Նարինե Գրիգորյան. «Այո՛, միշտ կարող է նորից գարուն գալ»

1991-ն էր և աշխարհաքաղաքական ցնցումների արդյունքում Հայաստանում տեղի ունեցած վճռորոշ փոփոխություններն ասես հայելային անդրադարձումներով տարածվում էին նաև հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա: Այդ ալիքը չշրջանցեց նաև ազգային մշակույթի ամենազգայուն ասպարեզներից մեկը՝ թատրոնը: Մայր թատրոնը, որ այդ շրջանում տասնամյակների իներցիայով ասես անսասան հենված էր մեծ Արտիստների՝ Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի ուսերին, հանկարծ բաժանվեց բեկորների: Նախ Սունդուկյան թատրոնից հեռացավ Սոս Սարգսյանը, ապա նաև Մհեր Մկրտչյանը, և քանի դեռ ամբողջ Երևանը քննարկում էր Մայր թատրոնում ծագած անհաղթահարելի տարաձայնությունների մասին շրջանառվող լուրերը, մի հրաշալի բան տեղի ունեցավ. Սոս Սարգսյանը բոլորի համար աննկատ, առանց ավելորդ աղմուկի ստեղծեց իր թատրոնը: Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ նորաստեղծ թատրոնը սկսեց մի ճանապարհ, որը հեշտ չէր բնավ, բայց արժանապատիվ էր ու շատ խորհրդանշական անկախության ժամանակաշրջանի համար: Այսօր այդ թատրոնն անկախության հասակակիցն է, արժանիորեն կրում ու համադրում է Սոս Սարգսյան և Համազգային անունները, անկախ Հայաստանի ամենասիրված թատրոններից է ու ժամանակակից հայ թատերարվեստն արժանիորեն ներկայացնում է նաև Հայաստանի սահմաններից դուրս: Հոբելյանական՝ 30-րդ թատերաշրջանի մեկնարկից օրեր անց Համազգայինն իր խաղացանկի լավագույն ներկայացումներից մեկով՝ «Փափլիկով» մասնակցում է Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնին ու սեպտեմբերի 28-ին և 29-ին հանդես կգա Վլադիվոստոկի Մարիինյան թատրոնի բեմում: Հոբելյանական թատերաշրջանի, Սոս Սարգսյանի ավանդույթների շարունակականության և նոր ներկայացումների մասին «ArtCollage»-ը զրուցել է Համազգայինի գեղարվեստական ղեկավար և «Փափլիկը» ներկայացման բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանի հետ:

 

-Սեպտեմբերին Համազգայինը սկսեց իր 30-րդ՝ հոբելյանական թատերաշրջանը: Երեք տասնամյակն արդեն հասունության որոշակի քննություն է, և թատրոնն, իհարկե, հանձնել է այդ քննությունը: Ցավոք, արդեն ութ տարի է, որ թատրոնի հիմնադիրը՝ Սոս Սարգսյանը մեզ հետ չէ, բայց վստահ եմ, որ իր ստեղծարար ներկայությունը զգում եք ամեն օր: Ինչպե՞ս եք այսօր շարունակում նրա ավանդույթները:

-Սոս Սարգսյանը մեր մեջ ապրում է իր տված դասերով, իր փորձերով, զրույցներով, աշխարհայացքով, իր երազանքներով... Մենք սպունգի պես կլանում էինք իր տված դասերը, և հիմա դրանք պահպանելու ջանք չենք գործադրում, դրանք ինքնըստինքյան ապրում են մեր մեջ և շարունակվում։ Եվ պահելով թատրոնի լավագույն ավանդույթները`աշխատում ենք լինել ժամանակի մեջ` հենց դա էլ իր երազանքն էր. ժամանակի շունչը դառնալով`ավելի քան մոտ ենք Սոս Սարգսյանին, ով իր ժամանակի շունչն էր։ Թատրոնի խաղացանկում միշտ լինելու է Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացումը՝ Սոս Սարգսյանի բեմադրությամբ, ինչպես, օրինակ, Վախթանգովի թատրոնում մինչև օրս խաղում են Վախթանգովի բեմադրած «Տուրանդոտը»: Սա հրաշալի օրինակ է ու վարպետաց դաս այն հրաշալի թատրոնի, որը Վարպետը կրում էր իր մեջ։

-Եթե խոսենք փառատոնային օրակարգի մասին, ապա միայն «Փափլիկն» արդեն հաջողության ցուցանիշ է, որովհետև նախ չեխովյան փառատոնում ունեցած մեծ հաջողությունն էր, հիմա էլ ներկայացումը մասնակցում է Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնին Վլադիվոստոկում: Ինչքա՞ն կարևոր է մասնակցությունը փառատոներին և ի՞նչ է տալիս այն թատրոնին:

-Դա մի նոր, ավելի մեծ շրջանակ դուրս գալու հնարավորություն է, նաև՝ աշխարհի մակարդակով ավելի մեծ թատրոնների կողքին կանգնելու հնարավորություն, և այդ առումով շատ-շատ բարձր եմ գնահատում չեխովյան փառատոնին մեր մասնակցության հնարավորությունը: Այնպես որ դա փորձի փոխանակման հնարավորություն է, ներքուստ հարստանալու, ի վերջո, փառատոնի ամենամեծ հարստությունն այն է, որ նոր մարդիկ ես ճանաչում, նոր մշակույթ ես վերցնում քո մեջ և հարստանալով՝ դա տարածում ես այնտեղ որտեղ պետք Է: Առավել ևս, որ ես ուսանել եմ այդ փառատոնում. ամեն տարի ամռանը մեկնում էինք այնտեղ ու մեզ հետ վարպետաց դասեր էին անում: Այն ժամանակ երբևէ չեմ պատկերացրել, որ ինքս այդ փառատոնում կարող եմ վարպետաց դաս տալ, բայց հիմա մեկնում ենք և այնտեղ վարպետաց դասեր պիտի  տանք, ես և Վիկտորիա Ռիեդոն «Ռեժիսոր և բեմանկարիչ՝ համատեղ աշխատանք» խորագրով վարպետաց դաս ենք անցկացնելու, իսկ Յուրի Կոստանյանն արդեն՝ մարմնի պլաստիկա:

-Ռուսները սովորաբար շատ բծախնդիր հանդիսատես են և քննադատ, բայց «Փափլիկն» ընդունել են անվերապահ հիացմունքով:

-Գիտեք, Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնը Եվգենի Միրոնովի նախաձեռնած փառատոնն է, բայց իրականացնում է չեխովյան փառատոնը, որը միջազգային փառատոների անցկացման մեծ փորձառություն ունի: Այս փառատոնին մասնակցում են ներկայացումներ տարբեր երկրներից՝ Ճապոնիա, Շվեյցարիա, Իսպանիա, Արգենտինա, Ռուսաստան, Հայաստան: Եվ երևի մեծագույն  երջանկություն է, որ հնարավորություն կստեղծվի շփվել Եվգենի Միրոնովի հետ, իրենք «Քեռի Վանյան» են բերելու: Եվ Եվգենի Շադրինը, որի մոտ խաղացել ենք չեխովյան փառատոնում, հայտարարեց, որ հայկական թատրոնը դուրս եկավ մեծ միջազգային շուկա և շատ-շատ ուրախ էր Հայաստանի համար, որովհետև ասում էր, որ այդ ծիլերը վաղուց էր տեսնում: Նա նույնիսկ երկու անգամ ներկա եղավ մեր ներկայացմանը և վերջում էլ մեզ հավաքեց ու ասաց՝ դուք պետք է վստահ լինեք, որ շատ լավն եք և խոստացավ, որ հենց համավարակը վերջանա, իրենք կկազմակերպեն մեր հյուրախաղերը Բրազիլիայում, Չինաստանում և այլ երկրներում:

-Եթե վերադառնանք Մոպասանին, ինչո՞ւ ձեր ընտրությունը կանգ առավ հենց այդ ստեղծագործության վրա: Հասկանալի է, որ դասականները միշտ են արդիական, պարզապես այսօրվա մեր իրողություններից ելնելով ինչքանով է «Փափլիկը» կապվում մեր իրականության հետ:

-Իրականում ես այս ստեղծագործութունն ընտրեցի, որովհետև շատ-շատ եմ սիրում այդ գործը և շատ էի ծիծաղում այն ընթերցելիս: Եվ վերընթերցելիս կրկին հասկացա, որ այն նաև շատ թատերային է: Ընտրեցի, նաև, նկատի ունենալով մեր դերասանախումբը, ես հասկանում էի, որ փայլուն դերակատարումներ են և արդյունքում շատ լավ է ստացվելու: Բայց հետո սկսվեց համավարակը, հետո էլ պատերազմը: Եվ պատկերացրեք, որ երբ եկանք խաղալու, ամեն ինչ արդեն այդքան էլ ծիծաղելի չէր, այդ ծիծաղի հետ նաև շատ սուր և ցավալի կետեր կային: Ցավոք, նույնիսկ պահեր կային, որ մի տեսակ ոնց որ մարգարեական լինեին, որովհետև դրանք չկային վիպակում, և մենք իմպրովիզների ընթացքում էինք հորինել: Ուզում եմ ասել, որ այնքան նմանություններ կային, որոնք արդեն ծիծաղի փոխարեն մտածելու տեղիք էին տալիս:

-Նոր թատերաշրջանը միշտ նոր ներկայացումների առիթ է, ի՞նչ նորույթներ է մեզ խոստանում հոբելյանական թատերաշրջանը:

-Բացի այն որ մենք կխաղանք «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» Սոս Սարգսյանի բեմադրությունը, որը մեզ մոտ որպես լեգենդար ներկայացում միշտ լինելու է մեր խաղացանկում, մենք կունենանք 3 նոր պրեմիերաներ, որոնք բեմ դուրս կգան հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին: Եվ այսպես կանենք շարունակաբար, որովհետև նույնիսկ այն պայմաններում, երբ թվում է որ ելք չկա, բայց ելք միշտ կա: Հոկտեմբերին կներկայացնենք Օ՚Հենրիի «Եվ նորից գարունը»: Դա իմ ներկայացումն է և հատուկ ուղերձ ունի՝ որ այո՛, միշտ կարող է մի փոքր բանից նորից գարուն գալ և պետք է այդ հավատը պահենք ու մեզ նորից վարակենք այդ լուսավոր հեռանկարով: Արդեն նոյեմբերին կլինի «Յոնքերսում մոլորվածների» բեմելը՝ Արման Նշանյանի  բեմադրությամբ և որը կարծես նաև Պարոնյան թատրոնն է անում: Երբ լսում էի պարոն Ղազանչյանի խոսքը հասկացա, որ հետաքրքիր է, որ երկուսս էլ նույն բանն ենք զգացել, որովհետև պատերազմից հետո մարդու հոգին միշտ կոշտանում է: Ես դա զգացել եմ առաջին պատերազմից հետո և շատ կարևոր է, որ չթողնես որ հոգիդ կոշտանա, որովհեև դու կարող ես քո սիրելիներին ու երեխաներին ճիշտ ճանապարհով չտանել: Եվ վերջապես դեկտեմբերին կլինի մեր Ամանորյա ներկայացումը, որը շատ հետաքրքիր, նոր մանկական հեքիաթ է: Եվ, իհարկե, պատրաստվում ենք աշնանը նորից գնալ Արցախ, որը միշտ օրակարգում է:

-Երազում էիք նոր թատերաշրջանը նոր շենքում դիմավորել:

-Ամեն դեպքում մենք շատ լավատես ենք: Այս պահին չեղավ պետական աջակցությունը, բայց շինարարը կառուցում է և այն ինչ խոստացել է՝ լիարժեք անում է: Դա ամենակարևորն է, մնացածը կարծում եմ մենք կփորձենք մեր ուժերով անել և հետո գուցե պետությունն էլ տեսնի, որ մենք շատ լավ դրսևորումներ ենք անում և վերջապես միանա: Կարծում եմ ցանկացած դեպքում կտեղափոխվենք, անգամ մեր հին ամեն ինչով, նույնիսկ առանց լույսերի, առանց ձայնի, բայց կտեղափոխվենք: Հույս ունեմ, որ արդեն մայիսին այնտեղ կլինենք: Բացի այդ, ինձ թվում է, որ ինստիտուտին լսարաններ են պակասում: Բայց ես կարծում եմ, որ ուսանողների համար շատ լավ է, որ իրենց կողքին թատրոն կա, ընդ որում մենք տարբեր ծրագրեր ունենք, որոնցում միշտ զբաղեցնում եք ուսանողներին և կարողանում ենք լավագույն ուսանողներին անմիջապես տեսնել և վերցնել մեր թատրոն: Ամեն դեպքում ես մեր այս համագործակցության մեջ լավ բան էի տեսնում, բայց ինքնուրույն լինելը, քո առաձին շենքն ունենալը շատ կարևոր է: Եթե անկեղծ լինեմ, արդեն չեխովյան փառատոնից հետո ես հասկացա, որ մենք արժանի ենք, որ ունենանք մեր շենքը, հասկացա որ ես արդեն այդ ուժը զգում եմ իմ մեջ, որ մենք կկարողանանք իսկապես վայել թատրոն ստեղծել:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի