Նելլի Ուվարովա. «Մենք միշտ կգտնենք իրար, քանի որ հպարտորեն կրում ենք հայ լինելու դրոշը»

Նույնականացման ու միասնության այս ձգտումը շատ բնորոշ է մեզ...

Տարիներ առաջ, թբիլիսցի հայուհի Գոհար Խալաթովայի սուրճի բաժակը նայող կինն ասել է, որ նրա դուստրերից մեկի դեմքին աստղ է երևում...

Տարիներ անց Գոհարն ասաց իր դստերը. «Քո մասին էր ասված, Նելլի...»:

Իսկ նրա դուստրը ռուսական թատրոնի, կինոյի և կրկնօրինակման հայտնի դերասանուհի Նելլի Ուվարովան է:

Ծնվել է 1980-ի մարտի 14-ին, Լիտվայի Մաժեյկյայ քաղաքում: Հայրը՝ Վլադիմիր Գեորգիևիչ Ուվարովը, ինժեներ-տեխնոլոգ է, մայրը՝ Գոհար (Գալինա) Գրիգորևնա Ուվարովան (Խալաթովա), տնտեսագետ. նախկինում մարզուհի էր, հիմնական մասնագիտությունից բացի դասավանդել է մարմնամարզություն: Ավագ քույրը՝ Ելենան, դիզայներ է: Նելլին երկու տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Թբիլիսի, իսկ երբ ինը տարեկան էր, Վրաստանում սկսվել է քաղաքական անկայունության շրջանը։ Ուվարովների ընտանիքը հինգ տարի ապրել է ազգամիջյան հակամարտության և քաղաքացիական պատերազմի պայմաններում: 1994-ին նրանք փախստականի կարգավիճակում տեղափոխվել են Մոսկվա՝ չունենալով բնակարան, դրամ և աշխատանք, սակայն բոլոր դժվարությունները հետզհետե հաղթահարվել են:

2001-ին Նելլին ավարտել է ՎԳԻԿ-ը (Գեորգի Տարատորկինի արվեստանոց), նույն թվականից աշխատել է Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնում, որի առաջատար դերասանուհիներից է: 2004-ին նա ստացել է մրցանակ որպես «Ծիածան» միջազգային փառատոնի լավագույն դերասանուհի («Նորաձևության վարքագծի կանոնները» մենաներկայացման համար): Նելլին հայտնի դարձավ 2005 թվականին՝ «Մի՛ ծնվիր գեղեցիկ» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու՝ Կատյա Պուշկարյովայի դերակատարման շնորհիվ։

Ուվարովան նկարահանվել է ավելի քան 25 կինոնկարներում և հեռուստասերիալներում, շուրջ 45 դեր է կատարել Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական և այլ թատրոններում:

Ապրում է Մոսկվայում, ամուսնու՝ դերասան Ալեքսանդր Գրիշինի, դստեր՝ Իյայի և որդու՝ Իգնատի հետ:

Մենք հանդիպեցինք մարտին, Երևանում, որտեղ նա նկարահանվում էր հայազգի ամերիկացի ռեժիսոր և դերասան Մայքլ Գյուրջյանի ֆիլմում՝ ռուսի հետ ամուսնացած հայուհի Սոնայի դերում: Կարելի է ենթադրել, որ այս դերում Նելլին, որոշ առումով, կերպավորում է իր մորը...

–Եվ այսպես, Նելլի ջան, բարև (հայերեն):

–Բարև ձեզ (հայերեն):

–Առաջ էլ գիտեի՞ք այս բառը, թե՞ այստեղ սովորեցիք:

–Ոչ, իհարկե, ողջույնի և երախտագիտության խոսքեր ես առաջ էլ գիտեի...

–Դուք մեծ ժողովրդականություն եք վայելում Ռուսաստանում: Ինչպե՞ս է դա արտահայտվում։ Մարդիկ գալի՞ս են թատրոն՝ հատկապես Ուվարովայի համար:

–Այո։ Ինձ համար դժվար է խոսել այդ մասին, քանի որ ես չեմ նստում տոմսավաճառի խցիկում ու հստակ չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունենում, բայց կարող եմ ասել, որ այն թատրոնը, որտեղ ես աշխատում եմ, հանդիսականի պակաս չունի, դահլիճը միշտ լիքն է... Չգիտեմ, դա ի՞մ արժանիքն է, բայց ինձ ուղարկած նամակներից... գիտեմ երկրպագուների թողած մեկնաբանությունների մասին: Այս պահին ես հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք շատ անկեղծորեն աջակցում են իմ աշխատանքին:

–Չնայած դուք չկաք սոցիալական կայքերում... Ձեր հանդիսատեսն ինչպե՞ս է կապ հաստատում ձեզ հետ:

–Հին ձևով՝ գրելով թղթե նամակներ (ծիծաղում է):

–Դուք հայտնի դարձաք հեռուստասերիալից հետո, արվեստի մի ձև, որը զիջում է կինոյին և թատրոնին: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն արվեստի այս երեք տիպերի նկատմամբ, որոնցում դուք հանդես եք գալիս:

–Իմ դերասանական կարիերան սկսվեց անհանգիստ ժամանակներում՝ 90-ականներին, երբ ասում էին, որ Ռուսաստանում ընդհանրապես կինո չկա, որ կինոն մահացել է ու այլևս հնարավոր չէ այն վերածնել: Դեռ ուսանող տարիներին ես արժանացա լավագույն դերասանուհու համար նախատեսված մրցանակին՝ Աննա Մելիքյանի «Թռա՛նք» կարճամետրաժ ֆիլմում։ Երկուսիս հետ առաջին անգամ հարցազրույց վարեցին՝ հարցնելով, թե ինչու՞ ենք մենք այդպիսի մասնագիտություն ընտրել, քանի որ դերասանները ոչ ոքի պետք չեն, կինոարտադրություն չկա... Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի ու թերևս՝ միամիտ, բայց այդ հարցն ինձ այնքան զարմացրեց ու խոցեց, որ առանց մտածելու, պատասխանեցի. «Եթե մենք ընտրել ենք այս մասնագիտությունը, ուրեմն այն չի մեռնի»: Միգուցե իմ պատասխանը բավականին հավակնոտ հնչեց, բայց դա բխում էր ոչ թե իմ փառասիրությունից, այլ իմ ներքին համոզումից, մասնագիտության հանդեպ ունեցածս սիրուց: Բարեբախտաբար, հիմա ժամանակները փոխվել են, մի ժամանակ սերիալները բարձր չէին գնահատվում, բայց այժմ հեռուստատեսային և կինոյի նախագծերի միջև սահմանը վերանում է, ստեղծվում են շատ որակյալ հեռուստաֆիլմեր: Ինձ շատ ուրախացնում է այս միտումը: Երբ թողարկվում էր «Մի՛ ծնվիր գեղեցիկ» սերիալը, հեռուստասերիալում նկարահանվող դերասաններն այնքան էլ լավ համբավ չունեին, բայց իմ կարծիքով, 2005 թվականը շրջադարձային պահ էր, որից հետո հեռուստասերիալներին մասնակցությունն այլևս ամոթալի չէր դիտվում:

–Տասը տարի առաջ դուք հիմնել եք «Պարզունա՞կ է։ Շատ» անվանումով ՍՊԸ-ն՝ անհատական ​​ծանր հոգեներգործուն խանգարումներ ունեցող երիտասարդների սոցիալականացման և աշխատանքային զբաղվածության համար: Ո՞ր փուլում է գտնվում այդ աննախադեպ սոցիալական նախագիծը:

–Այո, նախագիծն,իսկապես, գործում է արդեն տասը տարի. այն ստեղծվեց, երբ ես առաջին անգամ ծննդաբերության արձակուրդ վերցրի։ Վաղուց էի ցանկանում ինչ-որ օգտակար, անհրաժեշտ բան անել այնպիսի անպաշտպան սոցիալական խմբի համար, ինչպիսիք են հոգեբանական բնույթի խնդիրներ ունեցող մեծահասակները: Իմ ծանոթների թվում կային այդպիսիք, ու ես տեսնում էի, թե որքան դժվար է նրանց կյանքը: Ծննդաբերության արձակուրդին ես մի փոքր ժամանակ ունեի մտածելու և հասկանալու, թե ինչ եմ ուզում անել: Հետևաբար, այդ նախագիծն իմ դստեր տարեկիցն է, իմ ևս մեկ զավակը: Այժմ մենք ունենք գեղարվեստական և արտադրական արհեստանոցներ, որտեղ զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդիկ աշխատում են, նկարում, ոմանք էլ վարձատրվում են։ Նրանք գնում են սովորելու, հետո դառնում են աշխատողներ: Մենք ունենք տեքստիլ, տպագրական և խեցեգործական արտադրանք: Այս պահին ամեն ինչ շատ դժվար է. տարիների ընթացքում երկիրն անցել է տարբեր ժամանակաշրջանների միջով, մի ճգնաժամը հաջորդում էր մյուսին, և հիմա՝ աշխարհում համավարակի իրավիճակի հետ կապված, նույնպես հեշտ չէ՝ բոլորը նստած են տանը: Նախագիծը չունի հովանավորներ. այն ինքնաբավ է, սոցիալական նախաձեռնություն։ Մշտական կապի մեջ եմ մեր աշխատողների հետ, և ամեն անգամ մենք միասին ելք ենք փնտրում ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու, քանի որ մի կողմից մեզ համար դժվար է, մյուս կողմից՝ հեշտ, մենք չենք կարող նահանջել: Եթե ​​որևիցե գործարար կարող է հրաժարվել և ասել՝ այս բիզնեսը հնարավոր չէ, դադարեցնենք, մի ուրիշ բան մտածենք, ապա մեր պարագան ուրիշ է։ Մենք չենք կարող փակել արհեստանոցները, քանի որ մեր հետևում կան մարդիկ, որոնց մենք նույնիսկ չենք կարող բացատրել, թե ինչու ենք փակում, նրանք դա չեն հասկանա: Նրանք շատ են կարևորում, ինչ որ կատարվում է իրենց կյանքում, որ իրենք աշխատելու հնարավորություն ունեն, որ զբաղվում են սիրած գործով՝ նկարում են, ստեղծագործում ու վարձատրվում են դրա համար, որ իրենց աշխատանքները մարդկանց դուր են գալիս, որ կա դրանց պահանջարկը: Նրանց համար դա շատ կարևոր է: Մենք շատ ենք աշխատում, և հուսով ենք, որ այս ճգնաժամից արժանապատվորեն դուրս կգանք:

–Այո, հուսանք... Նելլի, այնպես պատահեց, որ դուք ձեր առաջին կինոդերը խաղացիք Աննա Մելիքյանի ֆիլմում և ձեր լավագույն կերպարներից մեկին էլ մարմնավորեցիք Կարեն Հովհաննիսյանի կինոնկարում: Չնայած այս ֆիլմերը (ի դեպ, երկուսն էլ՝ դեբյուտային) ոչ մի հայկական բան չունեն, այնուամենայնիվ, կամա թե ակամա զուգորդություն է առաջանում ռեժիսորների ազգության և ձեր արմատների միջև...

–Ճիշտ է (ծիծաղում է): Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի կինոարտադրության մեջ հայերը շատ են՝ սկսած բարձրագույն պաշտոնյաներից, արտադրողներից և բեմադրիչներից: Ուստի նման հանդիպումները տեղի են ունենում ինքնաբերաբար: Աննա Մելիքյանի հետ ես ծանոթ էի մեր մասնագիտական ​​«մանկությունից». ՎԳԻԿ-ում նա ուսանում էր ռեժիսուրայի, ես՝ դերասանական բաժնում, մենք մինչև օրս շփվում ենք ու շարունակում ենք մեր բարեկամությունը: Կարեն Հովհաննիսյանին հանդիպեցի նրա «Ես մնում եմ»  ֆիլմի նկարահանման ժամանակ, որն իմ սիրած գործերից է: Բոլորս գիտեինք, որ դա Կարենի առաջին աշխատանքն է, և ուշադիր ու հոգատար էինք նրա հանդեպ նկարահանման հրապարակում: Ընդհանուր առմամբ, այդ նախագիծն իրականացվում էր մեծ սիրո մթնոլորտում, և ինձ թվում է, որ երբ գործն այդպես է արվում, երբ բացառիկ դրդապատճառը ֆինանսականը չէ, և խումբը հավաքվում է ո՛չ հանուն գումար աշխատելու, այլ բոլորին հետաքրքրող մի գործ անելու, ապա նման պայմաններում մի ջերմիկ արդյունք է ստացվում: Պատմեմ այդ ֆիլմի ստեղծման ընթացքում տեղի ունեցած մի փոքրիկ դրվագ: Նկարահանումները համընկան Կարենի ծննդյան տարեդարձին, անձնակազմը ցանկանում էր շնորհավորել նրան: Ես և դերասանուհի Ելենա Յակովլևան նրան անսպասելի շնորհավորելու մի տարբերակ հղացանք, այն էլ՝ հերոսի վերակենդանացման ոչ հեշտ տեսարանում, երբ նա կոմայի մեջ է, իսկ Յակովլևան և ես կանգնած ենք հիվանդի մահճակալի մոտ: Նկարահանման հրապարակում մի հայ կար, որին խնդրեցինք այդ տեսարանում մեր հերոսուհիների տեքստը թարգմանել հայերեն: Մենք անգիր արեցինք տեքստը և օպերատորի հետ պայմանավորվեցինք, որ երբ ռեժիսորն ասի՝ «նկարահանվա՛ծ է», նա կասի, թե իբր ինքը որոշ խնդիրներ ունի և պետք է մի լրացուցիչ տեսարան էլ նկարահանել: Ու մենք այդ լրացուցիչ դուբլը խաղացինք հայերեն։ Կարենը նստած էր ականջակալներով ու չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Բոլորը ծիծաղում էին՝ նրա արձագանքը տեսնելով, քանի որ նա նույնիսկ անմիջապես չհասկացավ, թե ինչու դերասանուհիները հանկարծ սկսեցին հայերեն խոսել: Ահա այդպիսի խաղ խաղացինք ռեժիսորի գլխին ու հետո նոր անցանք շնորհավորանքների:

–Իսկապես սրամիտ է... Նելլի անունը հայկական չէ, բայց շատ տարածված է հայերի մեջ: Ենթադրում եմ, որ այս անունը եկել է ձեր մայրական կողմից:

–Մայրս ունեցել է Նելլի անունով քույր, որը մանուկ հասակում մահացել է Աշխաբադի երկրաշարժի ժամանակ: Մորս համար կարևոր էր դստերն անվանակոչել իր հանգուցյալ քրոջ պատվին, չնայած նրան չէր տեսել։ Կարևոր էր նաև, որ հայրանվան համադրությամբ գեղեցիկ հնչեր` Նելլի Վլադիմիրովնա...

–Եվ առհասարակ, խնդրում եմ պատմեք ձեր հայկական կողմի մասին, ի՞նչ «հայկական հիշողություններ» ունեք մանկուց:

–Ես մեծացել եմ Վրաստանում, որտեղ ապրում էին մորս ծնողները` Գրիգոր և Աղունիկ Խալաթովները։ Պապիկս Վրաստանից էր, տատիկս՝ Աշխաբադից: Երբ տեղափոխվեցինք Թբիլիսի, իմ ռուս հորը շատ լավ ընդունեց մայրական ընտանիքս (չնայած նա կարծես մեկ այլ աշխարհից լիներ), ինչը չեմ կարող ասել հակառակ կողմի մասին. Ռուսաստանում մորս համար ավելի դժվար էր, քանի որ հորս ընտանիքի համար հեշտ չէր հայուհուն ընդունելը։ Տատիկս պատմում էր, որ մի անգամ ձմռանը թակել են իրենց դուռը, բացել է ու դռան շեմին տեսել է մի երիտասարդ տղամարդու` գեղեցիկ կապույտ աչքերով, ականջակալներով գլխարկով ու սպորտային դահուկներով (իսկ Վրաստանում տարին ընդամենը երեք անգամ է ձյուն գալիս)։ Հայրս այդ կերպ է եկել մորս առաջարկություն անելու։ Նրանց գործերը կարծես միանգամից են դասավորվել: Մանկությունս բավականին ուրախ էր՝ չնայած այն ժամանակվա դժվարություններին. չկար էլեկտրականություն, ջուր, աշխատանք: Բայց մեր ծնողներն ամեն կերպ փորձում էին մեզ հեռու պահել բոլոր դժվարություններից: Մենք շատ ընկերներ ունինք բակում և դպրոցում: Թբիլիսիի մեր դպրոցի իմ դասարանում սովորում էին 16 ազգությունների երեխաներ, ինձ համար նման ինտերնացիոնալ հանրությունը սովորական էր: Պապիկս ու տատիկս իրար հետ հայերեն էին խոսում, մեզ հետ՝ ռուսերեն, իսկ երբ անհրաժեշտ էր ինչ-որ բան թաքցնել մեզանից, քննարկել մեր և նրանց գաղտնիքները, անցնում էին հայերենի: Այդ բանն ինձ շատ էր դուր գալիս, ու ես որոշեցի մի այսպիսի հնարք բանեցնել. հայերեն սովորել ու ոչ մեկի չասել այդ մասին: Համաձայնության եկա հայ դասընկերուհուս հետ, որ նա ինձ հայերեն սովորեցնի: Ես սովորեցի այբուբենը, բայց շատ բան սովորելու ժամանակ չունեի, ամեն ինչ աստիճանաբար վերացավ, բայց ես ունեցել եմ այդպիսի «կյանքի ծրագիր» (ծիծաղում է): Այն կյանքի է կոչվում հիմա: Ես հիշում եմ մեր խնջույքները, և երբ տեղափոխվեցինք Ռուսաստան, ահավոր կարոտում էի դրանք: Բայց ուր էլ լինես, մնում ես ճիշտ այնպիսին, ինչպիսին մեծացել ես: Մեր ընտանեկան տոներին՝ հատկապես Ամանորի գիշերը, սեղանին միշտ լավաշ կար, տոլմա: Խոհանոցը պահպանեցինք, սկզբում նաև՝ երգերն ու պարերը, բայց դրանք այլևս չկան...

Մանկությունից մեկ դրվագի մասին եմ ուզում պատմել: Ութ տարեկան էի, երբ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, որը զգացվեց Թբիլիսիում: Ես տանը մենակ էի, և երբ դա պատահեց, դուրս փախա փողոց: Մեզ ոչ մի վնաս չեղավ, բայց հետո երբ իմացանք, թե ինչ է պատահել Հայաստանում, շատ անհանգստացանք, մտածում էինք՝ ինչպես օգնել: Հիշում եմ, որ մեր ընտանիքի բոլոր անդամները հավաքվեցին տատիկի սեղանի շուրջը և պայմանավորվեցին, որ բոլորը` տատիկն ու պապիկը, իրենց որդին և երեք դուստրերն իրենց ընտանիքներով կորդեգրեն երկրաշարժից հետո առանց ծնողների մնացած երեխաների: Ես շատ էի սպասում, որ մեր տանը կհայտնվի ևս մեկը, որին ընտանեկան ջերմություն կպարգևենք, բայց ոչինչ էլ չեղավ, քանի որ Հայաստանի կառավարությունն այդ ժամանակ որոշում կայացրեց, որ բոլոր ծնողազուրկ երեխաները կմնան Հայաստանում, որ նրանք չցրվեն տարբեր երկրներ:

–Ձեզ երևի թե շատ են ասել, որ հայկական աչքեր ունեք, որ անգամ ժպտալիս ձեր աչքերը տխուր են ...

–Այո, ինստիտուտի դասավանդողներից մեկը մի անգամ ասաց. «Հայ ժողովրդի ամբողջ տխրությունը Նելլիի աչքերի մեջ է»...

–Իսկ ուրիշ ի՞նչ կա հայկական Նելլի Ուվարովայի մարդկային և ստեղծագործական կերպարում:

–Հավանաբար՝ խառնվածքը: Երբ վիճում եմ ամուսնուս հետ՝ ցույց տալով իմ կամքը, նա միշտ կատակում է. «Լսի՛ր, դու արևելքցի կին ես, ինչո՞ւ ես այդպես վարվում: Պետք է խոնարհ լինես, հանգիստ լսես ինձ, նայես հատակին ու ամեն ասածիս համաձայնես»: Իսկ ես ասում եմ. «Ցույց տուր, որտե՞ղ ես տեսել այդպիսի հայ կանանց»: Երբ վեց ամիս առաջ հյուրախաղերով այստեղ էի, մեզ հետ աշխատում էին կամավորներ: Ինձ ուղեկցում և օգնում էր Գոհարը՝ մայրիկիս անվանակից մի աղջիկ: Ես զարմացա՝ իմանալով, որ նա դեռ ավարտական դասարանում է, քանի որ շատ ակտիվ էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր, խոսում էր մի քանի լեզվով, բոլորին վերաբերում էր հարգանքով, բայց՝ իբրև հավասարը հավասարի հետ: Ես վարպետության դաս ունեցա ձեր թատրոնի և կինոյի ինստիտուտում, ու նորից զարմացա, որ լսարանի ութսուն տոկոսն աղջիկներ էին` ապագա ռեժիսորներ, արտադրողներ, որոնք ակտիվ էին, հարցեր էին տալիս: Գոհարին ասացի, որ երբ ես զրուցում էի իր հետ, կարծում էի, թե նա բացառություն է, բայց կրկին ցնցված եմ բնակչության իգական սեռի այդ ակտիվությամբ: Նույնիսկ ես ունեի այդ նախապաշարմունքը, որ հայուհիներն այդպիսին չպիտի լինեն: Գոհարը պատասխանեց, որ դա սովորական է հայ աղջիկների համար, ու ես ասացի. «Հիմա ես կզանգահարեմ ամուսնուս, դու նրան ասա՛, թե որքան ակտիվ են Հայաստանի երիտասարդ աղջիկները, ինչ բնավորության ու կամքի տեր» (ծիծաղում է): Ինձ հաճախ անվանում են շատ հանդարտ, բայց վճռական և ուժեղ կամքի տեր մարդ: Կարծում եմ, որ կամքը ևս ես ժառանգել եմ իմ հայ նախնիներից:

–Այս ֆիլմի նկարահանումների ընթացքում դուք մի քանի հայերեն արտահայտություն եք ասում: Ես ակնկալում էի, որ դա կասեք ռուսական առոգանությամբ, բայց հաճելիորեն զարմացա, որ ձեր հայերենը հնչեց թբիլիսահայերի խոսքի պես...

–Դա զարմանալի չէ, քանի որ Վրաստանում իմ շուրջը շատ հայեր կային, ու այժմ էլ Մոսկվայում նրանց թիվը նույնպես մեծ է: Ես երաժշտական ​​լսողություն ունեմ, ըստ երևույթին, ինչ-որ տեղ ուղեղիս ենթակեղևում մնացել է հայոց լեզուն: Սկզբում վախենում էի, որ ստիպված եմ հայերեն խոսել, առաջին պահին ինձ թվաց, թե ես երբեք դա չեմ անի, գուցե՝ միայն առանձին բառեր, բայց ամբողջական նախադասություններ ասելը բարդ էր թվում: Երևանցի հիանալի դերասանուհի Տաթև Հովակիմյանն ինձ հետ հեռակա հայերեն էր պարապում, շատ պահանջկոտ էր իմ հանդեպ: Եվ հիմա ես ամենևին չեմ վախենում, շատ եմ լսում, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ խոսում, ուստիև հայերենը դադարել է ինձ համար ինչ-որ օտար բան լինելուց: Ինձ օգնեց նաև վրացերենի իմացությունս, քանի որ վրացերենում ևս կան նման հնչյուններ:

–Նախագիծը, որի շնորհիվ դուք Հայաստանում  եք, իրականացվում է համայն մարդկությանը մարտահրավեր նետած աղետի պայմաններում։ Նախագիծը չի ավարտվել, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ տպավորություններ ունեք:

–Միշտ մտածում եմ, որ եթե նկարահանումները սկսվեին բառացիորեն երկու-երեք օր ուշ, ես չէի կարողանա Հայաստան գալ, բայց այնպես պատահեց, որ արդեն ժամանել էի: Ընտանիքս Մոսկվայում է, հեշտ չէ ընտանիքից կտրված լինել, երբ ընդհանուր խուճապի մթնոլորտը սրվում է: Բայց նկարահանման հրապարակում գիտակից են և զգուշավոր, չեմ տեսնում, որ որևէ մեկն ընկճվի...

–Հատկապես կանայք...

–Ճիշտ է (ծիծաղում է): Առհասարակ, ես հաճելիորեն զարմացա, որ բոլորն իրենց գործին են: Սկզբում թվում էր, թե խոսակցությունները շատ են, բայց իրականում ամեն ինչ կարգավորված է, բոլորը համախմբված են ընդհանուր գաղափարի շուրջ, ինչն անձամբ ինձ քաջալերում է: Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ կենտրոնացած են աշխատանքի վրա: Բոլոր մյուս գործոնները, խոչընդոտները հաղթահարվում են հանուն ընդհանուր գործի: Խմբի ներսում այն զգացողությունն է, որ մինչև մենք նկարահանման հրապարակում ենք, բոլորս հաղթահարում ենք մեր վախերն ու խնդիրները: Այդ պահերին ես մտածում եմ, որ իմ այստեղ լինելը պատահականություն չէ, ու ինձ չեմ մեղադրում, որ այս ծանր պահին տանը չեմ: Նաև հաճելի է, որ նախագիծն ունի միջազգային թիմ, ռեժիսոր, արտադրողներ և օպերատորներ՝ ԱՄՆ-ից, դերասան՝ Իսպանիայից, և որ նրանցից ոմանք հայկական ծագում ունեն, ու այդպիսի կապեր կան ընդհանուր արմատների միջոցով: Ինձ թվում է, որ դա բնորոշ չէ բոլոր ժողովուրդներին, մինչդեռ աշխարհի ո՛ր մասում էլ աշխատես, միշտ կիմանաս, որ խմբում կա մի հայ, և որ մենք միշտ կգտնենք իրար, քանի որ հպարտորեն կրում ենք հայ լինելու դրոշը: Ասածս չի վերաբերում սոսկ մասնագիտական ​​գործունեությանը, սա ազգային հատկանիշ է: Հանդիպում ես մարդկանց, չես հարցնում նրանց ազգությունը, քանի որ դա չէ գլխավորը, բայց միշտ իմանում ես, որ շրջապատում հայ կա, եթե նույնիսկ նա արտաքնապես նման էլ չէ հայի: Նույնականացման ու միասնության այս ձգտումը շատ բնորոշ է մեզ...

 

 

հեղինակ՝ Արծվի Բախչինյան

Լուսանկարները՝ Հայկ Պապիկյանի

 

 

 

 

...