Նոբույուկի Ցուջիի. հպվելով հնչյունին

Ճապոնացի դաշնակահարի առաջին մենահամերգը Երևանում

Իր առաջին երևանյան մենահամերգով Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ ճապոնացի վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի  Ցուջիին` բացելով «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանը:

Ի ծնե տեսողության  խնդիր ունեցող Նոբույուկիի առաջին հայաստանյան այցը հաճելի պատահականության արդյունք է, երբ նրա խիստ հագեցած երաժշտական   օրակարգում սեպտեմբերի միակ ազատ օրը հատկացվեց երևանյան համերգին: Իսկ համերգային ծրագիրը հայ հանդիսատեսի համար ինքը՝ Նոբույուկին է կազմել` իր սիրելի երեք կոմպոզիտորների ստեղծագործություններից` Ֆրեդերիկ Շոպեն, Կլոդ Դեբյուսի և Մորիս Ռավել:

Նրա կարիերայի համար հատկապես վճռորոշ է եղել 2009 թվականին Վեն Քլայբրնի դաշնակահարների միջազգային մրցույթում նվաճած ոսկե մեդալը, որից հետո դաշնակահարը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Սակայն ինքը` Նոբույուկին, ճակատագրական է համարում երկու տարեկանում իր մայրիկից նվեր ստացած խաղալիք դաշնամուրը, որը սկզբում պարզապես նվագել է խաղալու համար, սակայն արդեն չորս տարեկանում դրանով կարողացել է մեղեդիներ հնչեցնել:
Իր և երաժշտության կապի մասին խոսելիս Նոբույուկին ասում է, որ իր մտքում մշտապես հնչող երաժշտություն կա:

Փառատոնի կազմակերպիչների հետ Նոբույուկիին ծանոթացրել է Վալերի Գերգիևը: Ապա, ինչպես փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն է նշում, Նոբույուկիին անմիջապես մասնակցության հրավեր է ուղարկվել  Երևանից:

«Երբ ստացա  հրավերը, Հայաստանի մասին շատ բան չգիտեի, բայց երբ Հայաստան եկա, զգացի, որ մարդիկ չափազանց  ջերմ են, և ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել` լավ երաժշտություն պարգևելով»,- ասաց  երաժիշտը համերգից առաջ:

Նոբույուկիին Արամ Խաչատրյան համերգասրահը դիմավորեց  լեփ- լեցուն դահլիճով ու չմարող  ծափահարություններով: Դժվար է հաշվել թե քանի անգամ Նոբույուկին հեռացավ ու կրկին վերադարձավ բեմ՝ չդադարող ծափահարությունների ներքո: Համերգային ծրագրի ավարտից հետո նա հայ երաժշտասերների համար կատարեց ևս երեք ստեղծագործություն՝ ամեն անգամ անարձագանք չթողնելով  ջերմ օվացիաները: Բայց հանդիսատեսը հրաժարվում էր հեռանալ դահլիճից: Հատկապես տպավորիչ էր Ֆերենց Լիստի «La Campanella»-ն:
Երրորդ ստեղծագործությունը կատարելուց հետո Նոբույուկին ձեռքի մեղմ  շարժումով փակեց ռոյալի ստեղները և լուսավոր ժպիտով հեռացավ՝ դեռ երկար հնչող ծափողջույնների ներքո:

 

 

...