Նասիմ Նիկոլաս Թալեբը Երևանում

Ինչպե՞ս կառավարել անորոշությունը քաոտիկ աշխարհում

Հազարամյակներ են անցել, սակայն Արևելամիջերկրածովյան ավազանը շարունակում է մնալ մշակութային, առևտրական, քաղաքակրթական շահերի հատման խաչմերուկում։ Սիրիացի ուղղափառներ, ուղղափառ ու կաթոլիկ հույներ, քրիստոնյա հայեր, փոքրաթիվ զրադաշտականներ, շիա և սուննի մահմեդականներ, քրիստոնյա և հուդայական հրեաներ և այլն. Մշակույթների և կրոնների յուրատեսակ խճանկար, քաղաքակրթական, արժեքահեն մշակութային ընկալումներ։ Իսկ այդ ամենն ապահովում էր նաև ակտիվ առևտրական ուղիների հարուստ գործունեությունը։ Փյունիկյան նավերն էլ նոր մշակույթների ու երևույթների ներթափանցման համար հզոր գործիքներ էին դարձել ու թերևս առաջիններից մեկը՝ դրանց որակական ու գործնական հատկանիշներով։ Սակայն միայն առևտրում չէին առաջամարտիկը և դպրության մասին էլ չէին մոռանում։

Քաղաքակրթությունները զարգանում են նոր մարտահրավերներին արձագանքելով, այդպես էլ անհատները՝ կյանքի վայրէջքներն ու վերելքներն ըմբոշխնելիս։ Լիբանանյան լեռների ստորոտներից էին եկել նաև ամերիկացի, ծնունդով և արմատներով լիբանանցի էսսեիստ, գրող, վիճակագիր, թրեյդեր, ռիսկային մենեջեր Նասիմ Նիկոլաս Թալեբի նախնիները։ Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Ուորթոնի բիզնես դպրոցից, ատենախոսության պաշտպանություն Փարիզում, բարձր պաշտոններ Լոնդոնի և Նյու Յորքի հայտնի ընկերություններում։ Եվ այս ամենն ընդամենը մի մասն է բազմազբաղ մտածողի գործունեության շրջանակում։

«Երկու հազար տարի առաջ, հնազանդվելով «ինքնորոշվելու» նույն բնազդին, ազնվական լևանտացի սնոբները գրում էին հունարեն, այլ ոչ թե ժողովրդական արամեերեն: (Նոր Կտակարանը գրվել է հունարենով, որը հորինել է մեր մետրոպոլիտը, Անտիոքի ազնվականությունը, և որը ստիպել է Նիցշեին բացականչել. «Աստված շատ վատ է խոսել հունարենով»)։ Եվ հելլենիզմի անկումից հետո նրանք անցան արաբերենի: Այսպիսով, մեր տարածաշրջանը կոչվեց ոչ միայն դրախտ, այլև եզակի խաչմերուկ այն ամենի, ինչը կոպիտ կերպով կոչվում է արևելյան և արևմտյան մշակույթներ»: Ն.Ն.Թ.

 

Բայց մի օր պայթեց պատերազմն իր երկարաժամկետ հետևանքներով...

Լիբանանյան Ամիոն քաղաքում ծնված գիտնականի լիբանանյան կյանքը սակայն ընդհատվեց 1975 թվականին սկսված քաղաքացիական պատերազմի հետևանքով։

«Մենք մոռանում ենք, թե ինչ է պատերազմը: Ինչպե՞ս տարածել խաղաղություն, որպեսզի պատերազմ չլինի. Ինչքան շատ լինի երկրների միջև առևտուրը, այնքան ավելի ուժեղ կլինի խաղաղությունը։ Ո՞վ է ուզում պատերազմ. Բյուրոկրատները։ Իսկ եթե ​​սպանեք բոլորին, ո՞ւմ հետ եք առևտուր անելու»: Ն.Ն.Թ.

Այս օրերին հետազոտողը Երևանում է։ «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի շրջանակում փիլիսոփա, գրող Նասիմ Նիկոլաս Թալեբը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նախ կիսվում է հայերի մասին իր տպավորություններով, զուգահեռներ անցկացնում լիբանանցիների հետ։

«Ինձ համար մեծ պատիվ և մեծ երջանկություն է լինել Հայաստանում։ Ես այստեղ առաջին անգամ եմ։ Եկել եմ մի ինքնաթիռով, որը ժամանել է Բեյրութից։ Ինքնաթիռում շատ էին հայերը, Լիբանանում հայ համայնքը բավականին մեծ է։ Ես կարծում եմ, որ անցյալ կյանքում կապ եմ ունեցել հայերի հետ»,- ասում է Թալեբը։

Հայաստանյան ընթերցողը ծանոթ է Թալեբի մի շարք գործերում տեղ գտած հայեցակարգերին։ Հայերեն են թարգմանվել Թալեբի «Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է», «Հակափխրունություն», «Պատահականության խաբկանքից մոլորվածները», «Պրոկրուստյան մահիճը», «Սև կարապ» գործերը։

«Վերջերս կարդում էի մի ուսումնասիրություն, որը վերաբերում է գենետիկային, այնտեղ նշվում էր, որ Լիբանանի առաջին բնակչությունը նաև հայերից է բաղկացած։ Ինձ համար կրկնակի ուրախություն է, որ ես ներկա եմ այստեղ։ Ես ինձ համարում եմ բիզնեսմեն, ու որպես գործարար եմ անցել գիտության ճանապարհը, ու այդ ճանապարհը ոչ ստանդարտ ճանապարհ է եղել»: Ն.Ն.Թ.

 

Թալեբը խոսեց նաև գիտության առաջնահերթությունների իր դիտարկման մասին։

«Կուզենայի խոսել մի շատ կարևոր երևույթի մասին, որը տեխնիկական գիտելիքն է։ Երբեմն գիտությունը դիտարկում են որպես վերացական երևույթ, որը կտրված է իրականությունից, դա այդպես չէ։ Մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում և պետք է կենտրոնանանք գիտելիքի վրա, որը կարող ենք պրակտիկորեն կիրառել, այլ ոչ թե այն գիտելիքի, որը դասագրքային է և տեսական բնույթ է կրում։ Զարգացման ուղի բռնած տարբեր երկրներ հաճախ թույլ են տալիս այս սխալը։ Այն, որ, օրինակ, բացում են մեկ համալսարան, այլ ոչ թե դպրոցներ ու քոլեջներ»: Ն.Ն.Թ.

Փխրուն ու հարափոփոխ աշխարհում Թալեբն անընդհատ նոր մարտահրավերների է պատասխանում։ Ահա, օրինակ, շուրջ մեկ տասնյակ լեզու է ուսումնասիրել։ Գերազանց տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, գիտի գրական արաբերեն, նաև իտալերեն և իսպաներեն, ինչպես նաև կարդում է հին հունարեն, լատիներեն և նույնիսկ արամեերեն:

«Իդեալիստներն ավելի երջանիկ են, քան մատերիալիստները և ավելի երկար են ապրում, դա փաստ է: Հաջողակ քաղաքական գործիչների, գործարարների, միլիարդատերերի, համաշխարհային աստղերի ճնշող մեծամասնությունը սովորական, աննկատ ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդիկ են, երբեմն նույնիսկ միջինից ցածր: Զգայունություն, էներգիա, խարիզմա, հարաբերություններ կառուցելու կարողություն, կրեատիվություն, սեփական և այլ մարդկանց հույզերը կառավարելու կարողություն, այսինքն՝ հուզական ինտելեկտ և «կապը տիեզերքի հետ»։ Վերջինս, սակայն, չի կարող վերապատրաստվել, բայց տարբերում է հանճարին, առաջնորդին, ստեղծագործողին պարզապես լավ արհեստավորից կամ ղեկավարից»: Ն.Ն.Թ.

Թալեբի մեթոդն իր տեսակի մեջ եզակի է։ Նա կարծում է, որ գծապատկերների վերլուծության գործընթացում ամենևին էլ պետք չէ ամեն ինչ հասցնել մաթեմատիկական հաշվարկների և տեխնիկական վերլուծության։ Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտնի է նաև ռիսկի և անորոշության նկատմամբ իր հակամաթեմատիկական մոտեցմամբ: Նա չի վստահում մոդելներին և վիճակագրությանը և հաճախ բացահայտ հակակրանք է հայտնում քոլեջում կրթություն ստացած ֆինանսիստների նկատմամբ։ Փորձառու թրեյդերը կարծում է, որ անորոշությունը հսկայական դեր է խաղում շուկայական հարաբերություններում։ Իսկ իրեն անվանում է թերահավատ էմպիրիկ, քանզի կարծում է, որ տնտեսագետներն ու ֆինանսիստները գերագնահատում են վիճակագրական վերլուծության ուժը։ Ոստի նրանք հաշվի չեն առնում պատահականության ահռելի ազդեցությունը։ Թալեբի վրա մեծ ազդեցություն են թողել նաև Կարլ Պոպերի ուսմունքները։ Իսկ ժամանակակից տեսություններն ըստ գիտնականի՝ չեն կարող լիովին ապացուցված համարվել և կարող են օգտագործվել միայն որոշակի իրավիճակներում։

«Միտքը, ինտելեկտը, IQ-ն խիստ գերագնահատված են: Ավելի լավ է լինել հակափխրուն, քան խելացի: Մեծ հայտնագործությունների մեծ մասը հայտնաբերվել են ոչ թե համակարգված հետազոտությունների, այլ պատահականության շնորհիվ: Գիտնականները հաճախ յուրացնում և արձանագրում են ձեռքբերումներ, որոնք բխում են սովորական մարդկանց փորձից, ովքեր փորձում են և փորձարկումներ են անում»: Ն.Ն.Թ.

Թալեբը մեկ անգամ չէ, որ նոր հայեցակարգեր է ներմուծել գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի աշխարհ։ Հետևելով գրքերից մեկին՝ ահա այդպիսին է օրինակ «հակափխրունությունը»-ը. 21-րդ դարում ձախողումներից, կորուստներից և սխալներից օգուտ քաղելու այս ունակությունն է ըստ Թալեբի հիմնախնդիրներ լուծելու։ Իսկ ի՞նչ է դա, եթե ոչ կարծրանալու, զարգանալու և քաոսի հանդիպելիս ավելի ուժեղ դառնալու կարողություն։

Գիտնականին մեծ ճանաչում է բերել հատկապես «Սև կարապ. Անկանխատեսելիության նշանի տակ» ստեղծագործությունը։ Ընդարձակելով բացահայտումների շղթան, հեղինակն այս անգամ ինքնազարգացման մի ուղի է մշակում. տեսությունը հուշում է, որ այն, ինչ չգիտեք, շատ ավելի կարևոր է, քան այն, ինչ գիտեք:

Հիշելով հին հռոմեական երգիծական բանաստեղծի «rara avis in terris, nigroque simillima cygno» (թարգմ. հազվագյուտ թռչուն երկրի վրա, ինչպես սև կարապը) մեջբերումը, Թալեբը խոսում է բարդ երևույթների մասին։ Այլ կերպ ասած՝ փորձություններ ու տհաճություններ, որոնք հյուր են գալիս մեզ բոլորիս և որոնք կանխատեսել հնարավոր չէ, բայց միևնույն ժամանակ նաև հաղթահարելն էլ անհնար չէ։ Գիտնականը սև կարապներին բնութագրում է որպես անկանխատեսելի ծանր իրադարձություններ։ Եվ ավելի լավ է ընդունել «սև կարապներին» որպես ինչ-որ, թեև դժվար, բայց պոտենցիալ օգտակար երևույթ ցանկացած տարածքի զարգացման համար, և միևնույն ժամանակ դադարել նրանց նկատմամբ ուժեղ վախ զգալ: 

Սակայն ոչ բոլոր սև կարապներն են բացասական դեր ունենում: Թալեբը պնդում է, որ գիտական ​​կամ տեխնոլոգիական առաջընթացների մեծ մասը պատահաբար է տեղի ունենում, օրինակ՝ ռենտգենյան ճառագայթները և միկրոալիքային վառարանները: Գաղափարն այն է, որ հայտնագործությունների մեծ մասը կատարվում է ագրեսիվ փորձարկման և սխալի միջոցով, այլ ոչ թե մանրակրկիտ նախագծման և պլանավորման միջոցով, այդ իսկ պատճառով նոր տեխնոլոգիաները կամ գիտական ​​հայտնագործությունները սովորաբար այդքան զարմանալի և անսպասելի են:

Բազմաշերտ մասնագիտական գործունեության ընթացքում Թալեբը բազմիցս մի շարք իրադարձություններ ու հետևանքներ է կանխատեսել։ Իսկ առևտրաֆինանսական շուկայում նրա խորհուրդները շատ թանկ են։ Այսօր արդեն Թալեբն աշխարհի տարբեր ծայրերում համաժողովների ու գիտաժողովների ամենապահանջված խոսնակներից է։ Շարունակում է օգնել կանխորոշել, կանխարգելել անորոշությունը քաոտիկ աշխարհում։ Այն էլ այսօր, երբ պատերազմներն օր օրի պայթեցնում են քաղաքակրթության օրրանները։

«Սա սովորական վախ է՝ մարդիկ վախենում են, որ միգրանտների հոսքը, մշակույթի փոփոխությունները, հին գենդերային դերերի ոչնչացումը և այլն կհանգեցնեն արևմտյան քաղաքակրթության փլուզմանը։ Պատմությունը լի է օրինակներով, երբ հասարակությունը բաժանվել է խմբերի, որոնք պատերազմում էին միմյանց հետ։ Բյուզանդիայում մարդիկ բաժանվում էին քաղաքական կուսակցությունների՝ սատարում «կապույտ» կամ «կանաչ» թևերի, և նրանք պարբերաբար հավաքվում էին ջարդեր իրականացնելու համար։ Կամ եղել են կրոնական խմբեր, որոնք ոչնչացրել են միմյանց՝ պատճառով, որ հավատարիմ են եղել տարբեր աստվածաբանական ուղղությունների: Այս ամենը խորն է մարդկային բնության մեջ։ Բայց եթե նման բևեռացում տեղի ունենա համաշխարհային մակարդակում, դա վտանգավոր է։ Եվ դա, իհարկե, մեծապես առաջանում է լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ»: Ն.Ն.Թ.
                                        

Իսկ դեպի ու՞ր է գնում քաղաքակրթության նավը.

«Մեր դարաշրջանի ամենամեծ հիասթափություններից մեկն այն է, որ գլոբալիզացիան չի հանգեցրել ինտելեկտուալ բազմազանության և չի առաջացրել կարծիքների բազմակարծություն: Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը սկսում է իրեն պահել կենտրոնացված համակարգի պես։ Առաջանում է բաժանում «մեր»-ի և «ձեր»-ի: Զարգացումն ինքնին ձեռնտու է և անխուսափելի, հարցն այն է, թե ինչպես ենք մենք դրան հարմարվում։ Եթե ​​հասարակությունը բավական արագ չհարմարվի փոփոխություններին, այն կփլուզվի: Բայց չափազանց արագ ադապտացիան վերածվում է հետընթացի. հասարակությունը սկսում է կորցնել այն լավ բաները, որոնք ուներ նախքան փոփոխությունները սկսելը: Նոր բարեփոխումներ իրականացնելուց առաջ պետք է համոզվեք, որ նախորդներն աշխատել են»: Ն.Ն.Թ.

Իսկ վերջում՝ առաջարկում ենք հետևել Թալեբի գրական խորհուրդներին. 5 գիրք, որոնք խորհուրդ է տալիս Նասիմ Նիկոլաս Թալեբը

1. «Դևեր» - Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի

2. «Հակառակ ափը»- Ժուլիեն Գրակ

3. «Փորձեր»- Միշել Մոնտեն

4. «Գեղարվեստական ​​պատմություններ»- Խորխե Լուի Բորխես

5. «Անձնական կյանքի պատմություն»- հատոր 1–5։

 

Ալմաստ Մուրադյան