Նարինե Ավագյան. «Իմ աշխարհում ծառերը ոսկորներ ունեն»

Այսօր բանաստեղծներին մեծ ամբիոններ չեն հատկացնում, և մեծ իմաստով, դարձյալ բաց է այն կարևոր կապը, որը պիտի լիներ ընթերցողինը և գրողինը: Բայց ես փորձեցի ճեղքել այդ «բացը», լինել լավատես և, ի վերջո, այս դիմանկարով արձանագրում եմ կարևոր մի փաստ և շատ կարևոր իրողություն: Այսօրվա գրական ընթացքը և գրողներն իրենց ստեղծածով պիտի արժևորվեն մեր ժամանակներում արդեն իսկ, հետևաբար նրանց կճանաչեն ապագայում...

Իմ անդրադարձը Նարինե Ավագյանին պայմանավորված է տարբեր իրողություններով: Խմբագրել եմ նրա երկու գրքերը, հարցազրույցներ ունեցել, որոնք և՛ տպագրվել են, և՛ հնչել ռադիոյով, միասին մասնակցել ենք հեռուստատեսային հաղորդման, ունեցել ենք համատեղ գրական-գեղարվեստական միջոցառումներ: Ապրիլյան քառօրյայից հետո այցելել ենք հիվանդանոց՝ սատար լինելու մեր հերոս տղաներին: Եվ ամեն անգամ ինձ զարմացրել և հիացրել է մարդը, որը կարեկից է, վճռական և խելացի, հայրենիքի նվիրյալ, կիրթ է և խոհեմ: Հաճախ է հասարակության մեջ կարծիք հնչում, թե ինչպիսի մարդ է այս կամ այն գրողը: Պատասխանները միանշանակ չեն: Նարինեն ոչ միայն գրող է, այլև մանկավարժ: Երևի թե առաջինը պիտի ասեի՝ կատարյալ մայր... Ուրեմն՝ ես պիտի ներկայացնեմ արժանավորին: Պատահական չէ, որ իմ հոդվածի սկզբում անդրադարձա մարդուն: Իսկ հիմա կփորձեմ ներկայացնել ստեղծագործողին: Նարինեն, մասնագիտության բերումով, անգլերենի գիտակ է, զբաղվում է նաև թարգմանություններով:

 

... Իսկ Սկիզբը կարելի է համեմատել միայն գարնան հետ՝ ծաղկունք, արբեցում, բանաստեղծուհի Նարինե Ավագյանն այսպես է մոտենում կյանք երևույթին, ինչպիսին էլ այն լինի: Եթե պատերազմ է, ուրեմն՝ պիտի կռվել, եթե պետք է հայրենիքին, ուրեմն՝ այնտեղ կլինի՝ հենց մարտադաշտում, գոնե զորավիգ լինելու: Բայց սկսենք մանկությունից: Անզուգական Գյումրի՝ ծննդավայր բնօրրան, ամեն ինչի նախասկիզբ, որը կյանք է տվել, լուսավորել, գեղեցիկը զգալու փորձառություն նվիրել: «Ամեն անգամ, երբ գծագրվում է ծննդավայրիս պատկերը, հոգիս թարմանում է: Գյումրին ինձ ծնունդ է տվել, մորս է նվիրել ինձ: Նրա հողից են կառչում արմատներս: Գուցե դա է պատճառը, որ հենց նրա երկնքի խորություններն են այնքան լավ արտացոլվում աչքերիս մեջ: Որքան էլ խավար լինի շուրջս, նրանից ժառանգած անկոտրում ոգին վիթխարի ուժ է տալիս, և աչքերիս առաջ բացվում են հիշողությունների դռները... Սկսում եմ բերկրանքից ճախրել միասին ապրած կյանքի երկինքներում: Գյումրին հավերժի գույնն է ինձ համար»,- այսպես է հիշում իր ծննդավայրը: Այստեղ է իմացությունների, շոշափումների նախասկիզբը, հայկական երկձայն երգչախմբի՝ կանոնի ոսկեձույլ վերընթաց գիծը՝ փոփոխվող ու ալիքվող, որ ծավալվելով հոգում արդեն, պիտի առաջ մղեր, զարմացներ, հիշեցներ, ստուգեր, թեկուզ այն գնով, որ հետո ձեռքի մի հրաժեշտ-շարժումով «հեռացներ» իրենից՝ ֆիզիկական իմաստով՝ նոր ափեր ուղարկելու: Եվ դա Երևանն էր: Ուշադիր հետևելով շատ արվեստագետների անցած ուղուն՝ դժվար չէ նկատել, որ նրանք բնակավայրեր են փոխել՝ ճակատագրորեն ամեն անգամ ձուլվելով մի նոր իրական տարածության: Բայց հարազատ քաղաքը նաև վշտի թանձրուկ մատուցեց: Երկրաշարժ, ավերված քաղաքի տխուր պատկերներ, գույները փոխեցին իրենց տեսքը, աղավաղվեց կյանքի պատկերը, որը դեռ երկար հանգիստ չէր տալու:
Շատ կարևոր է նաև ընտանիքը: Մտավորական, կիրթ մի օջախում են անցել մանկությունը և պատանեկությունը, որտեղ կարևոր էին գրական ընթերցումները, մաքրակենցաղությունը, պատասխանատվության զգացումը: Բայց Երևանը ամուր գրկեց և այլևս բաց չթողեց իր գրկից: Բանաստեղծուհին հետո նկարագրեց դա իր տողերում: Ծնվում էին քաղաքային նոր պատկերներ՝ առողջ կենսահյութով, ծննդավայրից փոխանցված երփներանգներով: Անշուշտ, Յոթ վերքի և մյուս վանքերի կոչնակները պիտի ուղեկցեին ընդմիշտ և բերեին ձայներ, մտքեր, պատկերների խառնարաններ: Փոխանցվեցին և միախառնվեցին նաև բազմաթիվ ծաղկաթերթերի նրբաբույրեր, իրենց համանվագով թրթռացին ու քամվեցին մայրամուտի արևի մեջ...

Բնության նուրբ երգիչը թանձրացող գույների կիսատոներ բերեց, մեր բազմադարյան պոեզիայից եկող խոր արձագանքներ, հյուղերի և դաշտերի արտացոլանքներ, իսկ վերևում՝ հսկա երկինքը՝ նման ծովի, ներքում հողը՝ մարգարիտ: Բնության մասին նա երգում է սիրո, հայրենիքի մասին բանաստեղծություններում՝ որպես ուղեկից և անփոխարինելի զրուցակից: Նարինե Ավագյանի դեպքում բնությունը հենց հայրենիքն է, որ միշտ իր հետ է, թեկուզ օտարության մեջ, անվերջ է ու սրբազան.

                        Հող իմ սրբագույն, ինչպե՞ս քեզ երգեմ,
                        Որ ձայնիս քնքուշ ելևէջները ունկդ համբուրեն:

2012թվական: Սա առաջին ժողովածուի՝ «Ես առանց ինձ», տարեթիվն է: Այստեղ տեղ գտած 81 բանաստեղծություններն աչքի են ընկնում անկեղծությամբ, անցած ճանապարհի բոլոր գուներանգներն են այստեղ՝ մեծ ծաղկաբույլում:

2014 թվական, ծնվեց երկրորդ ժողովածուն՝ «Լռության խորհուրդը»: Առաջաբանում մանրամասն վերլուծել եմ ժողովածուի բովանդակությունը՝ մասնավորապես ընդգծելով, որ «մանրամասն քննվում են առանձին միկրոհույզեր..., որտեղ քնարական հերոսը մեր օրերի կինն է՝ զգայուն, կյանքի նոր փոփոխություններին ընդառաջ գնացող և շատ իրողությունների հետ դեռ չհարմարվող: Բնության բոլոր պատկերների, երևույթների, շարժումների հետքերն են իրենց մեջ վերցնում նուրբ հյուսվածքներ հիշեցնող այս բանաստեղծությունները, որ կարող են հուզել, թարմացնել, սփոփել և շատ բան փոխել մեր հին՝ ամեն ինչ տեսած այս աշխարհում»: Նաև նկատել եմ, որ տխրությունը ևս շատ է այստեղ. «Բույն դրած ցավը դուրս է ժայթքում ամեն տեղից՝ քարափներից, ջրվեժներից: Այն կարծես տարածվելու մեծ ընդունակություն ունի»: «Հեղինակի կողմից» խորագրով բաժնում բանաստեղծ Նարինե Ավագյանը ներկայացնում է իրեն շատ անկեղծ, պատմում իր հույզերի և հոգեղեն աշխարհի մասին. «Իմ աշխարհում ծառերը ոսկորներ ունեն, լույսը՝ ցողաթուրմ ուրախության իլիկով մանված թելեր, ձայները՝ հնչազարկեր, քարերը՝ որոտ, իսկ հոգին՝ կայծակ... Եվ երբ լույսն իր թելերից սկսում է հագուստ գործել ինձ համար, երբ ձայների հնչազարկերը միահյուսվում են սրտիս տրոփյունին, երբ քարերի որոտը համերգում է հոգուս շանթահարման հետ, ծնվում է մի հարո՜ւստ ու ոգեղեն հնչերգ, որի ներքո սկսում են ճրթճրթալ նույնիսկ անդեդև ծառերի իմաստուն ոսկորները»: Այս ժողովածուն ամբողջովին բացում է բանաստեղծի ներաշխարհի գրեթե բոլոր բանալիները՝ սիրո, բաժանման վտանգի, բաժանման, կարոտի, հայրենիքի գույների, որդիական սիրո, արբեցման, երախտագիտության, բանաստեղծի կարևորության, ծնողական նվիրումի և այլ գաղտնարանների: Այստեղ մանկությունն էլ է հառնում իր բոլոր նրբերանգներով, հնչում՝ որպես կարևոր անցյալ՝ միշտ ուղեկից, միշտ մշտարթուն. «Մոտենում է հեռուներից, Բայց հնչում է ուժգի՜ն այնպես, Որ իմ կամոք, թե ակամա Արթնանում է հոգուս խորքում Մանուկն անհո՜գ, երջանկատես...»: Հակադրությունների, բաժանումների, անարդարություններով լցված այս աշխարհում էլ բանաստեղծը չի կորցնում ապրելու տենչը՝ հարյուրավոր անգամներ հասկանալով, որ աշխարհը հենց խելոքներին է նեղացնում, երբեմն չեն զանազանվում լավը և վատը... Ինչևէ, բանաստեղծը միշտ ելքեր է գտնում սփոփանքի, իսկ նրանք շատ են՝ հայրենիքի ներկայությունը, զավակների ծնունդը, մոր հայացքը, սիրո գիրկը: Վերջինս մանրահատվում է, բաժանվում ատոմների, պեղվում, վերածնվում՝ դառնալով կյանքի նպատակ, վերելք և ձգտում, որտեղ թույնն անգամ սիրո մարմին ունի. «Մեր երակները՝ ասես ներհյուսված, Այդ թույնն են իրար տալիս ու առնում, Երակները մեր գրկախառնված, Մեկը ըմպում է մյուսի շուրթից, Եվ տալիս նրան իր մեջ կուտակված, Սիրով համեմված քաղցր թույնը այդ»:
Ն. Ավագյանն ամենից առաջ սիրերգակ բանաստեղծ է: Դա է ցոլանում մեր առաջ նաև հաջորդ ժողովածուն՝ «Չլրացված տողերի լուսանցքներում», ընթերցելիս: Սերն այստեղ հստակ պատկեր ունի: Այն բանաձևվում է, նորանոր երանգներ ստանում, հեռանում, մոտենում, կործանվում և վերածնվում. «...քեզ տեսնելիս ատամի տակ ընկած քարի նման ճռճռում է հոգիս, մարմինս փշով պատվում», «քո նեկտարվելը քաղցրասեր քիմքիս խլացրել է տանջանք ու խռովք»: Թվում է՝ անվերջ է բանաստեղծի սիրո մեղեդին, այն բխում է խորունկ ակունքներից, գալարվում, երկփեղկվում, հետո կրկին բացվում՝ մեղեդային նոր լադեր և համակարգեր ընդգրկելով: Այս առումով, որպես օրինակ, կարելի է նշել «Կապույտի միջով» տաղը, որը վերլուծելիս պիտի հիշեմ Արևելքը, որի երգիչները սիրո մասին երգելիս ծաղկահյութի կյանքն են պատկերել: Այստեղ ևս այն կարևոր մետաֆոր է: Այնքան առատ է սերը, որ այն զգալուց հետո ծաղկահյութվելը և ճախրելը պարտադիր պայման են: Սա կապույտի տարածքն է, քնարական հերոսուսին կապույտի միջով է տանում սիրելիին, որ գարուն դարձնի սերը, որ այն դարձյալ տրոփի: Ժողովածուն ներկայացված է բանաստեղծական չորս շարքով, և յուրաքանչյուր շարք իր դեմքն ունի: Նույնիսկ կարելի է դրանք անվանել՝ «մոնոդրամաներ», յուրահատուկ թատերական ներկայացումներ: Նարինե Ավագյանի այս ժողովածուն հատկապես աչքի է ընկնում մի կարևոր իրողությամբ, մետաֆորային պատկերներից ստեղծվում են անսովոր սյուժեներ, որոնք ուղեկցվում են բանաստեղծական սուզումներով և արտասովոր իրավիճակներով: Հաճախ է բանաստեղծուհին հեռանում Ես-ից անդին, ճախրում ժամանակների տարբեր տիրույթներում, թռիչքներ անում ժամանակի մի հատվածից մյուսը, հետ վերադառնում նոր ընթացքով, մտածողության հետաքրքրիր վարիացիաներով: Որպես օրինակ, «Լիեժի երկաթուղային կայարանում» բանաստեղծությունը վերոհիշյալի ապացույցն է. տարածությունն այստեղ նախնական վարկածով երկաթուղային կայարանն է, սակայն այն բացում է անսահման հորիզոններ, իր մեջ լցնում ժամանակի հսկա միավորներ, իսկ պատկերները խիստ ձայնային են՝ «փրփրուն աղմուկ», «ոտնաձայներ լողացող մարդկանց», «գնացքի ճիչ», որոնց մեջ հոսում է կյանքը. քնարական հերոսին պոկում է անցյալից՝ հասցնելով «հաջորդ ամառ»: Տարածությունն ու ժամանակը միայն օգնում են՝ այստեղ գտնելու ճշմարիտը, այն, որ մարդիկ չեն կարող միշտ լինել երջանիկ, հատկապես երբ կան մանկան «մարող ժպիտ», «ճաղատ երկինք», «ուշացած տողի փերեզակներ» և «անտուն ճամպրուկ»: Մեկ այլ բանաստեղծության մեջ դարձյալ ժամանակի խաղն է. «արև է կաթում վաղվա քունքին»: Բանաստեղծն ընթերցում է կյանքը նորովի, աչքերի առջև վաղածանոթ, փոթորկուն կյանքն է, իսկ ինքը պիտի նորից «պատմի» մեզ կյանքի ծեր հեքիաթը, որ հետո կողպեք դառնա, փակի ինքն իրեն, տագնապի, որ հանակրծ չկոտրվի, չճայթի և ապավինի «շառափին հույսի»: Գնահատելով Ավագյանի ժողովածուն՝ «Չլրացված տողերի լուսանցքներում» խորագրով, նկատելի են գրական հասունությունը, կենսազգացողության հետաքրքիր դրսևորումները: Երջանության սահմանումը դժվար է տալ հատկապես բանաստեղծության տեսքով: Ն. Ավագյանն այն դարձյալ թատերական կառույցով է տալիս, առանձին արարներ կարծես լինեն այստեղ երեք մասերը, որտեղ հոսում է կյանքը, ապրեցնում ընթերցողին, օգնում զգալ կյանքի ուղիները, երկուսի միանալը, «ապա երեքի, չորսի, հինգի...»:
«Չլրացված տողերի լուսանցքներում» ժողովածուն անսովոր պատկերների, հանկարծ-ների, հեղինակային եզրահանգումների խտանյութ ունի: Առկա է նաև արագահոս, ռիթմիկ տեսարանների մի ամբողջ հանդես. Արագ բացվում և փակվում են ցերեկվա անդուռ դռները, քնարական հերոսուհին պատրասավում է քայլել ծովի վրայով, ճախրել անապատում, արթնանալ արևի վրա, որից հետո նրան, իսկապես, կհաջողվի գրել նոր դրամա... Իսկ «Եվայի խնձորը» բանաստեղծությունը դարձյալ փոքրիկ թատրոն է: Կան գործող անձինք՝ իրենց երևակայական տնով, իրերով (վառարան, թեյնիկ, խնձոր, կանաչավուն պնակ) և նրանց հետ, ինչպես հավասարը հավասարի, ապրում են թեյնիկի հեկեկոցը, մենակության ոտնաձայները, աշխարհից չվարագուրվելը: Եվ խնձորը, որ պիտի ուտեն միմյանց սիրող մարդիկ, չի կտրվելու դանակով, և այսպիսով՝ նոր մեղք այլևս չի գործվելու: Երկու սիրող մարդ միասին են լինելու. սա է գլխավորը, նրանք հասնելու են այս երանությանը՝ առանց վարագուրվելու աշխարհից. «թող դիմացի տանն ապրող մարդիկ էլ տեսնեն՝ ինչ է վերջապես երջանկությունը...»:

2018 թվական. Ն. Ավագյանի «Զրույց անցած կայարանների մասին» ժողովածուի տարեթիվը: Նախաբանում բանաստեղծ Շանթ Մկրտչյանը այսպես է գրել. «Նարինեն կայարանից կայարան ավելի խոհական է դառնում, ինչը բնական է, և հայոց լեզվի հմայքի տակ կանացի նրբությամբ ու նաև թուլությամբ է վկայում իր ինքնությունը՝ սեռը, ազգությունը, մշակութային պատկանելությունը, քաղաքացիությունը, բարոյական կողմնորոշիչները... Այսինքն՝ ամբողջական դիմագիծ է ձեռք բերում: Իր դեմքը»:
Կայարանները հաջորդում են մեկը մյուսին, և բանաստեղծուհուն, անշուշտ, նոր և անիմանալի կայարաններ են սպասվում, նոր տողեր, անեզր հայտնություններ, որովհետև նա գրում է Ընթերցողի համար՝ այդպիսով քայլելով վստահ և լիարյուն: Նրան նվիրած այս դիմանկարն ուզում եմ ավարտել իր հետ իմ հարցազրույցից հետևյալ մտքով. «Այս պահին ես կարծում եմ, որ բավականին բուռն շրջանից հետո դեռ դադարի մեջ եմ, բայց զգում եմ, որ նոր ալիք է լինելու, այն արդեն խաղում է իմ մեջ, և ուր որ է, իր հորձանքի մեջ կառնի ինձ: Եթե չանկեղծանայի, ընթերցողը չէր էլ զգա այս դադարը, քանի որ դեռ երեք չհրատարակված գրքերի նյութ ունեմ, որոնք պարբերաբար լույս են տեսնելու՝ պահելով իմՙ գրական ընթացքը»:

 

Հեղինակ՝ Անի Փաշայան