Սակայն այս տարի արվեստի տարրը հատկապես ընգդծված էր «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի շնորհիվ։ Մեդիա ինստալացիաները տեղադրված էին ոչ միայն «ՀայԱրտ»-ի տաղավարում, այլև բաշխված էին սրահի մյուս հատվածներում։ «Ջանասեր մեքենան» ինստալացիայի համար «ԴիջիԹեք»-ն անգամ առանձին սրահ էր տրամադրել։

Էքսպոյի՝ զրույցներով, բանավեճերով ու քննարկումներով գերհագեցած երեք օրվա ընթացքում փորձել ենք հասկանալ՝ ինչո՞ւ է կարևոր ժամանակակից արվեստի «արտահանումը» թանգարաններից ու գալերեաներից, և արդյո՞ք արվեստի գործը շահում է, երբ հայտնվում է այդքան արտասովոր միջավայրում։

-Նախ հասկանանք՝ ի՞նչ է արվեստը։ Եվ արդյո՞ք նրան պետք են նորարար տեխնոլոգիաները։

-Արվեստը միշտ էլ իրականության արտացոլումն է։ Կարևոր չէ ինչ նյութ է օգտագործում արվեստագետն այդ արտացոլումը նյութականացնելու համար․ կտավ ու յուղանե՞րկ, թե՞ նոր տեխնոլոգիաներ ու բարդ ծրագրեր։ Կարևորը գաղափարի համոզիչ իրականացումն է,-մեկնաբանում է «ՀայԱրտ» կենտրոնի տնօրեն Մարինե Կարոյանը։  

Արվեստագետ Ալեքսանդրա Դեմենտիևան, որի «Քրոնոսկոպ» ինտերակտիվ ինստալացիան դարձավ էքսպոյի այցելուների սիրելի աշխատանքը, տեխնոլոգիաների  ու մշակույթի կապը բնական օրինաչափություն է համարում. « Ցանկացած տեխնոլոգիա միայն արտադրության միջոց է, դա ընդամենը գործիք է։ Դրանք առաջ են գալիս, որովհետև պետք են մեզ, որովհետև մենք օգտագործում ենք դրանք։ Արվեստագետի կյանքում դրանք նույպես շատ մեծ դեր ունեն և պարզ է, որ պետք է տեղ գտնեն նաև արվեստում»։  

«CYLAND» լաբորատորիայի ներկայացուցիչ Եկատերինա Դրակունովայի  գնահատմամբ մեդիա արվեստն այն հարթակն է, որում պետք է միավորվեն տեխնոլոգիաներն ու ստեղծարար միտքը.

-Արվեստի կարևորագույն առաքելությունը մարդուն նոր տեսակետ, աշխարհին մի այլ  կողմից նայելու հնարավորություն տալն է: Երբ արվեստի գործին բախվում ես անսպասելի մի վայրում, այն լիովին փոխում է քո աշխարհընկալումը։ Եվ էքսպոն նման անսպասելի հանդիպման հրաշալի օրինակ է, որովհետև թանգարաններ գնացողները հենց արվեստ են փնտրում։ Իսկ այստեղ մարդիկ գալիս են նորարարություններ տեսնելու։ Մեդիա արվեստի համար դա լավագույն հանդիսատեսն է, որովհետև մեդիա արվեստում պետք է միավորվեն արվեստագետները՝ գաղափար ստեղծողները, և ինժիներներն ու գիտնականները, այսինքն՝ այն մարդիկ, որոնք այդ գաղափարը կյանքի կոչելու հմտություններ ունեն։

 

Ինչո՞ւ է կարևոր արվեստը դուրս բերել թանգարաններից

Մարինե Կարոյան -«ԴիջիԹեք»-ում մենք ուզում էինք ցույց տալ այցելուներին, որ գոյություն ունի նման արվեստ։ Շատերի համար սա ժամանակակից արվեստի այս ուղղության հետ առաջին հանդիպումն էր։ Մեր երկրում նոր տեխնոլոգիաները և արվեստը զարգանում են առանձին-առանձին։ Բայց այս երկու՝ մարդու համար շատ կարևոր ոլորտների միջև վաղուց արդեն երկխոսություն կա. այն պետք է զարգացնել նաև Հայաստանում։  

Էդիտա Ղազարյան -Մեզ համար շատ կարևոր է ընդգծել նորարարական տեխնոլոգիաների դերը բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ արվեստում։ Մեր թիրախը միայն Հայաստանի տեխնոլոգիական համայնքը չէ, մենք ուզում ենք ցույց տալ մարդկանց՝ ինչպիսին է լինելու ապագան։ Իսկ արվեստը նույնպես նորարարություն է։

Եկատերինա Դրակունովա -Եթե «ՀայԱրտ»-ում տեղի ունեցած «Կիբերֆեստի» ժամանակ մեզ հարցնում էին աշխատանքի, հղացքի, արվեստագետի մասին, ապա այստեղ՝ էքսպոյում մարդիկ ավելի շատ կիրառված տեխնոլոգիաներից էին հարցնում։ Մի երիտասարդ էր եկել, որը լույսի հետ կապված ինչ-որ գյուտ է արել։ Դա գիտական աշխատանք է, բայց իր համար կարևոր էր քննարկել այն որևէ արվեստագետի հետ։ «Science Art»-ն այդպես է աշխատում․ գիտնականը խնդիրը տեսնում է իր տեսակետից, արտիստը՝ իր տեսակետից, բայց երբ այդ երկուսը հանդիպում են, առաջընթաց է լինում և՛ գիտության, և՛ արվեստի ոլորտներում։ Իսկ նորագույն տեխնոլոգիաների էքսպոն հենց այն վայրն է, որտեղ նրանք կարող են հանդիպել։

Ալեքսանդրա Դեմենտիևա -«Օտար» տարածությունը միշտ էլ հետաքրքիր է, որովհետև այնտեղ ուրիշ մարդիկ են գալիս. միևնույն պատմությունն այլ մարդկանց պատմելու հնարավորություն է ստեղծվում։

Եկատերինա Դրակունովա -Թանգարանները միշտ որոշակի հեռավորություն են ստեղծում արվեստի ստեղծագործության ու դիտողի միջև, որովհետև մեզ փոքր տարիքից ասել են՝ ձեռք չտա՛ս։ Եվ մարդու մոտ այնպիսի համոզմունք է ձևավորվում, որ արվեստը շատ փխրուն մի բան է։ Բայց չէ՞ որ որոշ արվեստագետներ իրենք են ուզում, որ մարդիկ փոխազդեն իրենց գործի հետ։ Մարդու և ինստալացիայի փոխազդեցությունն էլ դառնում է ստեղծագործության էությունը։ Առանց մարդու՝ սրահի պատի տակ դրված՝ այն ոչ մի իմաստ չունի։

Սակայն ժամանակակից արվեստը բոլորովին այլ ներգրավվածություն (նաև՝ պատրաստվածություն) է պահանջում դիտողից։ Արդյո՞ք նորարարություն փնտրող մարդը պատրաստ է ժամանակ ծախսել արվեստագետի գաղափարը հասկանալու համար, հատկապես երբ ջանում է մի քանի ժամում տեսնել էքսպոյի հարյուրավոր տաղավարներ։

Ալեքսանդրա Դեմենտիևա -Ես մի աշխատանք ունեմ, որը կոչվում է «Սովորական թեթևություն»։ Այն սկզբից մինչև վերջ դիտելու համար պետք է չորս րոպե։ Պատկերացրեք, արվեստի քննադատները, որոնք գալիս էին ցուցահանդեսին՝ հոդված գրելու ակնկալիքով, բողոքում էին. «Չորս րոպեում ես ամբողջ ցուցահանդեսն եմ նայում»,- ու դա ասում էին մասնագետները։ Բայց դե նա, ով իսկապես հետաքրքրված է, միշտ էլ ժամանակ կգտնի ու «գլուխ կդնի» քո գաղափարի հետ։ Կարծում եմ, արդեն իսկ հրաշալի է, որ տեխնոլոգիաների էքսպոյում արվեստի գործերն այլ գործիքներին հավասար են ներկայացվում։ Այսօր արդեն ակնհայտ է, որ արվեստագետների ու գիտնականների համագործակցությունը շարունակվելու է և գնալով ավելի ու ավելի է խորանալու։ Որովհետև գիտական գործընթացները շատ բարդ են։ Բայց այդ բարդ պրոցեսները հնարավոր է բացատրել գեղարվեստական փոխաբերության շնորհիվ։

Իրենց հերթին տեխնոլոգիական բարդ լուծումները շոշափելի են դարձնում այն բազմաշերտ գաղափարները, որոնց շուրջ խորհում են արվեստագետները։

Այդպես, Աննա Ֆրանցի (ԱՄՆ) «Նկարիչների միություն» մեդիա ինստալացիան, որն էքսպոյի այցելուները «նկարող ռոբոտ» էին կոչել,  ջանում է պատկերել պատահականությունը։ Այլ կերպ ասած՝ արտիստը թույլ է տալիս պատահականությանը մասնակցել ավեստի գործի ստեղծմանը՝ միջավայրին զիջելով պատկերը հեղինակելու իր մենաշնորհը։

Ալեքսանդրա Դեմենտիևայի (Բելգիա) «Քրոնոսկոպը» ի ցույց է դնում մարդու՝ ժամանակի մեջ տարրալուծվելու, անհետանալու՝ անհիշելի ժամանակներից մեզ հետապնդող և միևնույն ժամանակ՝ պայքարելու դրդող հավիտենական վախն ու, գուցե, այն հաղթահարելու միջոց դառնում։

Նաո Նիշիհարայի (Ճապոնիա) «Ջանասեր մեքենան», որ կենցաղային տարբեր իրերից պատրաստված հսկայական «երաժշտական գործիք է», իր դանդաղ շարժմամբ ու անվերջ կրկնվող հնչյունային հյուսվածքով դիտողին կենտրոնացնում է տարածության ու ժամանակի մեջ սեփական գոյության վրա։

Իսկ Սերգեյ Կոմարովի և Ալեքսեյ Գրաչյովի (Ռուսաստան) «Հիացում» մեդիա ինստալացիան ստեղծում է անվերջ թվային թունել, ուր հայտնվող յուրաքանչյուր մարմին՝ լինի դա տեսախցիկի առջև պատահական անցած հանդիսատեսը, թե թվային տիրույթում «սրտիկներ» շռայլող նրա ավատարը, դառնում է այդ անդունդը սնող մի տարր՝ կրկին փոխելով մարդուն այդքան հարազատ ու ապահով «դիտողի» դիրքը «դիտվողի» և «շահագործվողի» երերուն դերի հետ։

 

Սոնա Արսենյան

 

... ... ...