Նատալի Ֆիլիոնի ուրախության և թեթևության որոնումների թատրոնը
Նատալի Ֆիլիոնը ժամանակակից ֆրանսիական թատրոնի նշանակալից դեմքերից է: Նա թատրոնում գործունեություն է ծավալում 1990-ականներից որպես դերասանուհի, դրամատուրգ և բեմադրիչ: Ղեկավարում է «Cie le Baldaquin» թատերական միությունը, որտեղ և նա բեմադրում է իր արտասովոր, պոետիկ ու միաժամանակ քաղաքական երանգներով, էքսպերիմենտալ ու թարմ հնչողությամբ պիեսները: Նրա պիեսները խաղացվել են Կոմեդի Ֆրանսեզում, ֆրանսիական տարբեր քաղաքային և ազգային թատրոններում, Մոնրեալի, Վարշավայի, Բուենոս Այրեսի, Լատինական Ամերիկայի երկրների նշանակալից թատերական հարթակներում, ցուցադրվել են Ավինյոնի և այլ աշխարհահռչակ փառատոներում՝ միջազգային ճանաչում բերելով հեղինակին, մշտապես արժանանալով թատերագետների ջերմ գնահատանքին: Պիեսները թարգմանվել են անգլերեն, իսպաներեն, ռումիներեն, եբրայերեն, իտալերեն, գերմաներեն, լեհերեն, ռուսերեն, հայերեն և այլ լեզուներով: Նատալի Ֆիլիոնը դասավանդում է Սորբոնի համալսարանում, ինչպես նաև Ֆրանսիայի այլ ազգային թատերական դպրոցներում՝ դերասանի վարպետություն և դրամատուրգիա առարկաները: 2016 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է երկրի բարձրագույն պարգևներից՝ Արվեստի և գրականության Ֆրանսիական շքանշանի ասպետի կոչման (Chevalière de L’Ordre des Arts et Lettres):
Հայ հանդիսատեսը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում դիտել է հեղինակի «Pling» երաժշտական հեքիաթ-պիեսի ռուսերեն բեմադրությունը՝ «Дзинь» վերնագրով (բեմադրիչ՝ Ռուբեն Բաբայան)՝ դերասանուհի Նարինե Գրիգորյանի փայլուն խաղով: 2025-ին Սաթէ Խաչատրյանի նախաձեռնած «Թէատրոն» կատարողական արվեստների առաջին ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում Նատալի Ֆիլիոնը հրավիրվեց Հայաստան: Փառատոնի օրերին Կապանի դրամատիկական թատրոնում նա անցկացրեց դրամատուրգիական ռեզիդենցիա և հեղինակային «Դեմքեր» բազմաոլորտային թատերական նախագիծը, որը նա մինչև այս իրականացրել էր հինգ անգամ, վեցերորդը Հայաստանում էր: Ինչպես նաև՝ Սաթէ Խաչատրյանի «Ալեֆ» թատերական հրատարակչությունը լույս ընծայեց ֆրանսագիր երեք դրամատուրգների պիեսների հայերեն թարգմանության ժողովածուն, որտեղ զետեղված է Նատալի Ֆիլիոնի «Ինձնից ավելի մեծ» պիեսը: Հայաստանցի մեկ այլ դրամատուրգի՝ Անի Առաքելյանի հետ փառատոնի կողմից հրավիրվեցինք մասնացելու Նատալիի կապանյան դրամատուրգիական ռեզիդենցիային, և մեր երեքի համատեղ աշխատանքի արդյունքում ծնվեց «Դեմքեր» փերֆորմանսը Կապանի դրամատիկական թատրոնում՝ թատրոնի հիանալի երիտասարդական անձնակազմի համագործակցությամբ: Մասնագիտական ամենաբարձր վերելքների հասած և մարդկային ամենաբարձր հատկանիշներով օժտված հեղինակի լուսավոր ու ջերմ կերպարի հետ հայ ընթերցողին ծանոթացնելու փորձ է այս հարցազրույցը:
Անուշ Ասլիբեկյան- Նատալի, Կապանում հաճախ ենք զրուցել արվեստի, ստեղծագործական տարաբնույթ հարցերի շուրջ: Արժե, որ հայ ընթերցողը ևս անմասն չմնա մեր թատերական զրույցներից: Ինչպե՞ս սկսեցիք գրել բեմի համար:
Նատալի Ֆիլիոն- Ճանապարհս սկսել եմ որպես թատրոնի դերասանուհի, խաղից եմ սկսել, զուգահեռ նաև գրում էի: Ինչ-որ առումով ամբողջ կյանքում թատրոնում եմ եղել, ես չեմ ընտրել գրելը, այլ գրելն է ընտրել ինձ: Իմ համոզմամբ թատրոնի համար գրելը պատմություններ փոխանցելը չէ, կարևորը տարածություն և ժամանակ հարաբերությունն է, որն առաջնային է: Դրամատուրգիան նախ և առաջ բխում է բեմական տարածության և թատրոնի ճանաչողությունից:
Ա.Ա.- Գիտեմ, որ Ֆրանսիայում չկան մշտական դերասանական կազմով խաղացանկային թատրոններ (բացառություն են երեք ազգային թատրոնները): Սակայն բազմաթիվ են անկախ թատրոնները, թատերական միությունները, որոնցից մեկի ղեկավարն եք 2004 թվականից: Մի փոքր խոսենք սիստեմների տարբերության, դրանց առավելությունների և բացերի մասին: Բարդ չէ՞ ամեն անգամ նոր, անծանոթ դերասանների հետ աշխատելը:
Ն.Ֆ.- Այո, Ֆրանսիայում չկան մշտական թատերախմբեր, մենք չունենք ֆինանսական միջոցներ թատերախումբ պահելու: Միևնույն դերասանները խաղում են տարբեր թատրոններում: Տարիների ընթացքում համագործակցում ես շատերի հետ, շատերին ճանաչում ես, մի մասը իմ սաներն են եղել: Այնպես որ լրիվ անծանոթ չեն: Սիստեմների լիարժեք համեմատություն կդժվարանամ անել: Այս հարցը հիմնականում տնտեսական ոլորտից է: Ֆրանսիայում գաղափարից մինչև իրականություն նախագիծը շատ երկար ճանապարհ է անցնում, այդ ընթացքում պիտի գտնես տարածք, ֆինանսներ, գործընկերներ, թատրոն, որը կհամաձայնի իր խաղացանկում ընգրկել քո ներկայացումը, դու անդադար վազքի մեջ ես իրականում, ուստի յուրաքանչյուր ներկայացում նախ և առաջ տնտեսական սիստեմի դրսևորում է: Իմ կարծիքով ձեր սիստեմն ավելի շատ գերմանականին է մոտ:
Ա.Ա.- Նաև թատերական մանկավարժ եք: Որպես նույն ոլորտի մանկավարժ կարող եմ փաստել, որ իր բազում դրական կողմերով հանդերձ դասավանդելը գրողից անձնական ստեղծագործական ժամանակն է խլում: Ի՞նչ է Ձեզ համար դասավանդելը:
Ն.Ֆ.- Ես սկսել եմ դասավանդել բավականին վաղ տարիքից, սկզբում մասնավորապես՝ դերասանի վարպետություն, վերջին տարիներին՝ ավելի շատ գրական վարպետություն: Դասավանդում եմ Ֆրանսիայի ազգային դպրոցներում, համալսարաններում, Սորբոնում, այն մարդկանց, որոնք արդեն որոշակի մակարդակ ունեն գեղարվեստական գիր ստեղծելու, իսկ դերասաններին դասավանդելիս հենվում եմ իմ պիեսների վրա: Երբ մենք թատրոնով զբաղվում ենք գործնականում (ես նույնչափ ռեժիսոր եմ, որչափ դրամատուրգ), մեր իմացությունը նոր սերնդին փոխանցելու անհրաժեշտությունը դառնում է տրամաբանական, այլ կերպ լինել չի կարող: Մենք անվերջ փնտրտուքի մեջ ենք, և մեր իմացությունը փոխանցելը գալիս է վերաիմաստավորելու թատրոնի հանդեպ մեր ունեցած սերը և վերհաստատելու գրելու մեր սեփական ցանկությունը: Մյուս կարևոր բանն այն է, որ դասավանդելու միջոցով մենք անդադար անքակտելի կապի մեջ ենք ժամանակի հետ, այն ամենի հետ, ինչը նոր է գալիս: Սա մեզ օգնում է հասկանալ՝ ի՞նչ է փոխվել, ի՞նչի կարիք կա: Եվ պետք է ասել, որ վերջին 15 տարում շատ բան է փոխվել, փոխվել են նաև ուսանողների ակնկալիքները: Մենք անդադար մեզ պիտի հարց տանք՝ ինչպե՞ս կենդանի պահել դրամատուրգիական խոսքը, քանի որ աշխարհը շարունակ շարժման մեջ է: Այսօր արվեստը բացառապես պատկերների աշխարհում է, և այն, ինչ մարդիկ անում են, կա՛մ պատկերի արտացոլում է, կա՛մ իրենց ստեղծածը արտացոլելն է պատկերների միջոցով՝ ամեն բան նկարահանվում է, ամեն բան արագության մեջ է: Այսօրվա դրամատուրգի առջև կանգնած օրհասկան հարց է՝ ինչպե՞ս թատրոնը կենդանի պահել պատկերներին գերի աշխարհում:
Բայց ես բառի բուն, դասական իմաստով դասախոս չեմ, ես իմացության փոխանցողի կարգավիճակն եմ գերադասում: Հիմնական աշխատող չեմ բուհերում, ես հրավիրյալ արտիստ, դրամատուրգ եմ, որը որոշակի մասնակցություն ունի երկրի բուհական համակարգում: Եվ իհարկե՝ լավ դասավանդողի համբավ ունեմ:
Ա.Ա.- Մի քիչ էլ Ձեր ստեղծագործական խոհանոցին անդրադառնանք, ինչպե՞ս կբնութագրեք այն, որո՞նք են Նատալի Ֆիլիոն դրամատուրգի գրականությանը բնորոշ գծերը:
Ն.Ֆ.- Այն երկու պիեսները, որոնք ծանոթ են հայ հանդիսատեսին, ինձ շատ բնորոշ չեն, քանի որ դրանք մոնոդրամաներ են, այնինչ իմ ուժեղ կողմը երկխոսություններն են: Ես կկրկնեմ այն, ինչ գրում են իմ գրականության մասին, քանի որ ես ներսում եմ, կդժվարանամ անձամբ ինձ բնութագրել: Լեզվի երաժշտականություն, հումոր, փորձել ամենածանր իրավիճակները ներկայացնել մեծ թեթևությամբ, ողբերգությունների մեջ անգամ օդում բռնել ուրախությունը: Թատրոնն ինձ համար նաև կարծիքների հարթակ է, որոնք կարող են առերեսվել, բախվել: Պիեսը գրվում է հենց այդ տարբեր տեսակետների շուրջ՝ հնարավորինս անդրադառնալով այդ բոլոր կարծիքներին տարբեր դիտանկյուններից: Գուցե դա է նաև պատճառը, որ իմ «Ինձնից ավելի մեծ» պիեսը չեմ կոչել մենախոսություն, այլ կոչել եմ «սոլո», քանի որ այն մենախոսություն չէ դասական իմաստով: Այո, հերոսուհիս մենակ է, բայց ես ցույց եմ տալիս, թե ինչպես է մեկ հերոսն անցնում այդ բոլոր տեսակետների, տրամադրությունների, իրավիճակների միջով: Ես նաև կարևորում եմ պերսոնաժի վրա աշխատանքը, ինչը այսօրվա թատրոնում պակասել է: Ես հստակ տարբերություն եմ դնում դերի և պերսոնաժի միջև, իմ թատրոնում շատ է փիլիսոփայությունը, այն ավելի շատ մետաֆիզիկական թատրոն է: Ես սկսում եմ պարզ առակից և դրան տալիս բոլոր հնարավոր շերտերը, որոնք ավելի մարդկային գոյությանն են հարում և դիմում եմ ավելի մեծ լսարանի: Իմ պիեսներում այսօրն եմ ներկայացնում՝ առանց մոդայիկ միտումների զոհ դառնալու, դրանցում ես փնտրում եմ և գտնում եմ մենքը, ոչ թե՝ եսը: Նաև իմ թատրոնը մարդկային գոյաբանական պայմանների թատրոնն է, որտեղ մենք կարող ենք ծիծաղել մեր հակասությունների վրա, սակայն երբևէ, որևէ պարագայում դասեր չեմ տալիս՝ ինչպես ճիշտ ապրել: Երբ սկսում եմ գրել, երբեք չգիտեմ ինչպես կավարտվի, ու շատ բաներ բացահայտում եմ գրելու ընթացքում:
Ա.Ա.- Ի՞նչ մարտահրավերներ են կանգնած կին դրամատուրգների առջև:
Ն.Ֆ.- Ես սկսեցի գրել թատրոնի համար, որպեսզի լցնեմ այն բացը, որն առկա էր ինձ համար: Երբ ես նոր էի թատրոն մտել, շատ քիչ էին կին դրամատուրգները և այն կանացի կերպարները, որոնք ես կուզեի խաղալ: Ես ստեղծում եմ այն թատրոնը, որը բացակայում է, այն թատրոնը, որը ուրախության ու թեթևության որոնումների մեջ է: Գրում եմ այնպիսի դերեր կանանց համար, որոնք գրված չեն, նաև, այնպիսի տղամարդկանց եմ փորձում բերել, որոնք ներկայացված չեն թատրոնում: Կարծում եմ, որ կանայք այս բրուտալ աշխարհում ամեն ինչ պիտի նորից ստեղծեն և անվերջ վերահաստատեն իրենց տեղն աշխարհում:
Ա.Ա.- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ դրամատուրգներին:
Ն.Ֆ.- Երիտասարդ դրամատուրգներին խորհուրդ կտամ կարդալ, շատ կարդացեք՝ և՛ դասականներին, և՛ ժամանակակիցներին: Բոլոր հնարավոր ֆորմաների հետ փորձեք առերեսվել և մի՛ վախեցեք անհայտից, բավական է գտնել մեկ կամ երկու ընթերցող, որոնք կարող են կարդալ ձեր պիեսները և լսել ձեր մտքերը՝ առանց իրենց եսը դրանց վրա դրոշմելու: Երբ սկսում եք պիես գրել, առաջին հերթին ձեզ համար նպատակ որոշեք ու ավարտին հասցրեք այն: Ապա ինքներդ ձեզ հարցրեք՝ արդյո՞ք հասաք ցանկալի արդյունքին: Դա ձեր գաղտնի նպատակը պիտի լինի:
Ա.Ա.- Այսօր ինչի՞ վրա է աշխատում Նատալի Ֆիլիոնը:
Ն.Ֆ.- Իմ վերջին ռեզիդենցիան Չիլիում էր: Այնտեղ բեմադրեցինք իմ «Spirit» («Հոգի») պիեսը, որտեղ քննության եմ ենթարկում անցյալի ֆանտոմները: Ինձ հետաքրքրում է ժամանակի գոյությունը իբրև մետաֆիզիկական երևույթ՝ ինչպե՞ս ներկայացնել պատմությունը ժամանկակից աշխարհում: Այս պիեսը հատկապես մեծ արձագանք է գտնում այն երկրներում, որոնք ծանր պատմություն են ունեցել: Այժմ աշխատում եմ երկու նախագծի վրա, մեկն այնպիսին է, որ հնարավոր լինի խաղալ ո՛չ թատերական հարթակներում, այլ այն վայրերում, որտեղ կան գրքեր, որտեղ գիրքը ներշնչանքի աղբյուր է: Երկրորդ նախագիծը նոր պիեսի և դրա բեմադրության ստեղծումն է: Պիեսը կոչվում է «Լարի վրա», այն երկխոսություն է մի աշխարհի հետ, որը տատանվում է, ցնցվում է: Այսօր հաճախ ենք խոսում պատմության մասին, բայց քիչ ենք խոսում քարտեզների մասին, որոնց սահմաններն անվերջ տեղաշարժվում են: Խոսքս մասնավորապես Եվրոպային է ուղղված, մենք մեր մտքում ամեն մեկս մեր երևակայական քարտեզն ունենք:
Ա.Ա.- Արդյո՞ք այն քաղաքական պիես է:
Ն.Ֆ.- Ո՛չ ավելի, ո՛չ պակաս քան մյուսները, քաղաքական է և պոետիկ միաժամանակ, բայց չեմ ուզի այդ բառի մեջ սահմանափակել իմ թատրոնը:
Ա.Ա.- Եվ իմ վերջին հարցը, ի՞նչ է Հայաստանը Ձեզ համար:
Ն.Ֆ.- Հայաստանի մասին երկար ու ջերմորեն կարող եմ խոսել: Փորձեմ հակիրճ ձևակերպել զգացածս. Հայաստանը մի երկիր է, որը մխրճվում է սիրտդ ու այլևս դուրս չի գալիս: Այն անվերջ ձգում է, կանչում է: Անպայման վերադառնալու եմ:
Ա.Ա.- Անհամբեր սպասելու ենք Ձեր վերադարձին:
Հարցազրույցը՝ Անուշ Ասլիբեկյանի
Զրույցը ֆրանսերենից թարգմանեց Սաթէ Խաչատրյանը