Նիկոլայ Ռերիխ․ ճանապարհ դեպի Շամբալա

Մարդկությունը բազում մեծատաղանդ արվեստագետներ է տվել, սակայն դրանցից շատ քչերն են ամբողջական, կուռ աշխարհայացք ու գաղափարախոսություն ստեղծել։ Նիկոլայ Ռերիխը այդ բացառիկներից էր։ Իր գործունեությունը սկսելով որպես սոսկ ռուս ժողովրդական մոտիվները ներկայացնող նկարիչ` նա հետագայում ընդլայնեց իր հետաքրքրությունների շրջանակը, եղավ տարբեր երկրներում, տեսավ ու պատկերեց աշխարհը, տիեզերականը, անիմանալին, և ստեղծեց Ագնի Յոգայի ուսմունքը, որն իր բնույթով համամարդկային է։
Նա բազմակողմանի անձնավորություն էր․ բացի նկարիչ լինելը՝ ճանապարհորդ, հնագետ, գրող, բեմանկարիչ, ուսուցիչ, հասարակական գործիչ, փիլիսոփա և հետազոտող, տարբեր երկրների գիտությունների և գեղարվեստի վեց ակադեմիաների լիիրավ և պատվավոր անդամ։ Ռերիխի գաղափարների հիմքում Արևելքի ու Արևմուտքի կրոնափիլիսոփայական մտքի համադրումն էր, մասնավորապես՝ նիցշեականության ու բուդդիզմի։ Այդ գաղափարներին համակրանքով էին վերաբերվում ժամանակի մեծագույն մտավորականները՝ Ալբերտ Էյնշտեյնը, Ռոմեն Ռոլանը, Բեռնարդ Շոուն, Ռաբինդրանաթ Թագորը, Ռոքուել Քենտը (որի գործերում զգալի է ռուս նկարչի ազդեցությունը) և շատ ուրիշներ։
Հեռավոր ճամփորդություններ կատարելու ու գաղտնիքներ բացահայտելու երազանքը հանգիստ չէր տալիս նկարիչ-գիտնականին․ նա երկար տարիներ որոնում էր առեղծվածային Շամբալան՝ ըստ բուդդայական առասպելաբանության՝ աշխարհի խորհրդանշական կենտրոնը, որտեղ լուսավորվում է մահկանացուների միտքը ու բացահայտվում են տիեզերքի գաղտնիքները։
Նիկոլայ Ռերիխը ծնվել է Սանկտ Պետերբուրգում՝ 1874 թվականի սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով՝ հոկտեմբերի 9-ին): Նրա հայրը՝ հաջողակ նոտար Կոնստանտին Ֆյոդորովիչը սերում էր Լատվիայում բնակվող հին շվեդական տոհմից․ «Ռերիխ (Ռյորիխ)» շվեդերեն նշանակում է «փառքով հարուստ»։
Նիկոլայը նախնական կրթությունը ստացել է Կառլ ֆոն Մայի մասնավոր գիմնազիայում, որտեղ դասավանդող ուսուցիչներն իրենց աշակերտներին վերաբերվում էին իբրև հավասարների։ Նկարել և գրել սկսել է յոթ տարեկանում։ Նիկոլայը վաղ տարիքից զբաղվում էր հավաքորդությամբ, հնավայրերի ու վայրի բնության ուսումնասիրությամբ։ Հնագիտական պեղումներ է անցկացրել իր ընտանիքի կալվածքի շրջակայքում, գրանցել ժողովրդական լեգենդներ և հեքիաթներ։ Գրել է պատմվածքներ, որոնք հրապարակվել են «Ռուս որսորդ» և «Բնություն ու որս» ամսագրերում։
Որպեսզի չհիասթափեցնի հորը՝ Ռերիխը միաժամանակ սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և Գեղարվեստի կայսերական ակադեմիայում, որտեղ նրան նկարչություն էր դասավանդում Արխիպ Կուինջին։ Ռերիխն իր համակուրսեցիների շրջանում կազմակերպել էր ինքնակրթության խմբակ, որտեղ ուսանողները ուսումնասիրում էին փիլիսոփայություն, արևմտյան, հին ռուսական և սլավոնական արվեստ, կրոնագիտություն, պատմություն, պոեզիա և գրականություն։ Դեռևս ուսանողական տարիներին նա ընտրվեց Ռուսական հնագիտական ընկերության անդամ:
Լինելով անչափ համեստ երիտասարդ՝ Ռերիխը ակամա կարմրում էր, երբ իր ներկայությամբ անպարկեշտ խոսքեր էին գործածում, ինչի համար ստացել էր «կարմիր օրիորդ» և «սպիտակաձյունիկ» մականունները։ Պարզ և տնտեսող էր նաև կենցաղում։ Այդուհանդերձ, նա առանձնանում էր կենսուրախ ու զգացմունքային բնավորությամբ։
Նկարչի դիպլոմային աշխատանքը՝ «Սուրհանդակը։ Տոհմն ապստամբել է տոհմի դեմ» ցուցահանդեսի ժամանակ անմիջապես ձեռք բերեց անվանի հավաքորդ Պավել Տրետյակովը։ Այդ աշխատանքը հանդիսացավ «Ռուսիայի սկիզբը․ սլավոններ» նկարաշարի նախերգանքը։
1900թ․ Ռերիխն ուսումը շարունակեց փարիզյան արվեստանոցներում։ Այդ տարիներին նա հիմնականում անդրադառնում էր պատմական ու առասպելական ժամանակներին։ Աստիճանաբար արտահայտվում էր մուգ գույների ու հակադրությունների, գունային պարզության, հստակ գծերի հանդեպ նրա սերը։
1901 թվականին Ռերիխն ամուսնացավ Ելենա Շապոշնիկովայի հետ, որը ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովի ծոռնուհին էր։ Նիկոլային ու Ելենային միավորում էին հոգևոր ինքնաճանաչման ձգտումը, փիլիսոփայության, արվեստի նկատմամբ հետաքրքրությունը և ճշմարիտ իմաստության ու գեղեցկության փնտրտուքները։ Նրանց զավակները`Յուրին և Սվյատոսլավը ևս հետագայում նշանակալի ներդրում ունեցան համաշխարհային մշակույթում ու շարունակեցին ծնողների գործը։
Ռերիխը մշտապես համատեղում էր իր ստեղծագործական ու գիտական հետաքրքրությունները։ 1903 թվականին՝ քառասուն հինավուրց ռուսական քաղաքներով ճանապարհորդության ընթացքում, նա ստեղծեց ճարտարապետական հուշարձաններին նվիրված նկարների շարք։ Նկարիչ-գիտնականն ակտիվորեն զբաղվում էր Սանկտ Պետերբուրգի, Նովգորոդի, Պսկովի, Տվերի և Յարոսլավլի նահանգների հնությունների ուսումնասիրությամբ, ձեռնարկեց հին Նովգորոդի առաջին հնագիտական պեղումները։
1906-ից Ռերիխը ղեկավարում էր Գեղարվեստի խրախուսման կայսերական ընկերության դպրոցը, որ մեծագույնն էր երկրում։ Նրա աշակերտներից էր հայազգի նկարչուհի Ելենա Բեհբութովան։ 1909 թվականին 35-ամյա Ռերիխն ընտրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 1910-ից ղեկավարել է «Արվեստի աշխարհ» գեղարվեստական խմբակցությունը (ի դեպ, հենց այդ տարիներին Մարտիրոս Սարյանի գործերը սկսեցին ցուցադրվել միավորման ցուցահանդեսներում):
Ռերիխը ստեղծեց մոնումենտալ աշխատանքներ և էսքիզներ եկեղեցիների ու դահլիճների համար, Սերգեյ Դյագիլևի «Ռուսական սեզոնների» համար ձևավորեց օպերաներ ու բալետներ։
Մաքսիմ Գորկին Ռերիխին անվանել է «մեծ ներըմբռնող»։ Իսկապես, նկարիչը կանխազգացել է իր ժամանակի մի շարք իրադարձություններ, մասնավորապես՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների սկիզբը («Դատապարտված քաղաքը», 1914, «Արմագեդոն», 1936, և այլն)։
1916-ին՝ թերևս կանխազգալով առաջիկա ողբերգական իրադարձությունները, նա տեղափոխվեց նախ Ֆինլանդիա, որ պիտի անկախանար 1917-ին, ապա՝ Անգլիա և Ամերիկա։ Իմանալով Հոկտեմբերյան հեղաշրջման մասին՝ Ռերիխը գրեց․ «Որտեղի՞ց ծագեց այս ապստամբությունը գիտելիքի դեմ և աղքատությամբ ու անգիտությամբ հավասարվելու ձգտումը։ ...Ինչո՞ւ են ձեր առաջնորդները այդքան տխմար և անորակ»։
Արևելքի մշակույթի նկատմամբ Ռերիխ ամուսինների հետաքրքրությունն ավելի էր խորանում․ 1920 թ․ Լոնդոնում Նիկոլայը մտերմանում է բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորի հետ։ Նույն թվականին ամուսինները ծանոթանում են իրենց «Մեծ ուսուցիչ» Մահաթմա Մորիայի հետ, որի հետ շփումներից ու հաղորդակցությունից ծնվում է Ագնի Յոգայի ուսմունքը։ Հետաքրքրական է, որ մինչ այժմ Մահաթմա Մորիայի գոյությունն ապացուցված չէ ու ըստ որոշ տեղեկությունների՝ Ելենա Ռերիխը ուսմունքի տեքստերը գրի է առել հեռազգացության ու ինքնագրության (ավտոմատ գրության) սկզբունքով։ 1920-ականներին Ռերիխները հրատարակեցին Կենդանի էթիկայի (Ագնի Յոգա) ուսմունքի վերաբերյալ մի քանի գիրք։ Ագնի Յոգան անհատի ներքին վերափոխության, կարողությունների բացահայտման և տիեզերական էներգիայի տիրապետման ուսմունք է։ Ըստ ուսմունքի՝ «Աստվածային կրակին» հասու լինելու ուղիներն են հոգեկան էներգիայի զարգացումը, բացասական երևույթներից ձերբազատումը, գիտական ճանաչողությունը և համագործակցությունը Բարձրագույն ուժերի հետ։ Ագնի Յոգա ուսմունքի հիմնական դրույթները համախմբող գրքում կարդում ենք․ «Կասեմ․ կարող եք դառնալ Տիեզերքի զարգացման մասնակիցներ։ Կարող եք ցուցաբերել Անսահմանության ըմբռնողականություն։ Կարող եք բարելավել մոլորակի ճակատագիրը։ Բայց թողեք, որ կրակները բոցավառվեն։ Մի հանգցրեք ոգու սրբազան կրակը»։ Մշակույթը համարելով երկրի վրա մարդկային ոգու արտահայտման և ստեղծագործական աճի ամենակարևոր գործոն՝ ուսմունքի հիմնադիրները հատկապես կարևորում էին մշակութային-հոգևոր արժեքների պահպանումն ու տարածումը։ Սինկրետիկ կրոնա-փիլիսոփայական նոր ուսմունքի հետևորդների հոծ խմբեր են ձևավորվում աշխարհի տարբեր երկրներում։ Ինչ խոսք, ինչպես և իր մյուս ժամանակակիցը՝ Գեորգի Գյուրջիևը, Ռերիխը և՛ միստիկ էր, և՛ միստիֆիկատոր։
Մեծ հաջողություն են ունենում նաև Ռերիխի նկարների ցուցահանդեսները Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Նյու Յորքում կառուցվում է 29 հարկանի երկնաքեր՝ «Վարպետի շենքը», որն ամբողջությամբ նվիրված էր Ռերիխի ստեղծագործությանը, ուսմունքին ու ծրագրերին։ Այստեղ բացվում է Ռերիխի թանգարանը, որը դարձավ արտասահմանում ռուս նկարչին նվիրված առաջին թանգարանը (ներկայումս թանգարաններ են գործում նաև Ռուսաստանում, Ուկրաինայում և Հնդկաստանում)։ Բացի այդ, Ռերիխը հիմնում է «Միացյալ արվեստների վարպետաց ինստիտուտը», որի նպատակն էր արվեստի միջոցով միավորել տարբեր ժողովուրդներին։ Թվարկելով ճշմարիտ մշակույթի հիմքերը՝ Ռերիխը, մասնավորապես, նշել է․
«Մշակույթը Գեղեցկությունն է՝ իր ողջ ստեղծագործական վեհությամբ։
Մշակույթը Գիտելիք է՝ նախապաշարմունքներից և սնահավատությունից դուրս։
Մշակույթը Բարու հաստատումն է՝ իր ողջ գործունակությամբ»։
1923-1928թթ․ Ռերիխը ձեռնարկեց աննախադեպ գիտական և ստեղծագործական արշավանք Հիմալայներում, Տիբեթում, Ալթայում և Մոնղոլիայում, իսկ 1934-1935 թվականներին՝ Մանջուրիայում և Չինաստանում։ Տիբեթում նա և իր արշավախումբը ենթադրաբար փորձում էին գտնել երկրային Շամբալան (Շամբհալա)՝ անկեղծորեն հավատալով, որ այն թաքնված է Հիմալայան գագաթների հետևում՝ շրջապատված լոտոսի ծաղկի նմանվող ութ ձյունածածկ լեռներով։
Ռերիխը հավատում էր, որ Շամբալայում պահվում են հին գիտելիքներ և մշակութային ժառանգություն, որոնք հասանելի է միայն ընտրյալներին. «Երբ դուք նվիրվում եք Շամբալային, ձեզնից ամեն ինչ վերցվում է և ամեն ինչ տրվում է ձեզ։ Եթե դուք կասկածում եք, ապա պարտվում եք, իսկ եթե ուրախությամբ եք տալիս, ավելի հարուստ եք դառնում...»։
Առաջին արշավանքի ընթացքում խումբն անցավ ավելի քան 3000 կիլոմետր, իսկ Ռերիխը ստեղծեց լեռնային տեսարանները պատկերող 500 նկար։ Ճանապարհին շատ արկածներ ու պատահարներ եղան։ Այսպես, օրերից մի օր Ռերիխը երկնքում նկատեց սպիտակ շողացող գունդ․ «Առավոտյան ժամը տասն անց կեսին արևի տակ փայլող մի վառ սպիտակ գնդաձև սարք թռավ ճամբարի վրայով՝ պարզ կապուտակ երկնքով»։ Այս հանելուկային դեպքն այդպես էլ չբացահայտվեց։ Չնայած ծանրագույն եղանակային պայմաններում արշավախմբի մի քանի մասնակիցներ մահացան, Ռերիխը շարունակում էր համառորեն որոնել Շամբալան, լամաներից ու տեղաբնիկներից ճշտում էր դրա գտնվելու հնարավոր վայրը։ Որոշ լամաներ ենթադրում էին, որ Շամբալան սոսկ հոգևոր հասկացություն է ու գտնվում է անհատի ներքին աշխարհում, սակայն նկարիչը համամիտ չէր․ «Մենք գիտենք, որ երկրային Շամբալան իրական է։ Մենք գիտենք մի բուրյաթ լամայի պատմությունները, թե ինչպես նրան ուղեկցեցին շատ նեղ, գաղտնի անցուղով։ Մենք գիտենք, որ մեկ այլ այցելու տեսել է լեռնաբնակների քարավան, որ աղ էր տանում Շամբալայի հենց սահմանին գտնվող լճերից։ ...Երկրային Շամբալան կապված է երկնայինի հետ, և հենց այդ վայրում են միավորվում երկու աշխարհները»։ Կռահելով, որ Շամբալան կարող է հայտնաբերվել Լհասայում (բառացի՝ Աստվածների վայր), Ռերիխն ուղղվում է այնտեղ, սակայն տիբեթյան սահմանապահները արգելում են արշավախմբի մուտքը։
Ճանապարհորդության ընթացքում Ռերիխն օրագրեր էր պահում, մանրամասնորեն գրի առնում Շամբալայի մասին ավանդազրույցները։ 1928 թվականին ամուսինները Հնդկաստանում հիմնեցին Հիմալայների գիտական հետազոտությունների «Ուրուսվատի» ինստիտուտը։ 1935 թվականի ապրիլի 15-ին Վաշինգտոնում Ամերիկյան աշխարհամասի քսանմեկ երկրների ներկայացուցիչները ստորագրեցին Գեղարվեստական և գիտական հաստատությունների և պատմական հուշարձանների պաշտպանության մասին պայմանագիրը, որը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես Ռերիխի պակտ։ 1999 թվականից այդ օրը նշվում է որպես Մշակույթի միջազգային օր։ Ռերիխի պակտի հիման վրա 1954 թվականին ընդունվեց «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիան։ Մինչև օրս գործածվում է Ռերիխի մտահղացմամբ ստեղծված Աշխարհի դրոշը՝ երեք կարմիր գունդ շրջանակի մեջ։
«Արվեստը կմիավորի մարդկությանը։ Արվեստը միասնական է և անբաժանելի։ Արվեստն ունի բազմաթիվ ճյուղեր, բայց արմատը մեկն է։ Արվեստը գալիք սինթեզի դրոշն է։ Արվեստը բոլորի համար է։ Գեղեցկության ճշմարտությունը զգում է յուրաքանչյուրը»,-ասված էր Ռերիխի հավատո հանգանակում։
Գաղտնի գիտելիքները, միֆերն ու ավանդույթները, լեռնային ոգիները Ռերիխ նկարչի աշխատանքներում ասես կյանք էին առնում, ներկայանում իրենց ֆիզիկական արտահայտությամբ։ Հաճախ կապույտի ու սպիտակի գերակայությամբ ստեղծված նրա նկարները ասես լույս են արձակում, դրանք բանաստեղծական են, ոգեղեն, հեղինակի գաղափարների հարազատ դրսևորումներն են։ Լինելով պանթեիստական՝ դրանք բնությանը՝ լեռներին, քարերին, երկնքին հաղորդում են խորին իմաստ ու բովանդակություն։
Մարտիրոս Սարյանի խոսքերով՝ Ռերիխի նկարների հմայքը պարզ դեկորատիվությունն է, որը հիմնված է կյանքից ստացված իրական տպավորությունների վրա։ Անդրադառնալով Ռերիխին, Ռոքուել Քենտին ու նատուրային սիրահարված այլ արվեստագետների, Սարյանը գրում է․ «Այս նկարիչների ստեղծագործության յուրահատկությունն ու ինքնատիպությունը, բնության և ժամանակի բոլոր նրբություններն ու առանձնահատկությունները որսալու նրանց կարողությունը օգնում է մարդկանց սիրել բնությունը և ավելի մոտենալ դրան, ավելի լավ տեսնել միմյանց և ավելի լավ հասկանալ տարբեր ժողովուրդների կյանքն ու սովորույթները»։ Իսկ գրող Լեոնիդ Անդրեևն այսպես է արտահայտվել Ռերիխի մասին․ «Նրա գույների հարստությունն անսահման է, և դրա հետ մեկտեղ՝ անսահման է և նրա առատաձեռնությունը՝ միշտ անսպասելի, միշտ հաճելի աչքերի և հոգու համար»։
Պատմում են, որ մի անգամ Ռերիխը հարցրել է իր ուսուցչին, թե ինչպես կարելի է գտնել Շամբալան, և ուսուցիչը պատասխանել է․ «Նկարի՛ր»։ Այսպիսով, Ռերիխը գեղարվեստի միջոցով երևութականացնում էր իր երազները։
Շամբալայի սպասումն արտացոլված է նկարչի բազմաթիվ աշխատանքներում։ Այսպես, «Կեսգիշերային» (1940) կտավում սառույցներից, ջրային մակերևույթից, լեռներից անդին՝ մթության միջից ծագող լույսի ճառագայթներ են, որոնք հիշեցնում են Ռերիխի խոսքերը․ «Շատ հազվադեպ միայն հեռավոր Հյուսիսում կարելի է տեսնել Շամբալայի փայլը»։
«Լուր Շամբալայից» ընդհանուր վերնագրով նկարներում Ռերիխը պատկերել է նետ ու աղեղով ավետաբերին՝ լեռներում ապաստանած բնակավայրի դիմաց՝ երկար սպասված բարի լուրը փոխանցելիս։
«Թանգլա․ երգ Շամբալայի մասին» կտավի մասին Ելենա Ռերիխը գրում էր․ «Վեհաշուք մայրամուտի ֆոնին, հեռվում փայլում է Սրբազան լեռնաշղթան՝ լուսավորված վերջին շողով․ դրանից այն կողմ ձգվում է անանցանելի տեղանքը՝ շրջապատված ձյունածածկ հսկաներով։ Առջևում՝ մուգ ծիրանագույն ժայռի վրա, նստած է ինքը՝ Երգիչը... Նրա կյանքի, ձգտումների, ստեղծագործության, գիտելիքների և վիթխարի ծառայության ողջ իմաստը արտացոլված է Շամբալայի մասին Շամբալայի իսկ երգում...»։
Ինդիրա Գանդիի բնորոշմամբ՝ Ռերիխը «ժամանակակից գիտնականի և հին իմաստունի զուգակցություն էր։ Նա երկար տարիներ ապրում էր Հիմալայներում և հասու եղավ այդ լեռների ոգուն՝ արտացոլելով դրանց բազում տրամադրություններն ու գունային համադրությունները»։ Ռերիխի անունն են կրում լեռնագագաթ և լեռնանցք Ալթայում, սառցադաշտ և լեռնանցք Տյան Շանում։ Ռերիխների ընտանիքի անունով է անվանակոչվել փոքր մոլորակ (աստերոիդ) Արեգակնային համակարգում:
1998 թ․ պաշտոնապես գրանցվեց Հայկական Ռերիխյան ընկերությունը, որի նպատակներն են՝ հայ ժողովրդին ծանոթացնել Ռերիխների ընտանիքի գրական և փիլիսոփայական ժառանգությանը, նպաստել աշխարհի ժողովուրդների հոգևոր կապի գիտակցմանը, Մշակույթի Լիգայի ստեղծումը: Հայերեն հրատարակվել են «Կենդանի էթիկայի» ուսմունքի գրքերի բոլոր հատորները, ինչպես նաև Ռերիխների գրական և փիլիսոփայական ժառանգության այլ աշխատություններ։
Հայաստանի ազգային պատկերասրահում է պահվում Ռերիխի՝ չափերով մեծ կտավներից «Հսկաների ուղին» (1914)։ Խորհրդապաշտական ոճով արված այդ գործը այսօր էլ պատկերասրահի մշտական ցուցադրությունում է։ Դիտելով այն՝ հասկանում ես, ինչու է Մաքսիմիլիան Վոլոշինը Ռերիխին անվանել քարե դարի ու հենց քարի նկարիչ․ ըստ լեգենդի՝ իրենց կյանքի վերջում հերոսները վերածվում են հսկայական քարաբեկորների։
1947 թվականին ծերունազարդ նկարիչն ընտանիքի հետ պատրաստվում էր վերջապես վերադառնալ Ռուսաստան, բայց հայրենիք մուտքի թույլտվություն նա այդպես էլ չստացավ. Ռերիխը մահացավ նույն թվականի դեկտեմբերին՝ Հիմալայներում՝ սրտի ծանր հիվանդությունից։ Հնդկական սովորույթի համաձայն՝ նրա մարմինը դիակիզվեց, իսկ աճյունափոշին ցրվեց բարձր լեռան գագաթից։ Իր կյանքի ընթացքում նա հասցրեց ստեղծել շուրջ 7000 նկար ու 30 հատոր գրական երկեր։
Որդու՝ Սվյատոսլավի վկայությամբ, լինելով չորս հիմնական սկզբունքների հետևորդը՝ Սիրտ, Իմաստություն, Աշխատանք ու Համբերություն՝ Նիկոլայ Ռերիխը վստահությամբ կարող էր ասել․ «Գեղեցկությամբ մենք միավորված ենք, գեղեցկությամբ աղոթում ենք, գեղեցկությամբ՝ հաղթում»։ Գուցեև այս խոսքերը չափազանց իդեալիստական են հնչում անկատար իրականության պայմաններում, սակայն էլ ո՞վ, եթե ոչ ճշմարիտ արվեստագետները, որոնք կարողանում էին աշխարհը գոնե մի փոքր ավելի լավը դարձնել, պիտի սերունդներին կտակեին բարեհուսությամբ լի այդ պատգամը։
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Սվյատոսլավ Ռերիխ, «Ն․ Ռերիխի դիմանկարը», 1937
2․ Ն. Ռերիխ, «Անդրծովյան հյուրեր», կտավ, յուղաներկ, 1901
3․ Ն. Ռերիխ, «Պանտելեյմոն բժիշկ», կտավ, տեմպերա, 1916
4․ Ն. Ռերիխ, «Կանչենջանգա», ստվարաթուղթ, տեմպերա, 1936
5․ Ն. Ռերիխ, «Թանգլա․ երգ Շամբալայի մասին», կտավ, տեմպերա, 1943



