Նոնա Գաբրիելյան․ երկխոսության արվեստը

Արվեստի հիմքում արվեստագետի ինքնարտահայտումն է, իր հույզերի, խոհերի ու հոգեբանական հակասությունների արտապատկերումն ու ներկայացումը դիտողին։ Եվ ինչ խոսք՝ արվեստի գործը իր մեջ ավելին է պարփակում, ավելի շատ բան է ասում իր բովանդակության, ձևի, ժամանակի ու հենց իր՝ արվեստագետի մասին, քան կարելի է արտահայտել խոսքերով կամ վերլուծությամբ։ Առավել ևս սա ճշմարիտ է նկարչուհի, քանդակագործուհի և խեցեգործուհի Նոնա Գաբրիելյանի դեպքում։ Իր ստեղծագործական ուղին սկսելով խորհրդային հասարակարգի պարտադրանքների պայմաններում՝ նա երբևէ չի դավաճանել արվեստագետի իր դավանանքին, ստեղծել է իրապաշտությունից հեռու, զգացմունքային, ներքին բովանդակությամբ հարուստ գործեր, այն էլ՝ ասես արտաբերված շշուկով, ինչպես աղոթք կամ բազմաթիվ պատասխաններ ենթադրող հանելուկ, առեղծված։

«Արվեստագետը վկա է, որը վկայություն է տալիս հենց իրեն՝ Ժամանակին։ Ամեն մի արվեստագետ՝ ըստ իր տաղանդի»,-հավատացած է Նոնա Գաբրիելյանը, որ ինքնադրսևորվել է կերպարվեստի բոլոր հիմնական տեսակներում, բացի ճարտարապետությունից։ Ու բացի խեցեգործական, քանդակագործական, գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները՝ նա գրական ստեղծագործությունների հեղինակ է, որոնք ասես շարունակում են նրա արվեստում նշմարվող ուրվագծերը։ Ավելին՝ նրա ապրած՝ իրադարձություններով հարուստ կյանքն ու ստեղծագործությունը ներդաշնակորեն փոխլրացնում են միմյանց, միախառնվում՝ ամբողջացնելով արվեստագետի անհատականությունը։ Նրա ստեղծագործության առանցքում մարդն է․ զարմանալի չէ, որ Գաբրիելյանը 1980 թվականից անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանի և Եվրոպայի 10 քաղաքներում՝ արժանանալով արվեստասերների ու արվեստաբանների ուշադրությանը։ Խորհրդանշական են եղել կինոյի կախարդ Սերգեյ Փարաջանովի խոսքերը՝ ասված երիտասարդ աղջնակին․ «Աշխարհը քեզ կընդունի, եթե դու քո ներքին աշխարհը նվիրես նրան, բայց փոխարենը ոչինչ չխնդրես»։

Նոնա Գաբրիելյանը ծնվել է Թբիլիսիում՝ հեղափոխական հոր և ազնվական ծագմամբ մոր ընտանիքում։ Մանկության և պատանեկության տարիներին բնակվելով Թբիլիսիի հայաշատ հին հատվածում՝ հայ նկարիչ Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) և նրա կնոջ՝ բանաստեղծուհի Դիանա Ուկլեբայի հարևանությամբ` տարբեր առիթներով շփվել է նրանց հետ, ինչը կարևոր դեր է խաղացել նրա կյանքում ու նպաստել է կերպարվեստի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը։ Գաբրիելյանի խոսքը պատկերավոր է, գունեղ․ նա առանձնակի սիրով է վերհիշում իր մանկության տարբեր դրվագները․

«Ես մեր բակում միակ աղջնակն էի՝ 14 տղաների մեջ։ Միասին կազակներ-ավազակներ էինք խաղում, ու տղաներն ինձ միշտ ենթարկվում էին։ Միակ բանը, որ ինձ կարող էր տեղում գամել, դա Ջոտտոյի բնակարանի բաց դուռն էր։ Դա ինձ համար ուրիշ աշխարհ էր․․․ Եթե խաղալիս վազում էի աստիճաններով ու Ջոտտոյի դուռը բաց էր լինում, կանգնում ու ներս էի նայում․ նրա սենյակն ասես ափիս մեջ լիներ։ Տեսնելով նրա կտավները՝ ես հիացմունքից քարանում էի։

Ջոտտոյին ես մեր տանն էի տեսնում, գալիս էր ծնողներիս մոտ, ինչպես մյուս հարևանները, ես նույնիսկ չգիտեի, որ հենց նա է նկարիչը, քանի որ միշտ միայն Դիանային էի իրենց սենյակում տեսնում։ Մի անգամ Ջոտտոն ինձ բռնեցրեց, քանի որ ես երբեմն դպրոցից գալիս նրանց շքամուտքով էի բակ մտնում, ու ասաց․ «Ես ինչ-որ բան եմ լսել․․․»։ Իսկ ես հարցրեցի․ «Քեռի Գևորգ, այդ սենյակում  Ձե՞ր նկարներն են»։ «Իհարկե»,- ասաց։ Այդպես խոսակցություն բացվեց․ «Ե՛կ, ես քեզ ցույց կտամ նկարներս։ Սիրո՞ւմ ես, այո՞»։ Երևի 8-9 տարեկան էի, ում տեսնում էի՝ դիմանկարները մատիտով նկարում էի, և ամբողջ բակում հարևանների տներում՝ պատի գորգերին այդ գծանկարները (դիմանկարներ, կամ ասենք երեք արջ, կարապներ և այլն) քորոցներով փակցված էին։ Նա էլ հարցրեց․ «Այդ դո՞ւ ես հարևանի տանը փակցված գծանկարի հեղինակը։ Ինձ մոտ կգա՛ս, նկարներս քեզ ցույց կտամ»։ Ես եկա, հիացա նրա աշխատանքներով, ինձ նրա նատյուրմորտները մինչ օրս անչա՜փ դուր են գալիս»։  

Օրերից մի օր էլ Ջոտտոն Նոնային առաջարկել է նկարել յուղաներկով ու դիտելով ստացված աշխատանքը, ասել է․ «Դու պիտի սովորես․․․»։

Նոնա Գաբրիելյանը նախ Թբիլիսիում է գեղարվեստի բուհ ընդունվելու դժվարություններ ունեցել, ապա Երևանում, սակայն այս դեպքում անսպասելիորեն օգնության է հասել ռեկտոր Արա Սարգսյանը՝ թույլատրելով, որ հայերենին գրեթե չտիրապետող աղջնակին ժամանակ տրվի լեզուն սովորելու համար։ Այսպես, 1963 թվականին նա ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որտեղ Հռիփսիմե Սիմոնյանի ղեկավարությամբ քանդակ ու խեցեգործություն է ուսանում։ Ավարտելով 1968 թվականին՝ իրավունք է ստանում ցուցադրվել ԽՍՀՄ լավագույն դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսում՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում։ 1978 և 1980 թթ. Վալորիսի (Ֆրանսիա) խեցեգործության միջազգային մրցույթներում արժանանում է դիպլոմի։

Նոնա Գաբրիելյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է, «Կերամոս» խեցեգործության միջազգային ակադեմիայի անդամ (Լեհաստան)։ 1971 թվականից մասնակցում է միջազգային խմբակային ցուցահանդեսների, սիմպոզիումների, բիենալեների և մրցույթների։ Դասավանդել է Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, վարպետության դասընթացներ է անցկացրել Եվրոպայի մի շարք երկրներում ու Հայաստանում։ Նրա աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Սարդարապատի ազգագրության թանգարանում (Հայաստան), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Դեկորատիվ արվեստի թանգարանում (Մոսկվա) և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Նոնա Գաբրիելյանն արվեստագետների հայկական դինաստիայի ավագ ներկայացուցիչն է։ Նրա ամուսինը նկարիչ, խեցեգործ Վան Սողոմոնյանն էր, դուստրը՝ նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանը, փեսան՝ նկարիչ Գագիկ Ղազանչյանը, թոռը՝ նկարիչ Գայ Ղազանչյանը։

Ամուսնու հետ 1992-ից բնակվել են գերմանական Վիսբադեն քաղաքում, որտեղ բացել են սեփական պատկերասրահը։ Բրիտանացի ուղեգիր Ստիվեն Բրուկսը, այցելելով ամոլի արվեստանոցը, զարմացել է, թե որքան տարբեր են «մոխրագույն մազերով, մորուքով» ամուսինն ու «շիկահեր, հումորի վառ զգացում ունեցող» կինը․ «Այս խառնվածքի տարբերությունները, թվում է՝ արտացոլվել են նրանց կերամիկական քանդակապատկերներում»։

Երկխոսության թեման (մասնավորապես՝ տղամարդ-կին հոգևոր կապն ու զուգադրումը) հաճախ է հանդիպում Նոնա Գաբրիելյանի ստեղծագործությունում։ Երկխոսության թեմայով են նրա «Արտացոլում» (1980), «Երկխոսություն» (1982), «Աղոթք» (1982), «Երկուսը» (1982-1983) և այլ քանդակներ։ «Իրան» (1986) քանդակում կնոջ ֆիգուրն այնպես է պատված մուգ թիկնոցով՝ ասես նրան ինչ-որ մեկը գրկել է։ Երկու կերպարների այլաբանական զուգորդում է ներկայացված «Թև» (1983) քանդակում։ Գեղանկարներում ևս կարմիր գծով անցնում է երկուսի համադրության թեման․ «Երկուսը» (2016), «Բանաստեղծը և մուսան» (2016), «Հաճելի զրույց» (2020), «Արձագանք» (2023) և այլն։ «Հանգիստ» (2023) գեղանկարում արական և իգական սկիզբների փոխձգտումը ներկայացված է գույների ներդաշնակ զուգադրությամբ։ Ինչ խոսք՝ Գաբրիելյանի համար ուղենշային է ամուսնու՝ մեծատաղանդ նկարիչ Վան Սողոմոնյանի ներկայությունը նրա կյանքում ու արվեստում․ կարելի է ենթադրել, որ հենց Սողոմոնյանի հետ հոգևոր, ստեղծագործական երկխոսությունն է Գաբրիելյանի լեյտմոտիվային թեման։

Ընդգծելով արվեստագետի համար երևակայության կարևորությունը՝ Գաբրիելյանը նշում է․ «Մարդը, որպես արվեստագետ, ով գիտակցում է իր կախվածությունը իրեն շրջապատող միջավայրից, ինքնարտահայտման ուղիներ է փնտրում հիմնականում հոգևոր արժեքներ ստեղծելու միջոցով, որոնք, արթնացնելով ուրիշների երևակայությունը, ստեղծում են նոր իրականություն։ Դրա գործիքներն են բառը, ձայնը, գույնը, ձևը և նույնիսկ ինքը՝ տարածությունը։ Այս ամենը ծնվում է դատարկությունից, Ոչնչից, Ոչ մի տեղից՝ որպես մաքուր երևակայության պտուղներ»։ Արվեստի մեկնաբան Հիթըր Մոմյերի կարծիքով՝ Գաբրիելյանի հայեցակարգերը «գրեթե մետաֆիզիկական են, դրանք այն իրականության մասին են, որն իրականության սահմաններից դուրս է»։ Եվ ստեղծագործական բոլոր ասպարեզներում նա զուգորդում է զգացական ու փիլիսոփայական հենքերը։

Ընդհանրապես, նկատելի է, որ կապույտը, կանաչը և դեղինը արվեստագետի նախընտրելի գույներն են։ Կոլորիտը նրա գեղանկարչական շատ աշխատանքների կարևորագույն բաղադրիչն է։ Գաբրիելյանի կտավներում կերպարները թեկուզ զրկված են դեմքերից, սակայն այնպես են գունավորված, որ դա ցուցադրում է նրանց ներքին էությունը և տրամադրությունը։ Նկարիչն իր յուրահատուկ տեսողությամբ այդպես է տեսնում մարդկանց՝ իրենց հոգեկան էներգիայով։

Գաբրիելյանը հաճախ գունավորում է և իր քանդակները․ օրինակ՝ մինիմալիստական, բայց արտահայտիչ լուծումներով է արված «Մարդիկ և թիրախներ» (1985) աշխատանքը։

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի նկարիչների տանը բացված անհատական ցուցահանդեսում վերջին տարիներին ստեղծված գեղանկարների կողքին ներկայացված էր արվեստագետի մանր պլաստիկան։ Որպես կանոն բրոնզից ձուլված այդ աշխատանքները դինամիկ են, համաչափ, իրենց վերացականությամբ հանդերձ համոզիչ, դրանք պատկերում են ֆիգուրներ, երբեմն՝ մարդու մարմնի մասեր։ Այստեղ ևս վերարծարծվում է երկխոսության թեման։

Գաբրիելյանը տպագրել է պոեզիայի ու արձակի մի քանի ռուսերեն ժողովածուներ, որոնք թարգմանվել են գերմաներեն և հայերեն։ Բանաստեղծությունները հեղինակի կերպարվեստի ստեղծագործությունների պես նրբին են, եթերային։ Իսկ «Թախծի քնքուշ ամպեր» էսսեների ժողովածուում ինքնակենսագրական պատումը ժանեկագործ հյուսվածքի նման պարուրում, դյութում է ընթերցողին, տանում հեռուները։

Անանց ճշմարտություն է «Կյանքը կարճ է, արվեստը` հավերժական» ասացվածքը։ Այսպես, որևէ բնագավառում աշխատելիս Նոնա Գաբրիելյանը կյանքի սովորական իմպուլսները, տպավորությունները, միջանձնային շփումը և հաղորդակցությունը վերածում է ստեղծագործությունների, որոնք իրենցում հավերժացնում են մարդկային զգացմունքները, էներգիան՝ լուսավորելով ու ջերմացնելով դիտողների և ընթերցողների հոգիները։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Նոնա Գաբրիելյան

2․ «Թատրոնի կուլիսներում», կտավ, ակրիլ, 2009, 60x80 սմ

3․ «Պառկածը», բրոնզ, 1998, 6x16 սմ

4․ «Երկխոսություն», շամոտ, 1982, 86x160x60 սմ

 

... ... ...