Նիկոլայ Խարջիևի հետքերով

«Վերջին ֆուտուրիստ» բնորոշմանն արժանացել են արվեստի աշխարհի հատուկենտ ներկայացուցիչներ, և դրանցից երկուսը մեր հայրենակիցներն են՝ «խոսքի նկարիչ» Վահրիճ Բախչանյանը և Նիկոլայ Խարջիևը։ Վերջինիս անվանը հաճախ ենք հանդիպում 20-րդ դարի առաջին կեսի ռուսական բանաստեղծությանը և կերպարվեստին նվիրված գրականության մեջ, սակայն չափազանց դժվար է բնորոշել նրա մասնագիտությունը։ Նա գրող էր, բայց դրանից ավելի՝ գրականագետ ու արվեստաբան, նաև՝ տեքստաբան, պատմաբան, ավանգարդի խոշոր գիտակ։ Հավաքորդ էր, բայց ոչ սովորական իմաստով՝ մեծ ճաշակով հավաքում ու պահպանում էր ռուսական ավանգարդի բացառիկ ստեղծագործություններ, բայց նաև ձեռագրեր, նամակներ, գրքեր։ Եվ ամենից առաջ՝ նա ստեղծագործողների համար անհրաժեշտ անձնավորություն էր, նրանց խորհրդատուն, զրուցակիցը, աջակիցը։ Լայն շրջապատ է ունեցել, ճանաչել ժամանակի ամենաուշագրավ անձնավորություններին, իսկ նա երկար է ապրել՝ գրեթե 93 տարի։ Բանասեր Ռոման Յակոբսոնը նրան այսպես է բնորոշել․ «Անսովոր զգայուն՝ վրձնի և գրչի լեզվի նկատմամբ, ռուսական մշակութային ավանգարդի աննահանջ և հավատարիմ տարեգիր, ըմբոստ անցյալի կենդանի թաղված փորձառությունների ու հիշատակների անխոնջ հետազոտող և հոգատար պահապան…»։

Նիկոլայ Խարջիևը ծնվել է 1903 թվականին՝ Խերսոնի մոտակայքում գտնվող Կախովկա քաղաքում՝ իր պապ Գևորգի մեծ տանը։ Նրա մայրը հույն էր Զմուռնիայից, իսկ հայրը՝ Հովհաննեսը ռուսացած հայ էր, որը ծառայում էր բանկում, ապա՝ բնական արգելոցում, հոգում ընտանիքի կարիքները ու չորս երեխաների կրթությունը (այսպես, ավանգարդին Նիկոլայը դեռ մանուկ հասակում է ծանոթացել՝ իրենց կենվորների միջոցով)։ Այդուհանդերձ, հոր հետ լավ հարաբերություններ չի ունեցել, քանի որ նա՝ որդու խոսքերով՝ լքել է ընտանիքը, տարվել խաղամոլությամբ և տանուլ տվել «երեք կարողություն»։ Գիմնազիան ավարտելուց հետո Նիկոլայը սովորում է Օդեսայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, սակայն դիպլոմ այդպես էլ չի ստանում։ Օդեսայում, որ համարվում էր ռուսական գրականության հարավային կենտրոնը, այն ժամանակ ձևավորվել էր գրողների մի նոր խումբ։ Խարջիևը հափշտակվեց գրականությամբ ու մտերմացավ երիտասարդ բանաստեղծ Էդուարդ Բագրիցկու հետ։ Իրավաբանությունը մղվեց հետին պլան։

Խարջիևը թղթակցում էր «Ստանոկ» թերթին, դասավանդում Օդեսայի կինեմատոգրաֆիստական տեխնիկումում։ Այդ տարիներին Խարջիևի հետ ծանոթացած Կոնստանտին Պաուստովսկին նրան պատկերել է իր երկու վիպակներում, մասնավորապես՝ որպես «ձախ գեղանկարչության ու պոեզիայի գիտակ, ֆուտուրիզմի կատաղի պաշտպան»։

Ջանալով ավելի մոտ լինել նորարար ստեղծագործողներին՝ Խարջիևը տեղափոխվեց կենտրոն ու հիմնականում բնակվում էր Մոսկվայում ու Լենինգրադում՝ առավելագույնը քաղելով երկրի երկու մշակութային մայրաքաղաքների ստեղծագործական մթնոլորտից։ Հանդիպելով սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչին՝ տարվում է նրա ստեղծագործությամբ։ «Ինձ վրա ամենամեծ ազդեցությունը թողել են նկարիչները, այլ ոչ թե բանաստեղծները կամ բանասերները։ Արվեստի իմ ընկալման համար ես ամենից շատ պարտական ​​եմ Մալևիչին։ Նաև շատ մտերիմ էի Տատլինի հետ, ընդ որում՝ դա թաքցնում էի Մալևիչից։ Նրանք թշնամիներ էին, և ես ստիպված էի նրանցից յուրաքանչյուրից թաքցնել իմ կապը մյուսի հետ։ Բարեբախտաբար, նրանցից մեկն ապրում էր Մոսկվայում, իսկ մյուսը՝ Լենինգրադում։ Տատլինը հրեշավոր բնավորություն ուներ՝ մոլագար էր, վախենում էր, որ իր որևէ մասնագիտական ​​գաղտնիք կարող են գողանալ»,- պատմել է Խարջիևը։ Նրա բառերով՝ «Տատլինը գնացել է Մալևիչի թաղմանը, նայել հանգուցյալին ու ասել․ «Ձևացնում է»»։ Մալևիչի լավագույն գործերից մի քանիսը պահվում էին Խարջիևի հավաքածուում։ Իր մոտ պահվող «Կարմիր քառակուսու» մասին Խարջիևը պատմում էր, որ հեղինակը այն միշտ դռան վերևում է կախել․ «Երբ Լենինին կախեցին սրբապատկերի փոխարեն, նա ասաց, որ այդ տեղը չի կարելի թափուր թողնել»։

Խարջիևն այլևս միայն գրականությամբ չէր զբաղվում, այլև լրջորեն հետաքրքրվում էր ավանգարդ արվեստով։ Սուպրեմատիստ Նիկոլայ Սուետինի մասին նա այսպես էր արտահայտվում․ «Իմ ընկեր Սուետինը պսիխոպաթ էր, անտանելի մարդ՝ միլիոն անձնական պատմություններով։ Նա տանջում էր ինձ դրանցով՝ գիշերները գալիս էր ինձ մոտ, չէր թողնում քնել՝ պատմելով իր հերթական ողբերգության մասին»։ Պավել Ֆիլոնովի մասին պատմել է․ «նա ֆենոմենալ գծանկարիչ էր։ ․․․Մոլագար էր, խելահեղ էակ, գտնում էր, որ կարևորը նկարելն է, իսկ մնացածն ինքնըստինքյան կկարգավորվի։ ․․․Նման էր իր պատկերած կերպարներին՝ կմախքոտ ձեռքեր, մոլեգին աչքեր, շատ թուլակազմ, բայց ուժեղ կամքի տեր, մոլուցքով տարված արարած։ Մի գծանկար ուներ՝ գրեթե առարկայազուրկ, անիվանման ձևերով և կառուցվածքներով։ Անհավատալի էր, որ մարդկային ձեռքը կարող է ստեղծել նման բան»։

Խարջիևը ծանոթանում է Յուրի Տինյանովի, Վիկտոր Շկլովսկու և ֆուտուրիստ Ալեքսեյ Կրյուչոնիխի հետ։ Վերջինիս ֆուտուրիստական բանաստեղծությունները Խարջիևը շատ բարձր էր գնահատում ու 40 տարի ընկերություն է արել հետը, նրա պահանջով նույնիսկ բանաստեղծություններ գրել, չնայած իրեն բանաստեղծ չէր համարում։ Բացի այդ, նա ծանոթանում է ավանգարդիստական ՕԲԵՐԻՈՒ գրական խմբի պարագլուխներ Դանիիլ Խարմսի, Ալեքսանդր Վվեդենսկու և Նիկոլայ Զաբոլոցկու հետ։ Ջերմ հարաբերություններ ուներ Լիլիա Բրիկի հետ, օգնել է պահպանել և ուսումնասիրել Մայակովսկու ժառանգությունը։ Բագրիցկու միջոցով Խարջիևը նախ ծանոթանում է Օսիպ Մանդելշտամի, ապա՝ Աննա Ախմատովայի հետ․ երկու բանաստեղծների հետ էլ մտերմանում է։ Մանդելշտամի հետ ծանոթացել է Մոսկվայում՝ 1928 թվականին․ «հետագայում մենք այս կամ այն կերպ հանդիպում էինք։ Նա ինձ ու Բորիս Լապինին կարդաց հենց նոր գրված «Ճանապարհորդությունը Հայաստան», Լապինը համեմատեց այդ գործը Պլինիոսի հետ, հիշում եմ, Մանդելշտամին դա շատ դուր եկավ»։ Մանդելշտամը նշում էր, որ Խարջիևը բանաստեղծությունների նկատմամբ «բացարձակ լսողություն» ունի։ Իսկ Ախմատովան դիմել է նրա օգնությանը իր պուշկինագիտական հոդվածները գրելիս և թարգմանություններ կատարելիս։ Մոսկվայի ծայրամասում գտնվող Խարջիևի սենյակը Ախմատովան անվանել է «բանաստեղծների ապաստան»․ այստեղ է կայացել նրա հանդիպումը Մարինա Ցվետաևայի հետ։ Խարջիևի տանը հյուրընկալվել է ժամանակի մտավորականության սերուցքը՝ Բորիս Պաստեռնակ, Վյաչեսլավ Իվանով, Ալեքսեյ Կրուչյոնիխ, Կազիմիր Մալևիչ, Վլադիմիր Տատլին, Դանիիլ Խարմս և շատ ուրիշներ։ Խարջիևն իր մասին այսպես է արտահայտվել․ «կարելի է ասել, որ ես ծանոթ էի ամբողջ ռուսական պոեզիայի հետ»։ «Բանաստեղծներն ինչ-որ կերպ ինձ միշտ վստահում էին, մշտապես իմ ուղեկիցներն էին»,- հպարտությամբ ասում  էր նա։

1931 թվականից նա հրատարակեց մի քանի գեղարվեստական ու հետազոտական գիրք։ 1934թ․ դարձավ Բագրիցկու գրական ժառանգության կոմիտեի պատասխանատու քարտուղարը, իսկ 1940-ին՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Երբ սկսվեց պատերազմը, Խարջիևը զինվորագրվեց աշխարհազորին․ ծանր պայմաններում նա հյուծվեց ու հայտնվեց հոսպիտալում, մինչ նրա ջոկատի մնացած անդամները զոհվեցին։ Խարջիևին ասես վերուստ իր հավաքածուն ու արխիվը փրկելու առաքելություն էր տրված։ Նա տարհանվում է Ալմա-Աթա, որտեղ շարունակում է հարաբերությունները հալածյալ մտավորականության հետ։ Թե որտեղ էր պատերազմի տարիներին նա թաքցրել իր հարուստ հավաքածուն, ոչ ոք տեղյակ չէր, սակայն հայտնի է, որ այն փրկվեց։

Ստալինյան բռնատիրության պայմաններում Խարջիևը ոչ միայն հրաշքով չձերբակալվեց, այլև պահպանեց «ժողովրդի թշնամիների» ու արգելված արվեստագետների ստեղծագործությունների իր հսկայական արխիվը ու նույնիսկ 1940-ին հաջողեց լույս ընծայել Վելիմիր Խլեբնիկովի անտիպների հատորը։ Այդ հեղինակի հանդեպ Խարջիևը առանձնահատուկ վերաբերմունք ուներ, տարիներ շարունակ հետազոտում էր նրա ժառանգությունը, տարածում այն․ «նա հրաբուխ էր, աննախադեպ հանճար այն աշխարհից, որևէ մեկին նրա հետ համեմատելն ուղղակի ծիծաղելի է, նա տիեզերական գիտակցության մարդ էր»։ Միաժամանակ հարկ է նշել, որ նա չէր հանդուրժում Խլեբնիկովի մյուս հետազոտողներին։

Խարջիևին հաջողվում էր այն, ինչի մասին ուրիշները երազել անգամ չէին կարող։ Օրինակ՝ նա կարողացավ ստիպել Ռուսական թանգարանին իրենց պահոց ընդունելու Ֆիլոնովի գործերը ու այդպիսով փրկելու դրանք ոչնչացումից։

Դեռ 1930-ականներից Խարջիևը ծրագրում էր գրել «Ռուսական ֆուտուրիզմի պատմություն» հիմնարար աշխատությունը, սակայն այդպես էլ չավարտեց այն։ 1976թ․ Ստոկհոլմում հրատարակվեց ֆուտուրիզմին վերաբերող նրա գիրքը։ Դրանում հեղինակը ջանում էր ապացուցել, որ Մայակովսկու 1915-1917թթ․ գրական ստեղծագործությունների վրա կարևոր ազդեցություն են ունեցել նրա վաղ շրջանի գեղանկարչության տեսողական պատկերները և իմաստային ու զգացական պլանների բախումներն ու տեղաշարժերը։

Խարջիևը փորձագիտական մեծ հեղինակություն էր, որին հաճախ էին դիմում հավաքորդներն ու մասնագետները։ «Ձնհալի» տարիներին նա ծանոթանում է ԽՍՀՄ այցելած Ռոման Յակոբսոնի հետ, սկսվում է նրանց գիտական համագործակցությունը։ Այդուհանդերձ, Խարջիևը դժկամությամբ էր կիսվում իր բացառիկ նյութերով ու գիտելիքներով, մեծ նախանձով էր վերաբերվում իր գործընկերներին։

Խարջիևի հավաքածուն համարվում էր ամենանշանակալին ԽՍՀՄ-ում (նրա հետևությամբ հետագայում Գեորգի Կոստակին ստեղծեց իր հավաքածուն)։ Նկարների, ձեռագրերի ու գրքերի հարուստ արխիվի զգալի մասը Խարջիևը ստացել էր հեղինակներից՝ որպես նվիրատվություն։ Մի մասն էլ ձեռք էր բերել տարբեր զարտուղի միջոցներով։ Նա յուրահատուկ՝ տեր ու տիրականի վերաբերմունք ուներ հատկապես ձեռագրերի հանդեպ․ անխնա խմբագրում էր դրանք, ցանկության դեպքում ջնջում, փոփոխում կամ պատռում։ Պատմում են, որ Խարջիևը ֆանատիկ նվիրում ուներ իր հավաքածուի և արխիվի հանդեպ, որ նույնիսկ կանանց հետ նա հարաբերվում էր միայն նրանց մոտ պահվող ինչ-որ ձեռագրերի տիրանալու նպատակով։ Եթե իր համար կարևոր նյութերն իրեն չէին զիջում, նա խնդրում էր դրանք կարճ ժամանակով ու այլևս չէր վերադարձնում․ այսպես նա փչացրեց հարաբերություններն Օսիպ Մանդելշտամի այրու՝ Նադեժդայի հետ, որը Խարջիևին անվանում էր «ներքինի ու դիակապտ»։

Դավիթ Բուռլյուկը, որ Խարջիևին հաճախ նամակներ էր գրում ու հազվադեպ էր պատասխան ստանում, անվանել է նրան «թանկագին, սիրելի, մեծն լռակյաց»։ Բանասերները փորձում էին միջնորդներ գտնել՝ մարդախույս Խարջիևի հետ ծանոթանալու համար, գնում էին նրա հետքերով ու հանդիպելիս գրառում նրա խոսքերը։ Այդպիսի բազում մեջբերումներ հետագայում հրատարակվել են, մի ահռելի մասն էլ կորել է։ Ինչպես և ինքը՝ Խարջիևը, նրա մտքերը հակասական են, բայց խորը և ցայտուն։ Ահա մի քանի մեջբերում․

«Մինչև իմպրեսիոնիստները գույնի զգացողություն չի եղել, միայն նախանշում՝ Ռեմբրանդտի և այլոց կողմից։ Մթություն է եղել։ Գունախաղը հայտնագործել են իմպրեսիոնիստները» (1971թ․)։

«Սեզանից հետո Լարիոնովի պես նկարիչ չի եղել» (1991թ․)։

Նա կարծում էր, որ «1920-ականների ավանգարդ» և «արծաթե դարի բանաստեղծություն» հասկացությունները միֆեր են, քանի որ այդ բոլոր ուղղություններն ավելի վաղ են ստեղծվել․ «20-ականների ոչ մի արվեստ էլ չի եղել։ Դա մինչհեղափոխական արվեստն էր, բոլոր ուղղություններն արդեն ստեղծված էին։ Ուղղակի դեռ ողջ էին նկարիչ-նորարները, հեղափոխության պահին դեռ ծեր չէին։ Ամենը, ինչ ստեղծվել է, մինչ հեղափոխությունն է ստեղծվել, նույնիսկ ամենավերջինը՝ սուպրեմատիզմը, արդեն կար 1915 թվականին»։

1957 թվականից սկսյալ Խարջիևը Մոսկվայի Մայակովսկու թանգարանում կազմակերպեց մի շարք կիսաարգելված ավանգարդիստների (Պ․ Ֆիլոնով, Վ․ Տատլին, Կ․ Մալևիչ, Մ․ Լարիոնով, Ն․ Գոնչարովա և այլք) ցուցահանդեսները, ինչը լայն արձագանք ունեցավ թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ արտասահմանում։ Վերջին ցուցահանդեսը՝ «Շագալ, Ռոզանովա, Յակուլով, Ռոդչենկո», արգելվեց, իսկ Խարջիևին ցանկանում էին ձերբակալել։

Նշենք, որ Խարջիևը տարբեր առիթներով արտահայտվել է նաև հայ նկարիչների մասին։ Ըստ նրա՝ «Յակուլովը հանճարեղ մարդ էր և խելացի։ Բեմադրությունների նրա ձևավորումները հրաշալի են։ Նա լավ էր հասկանում պիեսն իր ամբողջության մեջ»։ Իսկ Ա․ Բաժբեուկ-Մելիքյանի մասին ասել է, որ նա լավ նկարիչ է, սակայն դիմանկարները համեմատաբար վատն են։

1970-ականներին պատմել է, իբր «ուզել է իր բոլոր նկարները հանձնել Երևանի հայկական թանգարանին․ եկան երկու աշխատակցուհի, երկար համուզում էին նրան խմբագրել Յակուլովի մասին ժողովածուն։ Ուզում էին գալ 3 օր հետո, բայց չեկան։ Եվ չգիտեն, թե ինչ բաց թողեցին»։ Սակայն այս խոսքերին առանձնապես չի կարելի հավատ ընծայել, քանի որ Խարջիևը հմուտ միստիֆիկատոր էր, շատ բաներ հորինել է։

Նա ապրում էր աննախանձելի պայմաններում։ Խարջիևի ու նրա կնոջ բնակարան 1991թ․ այցելած լրագրող Իռա Վրուբել-Գոլուբկինան պատմում է․ «այն ժամանակ նրանք ապրում էին մի փոքրիկ, խղճուկ բնակարանում, որը լի էր եզակի նկարներով և փաստաթղթերով։ Ապրում էին սարսափելի կենցաղային պայմաններում, լիակատար մեկուսացման և կողոպտվելու ու սպանվելու մշտական ​​վախի մեջ»։ Մինչդեռ այնտեղ պահվող նկարների հավաքածուն ներառում էր Մալևիչի (170-ից ավելի), Տատլինի, Գոնչարովայի, Ֆիլոնովի, Մատյուշինի, Կլուցիսի և այլոց մեծարժեք գործերը։ Իր հավաքածուի անվտանգության վրա ֆանատիկորեն սևեռված ծերունի Խարջիևը միայն վստահյալների առջև էր դուռը բացում, նրա արխիվը միայն հազվագյուտ ընտրյալներին էր հասանելի։ Ու էլ ավելի ցավալի է այն, ինչ տեղի ունեցավ նրա հավաքածուի ու արխիվի հետ․․․

Նախ՝ 1977թ․ մի շվեդ սլավիստ գաղտնի Շվեդիա է տեղափոխում Խարջիևին պատկանող Մալևիչի չորս նկար ու խաբեությամբ տիրանում դրանց։ 1993-ին պետության կողմից անուշադրության մատնված Խարջիևը կնոջ հետ լքում է Ռուսաստանը և հաստատվում Ամստերդամում։ Մինչ այդ տարեց ամուսինները պայմանագիր են կնքում ամբողջ հավաքածուն և արխիվը իրենց մոտ տեղափոխելու մասին, սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ արխիվի մի մասը՝ ներառյալ Խլեբնիկովի, Մալևիչի, Խարմսի, Մանդելշտամի, Ախմատովայի և այլոց անտիպ ձեռագրերը, բռնագրավվել է մոսկովյան օդանավակայանում, մնացած մասն էլ տիրոջն է հասել ոչ ամբողջությամբ։ Տեղեկանալով, որ իր արխիվը մասնատվել է ու պետությունը փորձում է սեփականացնել այն, Խարջիևը երկար լալիս է, ապա ստիպված համաձայնում ձեռագրերի ողջ հավաքածուն փոխանցել ռուսական արխիվին։ Բացի այդ՝ Խարջիևը ստիպված վաճառում է վեց արժեքավոր աշխատանք։

Ամստերդամում ամուսինների շուրջ պտտվում էին կասկածելի անձնավորություններ, մինչև վերջ չպարզված հանգամանքներում մահացավ Խարջիևի կինը և ապավենը՝ նկարչուհի ու քանդակագործուհի Լիդիա Չագան։ Հոգեբանական խնդիրներ ունեցող Խարջիևը տնից դուրս չէր գալիս և վարում էր մենակյաց կյանք։ 1996թ․ հունիսի 10-ին նա հեռացավ կյանքից։ Ծերունու մահվանից հետո նրա մոտ պահվող նկարները ցրվեցին ու հանգրվանեցին տարբեր երկրներում։

Մահվանից հետո վերջապես լույս տեսավ Խարջիևի աշխատությունների երկհատորյակը, որը վերստին ապացուցեց, թե ինչ պարադոքսալ հետազոտող ու մտածող է եղել նա։

Սերժ Լիֆարը Սերգեյ Դյագիլևի մասին գրել է․ «նրա ողջ կենսագրությունը փաստում է, որ նա պատանեկան հրապուրվածությամբ կարողանում էր սիրել մե՛կ նկարը, մե՛կ սիմֆոնիան, մե՛կ պլաստիկ շարժումը։ ․․․Բացի այս, Դյագիլևի մեջ առկա էր հավաքորդության «մանրէն», ամենասարսափելի «մանրէն», քանի որ այն «հիվանդին» դարձնում է իր կրքի մոլագար ստրուկը»։ Այս բառերը լավագույնս բնութագրում են նաև Նիկոլայ Խարջիևի ֆանատիկ, անբացատրելի նվիրվածությունը գրականության և արվեստի ստեղծագործությունների ձեռք բերմանը, պահպանությանը և հետազոտմանը, ինչը դարձել է նրա երկարաձիգ, հակասական կյանքի միակ ու գերագույն նպատակը։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Կազիմիր Մալևիչի հետ, 1933 թ․

2․ Կ․ Մալևիչ, «Սև խաչ», 1915 թ․ (Խարջիևի հավաքածուից, ներկայումս՝ Պոմպիդու կենտրոն, Փարիզ)

3․ Միխայիլ Մատյուշին, «Ինքնանկար», 1917 թ․, Խարջիև-Չագայի հիմնադրամ, Ամստերդամ

4․ Վասիլի Կանդինսկի, Շապիկի ձևավորում, 1918 թ․, Խարջիև-Չագայի հիմնադրամ, Ամստերդամ

... ... ...