Ներաշխարհի լռությունն ու գույների փիլիսոփայությունը Աշոտ Մելքոնյանի արվեստում

    «Աշոտ Մելքոնյանը հրաշալի նկարիչ է, ինքնատիպ, ինչպես իրական հայ նկարիչ մը կրնա ըլալ, որ չի գալիս ըստ սովորության ուրիշ տեղից, իրենից         առաջ մը ուրիշից, այլ՝ ինքն իրենից է»:

 

Հակոբ Հակոբյան

                                                                          

96 տարի առաջ այս օրն է ծնվել նկարիչ Աշոտ Մելքոնյանը՝ արվեստագետ, որի ստեղծագործական ճանապարհը ձևավորեց մի ամբողջ գեղագիտական մտածողություն՝ խորը, զուսպ, ներքին լույսով լի։ Մելքոնյանի արվեստը չի ձգտում աղմկոտ արտահայտչականության։ Նրա կտավներում և որմնանկարներում զգացվում է ժամանակի շնչառությունը՝ լռության մեջ թաքնված դրամատիզմով։ Նա այն արվեստագետներից էր, որոնք աշխարհը դիտում էին ոչ թե արտաքին փայլի, այլ ներքին կառուցվածքի տեսանկյունից։ Գույնը նրա համար հնչյուն էր, ձևը՝ մտածողություն, իսկ տարածությունը՝ հոգևոր ներկայություն։
     

Աշոտ Մելքոնյանը հայ կերպարվեստի այն ներկայացուցիչներից է, որի ստեղծագործական դիմագիծը հնարավոր չէ սահմանափակել մեկ բնորոշմամբ, սակայն եթե փորձենք նրան դիտարկել որպես ռեալիստ նկարիչ, ապա կբացահայտենք մի ամբողջ գեղարվեստական աշխարհ, որում իրականությունը դառնում է ոչ թե փաստագրություն, այլ՝ հոգևոր վկայություն։
Ռեալիզմը նրա արվեստում երբեք չի վերածվել մեխանիկական կրկնօրինակման։ Աշոտ Մելքոնյանը չէր ձգտում ուղղակի վերարտադրել տեսանելի աշխարհը՝ առարկաները, մարդկանց մարմնի կառուցվածքը կամ բնության գունային հարաբերությունները։ Նրա ռեալիզմը ներքին հայեցողություն էր՝ մարդկային հոգեբանության, ժամանակի շնչի, միջավայրի լռության ու օդում «կախված» անտեսանելի լարվածության խոր ընկալման։
Մելքոնյանի կերպարները հաճախ կանգնած են լույսի և ստվերի սահմանագծին։ Այդ լույսը միայն արտաքին դրսևորում չէ. այն գալիս է ներսից՝ կերպարի հոգեվիճակից։ Նույնիսկ ամենախիստ դիմանկարներում զգացվում է մարդկային ճակատագրի բարդությունը, դրա հետ տարվող ներքին լուռ պայքարն ու ներդաշնակության ձգտումը։ Նա նկարում էր ոչ թե պարզապես մարդուն, այլ նրա պատմությունը։
 

Աշոտ Մելքոնյանի գեղանկարչական մտածողությունը կառուցված է կարգապահության վրա։ Կոմպոզիցիան հստակ է, ձևը՝ կառուցվածքային, գունապնակը՝ զուսպ, բայց խորքային։ Նրա աշխատանքներում չկա պատահական գիծ. յուրաքանչյուր վրձնահարված՝ ներքին տրամաբանության ու տրամադրության արդյունք։
 

Սա այն ռեալիզմն է, որն իր արմատներով կապված է հայկական դասական գեղանկարչության ավանդույթների հետ, բայց միաժամանակ կրում է անհատական հոգեբանական շեշտադրում։ Նկարիչը չի շեշտել արտաքին տեսքը․ նրա ուժը հանգստության մեջ է։
 

Մելքոնյանի ռեալիզմի առանցքում մարդն է՝ իր արժանապատվությամբ, լռությամբ, ներքին լույսով։ Նրա կերպարներում չկա աղմուկ, չկա դեկորատիվություն․ կա հանգստություն, խաղաղություն ու սեր։
 

Դիմանկարներում հաճախ նկատվում է խորը հայացք, որն ուղղված է ոչ միայն դիտողին, այլև ժամանակին։ Այդ հայացքը կարծես հարցադրում է․ ինչպե՞ս ապրել արժանապատիվ, ինչպե՞ս պահպանել ներքին հավասարակշռությունն աշխարհի փոփոխությունների մեջ։

 

Աշոտ Մելքոնյանի ստեղծագործությունները փաստում են, որ ռեալիզմը կարող է լինել արդիական՝ նույնիսկ արագ փոփոխվող ժամանակներում։ Նրա նկարները պահպանել են դարաշրջանի հոգեբանական մթնոլորտը՝ առանց աղաղակի ու պաթոսի։
Նա նկարում էր կյանքն այնպես, ինչպես այն ապրում էր իր ներսում՝ խորությամբ, պատասխանատվությամբ և արժանապատվությամբ։
Եվ հենց այս ներքին ազնվությունն է, որ նրա արվեստը դարձնում է ժամանակից դուրս։ Ռեալիզմը Աշոտ Մելքոնյանի ստեղծագործություններում միայն ձև չէ․ այն աշխարհայացք է, որը, երբ կառուցված է ճշմարտության վրա և դառնում է արվեստի հավերժական չափանիշ։ Ու ինչպես ինքն է բնորոշել «Արվեստի չափը մարդն է»։ 

 

Այսօր, նրա ծննդյան օրը, մենք ոչ միայն հիշում ենք արվեստագետին, այլ վերաիմաստավորում նրա թողած ժառանգությունը։ Նրա արվեստը հիշեցնում է, որ ճշմարիտ ստեղծագործությունը ծնվում է խորությունից, հավատից և լուռ նվիրումից։

 

Մարիաննա Մանուչարյան

 

 

 

... ...