Նկարները, որ կորան պատերազմում ու ծնվեցին պատերազմից հետո

Հադրութի Մեծ Թաղեր գյուղի իրենց տունը հիշելիս՝ Արծիվ Լալայանը նյութական կորուստների մասին չի խոսում: Միակ ափսոսանքն իր ու կնոջ հարյուրավոր նկարներն են, արվեստին առնչվող գրքերը, որոնք չհասցրեց դուրս բերել նախքան ադրբեջանցիների գյուղ մտնելը:

Արծիվը մասնագիտական կրթություն չունի, բայց 30 տարի է՝ նկարում է:

«Արցախյան առաջին պատերազմի ընթացքում սկսեցի նկարել։ Երբ գնում էինք սարերը, նոթատետրս հանում, բնանկարներ էի անում: Նույնիսկ հետախուզության գնալիս, երբ անցնում էինք թուրքերի թիկունքը, հետևից նկարում էի իրենց դիրքերը. էլի բնանկար էր ստացվում, միայն թե վրան դիրքերն էլ էի նշում»:

44-օրյա պատերազմի հետևանքով Արծիվի ու կնոջ՝ Տաթև Ամիրջանյանի բոլոր նկարները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մեծ Թաղերի իրենց տանը:

Արծիվին առաջին անգամ հանդիպել եմ պատերազմի ավարտից մոտ 2 ամիս անց: Ընտանիքը՝ կինն ու 4 երեխաները, ժամանակավոր ապրում էին Երևանում: Իրենց հատկացված մի սենյակում նրանք տեղավորել էին ամենաանհրաժեշտը, այդ թվում՝ նկարակալն ու նկարչական պարագաները: Լալայանների ընտանիքում նկարում են բոլորը, անգամ այդ պահին դեռ երեքամյա Նուռը:

Արծիվն ասում է, որ պատերազմից հետո նկարչությանը վերադառնալը դժվար էր, բայց մարդիկ իրենց շատ են աջակցել, օգնել նյութական խնդիրները հաղթահարել, ընկճված վիճակից դուրս գալ, նորից ապրել:

Հիշում է՝ ընկերներից մեկի դպրոցահասակ որդին ցուցահանդեսում մի նկար էր վաճառել ու ամբողջ գումարով իրենց համար նկարչական նյութեր գնել:

«Արցախից եկա, տեսա նկարչական ամեն պարագա կա՝ յուղաներկեր, վրձիններ, նկարակալներ: Մտել էր խանութ, ինչ տեսել՝ գնել էր։ Ինքն այն ժամանակ արդեն հասկացել էր, որ ամեն ինչ կորցրել ենք, բայց մտածել էր, որ պիտի շարունակենք նկարել, ու բերել էր այդ բոլորը, որ ոչ մի բանի պակաս չզգանք»:

Արծիվն ասում է՝ նկարելն օգնում է իրականությունից կտրվել: Պատերազմից հետո նրա առաջին նկարը «Երեք երաժիշտ» կտավն էր:

«Մտածեցի փորձեմ, տեսնեմ ինչ կստացվի. «Երեք երաժիշտը» ծնվեց: Որպեսզի այլ տրամադրություն լինի, այս թեմայից սկսեցի։ Չնայած, եթե ուշադիր նայեք, իրական ուրախություն չի, արյան հետքեր կան։ Դրանից հետո պատերազմական թեմաներով նկարներ արեցի:

Նկարելիս մտքերդ այլ ուղղությամբ ես կենտրոնացնում, դուրս ես գալիս իրականությունից բխած վատ մտքերի ազդեցությունից։ Գոնե այդ պահերին, մի տեսակ, մոռանում ես կորուստներդ, թեև հիշողությունները մշտապես կան ու լինելու են։ Բացի այդ, նկարչությունը նաև աշխատանք է։ Ինքնադրսևորվում ես, փորձում ես քեզ հաղթահարել, նոր բան ստեղծել, քո խոսքն ասել»։

Օրերս Երևանում՝ «Դիզակ Արթ» կենտրոնում, բացվեց Արծիվի առաջին անհատական ցուցահանդես-վաճառքը՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ: Պատերազմից հետո արված 15 նկարների կողքին նաև փրկված 5 նկարներն էին: Դրանք մինչև պատերազմը ցուցադրվում էին Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում և միայն այդ պատճառով է, որ անվնաս են  մնացել: Ցուցադրված աշխատանքներից երկուսն էլ Տաթևինն էին:

Որոշ նկարներ Արծիվը հիշողությամբ վերականգնել է՝ դրանց նոր տարբերակները ստեղծել: «Ընդվզում», «Օրորոցի երգը», «Ընտանիքը», «Իմ Արցախ», «Խաչակիրը», սրանք ամբողջովին նոր աշխատանքներ են:

«Ոճը, որում ստեղծագործում եմ, կարելի է անվանել ֆիգուրատիվ աբստարակցիոնիզմ։ Պատկերները ռեալիստական չեն, թեման ավելի վերացական է։ Աբստրակցիոնիզմի առավելությունն այդ է, որ հնարավորություն է տալիս մտածել՝ ինչպես ձևերը, պատկերները փոխես, որ և՛ տեսանելի լինի, և՛ չերևա»:

Արծիվն ասում է, որ պատերազմից հետո իր արվեստը շատ չի փոխվել, գույները, ձևերը նույնն են։ Ու դա հաստատելու համար ցույց է տալիս մինչև պատերազմը ստեղծած իր գործերի լուսանկարները, որ ցուցահանդեսի մի մասն են։ Այդ լուսանկարները ժամանակին հրապարակել էին սոցցանցերում, որոշ նկարներ էլ Արծիվը վերցրել է իրենց տնից, երբ պատերազմից հետո եղբոր մարմինը գտնելու համար Մեծ Թաղեր էր վերադարձել:

Արծիվի եղբայրը՝ Վահրամ Լալայանը, աստվածաբան էր, պատմական գիտությունների թեկնածու, Գրիգոր Նարեկացու հոգևոր և գրական ժառանգությամբ էր զբաղվում։ Թեև Արցախյան առաջին պատերազմում ծանր վիրավորվել ու հաշմանդամություն էր ձեռք բերել, բայց ակտիվ մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին:

Արծիվը պատմում է, որ հոկտեմբերի 22-ին, երբ ադրբեջանցիներն արդեն Մեծ Թաղերում էին, գյուղում մի քանի տարեց մարդ էր մնացել ու իրենք՝ 3 եղբայրներն ու հայրը։ Մեքենայում իր ու կնոջ նկարներն էր տեղավորում, որ դուրս գային գյուղից, երբ դիպուկահարը կրակում է Վահրամին: Նա մահանում է եղբոր ձեռքերի մեջ, բայց մարմինը դուրս բերել չեն կարողանում:

3 օր հետո գիշերով եղբայրներն անտառներով վերադառնում են գյուղ, բայց Վահրամի մարմինը չեն գտնում: Լուսանկարների ալբոմը, Արշիլ Գորկու գիրքն ու մի տարա մեղր վերցնում ու հեռանում են տնից: Մոտ 2 ամիս անց Մեծ Թաղերում սկսվում են որոնողական աշխատանքները, և Արծիվը, քանի որ տարածքին լավ ծանոթ էր, միանում է դրանց: Եղբոր մարմինը գտնում ու վերջին անգամ իրենց տուն է մտնում:

«Երբ 3 օր հետո գնացինք գյուղ, մեքենան լրիվ դատարկել էին, նկարները կողքը թափված էր։ Որպեսզի անձրևից չթրջվի ու փչանա, լավ նկարների մի մասը տարա ներս՝ մի չոր տեղ դրեցի: Բայց երբ մեկ ու կես ամիս հետո երկրորդ անգամ գնացինք, բոլոր լավ նկարները տարել էին: Մի քանիսը պատռված էր, մի քանիսը՝ ցեխերի մեջ, բայց հիմնական նկարները՝ մոտավորապես 60-80 յուղաներկ գործեր, էնտեղ չէին։ Նույնիսկ վերջին նկարս՝ «Մայրությունը», որ կիսատ էր մնացել՝ չկար: Քանի որ մեծ էր, տախտակները պոկել, փաթաթել, տարել էին: Իրենք էլ հասկացել էին, որ այդ գործերն արժեք ունեն։ Իսկ եթե թուրքի համար արժեք ունեն, մեզ համար՝ առավել ևս, որովհետև շատ նկարներ ազգային արմատներ ունեին»,-ասում է Արծիվն ու իրեն մխիթարում՝ տանողները հասկացող մարդիկ են, գոնե չեն փչացնի:

Հիմա Լալայանների ընտանիքն ապրում է Ստեփանակերտում: Պատերազմից հետո ծնվել է նրանց 5-րդ երեխան՝ Վէմը: Ու թեև բազմանդամ ընտանիքի համար 2 սենյականոց բնակարանը փոքր է, բայց նկարելու համար մի անկյուն միշտ գտնվում է:

 

Լուսինե Ղարիբյան

 

 

 

 

 

 

 

... ...