Նիկոլայ Էրդմանի խոսուն լռությունը

Համաշխարհային գրականության պատմության մեջ քիչ չեն գրողների՝ ինքնակամ լռելու դեպքերը։ Հիշենք թեկուզ Արթյուր Ռեմբոյին, Ջերոմ Սելինջերին կամ Հարփըր Լիին։ Սակայն այլ էր Նիկոլայ Էրդմանի դեպքը․ լինելով 1920-ականների ռուս գրականության առաջնակարգ հեղինակներից՝ նա ձերբակալվեց և աքսորվեց Սիբիր, երբ իր ստեղծագործական նվաճումների բարձրակետին էր, ու չնայած վերապրեց, բայց և հարկադրաբար հեռացավ մեծ գրականությունից՝ դառնալով Ստալինյան բռնաճնշումների կենդանի զոհերից մեկը։
Գերմանացի հոր և գերմանա-հրեական ծագման մոր զավակ Նիկոլայ Էրդմանը ծնվել է 1900 թվականին՝ Մոսկվայում։ Սովորել է Պետրոպավլովյան ռեալական առևտրային ուսումնարանում: Կարմիր բանակից զորացրվելուց հետո սկսել է զբաղվել գրական գործունեությամբ, միացել իմաժինիստների գրական խմբակին: Մտերիմ հարաբերություններ է ունեցել Սերգեյ Եսենինի և Վլադիմիր Մայակովսկու հետ:
Նույնիսկ 1920-ականների ռուսական ավանգարդ պոեզիայի ֆոնին Էրդմանի բանաստեղծություններն առանձնանում էին ինքնատիպությամբ, թարմ շնչով։ «Ես ի՞նչ, ա’յ, բանաստեղծը Կոլյան է»,- մի առիթով ասել է Սերգեյ Եսենինը: Սակայն Նիկոլայ Էրդմանը միայն մեծատաղանդ բանաստեղծ չէր: Չափազանցություն չի լինել ասել, որ նա 20-րդ դարի ռուս խոշորագույն դրամատուրգներից էր: Բացի այդ, նա տեքստեր էր գրում արտիստական կաբարեների և ինտերմեդիաներ՝ մոսկովյան լավագույն թատրոնների համար (նրա համահեղինակությամբ ստեղծված երգիծական ներկայացմամբ բացվեց Մոսկվայի Սատիրայի թատրոնը)։
1924 թ. Էրդմանն ավարտեց իր առաջին մեծ պիեսը` «Մանդատը», որը Մեյերխոլդի անվան թատրոնում բեմադրվելուց հետո մեծ հռչակ բերեց հեղինակին: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը ծիծաղում և ծափահարում էր միջինը չորս րոպեն մեկ: Դերասաններից Էրաստ Գարինը` հմայված Էրդմանով ու նրա արտասանությամբ, այսուհետ իր հերոսներին էլ օժտում էր էրդմանական կակազող, փոքր-ինչ դանդաղկոտ խոսքով (դրա տիպիկ օրինակներից է «Հաջողության ջենթլմենները» ֆիլմում նրա` հնագետի դերակատարումը): Պիեսի հաղթարշավը շարունակվեց ԽՍՀՄ և աշխարհի այլ քաղաքներում․ 1926 թ․ Արշակ Բուրջալյանն այն բեմադրեց Երևանի առաջին պետթատրոնում:
1928 թ. Էրդմանը գրեց իր գլուխգործոցը՝ «Ինքնասպանը» պիեսը, որը նկարագրում էր ահագնացող պետական բռնաճնշումների պայմաններում հասարակական մթնոլորտի հեղձուկը, ապրելու անկարողությունը:
«Մի՞թե մենք ինչ-որ բան անում ենք հեղափոխության դեմ: Հեղափոխության առաջին օրվանից մենք ոչինչ չենք անում: Միայն միմյանց հյուր ենք գնում և ասում, որ մեզ դժվար է ապրել: Որովհետև մեզ ավելի հեշտ է ապրել, եթե մենք ասում ենք, որ մենք դժվար ենք ապրում: Ի սեր Աստծո, մի զրկեք մեզ գոյության վերջին միջոցից, թույլ տվեք մեզ ասել, որ դժվար ենք ապրում: Դե, գոնե այս ձևով, շշուկով. «Մեզ դժվար է ապրել»: Ընկերներ, խնդրում եմ ձեզ միլիոնավոր մարդկանց անունից. մեզ շշուկով խոսելու իրավունք տվեք: Շինարարությամբ զբաղված` դուք դա նույնիսկ չեք լսի: Հավատացնում եմ ձեզ: Մենք մեր ամբողջ կյանքը շշուկով կապրենք»,- սրանք պիեսի գլխավոր գործող անձ Սեմյոն Պոդսեկալնիկովի խոսքերն են: Մեկ այլ կերպար էլ հաստատում է. «Նայեք մեր մտավորականությանը: Ի՞նչ եք տեսնում: Շատ բան: Իսկ ի՞նչ եք լսում: Ոչինչ: Իսկ ինչո՞ւ դուք ոչինչ չեք լսում: Որովհետև այն լռում է: Իսկ ինչո՞ւ է այն լռում: Որովհետև նրան ստիպում են լռել: Իսկ այ մեռածին չես ստիպի լռել, քաղաքացի Պոդսեկալնիկով: Եթե մեռածը խոսի: Ներկայումս, քաղաքացի Պոդսեկալնիկով, այն, ինչ կարող է մտածել ապրող մարդը, արտահայտել կկարողանա միայն մեռածը»: Պիեսի վերջում Պոդսեկալնիկովը եզրակացնում է․ «Ո՞րն է իմ հանցանքը։ Միայն այն, որ ես ապրում եմ»։ Տարիներ անց Նադեժդա Մանդելշտամը գրեց, որ «սա մի պիես է այն մասին, թե ինչու մենք շարունակեցինք ապրել, չնայած ամեն ինչ մեզ մղում էր ինքնասպանության»։ Հատկանշական է, որ պիեսը համարվում է սև, հոռետեսական կատակերգության ժանրի առաջին ստեղծագործություններից։ Գրականագետների կարծիքով՝ Պոդսեկալնիկովի՝ ի սկզբանե երգիծական, գրոտեսկային կերպարը պիեսի ընթացքում աստիճանաբար ստանում է ողբերգական բնույթ։
Ժամանակակիցները վկայում են, որ Էրդմանը «Ինքնասպանը» ամբողջությամբ անգիր էր արտասանում, քանի որ այն գրված էր երաժշտական ռիթմով, ինչը բանաստեղծություններին է հատուկ։
Լրագրող Անատոլի Աղամիրովի խոսքերով՝ երբ Էրդմանը «Ինքնասպանը» ներկայացրել է խորհրդային բարձրաստիճան ղեկավարությանը, նրանք լռել են, խոսել է միայն Անատոլի Լունաչարսկին․ «Կոլյա, Դուք հանճարեղ պիես եք գրել, բայց քանի դեռ ես լուսավորության ժողկոմիսարն եմ, այն չի ներկայացվի խորհրդային բեմերում։ Հավատացեք, այդպես Ձեզ համար ավելի լավ կլինի»։
Կոնստանտին Ստանիսլավսկին, հեղինակի ընթերցմամբ լսելով «Ինքնասպանը», Էրդմանին կոչեց մի նոր Գոգոլ: 1931 թ. աշխարհահռչակ ռեժիսորը խնդրեց Ստալինին՝ թույլատրել բեմադրել Էրդմանի պիեսները ՄԽԱՏ-ում, սակայն պատասխան նամակում «ժողովուրդների հայրը» «Ինքնասպան» պիեսն անվանեց «վնասակար»»: Արդյունքում բեմադրությունն արգելվեց, Մեյերխոլդի թատրոնում այն ընդամենը մեկ փակ ցուցադրություն ունեցավ: Իր նամակներից մեկում Ստանիսլավսկին գրում էր «Ինքնասպանի» մասին․ «Ես այդ պիեսին պաշտպան էի կանգնել՝ հանճարեղ ստեղծագործության փրկության համար, ի աջակցություն գրողի մեծ տաղանդի»։
Էրդմանին համարում էին Մոսկվայի ամենասրամիտ մարդկանցից մեկը. քչախոս, խոհուն դրամատուրգը հարկ եղած պահին կարող էր մեկ ֆրազ արտասանել, որը իսկույն տարածվում էր ու դառնում լեգենդ։ Ըստ այդպիսի մի պատմության, երբ Էրդմանին հրավիրել են հավաքի, որին պիտի ներկա լիներ Ստալինը, Էրդմանը մերժել է․ «Այդ ժամին ձիարշավ է լինելու»։
Էրդմանի և Վլադիմիր Մասսի՝ կռիլովյան մոտիվներով գրված սրամիտ առակներից մեկն էլ պատճառ դարձավ, որ հեղինակների նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։ Խանութներում առկա դեֆիցիտի մասին ակնարկող «Ագռավն ու պանիրը» բարեմիտ Վասիլի Կաչալովն ընթերցել էր Կրեմլում․
Աստված ագռավին պանրի մի կտոր ուղարկեց։
«Բայց չկա Աստված»,- ընթերցող, դու կասես։
Սիրելի ընթերցող, բծախնդիր մի՛ լինիր,
Թո՛ղ որ չկա Աստված, բայց չկա և պանիր։
1933 թ․ «Ուրախ տղաների» նկարահանումների ժամանակ ֆիլմի սցենարի համահեղինակներ Էրդմանը և Մասսը ձերբակալվեցին և հարցաքննություններից հետո աքսորվեցին Սիբիր։
Հարկ է նշել, որ ձերբակալությունից հինգ տարի առաջ Էրդմանը ծանոթացել էր ՄԽԱՏ-ի չքնաղագեղ դերասանուհիներից Անգելինա Ստեպանովայի հետ. չնայած երկուսն էլ ամուսնացած էին՝ նրանց միջև սիրավեպ սկսվեց: Այսօր այդ սիրավեպն առավել հայտնի է նրանց նամակագրության շնորհիվ. իր սիրելիի շուրջ 280 նամակները Էրդմանը սիբիրյան աքսորում միշտ իր մոտ էր պահում:
Ստեպանովան ոչ միայն նամակներ էր գրում իր աքսորված սիրեցյալին, այլ նույնիսկ այցելեց նրան նախ՝ Լուբյանկայում, ապա՝ Սիբիրում, ինչը մեծագույն հերոսություն էր: «Այնուհանդերձ խելահեղ կինն այսօր ուղևորվել է Ենիսեյսկ ու ինձ դարձրել դեկաբրիստ…»,- նամակներից մեկում գրում էր Էրդմանը: Ստեպանովայի բարեխոսությամբ Էրդմանին դժվարամատչելի Ենիսեյսկից տեղափոխեցին Տոմսկ:
Նամակներից մեկն Էրդմանն այսպես էր սկսում․ «Եվս մեկ օր առանց Քո համբույրների․․․»։ Երբ սիրելի կինը հիվանդացավ, նա գրում էր․ «ես հիմա Քո կողքին եմ այն ամենով, ինչը լավագույնն է իմ մեջ»։ Էրդմանին երբեք չէր լքում հումորի նուրբ զգացումը։ Տոմսկում նա չէր կարողանում վարձու բնակարան գտնել․ «երեկ թերթին հայտարարություն տվեցի, վախենում էի, թե գրաքննությունը չի արտոնի։ Իզուր էի երկյուղում՝ ամբողջությամբ տպագրեցին։ Ինչպես տեսնում ես, ամեն ինչ դեպի լավն է գնում, ինձ արդեն տպագրում են»։
1936-ին Էրդմանը ազատվում է աքսորից, սակայն նրան չի թույլատրվում վերադառնալ Մոսկվա։ Այդ ընթացքում Ստեպանովայի հետ նրա հարաբերությունները խզվում են, իսկ դերասանուհին ամուսնալուծվում է և ի վերջո դառնում գրող Ալեքսանդր Ֆադեևի կինը։
1938-ին գրող Միխայիլ Բուլգակովը նամակով խնդրում է Ստալինին՝ թույլատրել էրդմանին վերադառնալ Մոսկվա, նշելով, որ «գրական տաղանդները խիստ արժեքավոր են Հայրենիքի համար», իսկ «Էրդմանն այժմ զրկված է իր կարողությունները գործադրելու հնարավորությունից»։ Ստալինը նամակը թողնում է անպատասխան։
Կինոռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի և դրամատուրգ Միխայիլ Վոլպինի հետ Էրդմանը Կալինին քաղաքում գրում է «Վոլգա-Վոլգա» երաժշտական կինոկատակերգության սցենարը։ Հանդիսատեսը սիրեց 1938-ին թողարկված ֆիլմը, դրանից բազում մեջբերումներ վերածվեցին ժողովրդական ասույթների․ «Վոլգա-Վոլգան» հավանել էր նաև Ստալինը, որ անգիր գիտեր ու հաճախ վերադիտում էր այն։ 1941 թ․ ֆիլմն արժանանում է Ստալինյան մրցանակի, սակայն Էրդմանը և Վոլպինը, որոնք չէին հիշատակվում ենթագրերում, չեն ընդգրկվում մրցանակակիրների ցանկում։
Պատերազմը սկսվելուն պես Էրդմանը արտաքսվում է Ռյազանից, ապա դժվարությամբ կամավորագրվում է իբրև սակրավոր։ 1942-ին Ներքին գործերի ժողկոմի երգի և պարի համույթի գլխավոր ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչի ջանքերով Էրդմանը և Վոլպինը որպես առաջնակարգ սցենարիստներ հրավիրվում են Մոսկվա և ընդգրկվում համույթի կազմում։ Երբ Էրդմանին չեկիստի համազգեստ են հանձնում, նա հագնում է այն, դիտում իրեն հայելու մեջ ու տխուր ասում․ «Ինձ թվում է, թե հետևիցս էլի եկել են»։
Բախտի մի չար կատակով՝ աքսորից վերադարձած Էրդմանը և Վոլպինը «Խիզախ մարդիկ» անվանմամբ առաջին խորհրդային վեստեռնի սցենարի համար 1951թ․ արժանանում են Ստալինյան մրցանակի։ Ըստ գրականագետ Բենեդիկտ Սարնովի վարկածի՝ բռնակալին գոհացրել է այն, որ Էրդմանն այլևս պիեսներ չէր գրում ու իր տաղանդը վատնում էր ժամանցային ֆիլմերի վրա։
Այսպես, մեկընդմիշտ լռած դրամատուրգն, առակագիրն ու բանաստեղծը փայլեց «Արքայազնը և աղքատը», «Մորոզկո», «Կայեն XVIII», «Վարպետների քաղաքը» ֆիլմերի ու «Ոսկե այծքաղ», «Ձյունե թագուհին», «Կատվի տունը», «Բուրատինոյի արկածները», «Մատնաչափիկը», «Գնա այնտեղ, չգիտեմ, թե ուր» մուլտֆիլմների սցենարներով: Թեկուզ միայն «Կայեն XVIII»-ում այսպիսի գոհարներ կան. «Բոլորը կհարստանան: Բացի աղքատներից» և «Կերակրել պետք է միայն անզեններին, զինված ռազմիկն ինքն իրեն կկերակրի…»։
1960-ականներին Էրդմանը գրում էր ինտերմեդիաներ Յուրի Լյուբիմովի գլխավորած Տագանկայի թատրոնի համար, որի գեղարվեստական խորհրդի ազդեցիկ անդամներից էր: Էրդմանի հանդեպ մտավորականության և թատերասերների հետաքրքրությունը չէր մարում, նրա հարկի ներքո հյուրընկալվում էին տարբեր սերունդների ականավոր ներկայացուցիչներ․ այսպես, Էրդմանի միջոցով Վլադիմիր Վիսոցկին ծանոթացավ նյարդախտաբան Լևոն Բադալյանի հետ, որը մի քանի տարի անց պիտի փրկեր սիրված բանաստեղծի և արտիստի կյանքը։ Դերասան Վլադիմիր Էտուշը հետագայում այսպես է բնութագրել Էրդմանին․ «Նա նուրբ, ինտելիգենտ և բարի մարդ էր՝ օժտված արտասովոր ձիրքով, ըստ էության՝ պարզ անձնավորություն էր, սիրում էր կյանքը, արվեստը և մորը, ում նա պարբերաբար այցելում էր, իսկ պարտադրված բացակայության ժամանակահատվածում պարտաճանաչորեն գրում էր նրան և այդ պայմաններում, չկորցնելով իր հումորը, ստորագրում՝ «քո Մամին-Սիբիրյակ»» (հայտնի ռուս գրողի ազգանուն է, բառացի՝ մայրիկի սիբիրցի)։
Մինչև իր կյանքի վերջը (1970) Էրդմանը խիստ հոռետեսորեն էր տրամադրված խորհրդային իրականության հանդեպ: Իր կրտսեր բարեկամ Յուրի Լյուբիմովին մի առիթով նա ասել է․ «Կներեք, ես մեղավոր եմ Ձեր առաջ: Ես Ձեզ ասում էի, որ Դուք կհասցնեք ինչ-որ բան տեսնել Ձեր կյանքում: Ես սխալվում էի, կներեք, Դուք էլ չեք հասցնում…»
Աշոտ Գրիգորյան
Պատկեր․
Վ․ Մեյերխոլդը, Ն․ Էրդմանը և Վ․ Մայակովսկին 1929 թ․